Կրծքերս դատարկ են թվում. արդյո՞ք կաթս քչացել է


worried-motherՆորմալ է, երբ ծննդաբերելուց 6-12 շաբաթ հետո մոր կրծքերը ավելի դատարկ և ավելի փափուկ են դառնում, իսկ կթելուց ավելի քիչ կաթ է ստացվում: Այդ շրջանում շատ մայրեր սկսում են անհանգստանալ, թե արդյոք բավարար չափով կաթ ունեն: Նորմալ է, եթե ձեր կրծքերը ավելի փափուկ և դատարկ են թվում, չնայած կարող են նաև ավելի լիքը թվալ, եթե սովորականից ավելի ուշ եք կերակրում երեխային:

Լցվածության զգացումը, իսկ եբեմն քարացումը, որոնք կերակրող մայրերը կարող են զգալ ծննդաբերությոնից հետո առաջին շաբաթների ընթացքում, նշանակում է, որ մոր կրծքերը դեռևս չեն հարմարվել կաթի այն քանակին, որի կարիքը ունի երեխան: Գալիս է մի պահ, սովորաբար 6-12 շաբաթականում, երբ ձեր կաթը սկսում է կարգավորվել, իսկ ձեր կրծքերը ավելի քիչ լցված կամ նույնիսկ դատարկ են թվում: Եթե առաջ կաթը ձեր կրծքերից հոսել է, ապա այժմ այն կարող է այլևս չհոսել: Կարող է նվազել նաև կթած կաթի քանակը: Սա դեռ չի նշանակում, որ ձեր կաթը պակասել է, այլ նշանակում է, որ ձեր մարմինը հասկացել է, թե որքան կաթ է հեռացվում ձեր մարմնից և այլևս չափից շատ կաթ չի արտադրում: Այս փոփոխությունը կարող է ինչպես աստիճանաբար այնպես էլ միանգամից տեղի ունենալ: Շատ մայրեր չգիտեն, որ այս փոփոխություները նորմալ են և կարող են սկսել երեխային արհեստական կեր տալ՝ մտածելով, որ այլևս կաթ չունեն:

Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը: Ծննդաբերությունից հետո օրգանիզմում առկա հորմոնների մակարդակի պատճառով պատճառով մայրը կարող է միառժամանակ ավելի շատ կաթ արտադրել, քան երեխային պետք է (այս պրոցեսի մասին ավելի մանրամասն կարդացեք “Ինչպես է արտադրվում մայրական կաթը” հոդվածը): Հորմոնների հետծննդաբերական բարձր մակարդակը  շատացնում է արտադրվող կաթի քանակը, որպեսզի մայրը անհրաժեշտության դեպքում երեխայի պահանջածից ավելի շատ կաթ ունենա: Առաջին մի քանի ամսվա ընթացքում պրոլակտին հորմոնի բարձր մակարդակը աստիճանաբար իջնում է և հասնում այն մակարդակին, որը անհրաժեշտ է նորմալ կաթնարտադրության համար: Այս պահից սկսած մոր օրգանիզմը արտադրում է այնքան կաթ, որքան անհրաժեշտ է երեխայի համար:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/got-milk/supply-worries/breast-fullness/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.


Ւնչպե՞ս ավելացնել կաթը
Ինչպես ազատվել լրացուցիչ/արհեստական կերից