Կրծքերս ցավում են: Ի՞նչ կարող եմ անել


AdamBreastPainՆրանց համար, ովքեր նոր են սկսում կրծքով կերակրել, կերակրելը կարող է դառնալ ցավոտ և լարված պրոցես: Ցավացող կրծքերով կանանց շատ հաճախ կողքից ասում են, որ նրանք բորբոքում (ինֆեկցիա) կամ մաստիտ ունեն (կրծքի ինֆեկցիան և մաստիտ բառը սովորաբար նույն իմաստով են օգտագործվում): Կաթի ծորանի փակվելը/խցանումը կարող է նվազեցնել կաթի հոսքը կրծքի այդ հատվածից և առաջացնել կրծքի ցավ, բայց երբ կաթը սկսի հոսել, ցավը կնվազի կամ կթուլանա: Կրծքերը կարող են ցավել նաև հիվանդ լինելուց հետո, մրսածությունից, տանը առկա խնդիրներից, լարված կամ զբաղված լինելուց, կամ նույնիսկ առանց պատճառի:

Ի՞նչ են այս բոլոր տերմինները նշանակում:

Կրծքի ցավ (Sore breasts): Կրծքերը ցավում են, երբ կաթի հոսքը արգելափակված է: Կրծքերը ավելի զգայուն են առնում, իսկ կրծքի ցավացող հատվածում կարող է լինել կարմրածություն կամ կոշտություն:

Փակ/խցանված ծորաններ (Plugged duct): Կաթը հոսում է կրծքի կաթնային ծորանների համակարգով: Երբեմն ծորանների մի որևե հատված խցանվում է , և կաթը լավ չի հոսում: Այդ հատվածը կարող է նաև կարմրել, բայց պարտադիր չէ: Երբ կա կաթի ծորանի խցանում, կուրծքը դառնում է զգայուն և ցավում է: Եթե խցանումը չբուժել, կարող է սկսել ինֆեկցիա:

Կրծքի ինֆեկցիա կամ բորբոքում (Breast infection): Ցավացող կուրծքը կամ խցանված ծորանը կարող են վերածվել ինֆեկցիայի: Այս դեպքում կուրծքը ոչ միայն  զգայուն է դառնում, այլ նաև ցավում և վառվում է: Մատիտը ինֆեկցիայի մեկ այլ անվանում է, որը երբեմն բուժվում է հակաբիոտիկների միջոցով:

Անկախ նրանից գործ ունեք ցավացող կրծքի, խցանված ծորանի, թե մաստիտի հետ, կերակրեք հաճախ, հանգստացեք և տաքացրեք ցավացող մասը:

  • Հաճախ կերակրելը օգնում է հանգստացնել կրծքի ցավը, նվազեցնել բորբոքումը և բացել կրծքի փակ ծորանները: Տարբեր դիրքերով կերակրելը ավելի լավ է դատարկում կրծքի բոլոր ծորանները: Օրինակ՝ եթե դուք սովորաբար կերակրում եք օրորելու դիրքում , փորձեք կերակրել թևի տակ՝ ֆուբոլի գնդակի դիրքում, կամ երեխային ձեր կողքին պառկեցնելով: Ի նկատի ունեցեք, որ այն, որ երեխային կրծքի ինֆեկցիայով կերակրելը նրա առողջության համար վտանգավոր է, ընդամենը տարածված միֆ է: Դա ամենևին ճիշտ չէ: Կաթի հակաբակտերիալ հատկությունները պաշտպանում են երեխային ինֆեկցիայից:

  • Հանգիստը կրծքի ցավը, խցանված ծորանը կամ ինֆեկցիան բուժելու կարևոր պայման է: Հանգստանալու համար փորձեք հանգստանալ երեխայի հետ անկողնում պառկած: Սա կօգնի, որ դուք նրան հաճախ կերակրեք կուրծքը դատարկելու համար: Ձեր մոտ պահեք տակդիրներ, խաղալիքներ, գրքեր, հեռախոսը, ջուր և բաժակ, որ քիչ անկողնուց վեր կենաք:

  • Տաքացրած կտոր կամ շշով ջուր դրեք կրծքի ցավացող մասի վրա և զգուշորեն այդ մասը մերսեք կերակրելուց առաջ: Դա կօգնի ավելի լավ դատարկել կուրծքը: Շատ մայրերը գտնում են, որ տաք ցնցուղ ընդունելը կամ տաք կտորով նրբորեն մերսելը հանգստացնում է կուրծքը: Մեկ այլ միջոց է օրական երեք անգամ տաք ամանով ջրի վրա թեքվելը այնպես, որ կրծքերը լինեն ջրի մեջ, և տաս րոպե կրծքերը այդպես պահելը: Սա նաև կօգնի հեռացնել պտուկի մեջ մնացած չորացած կաթի մասնիկները, եթե դրանք խցանում են կաթի հոսքը: Նման պրոցեդուրաներից հետո միանգամից կերակրեք, քանի դեռ կուրծքը տաք է, որպեսզի ուղիները բացվեն:

Եթե տաքությունը և տհաճ զգացողությունը պահպանվում են 24 ժամ հանգստանալուց, տաք դնելուց, մերսումից և հաճախ կերակրելու հետո, ապա պետք է դիմել մասնագետի օգնությանը: Եթե մասնագետը դեղ է նշանակելու, նրան հայտնեք, որ կերակրում եք: Նույնսիկ եթե դեղ եք խմում, ապա պետք է շարունակել հանգստանալը, տաք դնելը և հաճախ կերակրելը, որոնք կարագացնեն բուժումը: Եթե հակաբիոտիկ է նշանակվել, ընդունեք այն այնքան երկար, որքան նշանակվել է բժիշկի կողմից: Դա կօգնի կանխել, որ ինֆեկցիա նորից չկրկնվի:

Ամբողջ բուժման ընթացքում պետք է շարունակել կերակրել. դա կօգնի խթանել բուժումը: Եթե կա բորբոքում, ապա երեխան պաշտպանված է դրանից կաթի հակաբակտերիալ ընդունակության շնորհիվ:

Ծորանների խցանումից կամ կրծքերի ինֆեկցիային խուսափելու համար, մայրերը պետք է խուսափեն երկու կերակրելու միջև ընկած երկար ժամանակահատվածներից: Վատ պահող կրծկալը, կամ կրծկալը, որը սեղմում է կուրծքը, կարող է նպաստել կաթի ծորանների խցանմանը: Ծանր ձեռքի պայուսակները, տակդիրների պայուսակները կամ երեխային մարմնի վրա կապելու հարմարանքները  (baby carrier) նույնպես կարող են նպաստել կրծքերի բորբոքմանը: Կերակրելու ընթացքում հաճախ փոխեք երեխայի դիրքը այնպես, որ նա դատարկի բոլոր ուղիները: Առողջ ապրելակերպը և հաճախ հանգստանալը նույնպես օգտակար են: Եթե դուք պարբերաբար ունենում եք խցանված ուղիներ, կրծքի բորբոքում կամ մաստիտ, կարդացեք կրկնվող մաստիտ մասին հարցը:

Աղբյուրը՝ La Leche League International

Թարգմանված է՝ https://www.llli.org/faq/mastitis.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ի՞նչ կարող եմ անել կրկնվող մաստիտի (կաթնագեղձի բորբոքման) դեպքում
Կրծքերս չափից շատ լիքն են թվում և դա տհաճ է