9 ամսականի ճգնաժամը. Կրծքից ինքնակամ կտրվելը, մինչև երեխայի մեկ տարեկանը


9-monthsԿրծքից ինքնակամ կտրվելը, մինչև երեխայի մեկ տարեկան լրանալը, բացառիկ երևույթ է: Իրականում, շատ անսովոր է, որ երեխան 18-24 ամսականից առաջ ինքնակամ հրաժարվի կրծքից, եթե մաման չի խրախուսում: Սակայն շատ հաճախ կարելի է լսել, որ ինչ-որ մեկի երեխան ինքնակամ կտրվել է կրծքից 9 կամ 10 ամսականում, կամ նույնիսկ ավելի փոքր տարիքում:

 

Ի՞նչ է ինքնակամ կտրվելը

Երեխան, որը ինքնակամ կրտվել է կրծքից

  • մեկ տարեկանից ավել է (ավելի հաճախ 2 տարեկանից անց է)
  • իր հիմնական սնունդը հավելյալն է, այլ ոչ կրծքի կաթը
  • քչացնում է կրծքից ուտելն աստիճանաբար

Երեխայի ինքնակամ հրաժարվելը լինում է, երբ երեխան այլևս կարիք չունի կուրծք ուտելու (լինի հոգեկան, թե սննդային կարիք): Քանի որ մինչև մեկ տարեկանը երեխայի հիմնական սննդի աղբյուրը պետք է լինի կրծքի կաթը, որը ապահովում է երեխայի առողջ լինելը և ուղեղի զարգացումն, ապա հավելյալը չպետք է հանդիսանա կրծքից հրաժարվելու պատճառ:

 

Ո՞ր հանգամանքները կարող են դրդել մայրիկին մտածել, որ իր երեխան ինքնակամ հրաժարվում է կրծքից:

Երբ մայրն ասում է, որ իր երեխան ինքնակամ հրաժարվել է կրծքից մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը, հավանականություն կա, որ նա հասկացել է բնական զարգացման փուլը, (որը, մի գուցե, համընկել է իր կտրելու ցանկության հետ) որպես երեխայի կրծքից կտրվելու ցանկություն:

Քիչ կաթը նույնպես կարող է դեր խաղալ:

 

Քիչ կաթը

Եթե մայրիկի կաթը քչացել է, երեխան կարող է ավելի քիչ հետաքրքրվել կուրծք ուտելով, և իհարկե, քիչ ուտելը կնպաստի կաթի ավելի քչանալուն: Եթե կաթը քիչ է, երեխան կարող է նախընտրել խմել բաժակից կամ շշից, որովհետև նա ավելի շատ կաթ կստանա այդպես:

Երբ լակտացիան կարգավորվել է, և երեխան արդեն 6 ամսական է, կաթի արտադրության պրոցեսին կարող են խանգարել հետևյալ հանգամանքները·

  • Կերակրման գրաֆիկ կամ այլ երևույթներ, որոնք քչացնում են երեխայի կաթ ուտելու հաճախականությունը (օրինակ ծծակի հաճախ օգտագործելը կամ չկերակրելը).
  • Արագ նիհարելը: Եթե մայրիկը նիհարելու նպատակով կտրուկ քչացնի ընդունած կալորիաների քանակը, դա կարող է հանգեցնել կաթի քչանալուն:
  • Դեղերը կամ դեղաբույսերը, որոնք քչացնում են կաթի քանակը (օրինակ՝ հորմոնալ հակաբեղմնավորիչներ):
  • Հավելյալը շուտ սկսելը (մինչև 6 ամսականը): Բացի երեխայի իմունային առողջությանը միջամտելուց, 6 ամսականից առաջ հավելյալ սկսելը հաճախակի բերում է երեխայի ավելի քիչ կաթ ուտելուն, ինչի հետևանքով կաթը կարող է քչանալ:
  • Չափազանց արագ հավելյալի քանակը շատացնելը: Սա եւս պատճառ է դառնում, որ երեխան շատ քիչ կրծքի կաթ ուտի և կաթի քանակը քչանում է: Մայրական կաթը բնականաբար և աստիճանաբար քչանում է, երբ երեխան գնալով ավելի շատ հավելյալ է ուտում սա նորմալ է և սպասված: Այն, ինչից դուք պետք է խուսափեք՝ շատ արագ հավելյալի քանակը շատացնելն է և միաժամանակ կաթի քչացնելը, քանի որ մայրական կաթն այն է, ինչ երեխային անհրաժեշտ է լավ աճի, առողջության և ուղեղի զարգացման համար առաջին տարում և հետագայում:

Թե ինչպե՞ս շատացնել կաթի քանակը՝ կարդացեք Ւնչպե՞ս ավելացնել կաթը հոդվածը:

 

