Ծորանների խցանում և կաթնագեղձի բորբոքում (մաստիտ)


Plant to Treat Mastitis Breast Infections
ԻՆՉՊԵՍ ԻՄԱՆԱԼ, ՈՐ ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆ ԿԱՄ ԿԱԹՆԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ (ՄԱՍՏԻՏ) ՈՒՆԵՄ

ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆ
Խցանված (կամ փակված) ծորանը կրծքի այն հատվածն է, որտեղ կաթի հոսքը խափանված է: Կարող է փակված լինել պտուկի անմիջական  ծակոտին (անցքը) կամ էլ փակվածությունը կարող է ավելի խորը լինել ծորանային համակարգում: Ծորանի խցանումը սովորաբար առաջանում է աստիճանաբար և միայն մեկ կրծքի վրա:

 

Տեղային ախտանիշներ
Սովորաբար մայրը կնկատի կոշտացած գնդիկ կամ սեպաձև կոպտացած հատված ծորանի մոտակայքում, որ կարող է լինել այտուցված, զգայուն, տաք կամ կարմրած: Ժամանակ առ ժամանակ մայրը կարող է ընդամենը նկատել պարզապես տեղային զգայուն դարձած կամ կամ ցավող հատված՝ առանց այտուցվածության կամ կոշտացման:
Խցանումը մի տեղից մեկ այլ տեղ կարող է տեղափոխվել:

Խցանված ծորանը որպես կանոն ավելի շատ է ցավում կերակրելուց առաջ, և ավելի քիչ՝ կերակրելուց հետո և խցանված ծորանը կերակրելուց հետո ավելի փոքր ու պակաս ուռուցիկ է լինում: Խցանված կրծքով կերակրելը կարող է բավականին ցավոտ լինել, հատկապես  արտահոսքի ժամանակ:

Սիստեմատիկ ախտանիշներ
Խցանված ծորանները սովորաբար սիստեմատիկ ախտանիշներ չունեն, բայց համարյա միշտ կարող է ջերմություն առկա լինել (մինչև  (38.5°C):

ՄԱՍՏԻՏ
Ըստ Մորին Մինչենի (ԿԿ մասնագետ)՝ մաստիտը կրծքի բորբոքում է, որի պատճառը կարող է լինել խցանումը, վարակը և/կամ ալերգիան: Արևմուտքում մաստիտը հանդիպում է կանանց 20 %-ի  մոտ: Այն շատ ավելի քիչ տոկոս ունի այն երկրներում, որտեղ կրծքով կերակրելը նորմա է և հաճախակի կերակրումն ընդունված է: Մաստիտն ամենաշատը լինում է առաջին 2-3 շաբաթների ընթացքում, բայց կարող է պատահել կերակրման ցանկացած փուլում: Սկիզբը կարող է լինել շատ կտրուկ ու հանկարծակի և սովորաբար միայն մեկ կրծքի վրա:

Տեղային ախտանիշներ
Մաստիտի տեղային ախտանիշները նույնն են, ինչ խցանված ծորանների դեպքում, բայց ցավը/այրոցը/այտուցվածությունն ավելի ուժեղ են: Կարող են առկա լինել կարմիր բծեր, որ  ախտահարված տարածքից կտարածվեն դեպի դուրս:

Սիստեմատիկ ախտանիշեր
Տիպիկ մաստիտի ախտանիշները ներառում են  38.5°C կամ ավելի ջերմություն, դող, գրիպային հիշեցնող ցավեր, թուլություն և սիստեմատիկ վատառողջություն:

ՄԱՍՏԻՏԻ ԵՎ ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆՆԵՐԻ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՎ ԿՈՂՄՆԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆՆԵՐ

  • Ախտահարված կրծքի կաթի պաշարն ու կթելիս առաջացած կաթը կարող է ժամանակավոր պակասել: Սա նորմալ է, և նախկինից ավելի շատ քանակով կերակրումն ու կթելը որպես կանոն ամեն ինչ իրենց տեղն են դնում կարճ ժամանակում:

  • Ժամանակ առ ժամանակ կերակրող մարդը կաթի մեջ կարող է տեսնել “թելիկներ”, կաթի խիտ գնդիկներ կամ շատ յուղոտ տեսքով կաթ:

