- 445Shares
Կաթը միշտ համարվել է մանկական սննդի ամենաարժեքավոր սննդամթերքներից մեկը: Եվ դա իրո՛ք այդպես է: Այն պարունակում է գրեթե բոլոր հիմնական սննդանյութերը, որոնք անհրաժեշտ են երեխայի զարգացման և աճի համար՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ և միներալներ: Կաթնամթերքը պե՛տք է երեխայի սննդակարգի կարևոր մաս հանդիսանա: Սակայն ժամանակակից մանկաբույժները խորհուրդ չեն տալիս կաթ տալ մինչև երեխաների մեկ տարեկան դառնալը: Նույնն է պնդում նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
Երեխաների սնուցման դեպքում կովի կաթի և կաթնամթերքի մասին մայրերը սովորաբար երկու հարց են ունենում՝
- արդյո՞ք երեխաներին կարելի է տալ կովի կաթ որպես ԼՐԱՑՈՒՑԻՉ կաթ (լրացուցիչ է համարվում այն կաթը, որը տրվում է մինչև վեց ամսական երեխային ի լրումն մայրական կաթի, եթե մայրական կաթը չի ապահովում երեխայի աճը),
- ե՞րբ կարելի է երեխաներին սկսել տալ կովի կաթ և կաթնամթերք որպես ՀԱՎԵԼՅԱԼ սնունդ (հավելյալ սնունդ է համարվում վեց ամսականից մեծ երեխաներին տրվող պինդ սնունդը):
Փորձենք այս երկու հարցերը քննարկել առանձին-առանձին:
.
Կովի կաթը որպես ԼՐԱՑՈՒՑԻՉ սնունդ
Անկասկած, նորածին երեխաների լավագույն սնունդը կա և կմնա մայրական կաթը: Մայրական կաթի առողջարարության և յուրահատկության մասին կարելի է անվերջ խոսել: Այն բացարձակ բալանսավորված բաղադրություն ունի և դյուրամարս է երեխայի դեռևս լիովին չձևավորված աղեստամոքսային և արտազատման համակարգերի համար:
Սակայն ոչ բոլոր մայրերն են կարողանում իրենց երեխային կրծքով կերակրել այնպես, որ լրացուցիչ սննդի (կաթի) կարիք չլինի: Այլ մայրեր ընդհանրապես չեն կարողանում կերակրել կրծքով: Նման դեպքերում հարց է առաջանում, թե արդյոք կարելի է կրծքի կաթը փոխարինել կամ դրա պակասը լրացնել կովի կամ այծի կաթով:
.
Ինչու՞ չի կարելի կովի կաթ տալ նորածիններին
- Կովի կաթը գերհագեցած է հանքանյութերով՝ կալցիումով, նատրիումով, ֆոսֆորով, քլորով, մագնիումով, կալիումով: Այս գերգահեցումը “ավելորդ բալաստ” է ստեղծում երեխայի դեռևս լիովին չձևավորված արտազատական համակարգի համար: Արդյունքում երեխայի երիկամները սկսում են աշխատել 2-3 անգամ ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ:
- Կովի կաթը պարունակում է 3-4 անգամ ավելի շատ սպիտակուց և նատրիում, քան կրծքի կաթը: Սակայն կովի կաթի սպիտակուցը՝ կազեինը բոլորովին այլ որակի սպիտակուց է և պոտենցիալ ալերգեն է նորածնի համար: Ալերգոլոգները ապացուցել են, որ եթե կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում բոլոր երեխաներին տրվի կովի կաթ, ապա յուրաքանչյուր չորրորդ երեխան կունենա ալերգիա կովի կաթի և կաթնամթերքի նկատմամբ:
- Կովի կաթում չափազանց շատ կազեին կա, որը դժվարամարս սպիտակուց է:
- Կովի կաթը աղքատ է ածխաջրերով:
