Կերակրող հոր 10 պատվիրանները


 

  1. Father_and_BabyՁեր կինը ծննդկան է, ձեր երեխան` նորածին: Ձեր կյանքի այդ բարդ և զարմանահրաշ շրջանում նրանք ապրում են միայն մեկը մյուսի համար, և այդ զարմանալի համադրությունը պայմանավորված է բնությամբ: Խանդը երիտասարդ հոր համար բնական զգացմունք է, ով իրեն միգուցե զգում է ”գործընթացից” դուրս կամ ”ստվերում”: Շատ կարևոր է այդ զգացմունքն ուղղորդել ճիշտ հունով: Թույլ մի տվեք տատիկներին հեռացնել ձեզ փոքրիկից և զգուշորեն հասկացրեք ձեր կնոջը, որ դուք կցանկանայիք ներգրավված լինել ձեր կյանքի երկու կարևորագույն մարդկանց հետ կատարվող ցանկացած իրադարձության մեջ:
    a
  2. Երիտասարդ մայրիկին, հատկապես այն դեպքում, երբ նա նոր է ծննդաբերել, անհրաժեշտ է ձեր օգնությունը, որն անփոխարինելի է նրա համար: Մի զրկեք նրան ձեր աջակցությունից, եթե նույնիսկ դուք շատ հոգնած եք կամ ծանր սթրես եք ապրում: Մեկ բաժակ թեյն անկողին և մեկ բարի խոսքը` բոլոր այդ մանրուքները, ձեր կինը կհիշի մինչև կյանքի վերջ, և դրանք կդառնան ձեր ամուսնության կարևոր հիմնաքարը:
    a
  3. Ծննդաբերությունից հետո առաջիկա մի քանի շաբաթը շատ անհարմար ժամանակահատված է ձեր կնոջը բացատրելու համար, թե ձեզ համար որքան ծանր է: Ավելի լավ է կիսվեք ձեր ընկերոջ հետ, ով նույնպես երեխաների հայր է: Նրան շատ ավելի հեշտ կլինի հասկանալ ձեզ, քան հոգնածությունից և թուլությունից կիսամեռ ծննդկանին: Անկախ նրանից, որ տղամարդու համար բավականին դժվար է հարմարվել նոր դերին, կնոջը դա նունպես հեշտությամբ չի տրվում, նույնիսկ եթե նա այնքան վստահ է երևում, կարծես ամբողջ կյանքում մայր է եղել: Հիշեք` նրա կյանքը փոխվել է ընդմիշտ:
    a
  4. Եթե ձեր կինը կրծքով է կերակրում, դա չի նշանակում, որ դուք հնարավորություն չունեք կապ հաստատել երեխայի հետ: Կերակրման գործընթացից բացի, գոյություն ունեն հազարավոր այլ ուղիներ` շփվելու փոքրիկի հետ և լինելու նրա կյանքի կարևորագույն մարդկանցից մեկը: Հենց առաջին օրերից սկսած հայրը կարող է լողացնել փոքրիկին, բարուրել նրան: Եթե նույնիսկ այդպիսի էքստրիմը դեռևս ձեզ համար չէ, դուք կարող եք փոքրիկին տանել զբոսանքի, վերցնել նրան ձեռքերի վրա և քայլել տանը կամ երգել նրա համար` հնարավորություն տալով մայրիկին ուշքի գալ: Առաջարկեք ձեր օգնությունը, բայց մի նեղացեք, եթե ծննդկանի բնազդը ստիպի ձեր կնոջը հրաժարվել սկզբնական շրջանում (բնության մեջ արուների մեծ մասը ի վիճակի չէ խնամել երեխաներին և ձեր կնոջ գենետիկ հիշողությունը այդ փուլում կարող է խաբել նրան): Մի քանի օր կամ շաբաթ հետո հորմոնները նորմայի մեջ կընկնեն և փոքրիկի մայրիկը ուրախ կլինի նրա խնամքը կիսել սիրելի ամուսնու հետ:
    a
  5. Իմացեք, որ նորածնին ծանոթ է ձեր ձայնը, նա լսել է այն 9 ամիս շարունակ` գտնվելով իր մոր արգանդում: Փոքրիկը կարող է հանգստանալ` լսելով ձեր սրտի բաբախը կամ դնելով գլուխը ձեր ուսին: Դուք նրա հայրն եք! Դուք կկարողանաք հանգստացնել նրան և փոքրիկին ինքնավստահություն կներշնչեք:
    a
  6. Կրծքով կերակրող մայրիկը երբեմն անվստահություն է զգում սեփական ուժերի նկատմամբ, օրինակ` նրան կարող է թվալ, որ իր կաթիկը չի հերիքում փոքրիկին: Նրա համար լավագույն օգնությունը կլինի ձեր հավատը նրա և նրա մայրական հատկանիշների հանդեպ: Աջակցեք նրան, երբ նա թուլանում է, երբ ցավ է զգում կամ դժվարանում է որևէ հարցում: Նա կգնահատի ձեր ջանքերը, եթե անգամ ոչ հիմա, ապա ավելի ուշ:
    a
  1. «Եթե քեզ համար այդքան դժվար է, կաթնախառնուրդ տուր նրան»,- այս արտահայտությունը շատ վատ միջոց է կերակրող մայրիկին օգնելու համար, եթե նա բախվել է դժվարությունների: Եթե նա տրվի թուլությանը և դադարի կերակրել անկախ նրանից, որ միշտ հավատացել է կրծքով կերակրման կարևորությանը իր երեխայի համար, նա անպայման կզգա անհաջողության դառնությունը: Ավելին, նա կհիշի, որ հենց դուք չեք հավատացել իր ուժերին, հենց դուք եք խորհուրդ տվել նրան հանձնվել: Եթե նույնիսկ նա պնդի, որ այդ որոշումը եղել է գիտակցված և ճիշտ, ենթագիտակցորեն նրա մեջ կմնա տհաճ մի զգացում այն մարդու հանդեպ, ով կտրել է իր թևերը:
    a
  2. «Միգուցե փորձես նրան կերակրել ևս միայն մեկ օր? միայն մինչ վաղը»,-ամուսնուս այս խոսքերը ես մինչ օրս երախտիքի զգացումով եմ հիշում: Նա արտաբերում էր դրանք ամեն օր, երբ ես պայքարում էի մեր առաջնեկի կրծքով կերակրման համար և գրեթե ուզում էի հանձնվել: Ես չգիտեմ կերակրող մայրիկին օգնելու ավելի լավ միջոց այն դեպքում, երբ նրա համար դժվար է կամ նա ցավ է ապրում: Եթե կան կերակրման հետ կապված խնդիրներ, պետք է գտնել դրանց լուծման համար անհրաժեշտ տեղեկատվություն կամ հրավիրել կկ խորհրդատուի: Խորհրդատուի ծառայությունները սովորաբար վճարովի են, բայց կաթնախառնուրդները ևս անվճար չեն բաժանվում: Կարդացեք կրծքով կերակրման օգտակարության և կրծքով կերակրումը շտկելու մասին գրքերում կամ օգտվեք համացանցից . գիտելիքները ձեզ և ձեր կնոջը ինքնավստահություն կհաղորդեն: Կարևոր է գիտակցել, որ դուք անում եք այն ամենը, ինչը ձեր ուժերի սահմաններում է, որպեսզի ձեր փոքրիկը ստանա լավագույնը` մայրական կաթ: Դա, կարելի է ասել, ծնողների կարևորագույն խնդիրներից մեկն է:
    a
  3. Կերակրող մայրը, հատկապես երբ նա նոր է ծննդաբերել, լավ սնվելու, առատ հեղուկների և հանգստի կարիք ունի: Եթե նա չի ստանում այն, ինչի կարիքն ունի, նրա ինքնազգացողությունը հաճախ կարող է վատանալ և, որպես հետևանք, նա կդառնա նյարդային և դյուրագրգիռ: Հիշեք դրա մասին այն դեպքում, երբ ձեզ կթվա, որ նա մանրուքներից վեճ է ստեղծում: Կարող եք վստահ լինել, որ ձեր կողմից պատրաստված ընթրիքը, մեկ բաժակ տաք թեյը և առանց նորածնի անցկացրած կես ժամը ձեր ընտանիք կվերադարձնեն խաղաղությունն ու ներդաշնակությունը:
    a
  4. Սկսած 6 շաբաթականից` նորածինների մեծ մասը կարող է 1 կամ 1,5 ժամ մնալ առանց ուտելու: Մնացեք փոքրիկի հետ, իսկ այդ ընթացքում թող մայրիկը հանգիստ լոգանք ընդունի, հարդարի մազերը կամ շփվի ընկերուհու հետ, անցկացնի իր ժամանակն այնպես, ինչպես ինքն է կամենում (չէ որ օրվա մնացած ժամանակ նա իրեն չի կարող նման բաներ թույլ տալ): Նաև հնարավոր է, որ երբ դուք սովորեք փոքրիկին և նրա հետ լեզու գտնեք, ձեր կինը խնդրի ձեզ 1 կամ 1,5 ժամով մնալ երեխայի հետ, որպեսզի ընկերուհիների հետ սրճարան գնա կամ շրջի խանութներով առանց երեխայի: Երեխայի հետ մնալով` դուք իրավամբ կարող եք ձեզ համարել «տարվա հայրիկ»: Եթե ձեր կինը թողնի ձեզ կթած կաթ և դուք կարողանաք կերակրել երեխային առանց շշի, դա կօգնի ձեր կնոջը պահպանել կրծքով կերակրումը և վայելել այն փոքրիկի հետ դեռ շատ երկար ժամանակ:

 

Թարգմանեց Արմինե Աբգարյանը

Աղբյուրը` http://gvinfo.ru/papam_na


Ծծակ. նենգ ընկեր
Կրծքով կերակրման տասնհինգ դիրքեր