Կատաղության նոպաներ


Reed-White-House-Toddle-Tantrum-320Ձեր քայլել սովորող երեխայի` օրվա ընթացքում կրկնվող կատաղության (հիստերիայի) նոպաները գերձայնային են, ականջ ծակող և կարծես թե չեն ավարտվի: Դուք կփախչեիք` կրկեսին միանալու, եթե ընտրության հնարավորություն ունենաիք: Հավանաբար կա ավելի լավ տարբերակ:

Թպրտոցի և աղաղակների խառնաշփոթի մեջ կատաղության նոպաները կարող են ակնհայտորեն հիասթափեցնող լինել: Բայց դրանց որպես աղետ նայելու փոխարեն, վերաբերվեք կատաղության նոպաներին որպես դաստիրակելու հնարավորություն:

.

Ինչո՞ւ են երեխաները կատաղության նոպաներ ունենում

Կատաղության նոպաները դասակարգվում են նվնվոցից և լացից մինչև բղավոց, թպրտոց, հարվածներ և շնչառության հապաղում: Դրանք հավասարաչափ բնորոշ են ինչպես տղաներին այնպես էլ աղջիկներին և սովորաբար պատահում են 1-ից մինչև 3 տարեկան հասակում:

Որոշ երեխաներ կարող են նոպաներ ունենալ ավելի հաճախ քան մյուսները: Նոպաները երեխայի նորմալ զարգացման անբաժան մասն են կազմում: Սա ճանապարհ է, որի միջոցով փոքրիկ երեխաները ցույց են տալիս, որ վշտացաց են կամ ունեն չբավարարված պահանջմունք:

Կատաղության նոպաները կարող են պատահել, երբ երեխան հոգնած է, սոված կամ անհանգիստ; կամ որովհետև չի կարողանում ստանալ ինչ-որ բան (օրինակ որևէ առարկա, կամ ծնողներից մեկին) կամ որևէ գործողություն անել: Չբավարարված պահանջմունքների հետ վարվելակերպը հմտություն է, որին երեխան սովորում է ժամանակի ընթացքում:

Կատաղության նոպաները առավել տարածված են կյանքի երկրորդ տարում, այն շրջանում, երբ սկսոում է զարգանալ խոսքը: Քանի որ քայլել սովորող երեխան դեևս չի կարող ասել` ինչ է ուզում, զգում, կամ ինչի կարիք ունի` չբավարարված պահանջմունքը կարող է կատաղության նոպայի պատճառ դառնալ: Խոսքի հմտությունների զարգացմանը զուգահեռ նոպաները նվազում են:

Քայլել սովորող երեխաները ձգտում են անկախությանն ու շրջակա միջավայրի վերահսկողությանը, ավելին քան նրանք կարող են վերահսկել և վերամշակել: Սա կարող է բերել պայքարի, քանի որ երեխան մտածում է: «Ես ինքս դա կարող եմ անել» կամ «Ես դա ուզում եմ, տվե’ք ինձ այն»: Երբ երեխան բացահայտում է, որ չի կարող դա անել և չի կարող ունենալ այն ամենը` ինչ ուզում է, կարող է կատաղության նոպա ունենալ:

.

Ինչպե՞ս խուսափել կատաղության նոպաներից

Նախ և առաջ փորձեք խուսափել կատաղության նոպաներից, որքանով որ դա հնարավոր է: Ահա մի քանի տարբերակ, որոնք կարող են օգնել.