- Կովի կաթը չի պարունակում բավարար քանակությամբ յոդ, ցինկ, պղինձ, վիտամիներ С և Е:
- Կովի կաթում քիչ են ուղեղի զարգացման համար անհրաժեշտ ճարպաթթուները՝ լինոլաթթուն, ալֆա-լինոլենաթթուն և պոլիհագեցած ճարպաթթուները:
- Կովի կաթում նաև շատ ցածր է երկաթի պարունակությունը, այնինչ երկաթը երեխայի արագ աճող օրգանիզմն ապահովում է էրիթրոցիտներով, և դրա պակասությունը կարող է հանգեցնել երկաթպակասային սակավարյունության:
- Պարբերաբար օգտագործելու դեպքում կովի կաթը հատկապես մինչև վեց ամսական երեխաների մոտ կարող է առաջացնել աղեստամոքսային համակարգի արնահոսություն:
- Կովի կաթում բացակայում են ֆոլաթթուն, տաուրին և ցիստին ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են երեխայի նորմալ զարգացման համար:
- Ապացուցվել է, որ երեխայի սննդակարգում կովի կաթի վաղաժամ ներմուծումը կարող է հրահրել առաջին կարգի շաքարախտ: Այս պատճառով խորհուրդ է տրվում լիովին բացառել կովի կաթը երեխայի սննդակարգից մինչև նրա առնվազն մեկ տարեկան դառնալը, եթե ընտանիքում կան կամ եղել են ինսուլինից կախվածություն ունեցողներ:
.
Ինչու՞ չի կարելի նորածիններին տալ այծի կաթ
- Այծի կաթը գրեթե նույնքան կազեին է պարունակում, ինչ կովի կաթը:
- Որոշ վիտամիների և միկրոէլեմենտների քանակը այծի կաթում չափազանց մեծ է նորածնի համար: Երեխաների արտազատական համակարգը դեռևս լիարժեք չի գործում, և հանքային աղերի նման կուտակումը լուրջ ծանրաբեռնում է երիկամները:
- Ջրով նոսրացրած այծի կաթը իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում, քանի որ նոսրացնելուց կորում են դրա բոլոր կարևոր հատկանիշները:
- Ֆոլաթթվի պարունակությունը այծի կաթում շատ աննշան է, այնինչ հենց այս վիտամինն է անհրաժեշտ արյունաստեղծման պրոցեսի համար: Այծի կաթով սնուցվող երեխայի մոտ կարող է զարգանալ ֆոլաթթվային անեմիա:
- Այծի կաթում պարունակվում է մեծ քանակությամբ կապրիլաթթու, կապրոնաթթու և կապրինաթթու, որոնք տոքսիկ ազդեցություն ունեն երեխայի օրգանիզմի վրա:
- Կրծքի կաթի համեմատ՝ կալցիումի և ֆոսֆորի հարաբերակցությունը այծի կաթում “խանգարված” է և գերակշռում է կալցիումը: Սա դանդաղեցնում է այս նյութերի յուրացումը:
- Այծի կաթում պարունակվող երկաթի յուրացումը 3,5 անգամ ցածր է կրծքի կաթում պարունակվող երկաթի յուրացումից:
- Այծի կաթում պարունակվող Վիտամին A-ի և D-ի քանակը բավարար չէ երեխայի համար:
- Այծի կաթի յուղայնությունը ավելի բարձր է քան կրծքի կաթինը կամ կովի կաթինը: Այդ պատճառով այծի կաթը հրաշալի սնունդ է դպրոցական և ավելի մեծ տարիքի երեխաների համար, սակայն մեկ տարեկան երեխաների մոտ չկան բավարար քանակով ֆերմենտներ այն մարսելու համար:
- Մինչև մեկ տարեկան երեխաներին այծի կաթով կերակրելը կարող է հանգեցնել ստամոքսի դիապեդեզ արնահոսության, որը երկաթի ցածր յուրացման հետ մեկտեղ կարող է հանգեցնել երկաթպակասային սակավարյունության:
.
