Կերակրելու ժամանակ երեխան քաշքշում է երկրորդ կուրծքը: Ի՞նչ անել:


necklaceԲազմաթիվ կերակրող մայրեր կանգնում են նման խնդրի առջև. Փոքրիկներին, չգիտես ինչու, շատ է դուր գալիս ուտելու ընթացքում ինչ-որ բան քաշքշել, պտտեցնել, և շատ հաճախ այդ դերում հանդես է գալիս մայրիկի երկրորդ կուրծքը (գուցե այդ երևույթը կաթի լրացուցիչ հոսք է առաջացնում և հենց այդ պատճառով է, որ երեխաներին այդքան դուր է գալիս): Ավելին` անգամ արհեստական կերով սնվող երեխաների մայրերն էլ են հանդիպում նմանատիպ խնդրի, երբ փոքրիկը քնելուց ինչ-որ բան է քաշքշում և պտտեցնում, օրինակ խաղում է պորտի հետ, մոր մազերի, խալերի:Ասում են, որ անգամ կենդանիների ձագերն են ուտելու ընթացքում նման կերպ վարվում: Եվ այսպես, ինչ կարելի է նախաձեռնել այսպիսի իրավիճակում.

Կան մայրեր, որ անհարմարություն չեն զգում և հանգիստ են վերաբերում երեխայի նման գործողություններին: Սակայն շատերին էլ ինչ-որ պահի տհաճ է դառնում երեխաների այս սովորույթը: Ցանկության դեպքում դուք կարող եք կանխել այն կամ էլ դադարեցնել , երբ կսկսի անհանգստություն և տհաճ զգացողություն պատճառել ձեզ:

Դուք կարող եք արգելել երեխային ձեզ ցավ ու անհանգստություն պատճառել: Կերակրող մայրերը նկատում են, որ այսպիսի իրավիճակում շատ հաճախ օգնում է երեխայի հետ հանգիստ ու հստակ խոսելը, բացատրելը:Անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել: Շատ խիստ և կոպիտ նկատողություն անելը կարող է հանգեցնել ոչ ցանկալի հետևանքների և վախեցնել երեխային: Օրինակ նա կարող է ընդհանրապես հրաժարվել կրծքին հենվելուց, գրկելուց: Չափից դուրս մեղմ խոսքերը, երբ մայրիկը կարծես թե ինքն էլ չգիտի կարելի է այդպես վարվել թե ոչ, ևս կարող են շփոթեցնել երեխային` մայրիկը ժպտում է, ուրեմն իրականում թույլ է տալիս: Երեխաները նրբորեն զգում են մեր ձայնի հնչերանգը, տրամադրվածությունը, և եթե դուք հավատացած լինեք ձեր խոսքերի ճշմարտացիության մեջ, ապա ձեզ ավելի շուտ կհավատան և կենթարկվեն:

Հնարավոր է սկզբում երեխան դժգոհի, որ նրան արգելվում է այդքան հաճելի ու զվարճալի զբաղմունքը, սակայն, եթե այդ սովորույթը ամրապնդվի, ապա դժգոհության շրջանը շատ կարճ կտևի: Օրինակ նրանք, ովքեր առաջին երեխայի հետ անցել են այդ ցավոտ երևույթի միջով, երբ երեխան ուտելուց քաշքշել է մյուս պտուկը, երկրորդ երեխայի ժամանակ սկսում են նախապես արգելել կրծքի հետ ցանկացած ցավոտ դիպումը: Շատ ավելի հեշտ է նախապես կանոններ հաստատելը, քան հետո, երբ երեխան արդեն սովորել է, սկսել արգելքներ սահմանելը: Կան մայրեր, ովքեր երեխայի առաջին իսկ նմանատիպ փորձերից սկսում են ձեռքով պահել կուրծքը`այս կերպ պաշտպանելով այն: Մյուսները պահում են երեխայի ձեռքը: Ինչ-որ ժամանակ անց արդեն մայրիկից շատ ավելի քիչ ջանքեր են պահանջվում սեփական հանգստությանն ու հարմարավետությանը հասնելու համար:

Սակայն շատ կերակրող մայրեր սկզբնական շրջանում հանդուրժում են ցավը՝ թույլ տալով երեխային քաշքշել երկրորդ կուրծքը, և հետո, արդեն չդիմանալով ցավին, ստիպված են լինում դիմել մյուս մայրերի օգնությանը` <<ինչ անել, ես այլևս այսպես չեմ կարող>>: Երևի թե դա կապված է այն բանի հետ, որ շատերը կրծքով կերակրելու գործընթացի ձևավորման սկզբում փորձում են դիմանալ ցավին` որոշակի դժվարություններ հաղթահարելով:Եվ հոգու խորքում նրանց բնական է թվում` պետք է <<տառապել հանուն երեխայի>>: Սակայն որոշ ժամանակ անց շատերը այլևս չեն ցանկանում տառապել և պատրաստ են լինում ամեն ինչի:

 

Ինչպիսի մեթոդներ են կիրառում կերակրող մայրերը, որպեսզի հետ վարժեցնեն երեխային այս սովորությունից 

– Առաջին հերթին խորհուրդ է տրվում վզնոց կախել պարանոցից (հատուկ վզնոց, որով երեխան կարող է խաղալ, որը չի պատռվի և ցավ չի պատճառի): Դրանք պատրաստվում են ամենատարբեր ձևերով, կարևորը, որ երեխան այն չկարողանա պոկել և հետաքրքրությամբ խաղա դրանով:

– Երեխաների ուշադրությունը սևեռում են խաղալիքի վրա` փափուկ կամ ռետինե:

– Կարելի է սահմանափակել ժամանակը: Օրինակ դուք հաշվում եք մինչև 10-ը կամ 3-ը, և երեխան դադարեցնում է գործողությունները (ինքնուրույն կամ ձեր օգնությամբ):

– Որոշ մայրիկների հաջողվում է խուսափել այդ երևույթից հագուստի միջոցով: Օրինակ օգնության կարող են հասնել հատուկ կերակրման համար նախատեսված կրծկալները: Այսպիսով երեխային չի հաջողվի դիպչել կրծքին:

– Վերջապես կարելի է սահմանափակել ձեռքի շարժումները: Օրինակ, երբ երեխան ձեռքը տանում է դեպի պտուկը, կարելի է սեղմել երեխայի ձեռքը, որպեսզի նա կարողանա դիպչել, բռնել կուրծքը, սակայն չկարողանա ցավեցնել:

– Ամենայն հավանականությամբ դուք ստիպված կլինեք բացատրել երեխային, որ մայրիկին ցավ պատճառել չի կարելի, որ դա տհաճ է և որ այդպես չի կարելի: Փորձեք նախապես գուշակել այն պահերը, երբ երեխայի մոտ նման ցանկություններ են առաջանում և կանխեք դրանք:Անգամ եթե դա ձեզ մոտ միանգամից չստացվի, չհուսահատվեք, կարևորը որոշումն ու հաստատակամությունն է : Չէ որ շատերը հաղթահարել են այս խնդիրը:

Թարգմանեց և մշակեց Թամարա Միսկարյանը
Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար:

Աղբյուրներ` http://gvinfo.ru/terebit_sosok


9 ամսականի ճգնաժամը. Կրծքից ինքնակամ կտրվելը, մինչև երեխայի մեկ տարեկանը
Երրորդ-չորրորդ ամսվա կրծքով կերակրելու ճգնաժամը