Կրծքով կերակրելը և կտրուկ աճի օրերը


Երեխաների մեծ մասը կյանքի առաջին 12 ամիսներին ունենում է կտրուկ աճի օրեր: Կտրուկ աճի ժամանակ կրծքով կերակրվող երեխաները ավելի հաճախ են կուրծք ուտում, երբեմն նույնիսկ ժամը մեկ, և ավելի անհանգիստ են:

Կտրուկ աճի օրերին շատ կաթ խմելը ժամանակավոր բնույթ է կրում: Միայն կրծքով կերակրվող երեխաների խմած կաթի քանակությունը կտրուկ աճում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, և մինչև վեց ամսական մնում է մոտավորապես նույնը: Երբ վեց ամսականում երեխան սկսում է հավելյալ սնունդ ստանալ, խմած կաթի քանակությունը գնալով նվազում է:

Ֆիզիկական աճը երեխայի ավելի շատ կաթ խմելու ցանկության միակ պատճառը չէ: Երեխաները սովորաբար նման վարք են ցուցաբերում կտրուկ զարգացումների ժամանակ, օրինակ երբ սկսում են փորից մեջքի վրա պտտվել կամ հակառակը, չոչ անել, քայլել կամ խոսել: Մոր կաթը և՛ ֆիզիկական,՛ և մտավոր զարգացման համար է:

Ե՞ՐԲ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՈՒՆԵՆՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԱՃԻ ՕՐԵՐ

Սովորաբար կտրուկ աճի օրերը լինում են 3-4 և 7-10 օրականում, 2, 3, 6 շաբաթականում, 3, 6, 9 ամսականում (կամ ավելի շուտ). Երեխաները օրացույց չեն պահում, և կարող են մի քիչ շուտ կամ մի քիչ ուշ աճի օրեր ունենալ: Աճի օրերը չեն դադարում մեկ տարեկան դառնալուց հետո և շարունակվում են մինչև դեռահասություն:

ՈՐՔԱ՞Ն ԵՆ ՏԵՎՈՒՄ ԱՃԻ ՕՐԵՐԸ

Կտրուկ աճի օրերը սովորաբար տևում են 2-3 օր, բայց երբեմն կարող են նույնիսկ մեկ շաբաթ տևել:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԿՏՐՈՒԿ ԱՃԻ ՕՐԵՐԻՆ

Լսեք ձեր երեխային: Ավելի հաճախ կուրծք ուտելով երեխան ավելի շատ կաթ է խմելու և շատացնելու է ձեր կաթը: Կարիք չկա և խորհուրդ չի տրվում լրացուցիչ կաթ տալ՝ արհեստական կամ կթած: Լրացուցիչ կաթը խախտելու է կաթի պահանջարկի և առաջարկի բնական հարաբերակցությունը և չի թողնելու, որ ձեր օրգանիզմը հասկանա և արձագանքի ձեր երեխայի ցանկությանը՝ ավելի շատ կաթ արտադրել կտրուկ աճի օրերին:

Որոշ կրծքով կերակրող մայրեր կտրուկ աճի օրերին սովորականից ավելի սոված կամ ծարավ են լինում:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա Թարգմանված է՝ http://kellymom.com/bf/normal/growth-spurts/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

.

;

;

ԿՏՐՈՒԿ ԱՃԻ ՕՐԵՐ

Եթե կա ինչ որ պատվիրան, թե ինչպես ժպիտը դեմքին դիմանալ կտրուկ աճի օրերին, դա “մի նայիր ժամացույցին” պատվիրանն է: Մի հետևիր, թե որքան երկար է երեխան կուրծք ուտում կամ որքան է անցել նախորդ կերակրելուց հետո: Մի հաշվիր, թե քանի անգամ ես գիշերը արթնացել կերակրելու համար:

Կտրուկ աճի օրեր գոյություն ունեն: Նրանք միևնույն է գալու են: Որոշ երեխաներ դրանցից շատ են նեղվում, իսկ մյուսները գրեթե չեն նկատում:

ԿՏՐՈՒԿ ԱՃԻ ՕՐԵՐԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ

  • Երեխան անդադար կամ շատ հաճախ է սնվում,

  • Երեխան, որը նախկինում ամբողջ գիշեր քնում էր, հիմա մի քանի անգամ արթնանում է ուտելու համար,

  • Երեխան անհանգիստ է՝ անընդհատ բռնում և թողնում է կուրծքը:

Այս բոլորը մեկ բան են նշանակում՝ երեխան պահանջում է, որ մոր օրգանիզմը “հենց հիմա՛ ավելի շատ կաթ արտադրի”: Մեր օրգանիզմները նման կոչերին շատ ուշադիր հետևում են և արձագանքում են երեխայի կարիքներին: Երեխայի հավելյալ կուրծք ծծելը խթանում է կաթի արտադրությունը:

Կտրուկ աճից հետո սովորաբար`

  • երեխաները մեկ-երկու օր ավելի շատ են քնում,

  • մոր կուրծքը միառժամանակ ավելի լիքն է լինում,

  • երեխան ավելի հանգիստ է լինում կրծքի մոտ,

  • երեխան ավելի շատ է միզում:

Կտրուկ աճի օրերը նոր մայրերի համար կարող են իսկական փորձություն դառնալ: Երբ նրանց արդեն սկսում է թվալ, թե հասկանում են երեխայի ազդանշանները, դրանք կտրուկ փոխվում են: Հաճախ կուրծք ուտելու պահանջները կարող են շփոթեցնել: Էլ ավելի շփոթեցնող է կտրուկ աճի օրերի հաճախականությունն առաջին ամիսների ընթացքում:

Ամենաճիշտ լուծումը ռիթմին համընթաց գնալն է: Եթե դուք լսում և արձագանքում եք երեխայի ավելի շատ կերակրելու ազդանշաններին, տալիս եք միայն կուրծք և ուրիշ ոչինչ, ձեր մարմինը շատ արագ արձագանքում է և շատացնում կաթի արտադրությունը (24-48 ժամվա ընթացքում): Կտրուկ աճի օրերը կարող են մեկ շաբաթ տևել: Այս ընթացքում պարզապես ուշադիր եղեք, որ բավարար քանակությամբ ջուր խմեք:

Թույլ մի տվեք, որ կտրուկ աճի օրերը կասկածի տակ դնեն կրծքով կերակրելը: Ընդհակառակը, թող այդ օրերը ձեզ ավելի կոփեն երեխայի ազդանշանները հասկանալու և մեկնաբանելու առումով: Վստահեք ձեր երեխային, որը երբեմն ավելի լավ գիտի, թե ինչ է պետք անել, իսկ ձեր գործը միայն նրան լսելն է:

Հեղինակ՝ Շերիլ Թեյլոր

Աղբյուրը՝ http://drjaygordon.com/breastfeeding/growthspurts.html

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Ջրազրկումը կրծքով կերակրվող երեխայի մոտ
Երեխան անհանգիստ է կուրծք ուտելիս