Կազեինային և շիճուկային սպիտակուցների տարբերությունը
Ցանկացած կաթի հիմքում՝ նաև մայրական, սպիտակուցն է: Կաթում պարունակվող սպիտակուցները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ կազեինային և շիճուկային: Կախված նրանից, թե սպիտակուցի որ խումբն է գերակշռում, տարբերակում են կազեինային և շիճուկային կաթ: Կազեինային կաթ են կովի և այծի կաթը: Շիճուկային են ձիու և ավանակի կաթը: Մայրական կաթի սպիտակուցների մեծ մասը շիճուկային կաթում պարունակվող ալբումին տեսակի սպիտակուցներ են, այսինքն պատկանում են շիճուկային խմբին և շատ են տարբերվում կովի և այծի կաթի սպիտակուցներից: Ի՞նչ է սա նշանակում երեխայի համար:
Ստամոքսահյութի ազդեցության արդյունքում ցանկացած կաթ թթվում է (“կտրվում” է), որից հետո այն բաժանվում է թանձր մասի (սպիտակ գնդիկների) և հեղուկ մասի: Թանձր մասը կազեինային սպիտակուցներն են, իսկ հեղուկը՝ շիճուկային: Կազեինային սպիտակուցը համարվում է “դանդաղ” մարսվող սպիտակուց: Կազեինային կաթը սպամոքսահյութի ազդեցության արդյունքում վերածվում է փոքր չլուծվող գնդերի/թանձրուկների, որոնք դժվար են մարսվում: Մարսողության համար պատասխանատու ֆերմենտները շատ ջանք պետք է թափեն այս գնդերը քանդելու համար, որի արդյունքում նրանք ավելի երկար են մարսվում և սպիտակուցների սննդարար ազդեցությունը ավելի դանդաղ է տեղի ունենում: Ի տարբերություն կազեինային կաթի՝ ալբումինային/շիճուկային կաթը դառնում է փաթիլներ, որոնք հեշտությամբ մարսվում են նույնիսկ երեխայի դեռևս վերջնական չձևավորված աղեստամոքսային համակարգի կողմից:
Կենդանական կաթը նախատեսված է կենդանիների, այլ ոչ թե մարդկանց համար: Կովի, այծի, և այլ կենդանիների կաթի հիմնական նպատակը մկանային զանգվածի աճն է, այսինքն՝ օրգանիզմի արագ ֆիզիկական աճը: Ի տարբերություն դրան՝ մայրական կաթի հիմնական նպատակը երեխայի ուղեղը անհրաժեշտ պոլիհագեցված ճարպերով ապահովելն է: Կենդանական չադապտացված կաթերի մեջ իր բաղադրությամբ մայրական կաթին ամենամոտ կաթը ավանակի կաթն է:
Կրծքի, կովի, այծի կաթի և արհեստական կաթնախառնուրդի համեմատական աղյուսակ | ||||
Սննդանյութեր | Կրծքի հասուն կաթ
(15 օրականից) |
Կովի կաթ | Այծի կաթ | Արհեստական կաթնախառնուրդ |
Սպիտակուց (գրամ) | 0,9-1,3 | 2,8 – 3,2 | 2,9-3,1 | 1,5-1,9 |
Այդ թվում՝ կազեին (%) | 30,0-20,0 | 80,0 | 75,0 | |
Այդ թվում՝ շիճուկային սպիտակուցներ (%) | 70,0-80,0 | 20,0 | 25,0 | |
Շիճուկային սպիտակուցների և կազեինի հարաբերակցություն (%) | 80:20 | 20:80 | 25:75 | 60:40 – 20:80 |
а – լակտալբումին (մգ) | 26 | 120 | 43 | |
b – լակտոգլոբուլին (մգ) | – | 30 | 26 | |
Լիզոցիմ (մգ) | 50 | – | ||
Իմունոգլոբուլիններ (մգ) | 105 | 66 | – | |
Ճարպ (գ) | 3,9 – 4,5 | 3,0 – 3,5 | 4,1 | 3,2 – 3,7 |
Լինոլաթթու (%) | 18,3 | 2,7 | 13-16 | |
Պոլիչհագեցած ճարպաթթուներ/ անփոխարինելի ճարպաթթուներ | 0,4 | 0,04 | ||
Ածխաջրեր (գ) | 6,5 – 7,5 | 4,6-4,8 | 4,3 | 6,9 – 8,0 |
Այդ թվում՝ բետա-լակտոզ (%) | 85 | – | – | – |
Այդ թվում՝ ալֆա-լակտոզ (%) | – | 100,0 | 100,0 | 73,0-100,0 |
Օլիգոսախարիդներ (%) | 15,0 | հետքեր | – | – |
Էներգետիկ արժեքը (կկալ) | 74,0 | 65,0 | 66,0 | 67-70 |
.
