Կրծկալը հղիության և կերակրելու ընթացքում

  • 63
    Shares

41d9aae8e70b6ec4c015edb492a0eced Կրե՞լ թե՞ ոչ

Հղիության և կերակրելու ընթացքում կրծկալ կրելը անձնական ընտրություն է: Սակայն, լավ կրծկալ կրելը կարող է նվազեցնել կրծքի ձգվելը և հետագայում կախվելու ռիսկը: Մեծ կրծքեր ունեցող կանայք սովորաբար ավելի լավ են իրենց զգում կրծկալ կրելիս:

:

Ե՞րբ գնել

Կրծկալ կրելու ճիշտ ժամանակը տարբեր է յուրաքանչյուր կնոջ և յուրաքանչյուր հղիության համար: Կրծքերը պատրաստվում են կերակրելուն հղիության առաջին պահերից սկսած: Միջինում, կրծքերին վերաբերող փոփոխությունների մեծ մասը լինում է առաջին 4 ամիսների ընթացքում: Այսպիսով,  հղիության 16րդ շաբաթից կարող եք գնել կերակրելու կրծկալը, եթե այն դեռ չեք գնել: Սակայն հիշեք, որ այն չպետք է լինի կիպ գրկող: Նույնիսկ հղիության ամենասկզբում, եթե դուք հագնում եք կրծկալը և կրծքի վրա սեղմվածության հետքեր կան, կամ եթե կրծքերը բաժակների կողքերից դուրս են գալիս կամ առհասարակ սեղմված եք ձեզ զգում, ուրեմն կրծկալը փոխելու ժամանակն է:

Եթե հղիության վերջում ձեր կերակրելու կրծկալը ձեզ կիփ է թվում, ցանկալի է գնել նորը 36-37 շաբաթականում: Նրա բաժակները պետք է 1-2 չափս ավելի մեծ լինեն որպեսզի կաթը գալուց հետո կրծքերը սեղմված չլինեն և կրծկալի ներդիրներ կրելը հնարավոր լինի:

Մի թողեք կրծկալ գնելը երեխայի ծնվելուց հետո: Տանից դուրս գալը նորածնի հետ կարող է ավելի բարդ լինել, քան ձեզ թվում է և կրծկալ փորձելը, երբ կրծքից կաթ է հոսում շատ ավելի բարդ է:

:

Քանի՞ հատ գնել

Առնվազն 3 հատ: Մեկը կլինի ձեր հագին, երկրորդը լվացքի մեջ, երրորդը դարակում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ փոխվել: Սակայն հնարավոր է, որ ձեզ պետք լինի պարբերաբար նոր կրծկալ գնել՝ փոփոխվող կրծքերին հարմարեցնելու համար:

:

Արդյո՞ք ինձ անհրաժեշտ են տարբեր կրծկալներ հղիության և կերակրելու համար

Ոչ: Կերակրման կրծկալները իրականում նախատեսած են նաև հղիության ժամանակ կրելու համար:

:

Ինչի՞ն ուշադրություն դարձնել

Բացի այն, որ կրծկալը պետք է հարմարավետ լինի, ուշադրություն դարձրեք, որ այն ընդլայնվելու տեղ ունենա, եթե կրծքերը մեծանան, հատկապես, երբ կաթը լցվի ծննդաբերելուց հետո: Դրա համար կրծկալի բաժակները պետք է լինեն ձգվող կտորից: Ինչ վերաբերում է կրծկալի ուսակալներին՝ ապա նրանք պետք է լինեն չձգվող կտորից, որպեսզի լավ պահեն կուրծքը: Մեծ բաժակների դեպքում ցանկալի է, որ ուսակալները լինեն հաստ:

Քանի որ կրծքավանդակը հղիության ընթացքում մեծանում է և ծննդաբերելուց հետո փոքրանում, ապա ուշադրություն է պետք դարձնել կոճկելու ամրակներին: Հղիության սկզբում գնված կրծկալի ամրակները պետք է կարողանաք կոճկել ամրակների առաջին շարքում: Այսպիսով հղիության ընթացքում, երբ կրծքավանդակը լայնանա, դուք կփոխեք առաջին շարքից դեպի վերջին շարքը և կրծկալը հարմար կլինի: Հակառակը, եթե կրծկալը գնում եք հղիության վերջում կամ ծննդաբերելուց հետո, ապա գնեք կրծկալ, որը հարմար կլինի կոճկված ամրակների վերջին շարքում: Երբ կրծքավանդակը փոքրանա, դուք կկարողանաք քփացնել կրծկալը:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են բացվում և փակվում կրծկալի բաժակները կերակրելու համար: Դուք պետք է կարողանաք բացել (և ցանկալի է փակել) մեկ ձեռքով հաշվի առնելով, որ սոված և անհամբեր երեխան կլինի մյուս ձեռքում:

:

Կարո՞ղ եմ գնել երկաթներով կրծկալ

Կերակրելու ընթացքում և հատկապես ծննդաբերության առաջին շաբաթներին ցանկալի է խուսափել երկաթներով կրծկալ կրելուց: Կաթ արտադրող հյուսվածքները միայն կրծքում չեն: Նրանք ձգվում են դեպի կրծքավանդակ և նաև դեպի թևատակերը: Կերակրելու ընթացքում կրծքերը կարող են անընդհատ իրենց չափսը փոխել` կաթի հավաքվելու և դատարկվելու հետևանքով: Չնայած փոփոխությունը չնչին է, ձիգ երկաթները կարող են մխրճվել մաշկի մեջ և նպաստել ծորանների սեղմվելուն և խցանմանը, երբ կուրծքը լցված է և չափով ավելի մեծ:

Եթե դուք ցանկանում եք երկաթներով կրծկալ կրել, ապա ցանկալի է սպասել 6 շաբաթ ծննդաբերելուց հետո: Առաջին 6 շաբաթների ընթացքաւմ կաթնարտադրությունը կախված է հորմոններից, որոնք արտադրվել են հղիության ժամանակ, և շատ կանայք կաթի գերարտադրություն ունեն այս շրջանում: 6 շաբաթականի մոտ, կաթի արտադրությունը դառնում է ըստ պահանջի և ոչ հորմոններից կախված: Շատ կանայք նկատում են իրենց մոտ կաթի քանակի քչացում, ինչպես նաև կրծքերի փոքրացում: Նաև կրծքերի չափերը դադարում են տատանվնել օրվա ընթացքում` անցնելով դատարկից դեպի չափազանց շատ լցվածը մի քանի ժամվա ընթացքում: 6 շաբաթականից հետո կանանց մեծ մասը կարող է գնել երկաթներով կրծկալ և կրել այն առանց խնդիրների: Սակայն դրա համար կրծկալը պետք է ճիշտ ընտրած լինի:

Փորձեք գտնել կրծկալներ, որոնց երկաթները ճկուն են և կկարողանան ադապտացվել կրծքի չափի փոփոխմանը: Սակայն եթե դուք նկատեք կաթի քչացում կամ կրկնվող կաթի ծորանների խցանում, ապա մի քանի օրվա ընթացքում կրեք կերակրման կրծկալ: Առհասարակ, եթե ձեր մոտ արդեն խցանում կամ մաստիտ է եղել, ցանկալի է խուսափել երկաթներով կրծկալ կրելուց:

Այսպիսով, երկաթով կրծկալները վատը չեն: Ուղղակի հետևեք այս 2 կանոններին

  • 1- կրծկալը պետք է ճիշտ չափի լինի: Փոքր կրծկալը և մի քանի ժամ չկերակրելը կնպաստեն խցանմանը:
  • 2- համոզվեք, որ կարողանալու եք կերակրել կամ դատարկել կրծքերը, երբ նրանք լցվեն:

Լսեք ձեր կրծքերին: Եթե կրծկալը անհարմար է, լինի այն երկաթով, թե ոչ, պետք է այն փոխել:

:

Պե՞տք է արդյոք կրծկալ կրել քնելուց

Դա ձեր անձնական որոշումն է: Որոշ կանայք կրում են կրծկալ քնելուց, որովհետև նրանք կաթի բարձիկներ են օգտագործում: Այլ կանայք նախընտրում են լրիվ ազատ քնել: Բացի այդ, դուք կարող եք սպորտային կրծկալ ևս փորձել:

Թարգմանեց և կազմեց Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Անուշիկ Վարդանյանը

https://www.breastfeeding.asn.au/bf-info/your-baby-arrives/choosing-maternity-bra http://alphamom.com/pregnancy/pregnancy-breastfeeding-underwire-bras/ http://www.bellybelly.com.au/pregnancy/maternity-bras-when-should-i-get-a-maternity-bra/ http://www.babycenter.com/0_maternity-and-nursing-bras-101_10347729.bc?page=2
Կրծքով կերակրումը անեսթեզիայից հետո
Կրծքով կերակրող կնոջ կուրծքը. մոնթհոմերյան գեղձերը

  • 63
    Shares

1 thought on “Կրծկալը հղիության և կերակրելու ընթացքում

Comments are closed.