  • Խցանված ծորանները կամ մաստիտը վերանալուց հետո ախտահարված հատվածը կարող է մեկ շաբաթից ավելի կարմրած լինել ու բծեր ունենալ:

ՄԱՍՏԻՏ
Կողմնակի հետևանքները կարող են լինել նույնը, ինչ խցանված ծորանների դեպքում՝ գումարած՝

  • Կթած կաթը կարող է լինել գնդիկավոր, “ժելատինանման” կամ թելիկավոր: Այս կաթը նորմալ է երեխայի համար, բայց որոշ մայրեր նախընտրում են հեռացնել “գնդիկավոր” մասերը:

  • Կաթը կարող է փոքր-ինչ աղի համ ստանալ՝ կապված սոդիումի և քլորիդի պարունակության աճից. որոշ երեխաներ կարող են դիմադրել/հրաժարվել կրծքից՝ չհավանելով այս փոփոխությունը:

  • Կաթը կարող է երբեմն պարունակել լորձ, թարախ կամ կամ արյուն:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՏԻՏԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆՆԵՐ
Լակտոստազ/կաթի հոսքի սահմանափակում (կանգ)

… կարող է լինել հետևյալի պատճառով՝

  • Կանգ կամ կաթի ոչ բավարար ելք (պատճառները՝ կուրծքը ճիշտ բռնելու խնդիրներ, անարդյունավետ ծծել,  լեզվի սանձիկ (уздечка языка), կամ անատոմիական այլ տարբեր խնդիրներ, նաև պտուկի ցավ, քնկոտ կամ շուտ շեղվող երեխա, հիպերլակտացիա, շտապողական կերակրումներ,  կրծքի մոտ երեխայի ժամանակի սահմանափակում, կրկնապտուկի գործածում, զույգ կամ ավելի երեխաների կերակրում, պտուկի խցանված ծորան և այլն):

  • Ոչ հաճախակի/բացթողումներով կերակրումներ (պատճառներ՝ պտուկի ցավ, ատամների առաջացում, ծծակի չափից ավելի գործածում, զբաղված մայր, վերադարձ աշխատանքի, երեխայի հանկարծակի երկար քուն, ռեժիմի բերելու ջանքեր, պաշարի ավելացում, կերակրման կտրուկ դադարում, և այլն):

  • Ճնշում ծորանի վրա (մատներից, ամուր/սեղմող կրծկալից կամ հագուստից, կրծքի վրա քնելուց, պայուսակի սեղմելուց և այլն):

  • Բորբոքում (վնասվածքից, վարակներից կամ ալերգիայից)

  • Սթրես, գերհոգնածություն, անեմիա (սակավարյունություն), իմունիտետի թուլացում

ՄԱՍՏԻՏ
Լակտոստազ (սովորաբար առաջնային պատճառ)

  • Նույնն է՝ ինչ խցանված ծորանների դեպքում

  • Խցանված ծորանը նույնպես ռիսկի ֆակտոր ունի

  • Վարակ

  • Ցավող, ճաքած կամ արյունահոսող պտուկները կարող են մուտք դառնալ վարակների համար

  • Հիվանդանոցում մոր երկար մնալն ավելացնում է վտանգը վարակակիր մարմինների հանդեպ

  • Պտուկի վրայի ակնհայտ վարակը (ճաք, պատռվածք թարախով, ցավի առկայությամբ) նույնպես ռիսկի ֆատկոր է

  • Մաստիտի առկայությունն անցյալում նույնպես ռիսկային է

  • Սթրես, գերհոգնածություն, անեմիա (սակավարյունություն), իմունիտետի թուլացում

ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՏԻՏԻ ԲՈՒԺՈՒՄԸ

Միշտ լավագույն լուծումն է՝ խցանված ծորանը բուժել անմիջապես և հաստատուն կերպով, որպեսզի այն չվերածվի մաստիտի:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ՉԴԱԴԱՐԵՑՆԵԼ կամ ՉՆՎԱԶԵՑՆԵԼ կերակրումը խցանված ծորանների կամ մաստիտի ժամանակ քանի որ դա մեծացնում է բարդացումների ռիսկը (թարախային պալարի (աբսցես) առաջացումը ներառյալ)