  • Առավելագույնս դրական ուշադրությամբ շրջապատեք երեխային: Սովորություն դարձրեք խրախուսել ձեր երեխաներին լավ վարքի համար: Պարգևատրեք ձեր փոքրիկներին ուշադրությամբ և գովասանքով լավ պահվածքի համար:
  • Փորձեք նոր քայլող երեխային մի փոքր վերահսկողության հնարավորություն տալ մանրուքներում: Մի փոքր ընտրության հնարավորություն տվեք, օրինակ` «Նարինջի, թե՞ խնձորի հյութ կխմես» կամ «Ատամներդ` լոգանքից առաջ, թե՞ հետո էս ուզում մաքրել»: Իսկ «Ուզո՞ւմ ես ատամներդ հիմա մաքրել» հարցին, դուք անխուսափելիորեն կլսեք «Ոչ» պատասխանը:
  • Պահեք արգելված առարկաները տեսողության դաշտից դուրս և անհասանելի վայրերում: Սա պայքարի ավելի քիչ առիթներ կտա: Ակնհայտ է, որ սա ոչ միշտ է հնարավոր, հատկապես դրսում, որտեղ արտաքին աշխարհը անվերահսկելի է:
  • Շեղեք ձեր երեխային: Օգտվեք ձեր փոքրիկի` ուշադրության կենտրոնացման կարճատվության առանձնահատկությունից` առաջարկելով մեկ ուրիշ բան` փոխարենը նրա, ինչ նա չի կարող ունենալ: Փոխարինեք հիասթափեցնող կամ արգելված գործունեությունը նորով: Կամ պարզապես փոխեք միջավայրը: Տարեք երեխային դուրս կամ հակառակը` ներս, կամ պարզապես գնացեք մեկ ուրիշ սենյակ:
  • Օգնեք երեխային նոր հմտություններ սովորել և նպատակին հասնել: Օգնեք երեխային սովորել նոր գործողություններ կատարել: Գովասանքի խոսքեր ասեք, որպեսզի օգնեք հպարտություն զգալ արածի համար: Նաև սկսեք պարզից, նախքան ավելի բարդ առաջադրանքներին անցնելը:
  • Ուշադիր դիտարկեք ձեր երեխայի ցանկությունները: Արդյո՞ք դա անվայել է, թե ոչ: Տարբերեք առաջնահերթը. հարմարվեք, երբ կարող եք:
  • Ճանաչեք ձեր երեխայի հնարավորությունների սահմանները: ժամանակը չէ մթերաին խանութ գնալու կամ մեկ այլ առաջադրանքով «քամելու», եթե գիտեք, որ ձեր երեխան հոգնած է:

Եթե առկա է երեխայի անվտանգության հարց և քայլել սովորող երեխան շարունակում է արգելված վարքագիծ ցուցաբերել, նույնիսկ այն դադարեցնելու խնդրանքից հետո, մի պահ կանգ առեք և մի քանի րոպե ամուր բռնեք երեխային: Հետևողական եղեք: Ամուր եղեք անվտանգության հարցերում:

.

Ինչպե՞ս վարվել կատաղության նոպաների ժամանակ

Նախ և առաջ պահպանեք հանգստություն, երբ գործ ունեք կատաղության նոպաների հետ: Էլ ավելի մի վատթարացրեք խնդիրը ձեր սեփական հիասթափությամբ կամ բարկությամբ: Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ ձեր աշխատանքն է` օգնել ձեր երեխային հանդարտվել սովորելը: Հետեվաբար դուք ինքներդ պետք է հանգիստ լինեք:

Ձեր գործողությունները օրինակ են ծառայում ձեր երեխայի համար: Ծեծն ու հարվածները գործին չեն օգնի: Փոխարենը` դրանք երեխային ցույց են տալիս, որ ուժ և ֆիզիկական պատիժ կիրառելը նորմալ է: Դա կարող է էլ ավելի բացասական վարքագծի հանգեցնել ավելի երկարատև հեռանկարում: Փոխարենը ցուցաբերեք բավականաչափ ինքնատիրապետում ձեր երկուսի փոխարեն:

Կատաղության նոպաներին տաբեր կերպ կարելի է արձագանքել` կախված նրանից, թե ինչից է վշտացաց երեխան: Երբեմն անհրաժեշտ է սփոփել երեխային: Երբեմն ավելի լավ է անտեսել պայթյունները և շեղել երեխայի ուշադրությունը մեկ այլ գրոծունեությամբ: Եթե ձեր երեխան հոգնած է կամ սոված, ապա ժամանակն է քնացնել կամ կերակրել երեխային: Եթե նոպան պատահում է այն բանից հետո, երբ երեխային ինչ-որ բան արգելում եք, հանգստություն պահպանեք և մի փորձեք երկար բացատրել, թե ինչու երեխան չի կարող ունենալ այն, ինչ ուզում է: Փորձեք գտնել այն, ինչ նրան կարելի է: Կենտրոնացեք մեկ այլ գործունեության վրա:

Երեխաները`ովքեր կարող են իրենց կամ շրջապատողներին վնաս պատճառել նոպայի ժամանակ, պետք է տեղափոխվեն հանգիստ և ապահով տեղ` հանգստանալու համար: Սա նաև վերաբերում է հասարակական վայրերում պատահող նոպաներին:

Նախադպրոցականներն ու ավագ տարիքի երեխաները կատաղության նոպաները օգտագործում են իրենց նպատակին հասնելու համար, եթե մինչ այդ սովորել են, որ նման վարքագիծը արդյունավետ է: Դպրոց գնացող երեխային կարելի է ուղարկել իր սենյակ` հանգստանալու համար:

Ժամանակային սահմանափակում դնելու փոխարեն, ավելի լավ է երեխային ասեք սենյակում այնքան ժամանակ մնա, մինչև որ նա կվերականգնի ինքնավերահսկողությունը: Սա արտոնություն է տալիս երեխային. նա կարող է արդյունքի վրա սեփական գործողություններով ներգործել և սա վերադարձնում է վերահսկողության զգացումը, որը երեխան կորցրել էր նոպայի ժամանակ: Ինչևէ, եթե ժամանակավոր ընդմիջումը վատ վարքագծի համար է (օրինակ հարվածելը) ի լրումն նոպաների` սահմանափակեք ժամանակը:

.

Փոթորիկից հետո

Հանձնվելով` մի խրախուսեք ձեր երեխայի կատաղության նոպաները: Սա միայն կապացուցի ձեր փոքրիկին, որ նոպան արդյունավետ էր: Փոխարենը` բանավոր գովասանքի միջոցով, վերադարձրեք երեխայի վերահսկողությունը:

Նաև երեխաները կարող են հատկապես խոցելի լինել նոպաներից հետո, երբ գիտեն, որ պակաս սիրված են եղել: Այժմ (երբ ձեր երեխան հանգիստ է) ժամանակն է գրկել երեխային և վստահեցնել, որ նա անկախ ամեն ինչից` սիրված է:

Համոզվեք, որ ձեր երեխան բավականաչափ քնում է: Քնի պակաս ունեցող երեխաները կարող են գերգռգռված դառնալ և ծայրահեղ վարքագիծ ցուցաբերել:Բավարար քունը կարող է զգալիորեն նվազեցնել նոպաների քանակը: Պարզեք` որն է քնի նորման ձեր երեխայի հասակում: Երեխաների մեծամասնության քնի տևողությունն ընկած է տվյալ հասակի համար ընդունված նորմերի սահմաններում, բայց յուրաքանչյուր երեխա ունի քնի իր յուրահատուկ տևողությունը:

.

Ե՞րբ դիմել բժիշկի

Խոսեք ձեր բժիշկի հետ եթե.

  • Դուք հաճախ եք զայրանում կամ ինքնավերահսկողությունը կորցնում, երբ գործ ունեք կատաղության նոպաների հետ:
  • Շարունակ հանձնվում եք:
  • Նոպաները` ձեր և երեխայի միջև բազում բացասական զգացմունքների պատճառ են հանդիսանում:
  • Ձեզ մոտ հարցեր են առաջանում ձեր կամ ձեր երեխաի վարքի հետ կապված:
  • Նոպաները ավելի հաճախ են պատահում, ավելի ինտենսիվ են, կամ ավելի երկար են տևում:
  • Ձեր երեխան հաճախ վնասում է իրեն կամ շրջապատողներին:
  • Ձեր երեխան դյուրագրգիռ է, շատ է վիճում և շատ հազվադեպ է համագործակցում ձեզ հետ:

Ձեր բժիշկը կստուգի նաև առողջական խնդիրները, որոնք կարող են գումարվել կատաղության նոպաներին, թեև սա այդքան էլ տարածված երևույթ չէ: Երբեմն տեսողական կամ լսողական խնդիրները, քրոնիկ հիվանդությունները, լեզվի կամ ուսուցման հապաղումները ավելի հավանական է, որ կհանգեցնեն երեխայի մոտ կատաղության նոպաների:

Հիշեք, կատաղության նոպաները, սովորաբար, անհանգստության պատճառ չեն և սովորաբար ինքնաբերաբար անցնում են: Մեծանալու հետ մեկտեղ, երեխաները ձեռք են բերում ինքնատիրապետում: Նրանք սովորում են համագործակցել, հաղորդակցվել և հաղթահարել չբավարարված պահանջմունքներից առաջացող վրդովմունքը: Որքան քիչ է այդ վրդովմունքը և շատ է ինքնատիրապետումը, այնքան ավելի հազվադեպ են նոպաները, և հետևաբար` երջանիկ են ծնողները:

 

 

Թարգմանեց Ալլա Խաչատուրյանը

Խմբագրեց Անուշիկ Վարդանյանը

http://kidshealth.org/en/parents/tantrums.html#

 

Ինչպե՞ս ասել "ՈՉ" և մնալ դրական
Բութ մատը ծծելը