Բնական զարգացման փուլերը

Հաճախակի է հանդիպում, երբ երեխաները 6 ամսականից հետո ավելի քիչ հետաքրքրություն են դրսեւորում կրծքի կաթի հանդեպ: Սա զարգացման փուլ է, այլ ոչ թե ցուցանիշ, որ երեխան ցանկանում է դադարեցնել կաթ ուտելը:

Ավելի մեծ երեխաները հեշտությամբ շեղվում են և ցանկանում են մասնակցել այն ամենին, ինչ կատարվում է իրենց շուրջը: Ձեր երեխան կարող է ավելի հետաքրքրված լինել աշխարհի մասին սովորելու, քան օրվա ընթացքում ուտելու մեջ (այս նույն երեխաները շատացնում են իրենց գիշերային ուտելու հաճախականությունը՝ ցերեկային բացթողումների պակասը լրացնելու համար): Եթե երեխան հաճախակի է շշից կամ բաժակից խմում, նա կարող է հայտնաբերել, որ կարող է քայլել/չոչ անել բաժակը կամ շիշը բռնած և ոչ մի բան բաց չթողնել: Հակառակը, կրծքից ուտելը պահանջում է հանգիստ նստել և չնայել կողքերը մի քանի րոպե: Այս պատճառով որոշ երեխաներ սկսում են նախընտրել շիշը կամ բաժակը այս զարգացման փուլում:

Աճման փուլերը, ինչպիսիք են՝ չոչ անելը կամ քայլելը, և անհանգստացնող պահերն, ինչպիսիք են՝ ատամ հանելը կամ հիվանդությունները, ավելի հաճախ են հանդիպում երեխայի երկրորդ վեցամսյակում: Կրծքից կտրուկ հրաժարվելը նույնպես ավելի հաճախակի է լինում այս տարիքում, հավանաբար նույն նշված պատճառներով:

Ըստ մեր հասարակության՝ երեխաները կարող են և պետք է դառնան անկախ հնարավորինս շուտ: Երեխաները համարվում են ավելի անկախ, երբ միայնակ են քնում, քնում են ամբողջ գիշեր, հավելյալ են ուտում և այլն: Հաճախ մեծահասակներն արագացնում են երեխաների այս փուլերը հաղթահարելու գործընթացը, նախքան երեխայի պատրաստ լինելը ` հոգեպես կամ ֆիզիկապես: Այս մտածելակերպի պատճառով շատ մայրերի մտքով նույնիսկ չի անցնում, որ երեխայի մոտ կրծքի հանդեպ հետաքրքրության կորուստը միայն ժամանակավոր է և երեխայի մեծանալու ու անկախ դառնալու նշան չէ եւ կտրում են կրծքից:

Այս շրջանը հարմար է երեխային կրծքից կտրելու համար, եթե մայրն այդպիսի ցանկություն ունի: Սակայն կարևոր է, որ մայրը գիտակցի՝ այսպես կտրվելը երեխայի ինքնակամ հրաժարվել չէ, այլ մայրիկի ցանկությունով է արվում: Մայրն է անում ընտրությունը, ոչ երեխան: Իմանալով սա, մայրը կարող է ավելի ինֆորմացված ընտրություն անել` կտրել կամ օգտվել երկարատև կերակրման առավելություններից:

 

Ինչպե՞ս խուսափել վաղաժամ կտրելուց

Հետևյալ առաջարկները կարող են օգնել կանխարգել վաղաժամ կտրվելը

Կրծքի կաթը պետք է լինի երեխայի հիմնական սնունդը, մինչև նրա մեկ տարեկանը

  • Եթե դուք գտնում եք, որ ձեր կաթը քչացել է, աշխատեք շատացնել այն
  • Հավելյալ սնունդ տալուց առաջ առաջին հերթին երեխային կուրծք առաջարկեք: Մի’ թողեք, որ հավելյալի քանակը գերակշռի կրծքի կաթի նկատմամբ, մինչև երեխայի մեկ տարեկանը
  • Շատացրե’ք հավելյալի քանակն աստիճանաբար:
  • Շաքար պարունակող հյութերը դատարկ կալորիաներ են և չեն թողնի, որ ձեր երեխան իրեն շատ սոված զգա, այնպես որ, սահմափակեք դրանց քանակը կամ ընդհանրապես մի տվեք: Երեխան կարող է ջուր խմել

 