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՆՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆՆԵՐ

  • Հանգիստ

  • Ճիշտ սնունդ

  • Սննդարար ուտելիքը կոօնի մորն ամրացնել իմունային համակարգը

ՄԱՍՏԻՏ

  • Անկողնային հանգիստ (նախընտրելիէ երեխայի հետ)

  • Ավելացնել հեղուկների քանակը, ճիշտ սնունդ

  • Տան հարցերում օգնություն

ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

  • Նույնն է և՛ խցանված ծորաննների  և՛ մաստիտի դեպքում

  • անչափ կարևոր է բուժումն անհապաղ  սկսելը

  • Տաքացնել, Մերսել, Հանգստանալ, Դատարկել Կուրծքը


ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • Կերակրել հաճախ և ամբողջությամբ դատարկել կուրծքը: Կերակրել երկու ժամը մեկից ոչ պակաս. Ախտահարված կուրծքը պահել հնարավորինս դատարկ, բայց չանտեսել նաև առողջ կուրծքը:

  • Եթե ինչ-ինչ պատճառներով կերակրել հնարավոր չէ, մայրը պետք է կթի կուրծքը հաճախ և հիմնավորապես (կթող  սարքով կամ ձեռքով)


ՄԻՆՉԵՎ ԿԵՐԱԿՐԵԼԸ

  • Կիրառեք տաքացնելն ու մերսելը կերակրելուց առաջ: Տաք կոմպրեսներ-փորձեք օգտագործել մեկանգամյա տակդիրներ. տակդիրի մեջ լցրեք տաք ջուր (նախապես ստուգեք ջերմաստիճանը դաստակի վրա՝ այրվածքներից խուսափելու համար), փոքր-ինչ քամեք, և ներսի մասով դրեք կրծքի վրա: Այն շատ ավելի երկար տաք կմնա, քան սովորական թրջոցը: Տաքացում թասի մեջ- խորը թասի կամ ձեզ հարմար տարայի մեջ լցրեք տաք ջուր, կուրծքը տեղավորեք ջրի մեջ և մերսեք այն՝ խցանված մասից դեպի պտուկը:  Ոմանք հաղորդում են, որ ավելի լավ արդյունք է լինում, երբ ջրի մեջ խառնում են անգլիական աղ (epsom salt) երկու լիտրին մեկ բռի չափ: Կերակրելուց առաջ սակայն անպայման ողողեք կուրծքը մաքուր տաք ջրով այլապես երեխան կարող է զգալ աղի համը: Տաք ցնցուղներ- կարող է բավականին օգտակար լինել կրծքի՝ տաք ցնցուղի տակ կանգնած մեծ (իրարից հեռու-հեռու և ոչ սուր ծայրերով) ատամներով սանրով մերսելը: Սանրը պետք է անցկացնել օճառի վրայով այնքան, որ այն շատ օճառոտ դառնա և հետո միայն խցանված տարածքից նուրբ կերպով սանրել դեպի պտուկը:

  • Թուլացրեք ամուր կրծկալն ու ցանկացած այլ սեղմող հագուստ՝ օգնելու համար կաթի հոսքին.


ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ

  • Կերակրել սկսեք խցանված կրծքից. եթե ցավը չափազանք ուժեղ է՝ խցանված կրծքին անցեք արտահոսքից (let down) անմիջապես հետո:

  • Համոզվեք, որ երեխայի դիրքը հարմար է և կուրծքը ճիշտ է բռնած: Օգտվեք այն դիրքից, որն ամենահարմարն է և/կամ թույլ է տալիս կերակրելիս մերսել խցանված հատվածը: Նշում. խորհուրդը տեղադրել փոքրիկի դունչը (կամ քիթը) խցանված հատվածի վրա պարտադիր չէ որ օգտակար լինի, քանի որ այս միջոցը հիմնված էր նրա վրա, որ խցանված հատվածները ուղիղ ու հեշտ ճանապարհ ունեն դեպի պտուկը: Վերջին հետազոտությունները, սակայն, ցույց են տալիս, որ խցանումը կարող է սկսվել կրծքի մի հատվածում և «թափառել» տարբեր ուղղություններով կրծքով մեկ՝ մինչև պտուկի մասում ավարտվելը:

  •  Օգտվեք կրծքի կոմպրեսիայից * (սեղմում, breast compression), նկարագրությունը ներքևում, աստղանիշի տակ

  • Մերսեք նուրբ բայց հաստատուն կերպով՝ խցանված հատվածից դեպի պտուկ

  •  Փորձեք կերակրել՝ երեխայի վրա կռացած դիրքում(երբեմն անվանվում է «կախված կերակրում»), որպեսզի գրավիտացիան իր ներդրումն ունենա խցանումը մաքրելու հարցում


ԿԵՐԱԿՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

  • Կթեք կամ ձեռքով դատարկեք կուրծքը՝ օգնելու համար արագ բուժմանը:

  • Կերակրելու արանքում կիրառեք սառը թրջոցներ՝ ցավը և բորբոքումը մեղմելու համար


ԴԵՂԱՄԻՋՈՂՆԵՐ

ԽՑԱՆՎԱԾ ԾՈՐԱՆՆԵՐ
Անալգետիկներ՝

  • Ցավազրկող/հակաբորբոքային (օր.՝ իբուպրոֆեն)

  • Երկրորդ ընտրություն՝ միայն ցավազրկող (օր.՝ ացետամինոֆեն՝ նույն ինքը՝ պարացետամոլ)

Հակաբիոտիկներ՝

  • Ո՛չ

ՄԱՍՏԻՏ

Անալգետիկներ՝

  • Ցավազրկող/հակաբորբոքային (օր.՝ իբուպրոֆեն)

  • Երկրորդ ընտրություն՝ միայն ցավազրկող (օր.՝ ացետամինոֆեն՝ նույն ինքը՝ պարացետամոլ)

Հակաբիոտիկներ՝

  • Ո՛չ, եթե ախտանիշները մեղմ են և առկա են 24 ժամից քիչ:

  • Այո՛, եթե ախտանիշները մեջ բարելավում չի նկատվում 12-24 ժամվա ընթացքում և մայրն ակնհայտորեն վատառողջ է:

  • Ամենատարածված պաթոգենը պենիցիլինի հանդեպ դիմացկուն ոսկեգույն ստաֆիլակոկն է (Staphylococcus aureus):

  • Մաստիտի դեմ օգտագործվող տիպիկ հակաբիոտիկներն են՝ Dicloxacillin (դիկլոքսացիլին), flucloxacillin (ֆլուկլոքսացիլին), cloxacillin (կլոքսացիլին), amoxycillin-clavulanic acid- Cephalexin, (ամոքսացիլին-կլավուլանային թթու-Ցեֆալեքսին)erythromycin (էրիթրոմիցին) clindamycin(կլինդամիցին), ciprofloxacin(ցիպրոֆլոքսացին), nafcillin(նաֆցիլին) Ամենանախընտրելին է 10-14 օր տևողությամբ բուժումը՝ ռեցիդիվից(կրկություն)խուսափելու համար: Ոչ մի դեպքում մի դադարեցրեք բուժումը նշված ժամկետից շուտ:

  • Կարող եք կիրառել պրոբիոտիկներ՝ կաթնախտից խուսափելու համար (Պրոբիոտիկի բացատրությունը գտեք ներքևում՝ երկու աստղանիշերի տակ

Ցանկացած դեղամիջոց ընդունելուց առաջ խորհրդակցե՛ք ձեր բժշկի հետ ՝ անհատական, սպեցիֆիկ ուղղություն ստանալու համար:

ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՍՏԻՏԻ ԲՈՒԺՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ոչ, մաստիտը միշտ չէ, որ պահանջում է հակաբիոտիկային բուժում:

Մաստիտը կրծքի բորբոքում է, որ առաջանում է լակտոստազի(կաթի հոսքի խանգարում) պատճառով (ավելի, քան վարակի): Ոչ վարակային մաստիտը սովորաբար կարող է բուժվել առանց հակաբիոտիկների: Այնուամենայնիվ, ըստ Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության (WHO), «Առանց կաթի էֆեկտիվ հեռացման ոչ վարակային մաստիտը կարող է վերածվել վարակայինի, որն էլ իր հերթին կհանգեցնի թարախակալման»:

Կրծքով Կերակրման Բժշկության Ակադեմիայի պրոտոկոլում ասվում է.

