Կրծքով կերակրելու 24 առավելությունները մոր և երեխայի համար


1party_24. Ավելի առողջ երեխա
“Պնևմոնիայի, մրսածության և վարակների դեպքերը ավելի քիչ են կրծքով կերակրվող երեխաների մոտ,” – ասում է երեխաների սնուցման մասնագետ, բժիշկ Ռութ Լոուրենսը, ով մանկաբուժության և գինեկոլոգիայի պրոֆեսոր է Նյու Յորքի Ռոչեսթերի համալսարանի Բժշության և ատամնաբուժության դպրոցում: Մարսողական խնդիրները ևս, օրինակ՝ լուծը, որը շատ լուրջ հետևանքների կարող է հանգեցնել հատկապես նոր զարգացող երկրներում, ավելի հազվադեպ են պատահում կրծքով կերակրվող երեխաների մոտ: 

2.Երկարատև պաշտպանություն
Կրծքով կերակրումը նվազեցնում է խրոնիկ հիվանդությունների, օրինակ՝ առաջին տեսակի շաքարախտի, գլյուտենային հիվանդության և Կրոնի հիվանդության ռիսկը:

3. Ավելի պինդ ոսկորներ
Ըստ Լոուրենսի, կրծքով կերակրող կանանց մոտ ավելի քիչ է հետդաշտանադադարային օստեոպորոզի ռիսկը: “Երբ կինը կերակրում է կրծքով և կաթ է արտադրում, նրա մարմինը շատ ավելի արդյունավետ կերպով է յուրացնում կալցիումը,” – բացատրում է նա, – “Այսպիսով, չնայած որոշ ոսկորներ, հատկապես՝ ողնաշարը և կոնքոսկրը, ավելի քիչ պնդություն ունեն կերակրելը ավարտելու պահին, վեց ամիս անց նրանք ավելի պինդ են, քան եղել են նախքան հղիությունը:”

4. Մանկան հանկարծամահության համախտանիշի (ՄՀՀ) ցածր ռիսկ
Կրծքով կերակրելը գրեթե կիսով չափ նվազեցնում է ՄՀՀ ռիսկը:

5. Քաշի հետ կապված ավելի քիչ խնդիրներ
Առավել հավանական է, որ կրծքով կերակրելու դեպքում և՛ մայրը, և՛ երեխան գիրության հետ կապված ավելի քիչ խնդիրներ կունենան:

6. Կալորաներից ազատվելու միջոց
Կրծքով կերակրելու դեպքում, մայրը օրական 500 կալորիա ավելի շատ է կորցնում: “Կրծքի կաթի 30 գրամը պարունակում է 20 կալորիա,” – բացատրում է Լոուրենսը, – “Եթե դուք օրական ձեր երեխային 600 գրամ կաթ եք կերակրում, ապա կորցնում եք 400 կալորիա”:

7. Ավելի արագ վերականգնում ծննդաբերությունից հետո
Օքսիտոցին հորմոնը, որն օգնում է ձեր արգանդին կրճատվել, նվազեցնում է արյան կորուստը ծննդաբերությունից հետո: Կրծքով կերակրելն օգնում է, որ ձեր արգանդը ավելի արագ վերականգնի իր նախքան հղիությունը ունեցած չափսը՝ տաս շաբաթվա փոխարեն վեց շաբաթում:

8. Քաղցկեղի ավելի ցածր ռիսկ
Կրծքով կերակրելը նվազեցնում է մանկական որոշ քաղցկեղների հավանականությունը: Եթե մայրը կերակրում է, ապա նրա մոտ նվազում է նախադաշտանադադարային տարիքում կրծքի քաղցկեղի և արգանդի վզիկի քաղցկեղի ռիսկը: Կրծքով կերակրվող երեխաների մոտ նույնպես նվազում է որոշ տիպի քաղցկեղի ռիսկը ինչպիսին է օրինակ  արյան քաղցկեղը:

9. Ուժեղ լինելու աննախադեպ զգացում
“Մայրն իրեն ուժեղ է զգում, երբ տեսնում է, թե ինչպես է միայն իր կաթի միջոցով օգնում իր երեխային մեծանալ” – ասում է Լոուրենսը:

