Կարո՞ղ եմ աղ ավելացնել երեխայի ճաշիկների մեջ


saltՄարդու օրգանիզմը աղի կարիք ունի, բայց չի կարող այն արտադրել: Աղ օգտագործելը, այսպիսով, անհրաժեշտ է: Ահա, թե ինչու է մեզ դուր գալիս աղի համը: Սակայն մարդկանց մեծամասնությունը իրենց պահանջներից ավելի շատ աղ է օգտագործում: Սա վերաբերում է և՛ մեծահասակներին, և՛ երեխաներին:

 

“Անհամ” սննդի խնդիրը

Շատ ծնողներ անհամբեր սպասում են այն պահին, երբ կկարողանան ճաշիկներ պատրաստել իրենց երեխաների համար: Սակայն շատ երեխաներ դժվար են ընդունում հավելյալ սնունդը, որովհետև իրենք սովոր են կրծքի կամ արհեստական կաթի համին և զգացողությանը:

Երբ ծնողը համտեսում է երեխայի աղ չպարունակող սնունդը, այն իրեն թվում է անհամ, քանի որ ծնողը օգտագործում է աղ և սովոր է աղի համին: Մի քիչ աղ ավելացնելով երեխայի ճաշերի մեջ, շատ ծնողներ մտածում են սնունդը դարձնել համով և հույս ունեն, որ երեխան կսկսի ուտել այն: Սակայն պետք է գիտակցել 3 հանգամանք.

Առաջինը` ծնողը շատ անգամ ավելացնում է այնքան աղ, որպեսզի ճաշը դառնա հաճելի հենց իր համար: Սակայն, ինչքան շատ աղ օգտագործի երեխան, այնքան շատ աղին նա կսովորի: Մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական սպառել 3-5 գրամ աղ` բոլոր աղբյուրները իրար հետ միասին, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ իրականում մենք սպառում ենք մոտ 12 գրամ աղ: Ստացվում է, որ ոչ միայն ծնողը իր նորմայից չափազանց շատ աղ է օգտագործում, բայց նաև հարմարացնելով աղի քանակը ըստ իր սովորության, այդ ահռելի քանակը տալիս է իր երեխային` մոռանալով, որ երեխայի քաշը իր քաշից կարող է 10 անգամից ավելի պակաս լինել, որ նրա օրգանները շատ ավելի փոքր են այդ քանակի աղը մարսելու համար, և որ նրա պահանջները շատ ավելի քիչ են:

Երկրորդը` ծնողը պետք է գիտակցի, որ երեխան 6 ամսվա ընթացքում խմել է կաթ, որը քաղցր համ ունի, և աղի համը նրա համար անծանոթ է: Հետևաբար, երեխաների մեծ մասը չի կարող ուտելիքից հրաժարվել աղի բացակայության պատճառով, քանի որ նա աղի համին ծանոթ չէ և չգիտի, որ աղով կարող է ճաշը նրան դուր գալ: Աղ ավելացնելը ուղղակի անիմաստ է և ծնողը չպետք է որոշի երեխայի տեղը, թե ինչը նրան պետք է դուր գա, ինչը՝ ոչ:

Իհարկե, կան երեխաներ, որոնք իրենց ճաշը կնախընտրեն աղով: Աղ ավելացնելը կհեշտացնի երեխային կերակրելը, սակայն այն նաև կվնասի երեխային:

Երրորդը` երեխաները իրենց բերանում ունեն 2,5 անգամ ավելի շատ համային պտկիկներ քան մեծահասակները, և այն ինչ ձեր համար թվում է անհամ, նրանց համար ավելի շատ համ ունի:

 

Ինչքա՞ն աղ է հարկավոր երեխային

  • Մինչև 1 տարեկան – օրական 1 գրամից քիչ (0,4 գրամ նատրիումից քիչ)
  • 1 – 3 տարեկան – օրական 2 գրամ (0,8 գրամ նատրիում)
  • 4 – 6 տարեկան – օրական 3 գրամ (1,2 գրամ նատրիում)
  • 7 – 10 տարեկան – օրական 5 գրամ (2 գրամ նատրիում)
  • 11 տարեկանից բարձր – 6 գրամից աղ (2.4 գրամ նատրիում)

(1 գրամը (գ) հավասար է 1000 մգ (միլիգրամ))