«եթե մաստիտի ախտանիշները մեղմ են և 24 ժամից պակաս են առկա, ավանդական բուժամիջոցները(կաթի հեռացում և այլ աջակցող միջոցներ) կարող են էֆեկտիվ լինել: Եթե ախտանիշները չեն վերանում 12-24 ժամվա ընթացքում և կինն անկհայտորեն  վատառողջ է, պետք է կիրառել հակաբիոտիկներ

Խոսեք ձեր բժշկի հետ հակաբիոտիիների կուրս սկսելու համար, եթե՝

  • Մաստիտն առկա է երկու կրծքերում

  • Երեխան երկու շաբաթականից փոքր է կամ դուք վերջերս հիվանդանոցում եք եղել

  • Ձեր մաշկը ճաքած է պտուկի վրա՝ վարակի ակնհայտ նշաններով

  • Արյան/թարախի առկայություն կաթի մեջ

  • Կարմիր բծերի առկայություն

  • Ջերմության կտրուկ աճ

  • Ախտանիշները հանկարծակի են և սուր

Անհրաժեշտ է՝

  • Վերանայել բուժումը, եթե ախտանիշներում դրական փոփոխություն չի նկատվում 2-3 օրվա ընթացքում:

  • Ավելի խորացված ուսումնասիրություն անել, եթե մայրը 2-3 ռեցիդիվ է ունենում կրծքի նույն հատվածում

  • Հաշվի առեք կաթնախտի առաջացման հնարավորությունը, եթե հակաբիոտիկներից հետո պտուկներում ցավ կա

Ինչպես միշտ, պարտադիր է խորհրդակցել ձեր բժշկի հետ հասկանալու համար, թե որքանով է տվյալ ինֆորմացիան համապատասխանում ձեր սպեցիֆիկային:


ԿՐԾՔԻ ԿՈՄՊՐԵՍԻԱ (ՍԵՂՄՈՒՄ)

  • Գրկեք երեխային մեկ ձեռքով:

  • Բռնեք կուրծքը մյուս ձեռքով՝ օղակելով այն: Բութ մատը դրեք վերևի մասում (ամենահեշտ տարբերակն է), իսկ մյուս մատները ներքևում՝ կրծքի պատին ավելի մոտ:

  • Ուշադիր եղեք երեխայի կուլ տալու/խմելու հանդեպ, թեև կարիք չկա կենտրոնանալ ամեն մի կումի վրա:  Երեխան ստանում է կաթի բավարար քանակություն, եթե նա խմում է «բերանը լայն բաց-պաուզա-բերանը փակ» սկզբունքով:

  •  Եթե երեխան ծամծմում է կուրծքը, և այլևս չի խմում «բերանը լայն բաց-պաուզա-բերանը փակ» սկզբունքով, կիրառեք կոմպրեսիան՝ մեծացնելու համար կրծքի ներքին ճնշումը: Պետք չէ մատներով շփել կուրծքը դեպի երեխան, պարզապես սեղմեք ու բաց թողեք: Ոչ այնքան ուժեղ, որ ցավ զգաք և աշխատեք սեղմելիս այնպես անել, որ արեոլայի(պտուկը շրջապատող մուգ հատվածը) ձևը չփոխվի: Կոմպրեսիայի հետ երեխան նորից կսկսի խմել «բերանը լայն բաց-պաուզա-բերանը փակ» սկզբունքով: Օգտագործեք կոմպրեսիան երբ երեխան պարզապես ծծում է, ոչ թե նորմալ խմում:

ՊՐՈԲԻՈՏԻԿՆԵՐ

Պրոբիոտիկները «բարի» կամ «լավ» մանրէներն են, որ որպես կանոն առկա են մեր մարմիններում և կանխում են վնասակար օրգանիզմների չափից դուրս աճը: Պրոբիոտիկի օրինակ է Լակտոբացիլուս ացիդոֆիլուսը, Բիֆիդոբակտերիում լոնգումը և այլն:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/concerns/mother/mastitis/

Թարգմանեց՝ Լիլիթ Գալաթեա Վահանյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Կրծքերս չափից շատ լիքն են թվում և դա տհաճ է