Ինչո՞վ լրացնել կրծքի կաթի պակասը
Ընդհանրապես, վեց ամսականից փոքր երեխաները պետք է ստանան միայն կրծքի կաթ կամ նրանց պահանջներին ադապտացված արհեստական կաթնախառնուրդ: Պետք է հիշել, որ կրծքի կաթի պակասը լրացնող սնունդը պետք է երեխային ապահովի այնքան կալորիայով, որքան կապահովեր մայրական կաթը: Այսինքն, ջուրը, շաքարաջուրը, գլուկոզան, հյութը, թեյը կամ ջրով բացած կովի կամ այծի կաթը կրծքի կաթի պակասը լրացնելու համար ՍԽԱԼ ընտրություններ են: Կրծքի կաթի պակասը լրացնող հեղուկների ցուցակը, ըստ առաջնայնության, հետևյալն է՝ երեխայի մոր թարմ կրծքի կաթ, մոր սառնարանում սառեցված կրծքի կաթ, մոր սառցախցիկում սառեցված և հալեցված կաթ, այլ կնոջ (դոնորական) կաթ, որի երեխան նույն տարիքային խմբում է, կաթնային բանկի կաթ, եթե առկա է և որի դեպքում երեխայի տարիքը կարող է տարբեր լինել, և արհեստական կաթնախառնուրդ: Ինչպես տեսնում եք՝ այս ցուցակում կովի, այծի կամ այլ կենդանիների կաթ չկա:
.
Կաթնամթերքը որպես ՀԱՎԵԼՅԱԼ սնունդ
Կովի և այծի կաթ
Կովի կաթի սպիտակուցների դժվարամարս և ալերգիկ լինելու, վերը նշված հատկանիշների, ինչպես նաև այն պատճառով, որ կովի կաթը չի պարունակում բավարար քանակությամբ երկաթ և ֆոլատ, կովի կաթ խորհուրդ չի տրվում տալ մինչև մեկ տարեկան երեխաներին: Ցանկալի է այն չընդգրկել երեխայի սննդակարգում մինչև նրա երկու-երեք տարեկան դառնալը: Թարմ և չտաքացրած կովի կաթը մինչև մեկ տարեկան երեխաների մոտ կարող է հանգեցնել ֆեկալ արյան կորստի և երկաթի ցածր մակարդակի:
Շատ մայրեր մտածում են, որ կովի կաթին լավ այլընտրանք է այծի կաթը, սակայն կաթի այս տեսակը ևս ցանկալի չէ տալ փոքր երեխաներին: Այծի կաթի սպիտակուցները ավելի նուրբ թանձրուկներ են ձևավորում, քան կովի կաթինը, որը նրանց ավելի դյուրամարս է դարձնում: Բացի դրանից, այծի կաթը ավելի քիչ ալերգիկ է, քան կովի կաթը, քանի որ այն ալերգեն համարվող կազեին սպիտակուց ալֆա–S1-ի միայն հետքեր է պարունակում: Այծի կաթի կազեին սպիտակուցը ավելի մոտ է մայրական կաթինին, սակայն կովի կաթը և այծի կաթը պարունակում են մոտավորապես նույն քանակի մեկ այլ ալերգեն սպիտակուց՝ բետա-լակտոգլոբուլին: Այծի կաթն ավելի յուղոտ է և հարուստ է միկրոէլեմենտներով, հատկապես ֆոսֆորով, քան կովի կաթը: Այծի կաթը շատ օգտակար և արժեքավոր սննդամթերք է, սակայն տարիքով ավելի մեծ երեխաների համար: Մանկաբույժները խորհուրդ են տալիս այծի կաթ տալ երեք տարեկանից մեծ այն երեխաներին, որոնք քաշի պակասի խնդիր ունեն:
Քանի որ մինչև մեկ տարեկան երեխաների հիմնական սնունդը մնում է կաթը, մայրերին խորհուրդ է տրվում շարունակել ըստ պահանջի կրծքով կերակրել երեխաներին մինչև նրանց մեկ տարեկան դառնալը, իսկ եթե մայրը չի կերակրում կրծքով, ապա կերակրել դոնորական կաթով կամ ադապտացված արհեստական կաթնախառնուրդով:
Կաթ կարելի է ավելացնել շիլաների մեջ, երբ երեխան արդեն մոտ մեկ տարեկան է և կաթի նկատմամբ ալերգիա չունի:
.
Կաթնաթթվային մթերք
Կաթնաթթվային մթերքը պատրաստվում է կովի, ոչխարի, այծի և այլ կենդանիների կաթից՝ կաթնաթթվային բակտերիաներով կամ խմորիչներով թթվեցնելով։ Կաթնաթթվային մթերքը լինում է կաթնաթթվային (կաթնաշոռ, թթվասեր) և խառը խմորման (մածուն, կեֆիր, կումիս և այլն)։
Կաթնամթերքն ավելի դյուրամարս է, քան կաթը, որը պայմանավորված է մի քանի գործոններով.
- Խմորման ժամանակ կենդանի կուլտուրաները ստեղծում են լակտազ ֆերմենտ, որը կաթնաշաքարը բաժանում է գլյուկոզի և գալակտոզի՝ հեշտացնելով մարսելը: Հենց լակտազ ֆերմենտի պակասի պատճառով է, որ լակտազային անբավարարություն ունեցող մարդիկ չեն կարողանում մարսել կաթում պարունակվող կաթնաշաքարը:
- Որոշ յոգուրտներում պարունակվող բետա-գալակտոսիդազ ֆերմենտը նույնպես օգնում է յուրացնել կաթնաշաքարը լատազային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ:
- Կաթնաթթվային խմորման ժամանակ մթերքում մանրէները քայքայում են կաթնաշաքարը (լակտոզը) և առաջացնում կաթնաթթու։ Կաթնաթթվի ազդեցությամբ կաթի կազեին դժվարամարս սպիտակուցը մակարդվում է, որից էլ կաթնաթթվային մթերքի մարսելիությունը կաթի համեմատ զգալիորեն բարձրանում է և նվազում է նրա ալերգեն լինելը։
- Խառը խմորման կաթնաթթվային մթերքում կաթնաշաքարից առաջանում է նաև սպիրտ, ածխաթթու գազ, ցնդող թթուներ, որոնք նույնպես բարձրացնում են կաթնաթթվային մթերքի մարսելիությունը։
.
Կեֆիր, յոգուրտ, մածուն, նարինե
Մածունը, կեֆիրը, յոգուրտը, նարինեն իրենց բաղադրությամբ շատ տարբեր են մայրական կաթից և չեն կարող համարվել երեխայի սննդային կարիքների համար ադապտացված սնունդ, որը կարող է փոխարինել մայրական կաթը: Սա նշանակում է, որ դրանք չեն կարող փոխարինել մինչև վեց ամսական երեխային տրվող մայրական կաթը կամ արհեստական կաթնախառնուրդը: Բացի դրանից, մածունը, կեֆիրը, յոգուրտը և այլ կաթնաթթվային մթերքները, ի տարբերություն շիլաների, բանջարեղենի և մսի, հիմնական պինդ սնունդ չեն համարվում, այլ համարվում են լրացուցիչ հավելյալ սնունդ, որը երեխայի սննդակարգում սննդային բազմազանություն է ապահովում:
Այսպիսով, կեֆիր, յոգուրտ, մածուն ցանկալի է երեխային սկսել տալ 9 ամսականից, երբ երեխայի սննդակարգում արդեն ընդգրկված են շիլաները, բանջարեղենը, միրգը և միսը:
«Նարինեն» սնունդ չէ, նշանակվում է միայն աղիքային խնդիրների դեպքում և միայն ութ ամսականից հետո։
.
Կաթնաշոռ, թթվասեր
Կաթնաշոռը իրենից ներկայացնում է կովի կաթի սպիտակուցների կոնցենտրատ: Չնայած առողջարար լինելուն՝ կաթնաշոռում սպիտակուցների և հանքանյութերի քանակը մեծ է, և դրանք կարող են ագրեսիվ կերպով ազդել երեխայի երիկամների վրա: Բացի դրանից, այն նաև պոտենցիալ ալերգեն սննդամթերք է: Այս պատճառով, ցանկալի է երեխայի սննդակարգ կաթնաշոռ մտցնել 12 ամսականի շուրջ: Կաթնաշոռը տալիս են օրվա երկրորդ կեսին, երբ այն ավելի լավ է մարսվում: Թթվասերը մեծահասակների համար նախատեսված սննդամթերք է, որը շատ ճարպ է պարունակում: Ցանկալի է երեխայի սննդակարգում թթվասեր ընդգրկել 2-3 տարեկանից հետո:
.
Կարագ, պանիր
Կարագ շատ քիչ քանակությամբ կարելի է ավելացնել երեխայի շիլաներում, երբ դրանց չափաբաժինը 100 գրամից մեծ է: Չնայած շատ աղբյուրներում կարագը երեխայի սննդակարգում ընդգրկվում է ավելի ուշ՝ 9 ամսականից հետո։
Պանիրները պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց և ճարպ: Պինդ, ոչ աղի և ոչ կծու պանիր երեխայի սննդակարգում կարելի է ընդգրկել 10-12 ամսականից: Սկզբնական շրջանում պանիրը կարելի է քերել և ավելացնել երեխայի ճաշերին, իսկ որոշ ժամանակ անց՝ տալ կտորով:
ՀԻՇԵՔ. Ցանկալի է երեխաներին տալ հենց երեխաների համար նախատեսված կաթնամթերք, որը չի պարունակում համային կամ այլ հավելումներ, ներկանյութեր, պատրաստված է հատուկ մերաններով և ադապտացված է երեխայի պահանջներին: Նման կաթնամթերքը սովորաբար շատ կարճ պահպանման ժամկետ ունի:
Տնային պայմաններում կաթնամթերք պատրաստելու դեպքում պետք է օգտագործել հատուկ ջերմամշակում անցած՝ պաստերիզացված կամ եռացրած կաթ: Պաստերիզացման համար կաթը դնում են եռացող ջրով ամանի մեջ այնպես, որ ջրի և կաթի մակարդակը նույնը լինեն: Անընդհատ խառնելով՝ կաթի ջերմաստիճանը հասցնում են 63—65°С և պահում են այդ ջերմաստիճանում 20—30 րոպե, որից հետո անմիջապես սառեցնում են՝ դնելով սառը ջրով կամ սառույցով լի ամանի մեջ: Կաթը կարելի է նաև պաստերիզացնել այն 30—60 վայրկյան 72—74°С ջերմաստիճանում պահելով կամ պարզապես 85—87°С ջերմաստիճանի հասցնելով:
Աղբյուրներ՝
http://moe1.ru/prikorm/prikorm-rebenka-do-goda
http://www.lalecheleague.org/llleaderweb/lv/lvaugsep99p75.html
http://kellymom.com/nutrition/milk/milk-supplements/
http://www.askdrsears.com/topics/feeding-eating/feeding-infants-toddlers/goat-milk
http://foods4u-as-medicine.blogspot.am/2008/11/yogurt-is-easier-to-digest-than-milk.html
https://med.news.am/rus/news/743/narine-mozhno-li-mladencam-prinimat-probiotiki.html
Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը
- 445Shares