Սեղանի աղը բաղկացած է 40 տոկոս նատրիումից և 60 տոկոս քլորից: Պիտակների վրա սովորաբար նշվում է հենց նատրիումի քանակը (sodium): Աղի քանակը իմանալու համար բազմապատկեք նատրիումի քանակը 2,5-ով: Որպես կանոն, բարձր քանակի աղ պարունակող է համարվում այն սնունդը, որի պիտակի վրա նշված է, որ է 100 գ-ում 0,5 գ (500 մգ) նատրիում կա: Այսպիսի սննդի քանակը պետք է սահմանափակել: Ցածր քանակ է համարվում, եթե 100 գ պարունակում է 0,1 գ (100 մգ) նատրիում:

image002

Այս գդալի մեջ լցված է 1 գ աղ, և այն կազմում է թեյի գդալի 1/6ը:

 

Որտեղից է երեխան աղ ստանում

Մինչև 6 ամսականը երեխան ստանում է իր աղի պահանջը մայրական կաթից կամ կաթնախարնուրդից:

6 ամսականից սկսած երեխայի սննդակարգում ավելանում է նաև հավելյալ սնունդը, որը բնականորեն աղ է պարունակում: Օրինակ` 100 գ բրոկոլին պարունակում է 33 մգ նատրիում, 100 գ գազարը` 70 մգ, ծաղկակաղամբը` 30 մգ, սպանախը` 80 մգ, հավի միսը` 80 մգ և այլն:

 

Բայց մի պտղունց աղը ի՞նչ է որ

Եկեք մի փոքր հաշվարկ անենք: Հիշեցնենք, որ 1 տարեկան երեխան պետք է 1գ = 1000 մգ-ից պակաս աղ օգտագործի:

1 պտղունց աղը երեխայի ափսեյի մեջ թվում է անմեղ քանակ: Սակայն ըստ տարբեր աղբյուրների 1 պտղունց աղը հավասար է 250- 360 մգ աղի: Ավելացնելով 1 պտղունց աղ օրվա 2 ճաշերի մեջ երեխայի օգտագործած աղի քանակը արդեն կհասնի 500 – 720 մգի:

Այս քանակին պետք է գումարել աղը, որը առկա է կրծքի կաթի կամ կաթնախառնուրդի մեջ: 100 միլիլիտր կրծքի կաթում 15 մգ աղ կա, և 8 ամսական երեխան, որը օրական կխմի 900 միլիլիտր կաթ կստանա 135 մգ աղ: Ի դեպ, 100 միլիլիտր կաթնախարնուրդում 25-30 մգ աղ կա, իսկ 100 միլիլիտր կովի կաթում` 55 մգ (սա պատճառներից մեկն է, թե ինչու չի կարելի երեխային կովի կաթ տալ մինչև նրա 1 տարեկանը):

Պետք չէ մոռանալ գումարել նաև աղը, որը երեխան կստանա հավելյալից՝ նատրիում պարունակող բանջարեղենից, մսից, թխվածքաբլիթներից, հացից, պանրից, յոգուրտից և այլն:

Այսպիսով, կարելի է տեսնել, որ շատ արագ կարելի է մոտենալ և անցնել թույլատրելի սահմանը:

 ննն

Կարելի՞ է արդյոք աղ ավելացնել եփելու կամ թխելու ընթացքում

Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչքան աղ եք ցանկանում ավելացնել և ինչ քանակի սննդի մեջ: Շատ թխվածքների բաղադրության մեջ մտնում է մոտ 1/4 – 1/2 գդալ աղ, բայց այս քանակը տարածվում է ամբողջ թխվածքի մեջ: Հաշվի առնելով, որ փոքր երեխաների չափաբաժինը նույնպես փոքր է, ի վերջո երեխային մի քանի հատիկ աղ կհասնի: Այս պատճառով թխվածքի մեջ աղ ավելացնելը համարվում է ընդունելի:

Նույնը վերաբերում է ճաշերին: Եթե դուք պատրաստել եք մեծ քանակությամբ ճաշ, որի մեջ 1/4 գդալ աղ եք ավելացրել տարբեր համերը իրար կապելու համար, ապա այդ աղը կտարածվի ամբողջ ուտեսի մեջ, և երեխային շատ քիչ աղ կհասնի (չնայած որ սա պարտադիր չէ): Այսպիսով, երբ երախան կսկսի ընդհանուր սեղանից ուտել, պատրաստեք սնունդը առանց աղի, և մեծահասակները կկարողանան ավելացնել աղը հենց իրենց ափսեների մեջ:

Ամենակարևորը, որ Դուք չավելացնեք աղը երեխայի ճաշի մեջ որպես համեմունք: Օրինակ, մի ավելացրեք աղ երեխայի դդմով ճաշի մեջ՝ դրան ավելի շատ համ տալու համար: Երեխան աղի կարիք չունի:

 

Որո՞նք են չափազանց շատ աղ օգտագործելու վնասները

  • Կլանված սնունդի մասնիկները անցնում են արյան մեջ, և երիկամների աշխատանքն է ֆիլտրել արյունը և հանել օրգանիզմից այն, ինչը էլ անհրաժեշտ չէ: Սակայն երեխաների երիկամները հասունանոմ են մոտ 2 տարեկանի մոտ: Մինչ դա, իրենք չեն կարողանում աղի ավելցուկը ամբողջությամբ դուրս հանել օրգանիզմից: Աղը հավաքվում է և կարող է վնասել երիկամներին և արյան անոթներին:
  • Աղը երիկամներում կապվում է կալցիումի հետ, և բարձր քանակի դեպքում այս գոյացությունները հավաքվում են երիկամների մեջ և քարերի պատճառ դառնում: Բացի այդ, երկուսը միասին նաև դուրս են գալիս մեզի միջոցով: Ինչքան շատ աղ օգտագործվի, այդքան շատ աղ հետո պետք կլինի դուրս հանել օրգանիզմից և այդքան շատ կալցիում նույնպես դուրս կգա: Սա կարող է հանգեցնել երեխայի օրգանիզմում կալցիումի պակասի: Չմոռանանք, որ կալցիումը անհրաժեշտ է ամուր ոսկորներ և ատամներ ունենալու համար և կարևոր է մկանների և նյարդերի աշխատանքի համար: Երեխաների ոսկորները անընդհատ աճում են, և իրենց օրգանիզմում կալցիումի պակաս չպետք է լինի: Բարձր քանակի դեպքում այս գոյացությունները հավաքվում են և երիկամների մեջ քարերի պատճառ դառնում:
  • Չափազանց շատ աղ օգտագործելը մանուկ հասակում կարող է սրտանոթային համակարգի խնդիրների հասցնել մեծ հասակում (բարձր արյան ճնշում, սրտի վատ աշխատանք):
  • Երեխաները չեն ծնվում աղի համը սիրելով: Նրանք սովորում են դրան: Ինչքան շատ և շուտ երեխան աղ օգտագործի, այնքան շատ նա աղի պահանջ կունենա իր ամբողջ կիանքի ընթացքում և դժվար կլինի նրա համար աղի քանակը քչացնելը:

 

Թաքնված աղի աղբյուրները

  • Եթե երեխան խմում է կաթնախարնուրդ, շատ ուշադիր եղեք կաթի պատրաստման հարցում: Հետևեք տուփի վրայի ցուցումներին, որպեսզի կաթնախարնուրդը թանձր չլինի, քանի որ թանձր կաթնախարնուրդում չափազանց շատ աղ կլինի:
  • Կովի կաթի մեջ աղի քանակը շատ բարձր է: Մի տվեք երեխային կովի կաթ մինչև նրա 1 տարեկանը և սահմանափակեք դրա քանակը 1 տակերանից հետո:
  • Մի օգտագործեք պատրաստի արգանակները, քանի որ դրանք չափազանց շատ աղ են պարունակում: Օգտվեք այս բաղադրատոմսից բանջարեղենի արգանակ պատրաստելու համար:
  • Եթե պահածոյացված բանջարեղեն օգտագործեք (ոլոռ, լոբի, և ալյն) կարդացեք պիտակը՝ համոզվելու, որ աղ չի ավելացվել պատրաստման ընթացքում:
  • Եթե գնելու եք պատրաստի մանկական սնունդ, համոզվեք, որ այն նախատեսված է Ձեր երեխայի տարիքի համար: Այսօր, պատրաստի մանկական սնունդը խիստ հսկվում է: Փոքր երեխաների ճաշերի աղի քանակը շատ ցածր է, բայց այն կարող է ավելի բարձր լիներ ավելի մեծ տարիքի երեխաների սննդի մեջ: Այս պատճառով, չի կարելի փոքր երեխային տալ մեծ երեխայի համար նախատեսված սնունդը, քանի որ այն կարող է վնասել փոքր երեխային:
  • Եթե հնարավոր է, ստուգեք աղի քանակը սննդի մեջ, որը տալու եք երեխային և ընտրեք քիչ պարունակող տարբերակները (հաց, թխվածքաբլիթներ, պանիր):
  • Խիստ սահմանափակեք երեխային մշակված մսամթերք տալը (նրբերշիկ, երշիկ, ապխտած մսամթերք և այլն) և այլ մշակված սննդամթերք, որոնց մեջ աղի քանակը կարող է չափազանց բարձր լինել Ձեր երեխայի համար:

 

Ինչպե՞ս դարձնել սնունդը “համով”

Շատ տարբեր միջոցներ կան ճաշերի համը ուժեղացնելու համար:

  • Աղի փոխարեն Դուք կարող եք օգտագործել տարբեր տեսակի կանաչի, համեմունքներ, սխտոր կամ մի փոքր կարմիր կամ սև պղպեղ, որը բացի համ տալուց կարող է նաև օգնել սննդի մարսմանը: Հիշեք, որ կանաչին, համեմունքները, կամ սխտորը նույնպես պետք է դիտարկել որպես նոր սնունդ ևավելացնել երեխայի սննդի մեջ հերթով: Պահպանեք 4 օր նույն սնունդը առաջարկելու կանոնը՝ ալերգիկ ռեակցիան ստուգելու համար: Որպես համեմունք կարող եք օգտագործել դարչին, չաման, մշկընկույզ, կոճապղպեղ և այլն: Համեմունքները կարելի է տալ 6-8 ամսականից:
  • Նախընտրեք եփել սնունդը գոլորշու վրա, ջեռոցում և խուսափեք բանջարեղենը եփելուց եռացող ջրի մեջ: Եռման ջրի մեջ բանջարեղենը ինչ որ չափով կորցնում է իր համը, ինչը որ մեզ դրդում է ավել աղ ավելացնելու:
  • Պահպանեք ջուրը, որի մեջ եփել եք բանջարեղենը կամ բանջարեղենի արգանակով պատրաստեք մակարոնեղենը կամ բրինձը: Այսպիսով Դուք դրանց ավել համ կտաք:

 

Պե՞տք է արդյոք աղը ամբողջովին հանել երեխաների ճաշերից

Ոչ: Աղի պակասը նույնպես վտանգավոր հետևանքներ կարող է թողնել: Ոչինչ չի լինի եթե ձեր երեխան ժամանակ առ ժամանակ մի քանի հատ չիպս ուտի, ուղղակի աղի սնունդ ուտելը չպետք է լինի հաճախակի երևույթ:

Երբ երեխան մեծանա, ցանկալի է, որ իր աղի պահանջը նա բավարարի ուտելով սեղանի աղը և ոչ աղ պարունակող մշակված սնունդը (հաց, երշիկեղեն…): Եթե դուք ապրում եք մի երկրում, որտեղ սեղանի աղը հարստացված է յոդով, այն կարող է նաև բավարարել յոդի պահանջը, որը կարևոր դեր է խաղում երեխայի զարգացման համար: Ի տարբերություն սեղանի աղի՝ մշակված սննդի մեջ օգտագործվում է աղ, որը յոդ չի պարունակում: Սա ճիշտ է նաև մեծահասակների համար: Եթե դուք նախընրում եք օգտագործել մեկ այլ տիպի աղ, ապա մի մոռացեք յոդի պակասը բավարարել համապատասխան սննդով:

Ի դեպ, շատերը կարծում են որ կարելի է սեղանի աղը փոխարինել օրինակ ծովի աղով և ավելացնել այն սննդի մեջ: Չնայած ծովի աղը ավելի առողջ տարբերակ է քան սեղանի աղը, սակայն երկուսն ել պարունակում են նույն քանակի նատրիում և հավասարապես վտանգավոր են չափից շատ օգտագործելու դեպքում:

Թարգմանեց և մշակեց Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար:

Աղբյուրներ`

http://homemade-baby-food-recipes.com/can-babies-eat-spicy-food-why-bland-can-be-boring/

http://www.independent.co.uk/life-style/health-and-families/parents-are-feeding-babies-too-much-salt-study-2330296.html

http://www.hypertensiontalk.com/babies-and-salt/

http://wholesomebabyfood.momtastic.com/saltinbabyfood.htm

http://homemade-baby-food-recipes.com/can-babies-eat-spicy-food-why-bland-can-be-boring/


Հավելյալ սննդի ներմուծման ուղեցույց և սխեմա
Ուղեցույց հղիների, կերակրող մայրերի և վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