Քչացրե’ք շիշը կամ բաժակը նախընտրելու ռիսկը

  • Սահմանափակեք կամ հանեք շշի օգտագործումը: Եթե երեխան պետք է ուտի մայրիկի բացակայության ժամանակ, կարող եք օգտագործել շիշ, բայց միայն, երբ մաման ֆիզիկապես ներկա չէ: Անկախ երեխայի տարիքից, շշով կերակրելուց օգտագործեք նորածինների համար նախատեսված ծծակը: Այլապես երեխան կարող է սովորել կաթի արագ հոսքին և հրաժարվել կրծքից, քանի որ կրծքի կաթի հոսքն ավելի դանդաղ է: Եթե երեխան 6 ամսականից մեծ է, գերադասեք օգտագործել բաժակը՝ շշի փոխարեն
  • Սահմանափակեք կամ ընդհանրապես մի տվեք ծծակ: Այս դեպքում, երբ երեխան ծծելու պահանջ ունենա, նա այն կբավարարի կուրծք ուտելով, և ոչ ծծակով: Երեխան, որը շուտ է կտրվում, կրծքի կաթը համարում է միայն սնունդ, իսկ հանգստանալու և ապահով զգալու համար օգտագործում է ծծակը: Իհարկե ոչ բոլոր ծծակ ծծող երեխաներն են հրաժարվում կրծքից, սակայն եթե ամեն անգամ ծծակն օգտագործվի երեխային հանգստացնելու համար կրծքի փոխարեն, ապա կբարձրանա հրաժարվելու ռիսկը:
  • Մի’ թողեք, որ երեխան քայլի շիշը կամ բաժակը ձեռքում բռնած: Սա նրան դուր կգա, քանի որ նա միառժամանակ և կսնվի և կխաղա, ի հակառակ կուրծք ուտելու, որի դեպքում նա չպետք է շարժվի:

 

Եթե երեխան շատ զբաղված է և չի ուզում իր զբաղմունքը դադարեցնել կաթ ուտելու համար

  • Փորձեք կերակրման տարբեր և նոր դիրքեր, որոնք երեխային թույլ կտան տեսնել շուրջը· օրինակ՝ երեխան կանգնած, ձեր գիրկը նստած և այլն
  • Կերակրելուց փորձեք երգել, խոսել, հեքիաթ պատմել, մատիկներով խաղ խաղալ, կարդալ և այլն
  • Փորձեք կերակրման վզնոց կախել կամ գունավոր շարֆ կապել ՝ երեխայի ուշադրությունը գրավելու համար
  • Երեխային մի փոքր խաղալիք տվեք, որ խաղա ուտելու ընթացքում

 

Ուշադրություն դարձրեք ձեր պահվածքին

  • Երեխային հաճախակի կուրծք առաջարկեք: Մի սպասեք, որ երեխան կուրծք պահանջի կերակրելու համար: Եթե երեխային կերակրեք գրաֆիկով և միայն, երբ նա սոված լինի, ապա կուրծք ուտելը նրա համար կասոցիացվի միայն սնունդի հետ: Բնականաբար, երբ երեխան արդեն հավելյալ ուտի, նա կփոխարինի կրծքի կաթը հավելյալով: Կուրծք ուտելը նաև ունի հոգեկանը հանգստացնող դեր և այս դեպքում չի փոխարինվի հավելյալ սննդով
  • Կերակրեք, երբ երեխան ցանկանա:
  • «Հիմա չէ, հետո» ասելը բնական է, երբ երեխան մեծանում է, բայց մի չարաշահեք այն և մի մոռացեք «հետո»-ի մասին: Առաջարկեք կերակրել մի քիչ անց՝ առանց սպասելու, որ երեխան ինքը ցանկանա
  • Երեխային կուրծք ուտելուց հաճախակի շեղելը կնպաստի կրծքից կտրվելուն
  • Խուսափեք ուտելու ժամերը և վայրերը սահմանափակելուց
  • Կերակրեք երեխային գիշերը ,եթե նա ցանկանա: Երեխան ավելի շատ կուտի, եթե նա ձեր սենյակում է կամ/ ձեր անկողնում· շատ ընտանիքներ այդպես ավելի շատ են քնում:
  • Եթե դուք ցանկանում եք սահմանափակել գիշերային կերակրումները, ապա դրանց փոխարեն շատացրեք ցերեկային կերակրումները
  • Ֆիզիկական շփումը շատացրեք, հաճախակի գրկեք ձեր երեխային: Կրծքով ուտելն այսպիսով ավելի ցանկալի կլինի նրա համար:

 

Տեղյակ եղեք երեխայի բնական զարգացման փուլերին

  • Ուշադրություն դարձրեք ձեր երեխայի բնական աճի ռիթմին: Այս շրջանները ինքնակամ կրծքից կտրվելու շրջաններ չեն:

Թարգմանեց Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Լիլիթ Գյուլումյանին օգնության համար

Աղբյուրներ` http://kellymom.com/ages/older-infant/babyselfwean/

Քնկոտ երեխա
Կերակրելու ժամանակ երեխան քաշքշում է երկրորդ կուրծքը: Ի՞նչ անել: