“Կլացի, կհանգստանա” (cry-it-out)


cry out“Կլացի, կհանգստանա” (cry-it-out).

գիտությունն ասում է՝ չափից շատ լացելը վնասակար է երեխայի համար

“Եթե երեխաս լացելու փոխարեն կարողանար խոսել, ես կհասկանայի, թե նա ինչ է ուզում,” ասաց մի անհանգիստ երեխայի մայր: “Ձեր երեխան կարողանում է խոսել, ուղղակի ձեզ պետք է սովորել լսել նրան: Եթե դուք սովորեք ձեր երեխայի լացի յուրահատուկ լեզուն, դուք կկարողանաք նրան ճիշտ ու նրբորեն պատասխանել,” ասացինք մենք: Ահա մի քանի հնարք, որոնք կօգնեն ձեզ հասկանալ ձեր երեխայի լացի պատճառը:

Լացը ընդամենը ձայն չէ, այն ազդանշան է, որը նախատեսված է երեխայի գոյատևման և ծնողների զարգացման համար: Կյանքի առաջին ամիսներին երեխաները չեն կարող խոսքով արտահայտել իրենց կարիքները: Քանի դեռ երեխան չի սովորել “խոսել մեր լեզվով,” նա “խոսում” է իրեն հատուկ՝ լացի լեզվով: Երեխան ունի կարիքներ, ինչպիսի են ուտելը, հանգստացնելը լարված լինելու ժամանակ և այլն, և հենց այս կարիքներն են, որ նա փորձում է լուծել լացի օգնությամբ: Նա չի կարող մտքում ասել “Գիշերվա երեքն է, բայց ես մամային ուզում եմ արթնացնել մի կտոր բան ուտելու համար…”: Երեխաները չեն հասկանում, թե ինչու գիշերվա երեքին մամային արթնացնելը ուտելու համար վատ բան է: Լացի միջոցով երեխան մեզ ասում է՝ “ինչ որ բան այնպես չէ, խնդրում եմ օգնիր այն ուղղել:”

Ամենաանօգտակար խորհուրդների ցուցակի առաջին հորիզոնականում է “թողեք, որ ձեր երեխան այնքան լացի, որ հանգստանա” խորհուրդը, որը գրեթե յուրաքանչյուր նոր մայրը իր կյանքում գոնե մեկ անգամ լսել է: Որպեսզի ցույց տանք, թե ինչու է այս խորհուրդը անօգուտ, փորձենք այն դիտարկել մոր և երեխայի հարաբերությունների համատեքստում:

Մի երրորդ անձ, որը ոչ մի կենսաբանական կապ չունի ձեր երեխայի հետ, չի ճանաչում ձեր երեխային և նույնիսկ գիշերը երեքին չի արթնանում ձեր երեխայի լացից, այդքան նյարդեր ունի ձեզ բացատրելու համար, թե ինչպես պետք է արձագանքել երեխայի լացին: Պատկերացրեք մի օր, որ ձեր երեխան այլևս ընդհանրապես չի լացում: Նա սոված է, բայց չի արթնանում: Ինչ որ բան նրան ցավ է պատճառում, բայց նա չի ասում դրա մասին: Կոմունիկացիայի նման բացակայության հետևանքով երեխաները կարող են չկարողանալ բարգավաճել: Բարգավաճել ոչ թե ֆիզիկապես աճելու իմաստով, այլ զգացմունքային, ֆիզիկական և մտավոր կարողությունները ամբողջովին զարգացնելու իմաստով:

Երբ մայրը լսում է երեխայի լացը, արյան հոսքը դեպի նրա կրծքերը ավելանում է, և նա երեխային կերակրելու կենսաբանորեն պայմանավորված ցանկություն է ունենում: Կերակրել նշանակում է ոչ միայն կրծքով կերակրել, այլ նաև հանգստացնել և գուրգուրել երեխային: Որպես մեկ այլ կենսաբանական պրոցես, կերակրելու ժամանակ արտադրվող օքսիտոցին հորմոնը օգնում է մորը հանգստանալ: Այս կենսաբանական պրոցեսները ձեր և ձեր երեխայի հաղորդակցման մի մասն են կազմում: Այսպիսով, լացին չարձագանքելը կենսաբանության տեսանկյունից սխալ խորհուրդ է:

Երեխան, որի լացին ոչ ոք չի արձագանքում, երկու տարբերակ ունի՝ կամ ավելի ուժեղ լացել, կամ այլևս չլացել: Երկրորդի դեպքում նա մի բան է սովորում՝ լացը, որը հաղորդակցման իր միակ ձևն է, արժեք և նշանակություն չունի, այսինքն նա չի կարողանում հաղորդակցվել մարդկանց հետ, հատկապես՝ մոր հետ:

Մյուս կողմից, եթե դուք դիտարկում եք երեխայի լացը ոչ թե որպես հաղորդակցման, այլ ձեզ վերահսկելու միջոց, դուք կորցնում եք ձեր կենսաբանական զգայունությունը երեխայի նկատմամբ: Նրա լացը այլևս չի անհանգստացնում ձեզ:

Եկեք այժմ հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի գիտությունը այս հարցում: Այն ասում է, որը երբ երեխաները միայնակ և անուշադրության մատնված լաց են լինում, նրանք ունենում են խուճապի ու անհանգստության զգացում: Նրանց մարմինը և ուղեղը “լցվում” է ադրենալին և կորտիզոլ հորմոններով, որոնք սթրեսի հորմոններ են: Գիտությունը նաև պարզել է, որ երբ ուղեղի հյուսվածքը երկար ժամանակ կրում է այս հորմոնների ազդեցությունը, դրանք կարող է բացասաբար ազդել երեխայի նյարդային կապերի ձևավորման վրա: Սյսպիսով, արդյո՞ք սա նշանակում է, որ այն երեխաները, որոնք երկար գիշերներ կամ շաբաթներ “լացում, հանգստանում” են միայնակ, կարող են խնդիրներ ունենալ ուղեղի որոշ հատվածների զարգացման առումով:

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք պարբերաբար սթրես ենթադրող ձևով բաժանված են իրենց ծնողներից, սթրեսի հորմոն կորտիզոլի ոչ նորմալ և բարձր մակարդակ ունեն և աճի հորմոնների ավելի ցածր մակարդակ: Այս հորմոնալ դիսբալանսը խանգարում է ուղեղում նյարդային հյուսվածքների զարգացմանը, ճնշում է երեխայի աճը և թուլացնում է իմունային համակարգը (հղումներ՝ 5, 9, 11, 16):

Յեյլ Համալսարանի և Հարվարդի Բժշության Դպրոցի (Yale University and Harvard Medical School) հետազոտողները պարզել են, որ կյանքի սկզբում ուժեղ սթրեսը կարող է փոփոխել գլխուղեղի նեյրոմեդիատոր համակարգը և ուղեղի որոշ հատվածներում առաջացնել այնպիսի կառուցվածքային և ֆունկցիոնալ փոփոխություններ, որոնք առկա են ընկճախտ ունեցող մեծահասակի մոտ (17):

Բեյլոր Համալսարանում բժիշկ Բրյուս Պերիի կողմից իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ խրոնիկ սթրեսը գերխթանում է երեխայի գլխուղեղի ցողունը, որը պատասխանատու է ադրենալինի արտադրության համար, այսինքն՝ երեխան կարող է զարգանալ գերակտիվ ադրենալինի համակարգով (over-active adrenaline system): Նման երեխաները կարող են ավելի ագրեսիվ վարք և բռնություն ցուցաբերել և լինել բռնկուն, քանի որ ուղեղի ցողունը հաճախ է սկսում մարմինը մատակարարել ադրենալինով և այլ սթրեսի հորմոններով (6):

Լոս Անգելեսի Կալիֆորնիայի Համալսարանի Բժշկության դպրոցի դոկտոր Ալան Շորը ցույց է տվել, որ սթրեսի հորմոն հանդիսացող կորտիզոլը, որը լցվում է ուղեղ ուժեղ լացի ժամանակ և այլ սթրեսային պահերին, երեխայի զարգացող ուղեղի նյարդային հանգույցների կարևոր մաս է վնասում: Դեռ ավելին, եթե մանուկ հասակում երեխայի ուղեղի էմոցիաների կառավարման և կապվածության զգացման ձևավորման համար պատասխանատու հատվածը ստիմուլյացիայի չի ենթարկվում, որը պատահում է այն դեպքերում, երբ երեխան պարբերաբար անուշադրության է մատնված, ապա այն չի զարգանում: Արդյունքում երեխան կարող է մեծանալ բռնի, իմպուլսիվ, և զգացմունքային կապերից զուրկ (7, 8):

Երեխաների զարգազման մասնագետ դոկտոր Մայքլ Լյուիսը Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի հանդիպման ժամանակ ներկայացրեց մի հետազոտության արդյունքներ, համաձայն որի “երեխայի մտավոր զարգացման վրա ազդող միակ և ամենակարևոր գործոնը մոր արձագանքն է երեխայի ազդանշաններին” (19):

Առողջապահության ազգային ինստիտուտից դոկտոր Ռաոն և նրա գործընկերները ցույց են տվել, որ կյանքի առաջին երեք ամիսների ընթացքում չափից շատ լաց եղող երեխաները հինգ տարեկանում միջինում 9 միավորով ավելի ցածր IQ ցուցանիշ են ունեցել: Նրանց մոտ ավելի վատ ցուցանիշ է ունեցել նաև մանր մոտորիկայի զարգացումը (2):