10. Ըստ պահանջարկի ձևավորվող առաջարկ
Արհեստական կերը չի կարող փոխել իր բաղադրությունը, բայց կրծքի կաթը կարող է իր բաղադրությունը հարմարեցնել երեխայի պահանջներին: “Խեժը, որը գալիս է ծննդաբերությունից անմիջապես հետո, լի է հակամարմիններով, որոնք պաշտպանում են ձեր երեխային: Այն նաև ունի սպիտակուցների բարձր և շաքարի ցածր պարունակություն. Խեժի նույնիսկ շատ փոքր քանակը կարող է հագեցնել երեխայի քաղցը”, – ասում է Միջազգային խորհրդի կողմից որակավորված կրծքով կերակրելու մասնագետ Հիթեր Քելլին:

11. Ավելի արդյունավետ պատվաստանյութեր
Հետազոտությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրվող երեխաների մոտ հակամարմինները ավելի լավ են հակազդում պատվաստանյութերին, քան կաթնախառնուրդով սնվող երեխաների մոտ:

12. Ավելի հաճելի հոտ
Ի տարբերություն կաթնախառնուրդով սնուցվող երեխաների՝ կրծքով կերակրվող երեխաների կղանքը ունի ավելի քիչ տհաճ հոտ: Այսպիսով, նրանց տակդիրը փոխելը ավելի հաճելի է: Սա շատ կարևոր է, հաշվի առնելով, որ կրծքով կերակրվող երեխաները կարող են օրը մի քանի անգամ կեղտոտել: Երբ փոքրիկը նայում է իր տակդիրը փոխողի դեմքին և չի տեսնում զզվանքի արտահայտություն, դա նրա ինքնագնահատականի համար, միգուցե, հաճելի է:

13. Ավելի նուրբ մաշկ
Շատ մանկաբույժներ ասում են, որ տարիների ընթացքում ձեռք են բերել երեխայի մաշկին նայելով և հպվելով նրա սնուցման ձևը հասկանալու հմտություն: Կրծքով կերակրվող երեխայի մաշկը սովորաբար ավելի փափուկ է և հարթ: Ավելի քիչ է զգացվում մաշկի տակի ճարպի և մկանների սահմանագիծը: Կաթնախառնուրդով կերակրվող երեխաների մաշկը հաճախ ավելի կոշտ է՝ չոր և երբեմն հղկաթղթի նման հատվածներով: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ենթամաշկային ճարպերը կրծքով և կաթնախառնուրդով կերակրվող երեխաների մոտ տարբեր կառուցվածք ունեն:

14. Ավելի լավ տեսողություն
Կրծքի կաթը ոչ միայն լավ է երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման համար, այլ նաև՝ տեսողության համար: Ուսումնասիրությունները, որոնք համեմատում են կրծքով և կաթնախառնուրդով կերակրվող երեխաներին, ցույց են տալիս, որ տեսողական զարգացումը կրծքով կերակրվող երեխաների մոտ ավելի լավն է: Այդ տարբերությունը ավելի ակնհայտ է ժամանակից շուտ ծնված երեխաների դեպքում: Լավ տեսողությունը կարող է պայմանավորված լինել մայրական կաթում Docosahexaenoic acid (DHA) ճարպաթթուի առկայությամբ: DHA-ը աչքի ցանցաթաղանթի հիմնական կառուցվածքային բաղադրիչներից է, և ինչպես այլ հյուսվածքների դեպքում, որքան ավելի լավ ես այն “կերակրում,” այնքան ավելի լավ է այն աճում և գործում:

15. Ավելի ճիշտ ատամնաշար
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կրծքով կերակրվող երեխաների մոտ ատամնաշարի ոչ ճիշտ դասավորվածություն (misalignment) ավելի հազվադեպ է պատահում, քան կաթնախառնուրդով կամ շշով կերակրվող երեխաների մոտ: Ատամների կծվածքի խնդիրը մեկ երրորդով ավելի քիչ է այն երեխաների մոտ, ովքեր գոնե երեքից վեց ամիս կերակրվել են կրծքով համեմեմատած ընդհանրապես կրծքով չսնուցված երեխաների հետ, իսկ վեց ամիս և ավելի երկար կրծքով սնուցված երեխաների մոտ այն 44 տոկոսով ավելի քիչ է եղել: Ըստ մասնագետների, սա պայմանավորված է նրանով, որ կուրծք ուտելիս երեխայի լեզուն և ծնոտների մկանները այլ ձևով են աշխատում, քան շշից ուտելիս: Պետք է հաշվի առնել, որ ծծակների օգտագործումը կարող է նվազեցնել կրծքով կերակրելու առավելությունները երեխաների ատամնաշարի ձևավորման առումով:

16. Արձակուրդ “դաշտանից”
Ըստ պահանջի կրծքով կերակրելը, եթե երեխային չեն տալիս ծծակ կամ շիշ, ուշացնում է դաշտանի վերսկսելը: “Կրծքով կերակրելիս արտադրվում է պրոլակտին հորմոնը, որը ցածր է պահում էստրոգեն և պրոգեստերոն հորմոնների մակարդակը,” – բացատրում է Քելլին: “Նույնիսկ եթե դուք բացառապես կրծքով եք կերակրում, պրոլակտինի մակարդակը, ամենուայնիվ, նվազելու է, և ձեր դաշտանը կարող է վերսկսել ծննդաբերությունից մոտավորապես վեցից ութերորդ ամսում, կամ նույնիսկ մեկ տարի հետո,” – ավելացնումէ Քելլին:

17. Ավելի քիչ բացակայություն աշխատանքից
Ձեր երեխան ավելի քիչ կհիվանդանա և, հետևաբար, դուք ավելի քիչ ստիպված կլինեք բացակայել աշխատանքից:

18. Կրծքով կերակրելն էժան է
Ըստ La Leche League International-ի, օրինակ ԱՄՆ-ում արհեստական կերի գինը կարող է տատանվել ամսական $134-ից $491, որը տարեկան կարող է կազմել $1,608-ից $5,892:

19. Երեխային ավելի լավ ճանաչելու հնարավորություն
“Դուք ավելի լավ եք սովորում երեխայի սոված կամ հագեցած լինելու նշանները, քանի որ ի տարբերություն շշով կերակրվող երեխաների, կրծքով կերակրելիս դուք չեք տեսնում, թե երեխան որքան կերավ,” ասումէ Քելլին, – “Դուք ստիպված եք լսել ձեր բնազդներին և ուշադիր լինել երեխայի վարքին՝ հասկանալու համար, որ նա կշտացել է”

20. Հակաբեղմնավորում
Կրծքով կերակրելը կարող է 98-99 տոկոսով կանխել հղիությունը, եթե առկա են հետևյալ պայմանները՝ դաշտանը չի վերսկսել, կերակրում եք առնվազն չորս ժամը մեկ, չեք տալիս ծծակ կամ շիշ, ծննդաբերությունից չի անցել վեց ամիս:

21. Այն շատ հեշտ է
Բարձրացրեք ձեր հագուստը և կերակրեք: Կրծքի կաթը միշտ կա և միշտ ճիշտ ջերմաստիճանի է:

22. Շահում են բոլորը
Համաձայն Միացյալ Նահանգների հեղինակավոր Pediatrics ամսագրում ներկայացված մի հետազոտության՝ ԱՄՆ-ն կարող էր տարեկան 13 միլիարդ դոլար խնայել, եթե այդ երկրի ընտանիքների 90 տոկոսը առնվազն վեց ամիս բացառապես կրծքով կերակրեին իրենց երեխաներին:

23. Սոցիալական աջակցություն
“Կրծքով կերակրելը օգնում է շփվել այլ մայրերի հետ,” – ասում է Քելլին, – “Մայրերը սկսում են քննարկել ծնող լինելու հետ կապված հարցեր, գիշերային կերակրումների կամ կրծքերի ցավի հետ կապված խնդիրներ, և այլն, որոնք հնարավորություն են տալիս ավելի հեշտ հաղթահարել հոգեբանական և սոցիալական հարաբերությունների հետ կապված հետծննդաբերական խնդիրները:”

24. Կրծքով կերակրելը լավ է երկրագնդի համար
Կաթնատու կովերը, որոնց կաթից պատրաստվում է նաև մանկական կերը, նպաստում են գլոբալ տաքացմանը: Այո՛, նրանց գոմաղբը, գխտալը և փքոտությունը մթնոլորտ են արտանետում են մեծ քանակությամբ մեթան գազ, որը վտանգավոր ջերմոցային գազ է:

Նյութը կազմվել է հետևյալ աղբյուրների հիման վրա՝

 

http://www.fitpregnancy.com/baby/breastfeeding/20-breastfeeding-benefits-mom-baby, http://www.askdrsears.com/topics/feeding-eating/breastfeeding/why-breast-is-best/3-little-known-benefits-breastfeeding; http://www.webmd.com/parenting/baby/news/20150615/breast-feeding-may-have-dental-benefits-study-suggests

 

Հեղինակներ՝ Քերոլ Անդերսոն Լյուսիա, Վիլիամ Սեարս, Թարա Հաելե

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 

Պաշտպանվեք կրծքի քաղցկեղից՝ երկար կերակրելով
Որո՞նք են երեխայիս կրծքով կերակրելու առավելությունները