Կանաչ կղանք. ե՞րբ անհանգստանալ


Երեխաների կղանքը շատ մայրերի համար մեկ անհանգստությունն է: Որքա՞ն հաճախ պետք է գործեն երեխայի աղիները: Արդյո՞ք երեխայի կղանքից կարելի է հասկանալ, թե ինչպես է ընթանում կրծքով կերակրումը: Ի՞նչի մասին են վկայում կղանքի գույնը և թանձրությունը: Եվ, վերջապես, ե՞րբ անհանգստանալ:

 

Կղանքի նորմալ գույնը և թանձրությունը

Երեխայի առաջին կղանքը սև և կպչուն մեկոնիումն է: Եթե կրծքով կերակրումը լավ է ընթանում, երրորդ օրը երեխայի կղանքը դառնում է “անցումային” կանաչավուն կղանք: Մոտավորապես հինգերորդ օրը կղանքը դառնում է դեղին, իսկ թանձրությունը նմանվում է դեղին ոլոռով ապուրի թանձրությանը: Կղանքում կարող եք նկատել նաև սպիտակ սերմնանման մասնիկներ: Քանի դեռ երեխան միայն կրծքի կաթ է ուտում, նրա կղանքը շարունակվելու է լինել թույլ, դեղին և սպիտակ սերմնանման մասնիկներով:

Առաջին վեց շաբաթների ընթացքում նորմալ քաշ հավաքող երեխաների աղիները կգործեն օրական առնվազն 3-4 անգամ: Դրանից քիչ կղանքը կարող է նշանակել, որ պետք է երեխային կշռել:

Եթե ձեր երեխան վեց շաբաթականից փոքր է, աղիները գործում են ավելի քիչ, քան օրական 3-4 անգամ, կամ նրա կղանքը ծննդաբերությունից հինգ օր անց չի դարձել դեղին, ապա կշռելը ձեզ կօգնի հասկանալ, թե արդյոք անհանգստանալու կարիք կա: Կրծքով սնուցվող երեխաների աղիները կարող են ավելի քիչ գործել, նույնիսկ շաբաթական մեկ անգամ, սակայն նման դեպքերում մենք խոսում ենք վեց շաբաթականից մեծ երեխաների մասին:

Երեխային կշռեք հատուկ մանկական էլեկտրոնային կշեռքով: Սովորական՝ մեծահասակների համար նախատեսված կշեռքները այս պարագայում չեն կարող ճշգրիտ լինել: Եթե երեխան հավաքում է օրական 30 գրամ, ուրեմն ամեն ինչ լավ է: Եթե ձեր երեխան նորմալ քաշ է հավաքում, կարևոր չէ, թե օրական քանի անգամ են գործում նրա աղիները: Կրծքով սնուցվող երեխաների աճի մասին կարող եք կարդալ այստեղ:

 

Կանաչ կղանքի պատճառները

Չնայած նրան, որ դուք կարող եք լսել ուղիղ հակառակ կարծիքը, կանաչ կղանքը նորմայի տեսակ է: Անհանգստանալու կարիք չկա, եթե ձեր երեխան իրեն լավ է զգում և լավ քաշ է հավաքում:

Կանաչ կղանքի հիմնական հնարավոր պատճառներն են՝

  • Ձեր սննդակարգը. Շատ կանաչ սննդամթերք ուտելը և կանաչ հեղուկներ խմելը կարող է ազդել երեխայի կղանքի գույնի վրա: Բնական և արհեստական սննդային ներկանյութերը կարող են փոխել ձեր կաթի և երեխայի կղանքի գույնը:
  • Ստամոքսի խանգարում. Եթե ձեր բալիկը հիվանդ է, նրա կղանքի գույնը կարող է փոխվել և մնալ այդպիսին մի քանի շաբաթ: Կրծքով կերակրումը երեխային օգնելու լավագույն միջոցն է:
  • Կաթի գերառաջարկ. Եթե ձեր կաթնարտադրությունը չափից առատ է, ապա հնարավոր է, որ ձեր երեխան ստանա շատ կաթնաշաքար, բայց քիչ ճարպ պարունակող առաջնային կաթ: Առաջնային և հետին կաթի դիսբալանսը կարող է առաջացնել ջրիկ և կանաչ կղանք: Կարդացեք մեր առաջնային և հետին կաթի մասին հոդվածն այստեղ, իսկ կաթի գերառաջարկի և ուժեղ արտահոսքի մասին հոդվածն՝ այստեղ:

Շատ մայրիկներ և մանկաբույժներ կանաչ կղանքի դեպքում կարող են կասկածել լակտազային անբավարարություն: Ցանկանում ենք հիշեցնել, որ լակտազային անբավարարությունը պահանջում է համապարփակ ախտորոշում: Կարևոր է, որ և երեխայի բժիշկը և մայրը տեղեկացված լինեն այսպես կոչված լակտոզով գերծանրաբեռնման մասին, որը հաճախ շփոթում են լակտազային անբավարարության հետ: Լակտոզով գերծանրաբեռնումը պայմանավորված է կրծքով սնուցման սխալ կազմակերպմամբ: Եթե կասկածում եք լակտազային անբավարարություն, կարդացե՛ք այդ խնդրի մասին մեր համապարփակ հոդվածը:

  • Կրծքով ոչ արդյունավետ կերակրում. Եթե հինգերորդ օրը երեխայի կղանքը դեղինի փոխարեն դառնում է կանաչ, դա կարող է նշանակել, որ երեխան չի կարողանում լավ դատարկել կուրծքը և հասնել հետին՝ ավելի ճարպոտ կաթին: Նման դեպքերում երեխան կարող է նորմայից քիչ քաշ հավաքել: Եթե կա քաշի խնդիր, ապա ցանկալի է խորհրդակցել կրծքով կերակրման խորհրդատուի և կրծքով սնուցմանն աջակցող մանկաբույժի հետ:
  • Սննդամթերքի կամ դեղամիջոցի նկատմամբ զգայունություն. Եթե երեխայի մոտ կա զգայունություն ձեր կամ նրա սննդակարգի որևէ սննդամթերքի/հեղուկի կամ ընդունած դեղամիջոցի նկատմամբ, նրա կղանքը կարող է դառնալ կանաչ և/կամ պարունակել լորձ: Կղանքում կարող է լինել նույնիսկ արյուն: Դեղամիջոցների նկատմամբ զգայունություն կարող է լինել, օրինակ, եթե մայրը կամ երեխան ընդունել են հակաբիոտիկներ, երկաթի հավելում կամ այլ դեղամիջոց: Սննդամթերքի նկատմամբ զգայունությունը առավել հավանական է սննդային ալերգիայի պատմություն ունեցող ընտանիքում, որի մասին կարող եք կարդալ մեր “Ալերգիաները և կրծքով կերակրումը” հոդվածում: Եթե կանաչ կղանքի պատճառը նման զգայունությունն է, ապա պետք է ակնկալել, որ երեխան կունենա դրա այլ ախտանիշներ նույնպես՝ էկզեմա, ցան, մաշկի չոր հետքեր, փսխում, լուծ, շնչառության հետ կապված խնդիրներ, թաց քիթ, հազ, խռխռոց և այլն:
  • Ատամ ծկթելը. Կանաչ կղանքի պատճառներից մեկը կարող է լինել ատամ ծկթելու ընթացքում ուժեղ թքարտադրությունը: Կուլ տված թուքը կարող է գրգռել երեխայի աղիները, իսկ կղանքը դարձնել կանաչ և լորձոտ:

 

Արդյո՞ք պետք է կասկածել առաջնային և հետին կաթի դիսբալանս

Շատ ծնողները կարդացել են, որ կանաչ կղանքի ամենահավանական պատճառը առաջնային և հետին կաթի դիսբալանսն է: Նման անհանգստություն ունեցող մայրիկներին խորհուրդ ենք տալիս կարդալ մեր հետևյալ երկու հոդվածները՝ “Առաջնային և հետին կաթը” և “Յուղոտ և անյուղ կաթի առասպելը”:

 

Այսպիսով, ե՞րբ անհանգստանալ

Հիմնականում կանաչ կղանքը անհանգստանալու պատճառ չէ: Սակայն կարևոր է, որ կերակրող մայրիկը տարբերի հնարավոր պատճառները միֆերից: Երբեմն պատահող կանաչ կղանքը ամենայն հավանականությամբ անհանգստանալու խնդիր չէ, սակայն մշտապես կամ տևական կանաչ կղանքի դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը:

 

Կարդացեք նաև մեր հետևյալ հոդվածները.

 

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Աղբյուրներ.

Հեղինակ՝ Նենսի Մոհրբահեր, IBCLC, FILCA

http://www.nancymohrbacher.com/articles/2014/5/21/green-poop-when-should-you-worry.html

Kelly Bonyata, BS, IBCLC,

http://kellymom.com/mother2mother/m2m-green-stools/

Արյուն երեխայի կղանքի մեջ. ո՞րն է պատճառը