Կրծքով կերակրելը կեսարյան ծննդաբերությունից հետո

  • 78
    Shares

10592818_1463106377279118_8124070222586253304_nԱյս հոդվածում կեսարյան ծննդաբերությունից հետո կրծքով կերակրելու մասին խորհուրդներ են: Դուք կարո՛ղ եք կերակրել:Խոսե՛ք կրծքով սնուցման մասնագետի հետ, եթե ձեր հիվանդանոցը կամ ծննդատունը ունի նման մասնագետ, և պայմանավորվեք, որ նա այցելի ձեզ վիրահատարանից դուրս գալուց անմիջապես հետո: Նա կարող է ձեզ օգնել դիրքավորել երեխային հնարավորինս քիչ ցավացնելով: Եթե կրծքով սնուցման մասնագետ չունեք, խնդրե՛ք բուժքույրերից մեկին կամ ձեր ընկերոջը/ամուսնուն կամ որևէ այլ մեկին օգնել ձեզ:

Ցավազրկման և դեղամիջոցների մասին

Ցավազրկումը և ցավի դեմ դեղամիջոցնեը, որոնք ձեզ տալու են, չպետք է ազդեն կաթի վրա: Կան շատ ցավազրկող դեղեր, որոնք կրծքով կերակրելու հետ համատեղելի են, այնպես որ հայտնեք ձեր բժիշկին, որ ցանկանում եք ընդունել այնպիսինը, որը ճիշտ է կերակրող մայրերի դեպքում: Ընդունեք ցավազրկող հաբեր միայն այն դեպքում, եթե կա դրա պահանջը՝ ձեր կամ ձեր երեխայի քնկոտությունը նվազեցնելու համար: Ավելորդ շատ քնկոտությունը սկզբում կարող է դժվարացնել կրծքով կերակրելը: Ահա քնկոտ երեխային արթնացնելու մի քանի հնարքներ/հղում/:

Կեսարյան հատումից հետո ջերմության թեթև բարձրացումը մոր մոտ տարածված երևույթ է և չպետք է պատճառ հանդիսանա մորը և երեխային իրարից բաժանելու համար: Եթե մայրը լավ լվացել է ձեռքերը երեխային դիպչելուց առաջ, մորը և երեխային իրարից բաժանելու պատճառ չկա, նույնիսկ եթե մայրը բորբոքում ունի:

Ծննդաբերությունից հետո կերակրելը

Եթե հնարավոր է, կերակրեք ծննդաբերելուց անմիջապես հետո: Այդ ժամանակահատվածում դուք դեռ սպինալ կամ էպիդուրալ ցավազրկման ազդեցության տակ կլինեք և ոչ մի դիսկոմֆորտ չեք զգա: Ամենայն հավանականությամբ էպիդուրալի պատճառով ստիպված կլինեք կերակրել մեջքի վրա պառկած: Քանի որ մեկ թևը շարժունակության առումով զբաղված կլինի, կերակրելը կարող է մի քիչ դժվարանալ:  Փորձեք երեխային դիրքավորել այնպես, որ նա ձեր կրծքավանդակի երկայնքով լինի և դեմքով հպվի ձեր կրծքերին: Այս դիրքը նման է կերակրելու օրորոցային դիրքին, սակայն ավելի բարձր հատվածում է՝ կեսարյան հատումից վերև: Նորածնին այս դիրքով կերակրելիս խնդրեք, որ որևէ մեկը ուշադիր լինի, որպեսզի երեխայի քիթը չփակվի կրծքով, քանի որ և՛ դուք, և՛ երեխան դեղամիջոցներից կարող եք թմրած լինել: Ձեր ամուսինը/ընկերը կամ բուժքույրը կարող են օգնել երեխային դիրքավորելու հարցում և ձեր կողքը շարեն տարբեր բարձեր հարմար դիրք ընդունելու համար:

Կերակրեք շուտ և հաճախ

Իդեալական է, եթե երեխային կերակրեք ծննդաբերելուց հետո մեկ ժամվա ընթացքում, և ոչ ուշ քան առաջին 4-6  ժամվա ընթացքում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եթե կերակրելը ավելի է ուշանում, երեխաները ավելի դժվարությամբ են կուրծք բռնում և կրծքերի քարացումը ավելի ուժեղ է լինում: Եթե ինչ որ բան խանգարում է երեխային 4-6 ժամվա ընթացքում կերակրելուն, դուք պետք է սկսեք կթել հիվանդանոցների համար նախատեսված կթիչով:

Խորհուրդ է տրվում ցերեկը կերակրել ամենաքիչը երկու ժամը մեկ, իսկ գիշերը՝ ոչ ավելի երկար քան 4 ժամ ընդմիջումով. ձեր նպատակն է ծննդաբերելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում կերակրել օրական առնվազն 10-12  անգամ 24  ժամվա ընթացքում: Եթե երեխան լավ է ուտում, լրացուցիչ կերի կամ շաքարաջրի կարիք չկա:

Կերակրելու դիրքերը

Երբ կարողանաք շրջվել, փորձեք թեքվել մի կողքի վրա և պառկած կերակրել: Ձեր ամուսինը/ընկերը թող օգնի ձեր ճիշտ հարմարեցնել բարձերը:

Մեկ այլ դիրք, որը կարող է հարմար լինել, ֆուտբոլի գնդակի դիրքն է: Նստեք ուղիղ անկողնում մեջ և երեխային դրեք բարձի վրա ձեր ձեռքի և կողքի արանքում՝ ձեռքով պահելով նրա գլխի ներքևի մասը:

Դուք կարող եք  դժվարությամբ գտնել ձեզ հարմար կերակրելու դիրք: Փորձեք տարբեր դիրքեր և մի նեղվեք ձեր ընկերոջից/ամուսնուց, կրծքով սնուցման մասնագետից կամ բուժքրոջից օգնություն խնդրելուց: Ձեզ հարմար դիրքում համոզվեք, որ երեխայի փորիկը դեպի ձեզ է ուղղված: Դուք կարող եք հավելյալ բարձեր բերել տնից կամ ձեր հետ վերցնել կերակրման բարձ, քանի որ հիվանդանոցի բարձերը կարող են անհարմար լինել:

Շատ մայրերի համար կողքի վրա պառկած կերակրելը ամենահարմարն է առաջին մի քանի օրերի ընթացքում: Դա կերակրելու և միաժամանակ հանգստանալու համար շատ լավ տարբերակ է: Փոքր վերմակ կամ բարձ օգտագործելը կամ նույնիսկ ծալած սրբիչը կարող են ձեզ օգնել պաշտպանել ձեր կտրվածքը կողքի վրա պառկած կերակրելիս:

Ձեզ ենք ներկայացնում հիվանդանոցում կեսարյան հատումից հետո կողքի վրա պառկած կերակրելու համար դիրքավորվելը՝ քայլ առ քայլ:

  • Մահճակալը այնպես դիրքավորեք, որ լինի ուղիղ և տափակ, իսկ կողքի բռնակները ուղիղ դեպի վեր:

  • Դրեք բարձ մոր մեջքին՝ մեջքը հարմար պահելու համար:

  • Զգուշորեն թեքվեք մի կողքի վրա՝ բռնվելով բռնակներից  և թուլացնելով փորի մկանները: Շարժվեք զգուշությամբև խուսափեք ձգվելուց:

  • Երեխայի ոտքերից պաշտպանելու համար կեսարյան հատման տեղը ծածկեք փոքրիկ բարձով կամ սրբիչով:

  • Ոտքերի արանքում բարձ դրեք՝ փորի մկանները թուլացնելու համար:

  • Հենվեք մեջքի հետևում դրած բարձին:

Կողքի վրա պառկած դիրք ընդունելիս երեխան պետք է ևս պառկած լինի կողքի վրա՝ դեմքով դեպի ձեզ, կուրծքը կրծքի դիմաց. նա չպետք է թեքի գլուխը կուրծքը բռնելու համար: Երեխայի ոտքերը պետք է մոտ լինեն ձեր մարմնին, իսկ գլուխը կա՛մ պետք է լինի մահճակալին կա՛մ ձեր ձեռքին դրված՝ որը որ հարմար է ձեզ համար: Կերակրելիս կարող եք թեքվել դեպի երեխան կամ երեխային մոտեցնել ձեզ:

Խուսափեք լրացուցիչ կերից

Համոզեք, որ հիվանդանոցի/ծննդատան անձնակազմը գիտի, որ չպետք է շշով լրացուցիչ արհեստական կեր կամ ծծակ տա երեխային, քանի որ արհեստական ծծակները կարող են կրծքով կերակրելու հետ կապված խնդիրներ առաջացնել: Եթե ձեզ ասում են, որ բժշկական նկատառումներով անհրաժեշտ է արհեստական կեր տալ, պահաջեք, որ այն տան բաժակով կամ հատուկ կերակրման սարքով, այլ ոչ շշով՝ պտուկի շփոթության (nipple confusion) ռիսկից խուսափելու համար:

Դուք կարող եք պահանջել, որ ձեր բժիշկը գրավոր հրահանգ տա այն մասին, որ ձեր երեխան միայն կրծքով է սնվելու, որ ոչ մի արհեստական ծծակ՝ շիշ կամ ծծակ երեխային չի կարելի տալ և  որ արհեստական կեր տալու դեպքում, դա պետք է անել առանց շիշ օգտագործելու:

Ե՞րբ կգա կաթը

Այն կտրուկ հորմոնալ փոփոխությունը, որը տեղի է ունենում ընկերքը/պլացենտան արգանդից հեռացնելիս, կաթ արտադրելու ազդանշան է տալիս ձեր մարմնին:  Կնոջ մարմինը և՛ բնական, և՛ կեսարյան ծննդաբերության դեպքում ստանում է նույն ազդանշանը: Մայրերը, որոնք սթրեսային ծննդաբերություն են ունենում՝ բնական կամ կեսարյան, կարող են մի փոքր ավելի ուշ կաթ ունենալ:

Ձեր կաթը կսկսի գալ ծննդաբերությունից  հետո 2-րդից 6-րդ օրվա ընթացքում, սովորաբար՝ 2-3-րդ օրը: Եթե ձեր կաթը դանդաղ է գալիս, փորձեք չլարվել. կերակրեք երեխային շատ հաճախ և կապ պահպանեք ձեր կրծքով սնուցման մասնագետի հետ, որպեսզի նա հսկի, թե երեխան ինչպես է իրեն զգում: Համոզվեք, որ երեխան բավարար չաթով կաթ է ստանում: Երեխաները շատ լավ կարող են գոյատևել առաջին օրերին միայն կաթնախեժ ուտելով. բնությունը դրա մասին մտածել է:

Մեկ օրական նորածին երեխային ամեն կերակրելուց անհրաժեշտ է ընդամենը 5-7մլ խեժ:

 Առատ կաթնարտադրություն խթանելու համար արեք հետևյալը՝

  • Կերակրեք ծննդաբերությունից հետո հնարավորինս շուտ: Եթե ինչ ոչ բան խանգարում է ծննդաբերությունից հետո 4-6 ժամվա ընթացքում երեխային կուրծք տալուն, պետք է սկսեք կթել հիվանդանոցների համար նախատեսված կթիչով:  Թույտվություն ստացեք երեխային վերականգնողական բաժանմունքում կերակրելու համար. դա չպետք է խնդիր լինի, եթե դուք կամ երեխան բժշկական խնդիրներ չունեք:

  • Հաճախ կերակրեք: Օրվա ընթացքում կերակրեք ձեր երեխային ամեն երկու ժամը մեկ՝ հաշված մի կերակելու սկզբից մինչև մյուս կերակրելու սկիզբը: Գիշերը երկու կերակրելու միջև պետք է անցնի ամենաշատը 4 ժամ: Ձեր նպատակն է՝ կերակրել առնվազն 10-12 անգամ՝ 24 ժամվա ընթացքում: Ծննդաբերությունից հետո առաջին օրերի ընթացքում հաճախ կերակրելը օգնում է ավելի շատ կաթ ունենալ մեկ շաբաթականում և դրանից հետո:

  • Խուսափեք լրացուցիչ տալուց: Մի տվեք լրացուցիչ կեր՝ արհեստական, ջուր և այլն, եթե դրա համար չկա բժշկական ցուցում:  Լրացուցիչ տալը կհանգեցնի հետևյալ երկու խնդիրներներին՝ բաց թողնելով կերակրումները, ձեր կուրծքը բավարար չափով ստիմուլյացիա չի ստանա և չի կարողանա հեռացնել կաթը, այնինչ երկուսն էլ շատ կարևոր են կաթի քանակի ավելացման համար, և երկրորդը, լրացուցիչ կեր ստացող երեխաները ավելի ուշ են սովածանում և դուք կորցնում եք հաճախ կերակրելու հնարավորությունը:

  • Համոզվեք, որ երեխան լավ է կուրծք ուտում: Եթե երեխան լավ չի բռնում և ծծում, դա կարող է ազդել կաթի քանակի վրա և նրա վրա, թե որքան շուտ կգա ձեր կաթը:

Տուն գնալուց հետո

Եթե ամեն ինչ լավ է ընթանում, որոշ մայրեր նախընտրում են ավելի շուտ տուն գնալ՝ հիվանդանոցում/ծննդատանը ավելորդ երկար չմնալու համար: Եթե այդպես եք որոշել, համոզվեք որ տանը ձեզ օգնող կա և որ դուք կարող եք հանգստանալ և լավ սնվել, հատկապես՝ ստանալ շատ հեղուկ: Տեսեք, թե արդյոք կրծքով կերակրելու մասնագետ կա հիվանդանոցում/ծննդատանը, ով կարող է գոնե մի քանի տնային այց կատարել և համոզվել, որ ամեն ինչ լավ է ընթանում, իսկ անհրաժեշտության դեպքում օգնել՝ երեխային ճիշտ դիրքավորելով և օգնելով ճիշտ բռնել կուրծքը:

Տնային գործերում օգնություն գտեք: Եթե հնարավոր է, խնդրեք ձեր ընկերոջը/ամուսնուն մի քանի օր աշխատանքի չգնալ և օգնել:  Սկզբում դուք ընդհանրապես չեք կարողանա տնային գործերով զբաղվել: Միայն ձեր և երեխայի հոգսերը արդեն բավարար են: Կեսարյան ծննդաբերությունը լուրջ վիրահատություն է. ժամանակ է պետք, որ ձեր մարմինը վերականգնվի: Եթե մի քանի օր աշխատանքի չգնալը հնարավոր չէ ձեր ամուսնու/ընկերոջ համար, փորձեք ուրիշ օգնող գտնել: Ձեզ կարող են օգնել ձեր ընտանիքի անդամները կամ ընկերները, ովքեր կարող են այցելել և օգնել լվացք անելու կամ ճաշ եփելու հարցում: Կարող եք օգտվել վճարովի ծառայություններից, որոնք շաբաթը մեկ կմաքրեն բնակարանը: Շատ մեծ օգնություն կլինի, եթե գտնեք մեկին, ով կկարողանա ամեն օր գալ մեկ կամ երկու ժամով ամանները լվանալու, լվացք անելու կամ տունը հավաքելու համար, ինչպես նաև կարողանա հետևել երեխային, որպեսզի դուք ցնցուք ընդունեք կամ մի փոքր ննջեք:

Կարդացեք նաև http://kksenyak.am/հնարավոր-է-կերակրել-կեսարյանից-հետո/

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Թարգմանված է` http://kellymom.com/ages/newborn/newborn-concerns/c-section/

Թարգմանեց`  Քրիստինե Բարսեղյանը

 Copyright © 04/12/2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Ի՞նչ ակնկալել առաջին շաբաթներին
Կրծքով կերակրվող երեխային ջուր տալու հաճախականությունը

  • 78
    Shares