Պենսիլվանիայի պետական համալսարանի և Արիզոնայի պետական համալսարանի ուսումնասիրողները հայտնաբերել են, որ առաջին ամիսներին չափից շատ լաց լինող երեխաները ավելի դժվարությամբ են կառավարում իրենց զգացմունքները և ավելի անհանգիստ են տաս ամսականում, քան այն երեխաները, որոնք նման լացի խնդիր չեն ունեցել (15):

Այս ամենի մասին տեղեկանալուց հետո, դա ձեր՝ որպես երեխայի մոր որոշումն է, թե ինչպես պետք է ընկալել, վերաբերվել և լուծել երեխայի լացի հարցը: Արձագանքում եք նրա խնդիրներին, թե թողնում եք, որ “լացի, հանգստանա”:

 

 

  1. P. Heron, “Non-Reactive Co-sleeping and Child Behavior: Getting a Good Night’s Sleep All Night, Every Night,” Master’s thesis, Department of Psychology, University of Bristol, 1994.
  2. M R Rao, et al; Long Term Cognitive Development in Children with Prolonged Crying, National Institutes of Health, Archives of Disease in Childhood 2004; 89:989-992.
  3. J pediatrics 1988 Brazy, J E. Mar 112 (3): 457-61. Duke University
  4. Ludington-Hoe SM, Case Western U, Neonatal Network 2002 Mar; 21(2): 29-36
  5. Butler, S R, et al. Maternal Behavior as a Regulator of Polyamine Biosynthesis in Brain and Heart of Developing Rat Pups. Science 1978, 199:445-447.
  6. Perry, B. (1997), “Incubated in Terror: Neurodevelopmental Factors in the Cycle of Violence,” Children in a Violent Society, Guilford Press, New York.
  7. Schore, A.N. (1996), “The Experience-Dependent Maturation of a Regulatory System in the Orbital Prefrontal Cortex and the Origen of Developmental Psychopathology,” Development and Psychopathology 8: 59 – 87.
  8. Karr-Morse, R, Wiley, M. Interview With Dr. Allan Schore, Ghosts From the Nursery, 1997, pg 200.
  9. Kuhn, C M, et al. Selective Depression of Serum Growth Hormone During Maternal Deprivation in Rat Pups. Science 1978, 201:1035-1036.
  10. Hollenbeck, A R, et al. Children with Serious Illness: Behavioral Correlates of Separation and Solution. Child Psychiatry and Human Development 1980, 11:3-11.
  11. Coe, C L, et al. Endocrine and Immune Responses to Separation and Maternal Loss in Non-Human Primates. The Psychology of Attachment and Separation, ed. M Reite and T Fields, 1985. Pg. 163-199. New York: Academic Press.
  12. Rosenblum and Moltz, The Mother-Infant Interaction as a Regulator of Infant Physiology and Behavior. In Symbiosis in Parent-Offspring Interactions, New York: Plenum, 1983.
  13. Hofer, M and H. Shair, Control of Sleep-Wake States in the Infant Rat by Features of the Mother-Infant Relationship. Developmental Psychobiology, 1982, 15:229-243.
  14. Wolke, D, et al, Persistent Infant Crying and Hyperactivity Problems in Middle Childhood, Pediatrics, 2002; 109:1054-1060.
  15. Stifter and Spinrad, The Effect of Excessive Crying on the Development of Emotion Regulation, Infancy, 2002; 3(2), 133-152.
  16. Ahnert L, et al, Transition to Child Care: Associations with Infant-mother Attachment, Infant Negative Emotion, and Cortisol Elevations, Child Development, 2004, May-June; 75(3):649-650.
  17. Kaufman J, Charney D. Effects of Early Stress on Brain Structure and Function: Implications for Understanding the Relationship Between Child Maltreatment and Depression, Developmental Psychopathology, 2001 Summer; 13(3):451-471.
  18. Teicher MH et al, The Neurobiological Consequences of Early Stress and Childhood Maltreatment, Neuroscience Biobehavior Review 2003, Jan-Mar; 27(1-2):33-44.
  19. Leiberman, A. F., & Zeanah, H., Disorders of Attachment in Infancy, Infant Psychiatry 1995, 4:571-587.

 

Աղբյուրները՝

 

“Letting Baby “Cry-it-out” Yes, No!” http://www.askdrsears.com/topics/health-concerns/fussy-baby/letting-baby-cry-it-out-yes-no

 

“Science Says: Excessive Crying Could Be Harmful

” http://www.askdrsears.com/topics/health-concerns/fussy-baby/science-says-excessive-crying-could-be-harmful

 

Թարգմանեց (կրճատումներով)՝ Քրիստինե Բարսեղյանը

"Չքնող" չորս ամսականը. չորրորդ ամսվա քնի հետընթացը
Նորածին երեխայի քունը. ծնվելուց մինչև չորս շաբաթական