Կրծքով կերակրման տասնհինգ դիրքեր


 

Բարեբախտաբար, վաղուց անցել են այն ժամանակները, երբ մայրերին նախանշվում էր կերակրել միշտ միևնույն դիրքով՝ աթոռի վրա նստած և ոտքերի տակ հատուկ աթոռակ դրած… Հիմա աթոռակներին փոխարինել են կերակրման համար նախատեսված բարձերը, և կերակրող մայրը գիտի, որ լավ է ցանկացած դիրք, որը հարմար է իրեն և երեխային։ Բայցևայնպես, հմտությունը փորձի հետ է գալիս, իսկ ինչպե՞ս կողմնորոշվի այն մայրը, որը նոր է իր առաջնեկին է ունեցել կամ ընդամենը մտածում է սպասվող կրծքով կերակրման մասին հղիության վերջին օրերին։

 

   Առաջին կանոն՝ կերակրելիս աշխատում ենք հարմարավետություն ապահովել թե՛ մեզ և թե՛ բալիկի բալիկի համար։ Կերակրումը երկուսիդ համար էլ պետք է հանգիստ լինի։ Այն սիրո, հանգստի և լիցքաթափության ժամանակն է, և մոր ու մանկան առավել սերտ շփման պահ։ Ձեզ ոչինչ չպետք է շեղի կամ անհանգստացնի, դրա համար էլ անմիջապես աշխատեք հարմար դիրք ընդունել, եթե անհրաժեշտ է՝ բարձեր դրեք ձեր մեջքի և ձեռքերի  (ինչպես հղիության ընթացքում) կամ երեխայի տակ, կամ տեղավորվեք բազկաթոռի մեջ (շատ մայրերի համար հրաշալի ձեռքբերում են հանդիսանում ճոճվող բազկաթոռները)։ Երկար ընդարմացած կերակրման ընթացքում ձեռքի տակ, որպես թեթև սնվելու միջոց, դրված մեկ բաժակ ըմպելիքը կամ սնունդն ընդհանրապես չեն խանգարի, քանի որ կաթի հոսքը կարող է քաղց կամ ծարավ առաջացնել։

    Երկրորդ կանոն՝ ծննդաբերությանը հաջորդող հենց առաջին օրերի ընթացքում երեխայի կերակրման ոչ թե մեկ, այլ մի քանի դիրքերի տարբերակներ փորձեք։ Բայց նույնիսկ որոշելով, որ ձեզ ամենից լավ որևէ մեկ դիրք է հարմար, կանգ մի առեք դրա վրա։ Ժամանակ առ ժամանակ երեխային կուրծք առաջարկեք այլ դիրքերով, քանի որ ձեր փոքրիկն այնքան արագ է աճում, և կրծքի մոտ վարքի առանձնահատկություններն էլ փոխվում են այդ աճին զուգահեռ։ Այն, ինչը երեկ անհարմար էր թվում, կարող է վաղը ամենահարմարը դառնալ։

    Երրորդ կանոն՝ լինում են դեպքեր, երբ կերակրման դիրքի փոփոխությունը ոչ թե ցանկալի է, այլ անհրաժեշտ։ Երեխայի կյանքի առաջին օրերին դա կարող է պահանջվել վնասված պտուկների պատճառով, երբ անհրաժեշտ է, որ փոքրիկի բերանիկի աշխատող մասերը հպվեն պտուկի այլ, չվնասված մասերին (միայն թե հիշեք, որ միայն դիրքը փոխելը բավարար չէ, անհրաժեշտ է հայտնաբերել և վերացնել խնդիրները՝ ամենից հաճախ դա կրծքի ոչ ճիշտ բռնելու հետևանք է)։ Բացի այդ, «ոչ ստանդարտ» դիրքերից կերակրումը կարող է պետք գալ այն դեպքերում, երբ կարիք կա մորը օգնելու հաղթահարել կաթի քարացումը։ Դե իսկ չարաճճիները, ակրոբատների նման, հմտորեն գլուխ են հանում մայրիկի կրծքից ցանկացած դիրքում։

Մանրամասնորեն պատմենք և ցուցադրենք կերակրման դիրքերի բազմատեսակ տարբերակներ։

 

ՄԱՅՐԸ ՆՍՏԱԾ Է ԿԵՐԱԿՐՈւՄ

position1. «Օրորոց»

Կերակրման ամենատարածված դիրքն է, որն իրենց նկարներում  շատ նկարիչներ են արտապատկերել։ Այն, հնարավոր է, երեխայի համար առավելագույն հարմարավետություն է ապահովում՝ նա պառկած է մայրիկի ձեռքերի մեջ, ինչպես օրորոցում, որտեղից էլ այս դիրքը ստացել է իր անվանումը։ Մայրը նստում է, երեխային վերցնում ձեռքերին, այնպես որ նրա գլուխը գտնվի արմունկային ծալվածքում, շրջում է նրան փորիկով դեպի իրեն և կուրծք տալիս։ Մոր մյուս ձեռքի ափը գրկում է հետույքիկը կամ պահում է մեջքը։ Կուրծքը ճիշտ բռնելու համար շատ կարևոր է, որ երեխայի գլուխը պտուկի հետ նույն բարձրության վրա լինի, դրա համար սկզբնական շրջանում պետք է արմունկը բավականին բարձր պահել (այստեղ կարող է կամ սովորական, կամ կերակրման բարձ պետք գալ)։ Ուշադրություն դարձրեք, որ երեխայի գլուխը մի փոքր ետ է ընկած՝ դա կրծքին արդյունավետ խորը մոտեցում է ապահովում, որի դեպքում երեխան առավելագույն քանակի կաթ կարող է ծծել։

 

2. «Հակադարձ օրորոց»

position 2

    «Օրորոց» դիրքի այս տարատեսակը երեխային օգնում է լավ բռնել կուրծքը ծնվելուց հետո առաջին շրջանում, երբ նա դեռ շատ փոքրիկ է և նրան մոր կողմից ավելի շատ օգնություն է անհրաժեշտ։ Երեխայի գլխի տակ ոչ թե արմունկային ծալվածքն է գտնվում, այլ՝ մոր ձեռքի դաստակը. դա թույլ է տալիս լավ բռնել և, անհրաժեշտության դեպքում, նաև կառավարել երեխայի գլուխը։ Ընդ որում, որպես հենարան կերակրող կրծքի հակադարձ ձեռքն է ծառայում. ձեռքի ափը տեղավորվում է երեխայի մեջքի և ուսերի տակ, գլուխը հայտնվում է ձեռքի բութ մատի և ցուցամատի արանքում։ Կրծքին մոտեցման ամենասկզբում երկրորդ ձեռքը տակից պահում է կուրծքը, իսկ երբ մայրը համոզվում է, որ երեխան արդեն լավ վերցրել է կուրծքը, այն կարելի է հեռացնել։ Քանի որ այն ձեռքը, որը պահում է երեխային, կարող է արագ հոգնել, ապա անհրաժեշտ է կամ նրա տակ որպես հենակ բարձ դնել, կամ այն բանից հետո, երբ երեխան լավ բռնել է կուրծքը, ձեռքերը զգուշորեն տեղերով փոխել և շարունակել կերակրել ավանդական «օրորոց» դիրքով։

 

3. Ձեռքի տակից

pos 4

    Այս դիրքը, որքան էլ տարօրինակ է, ոչ բոլոր, նույնիսկ կրկնակերակրող, մայրերը գիտեն, բայց չէ՞ որ լինում են իրավիճակներ, երբ այն շատ օգտակար է։ Օրինակ, կեսարյան հատումից հետո այն մայրիկներին թույլ է տալիս կերակրել նստած՝ առանց փորին ճնշման, հաճախ օգնում է այն իրավիճակում, երբ երեխան հստակորեն նախընտրում է մի կուրծքը մյուսից (ձեռքի տակից դիրքում «չսիրած» կուրծքը հայտնվում է երեխայի բերանիկի հետ նույն դիրքում, ինչ «սիրվածը» և շատ երեխաների համար այն մեղմում է ընտելացումը), օգնում է ավելի լավ բռնել կուրծքը: Այս դիրքը կարող է օգնել այն մայրերին, ովքեր հարթ պտուկներ ունեն, կամ երբ երեխան գերակտիվ է, և նրան պահել ավանդական «օրորոցում» դժվար է։ Շատ մայրերի համար այս դիրքն իսկական փրկություն է հանդիսանում։ Ձեռքի տակից դիրքում երեխան մոր նկատմամբ կողքի է պառկում, կարծես մոր թևատակից նայելիս լինի։ Մայրը երեխային վզի տակից է բռնում, իսկ նրա ոտիկները գտնվում են մոր մեջքի ետևում։ Երեխան փորով շրջված է դեպի մոր կոնքը, նրա բերանիկը գտնվում է կրծքի պտուկի մակարդակի վրա։ Որպեսզի մայրը ստիպված չլինի կորանալ, կարելի է բարձ դնել մինչև անհրաժեշտ բարձրությունը։

 

4. Երեխան նստած է

pos 3

    Իհարկե, այս դիրքն արդեն մի փոքր մեծացած, կես տարեկանից բարձր կրծքով կերակրվող երեխաների համար է։ Նրանց սովորաբար դուր է գալիս կերակրվել մայրիկի ծնկներին նստած և «շփվել» նրա հետ՝ մայրիկի կուրծքը բերանիկից բաց չթողնելով։

 

 

 

 

 

ՄԱՅՐԸ ՊԱՌԿԱԾ Է ԿԵՐԱԿՐՈւՄ

5. Կողքի պառկած

pos14

    Այս դիրքն ըստ տարածվածության հաջորդն է «օրորոցից» հետո։ Իհարկե, ամենից հաճախ այն կիրառվում է գիշերը կամ ցերեկային հանգստի ժամանակ (եթե երեխան մոր հետ է քնում, ապա կողքի պառկած կերակրումը երկուսին էլ թույլ է տալիս գրեթե չարթնանալ կերակրման ընթացքում), իսկ փոքրիկի կյանքի առաջին օրերի ընթացքում շատ տարածված է այն մայրերի շրջանում, ովքեր կեսարյան հատմամբ են ծննդաբերել, և պետք է խուսափել փորի վրա ճնշումից։ Պառկած կերակրման ընթացքում մայրը և երեխան պառկում են կողքի, մեկը դեպի մյուսին շրջված, մայրը գրկում է երեխային։ Ամենահեշտ պառկած դիրքը, ինչպես լուսանկարում, կիրառվում է սովորաբար արդեն մի քիչ մեծացած բալիկների հետ. ամենափոքրերին այդպես կերակրելը կարող է անհարմար լինել պտուկի և երեխայի բերանիկի բարձրությունների տարբերության պատճառով։

 

6. Մոր ձեռքին

pos 6    Իսկ ահա այս տարբերակը սովորաբար կիրառում են նորածին փոքրիկների մայրերը։ Որպեսզի բերանիկը պտուկի մակարդակի վրա գտնվի, մայրը վերևի ձեռքով կուրծքը մոտեցնում է երեխային։ Մորը շատ հարմար կլինի, եթե նա իր բարձն այնպես դնի, որպեսզի նրա վրա միայն գլուխը գտնվի, իսկ ուսերը՝ մահճակալի հարթության վրա։

 

 

 

7. Երեխան պառկած է բարձի վրա

pos 5

    Կարելի է նաև երեխային պառկեցնել ոչ թե մոր ձեռքի վրա, այլ ՝ հարթ բարձի։ Մայրերը երբեմն դժգոհում են, որ պառկած կերակրելը հարմար չէ. Սովորաբար այդպես է պատահում, եթե մայրը աշխատում է պահպանել հավասարակշռությունը՝ հենվելով արմունկի վրա. իհարկե, այդ դեպքում ձեռքը շուտ հոգնում է, իսկ մարմինը՝ փայտանում։ Իրականում բավական է պարզապես հարմար դիրք ընդունել, երբ մայրն ինքն էլ է տեղավորվում հենց բարձի վրա պառկած, առանց արմունկի վրա հենվելու։

 

8. Վերևի կրծքով կերակրում

pos 7

    Եթե մորն ավելի հարմար է որևէ կողքի վրա կերակրել, ապա կարելի է կերակրել ոչ միայն երեխային ուղղված ներքևի կրծքով, այլ նաև վերևի։ Միաժամանակ հենց այս դիրքը կօգնի փոքրիկին հաղթահարել կաթի քարացումը, եթե այն հանկարծ ծագի կրծքի ներքին հատվածում։

 

 

 

9. Ընդարմացած կերակրում

pos 8

    Սա այն հրաշալի դիրքերից մեկն է, որը թե՛ մորը, և թե՛ երեխային օգնում է առավելագույնս թուլանալ և հանգստանալ կերակրման ընթացքում։ Մայրը կիսապառկած դիրք է ընդունում, մի փոքր բարձրացրած գլխով և ուսերով՝ շրջապատելով իրեն բարձերով ՝ հավաքված ամուր հենարանով, և իրեն լիարժեք հարմարավետություն ապահովելով։ Երեխան պառկում է մոր վրա, որն օգնում է նրան գտնել կուրծքը ու տեղավորվել։ Բացի այն, որ ընդարմացած է հենց մայրը, այս դիրքում հրաշալիորեն հանգստանում է նաև հենց ինքը՝ երեխան:. Այն հատկապես լավ է անհանգիստ բալիկների համար, որոնց մայրերը պատմում են, որ երեխան թափահարում է ձեռքերն ու ոտիկները և պտտում գլուխը։ Մոր փորի վրա այսպիսի կերակրման ընթացքում գտնվելիս երեխան ինքն իրեն չի խանգարում ձեռքերի և ոտիկների անկանոն շարժումներով, այլ կամ սահում է կրծքից, կամ էլ հանգիստ ծծում: Գլխի աջ-ձախ պտույտներն այստեղ վերածվում են վերև-ներքև շարժումների, որոնք էլ օգնում են ավելի լավ բռնել կուրծքը։ Արդյունքում հաճախ երեխան կուրծքն ավելի խորն է բռնում և լեզուն ծծելու ընթացքում ավելի ակտիվ է աշխատում, քան մյուս դիրքերում։ Այս դիրքը նաև երեխային թույլ է տալիս ինքնուրույն լավ կարգավորել կաթի հոսքը, ինչը հատկապես ակտուալ է կաթի հոսքի ուժեղ ռեֆլեքսի ժամանակ, երբ կերակրման ընթացքում սովորական դիրքի դեպքում երեխան ուղղակի խեղդվում է։

 

10. Հակադարձ ձևով կերակրում

pos 10

    Այս հազվադեպ կիրառվող դիրքն օգնության է հասնում կաթի քարացումների դեպքում։ Եթե կաթն ինչ-որ պատճառով ավելին է արտադրվել, քան երեխայի պահանջն է, ապա միևնույն դիրքով կերակրման դեպքում քարացման վտանգ է առաջանում։ Փոքրիկը մոր կուրծքն անհավասարաչափ է դատարկում. նա ամենից լավ քաշում է կաթը կրծքի այն հատվածից, դեպի որ կողմը կերակրման ընթացքում  ընկած է նրա դունչը։ Հենց դրանով էլ պետք է կողմնորոշվել քարացումը հաղթահարելու անհրաժեշտության դեպքում։ Այսպիսի դիրքը կիրառվում է, եթե անհրաժեշտ է, որ երեխան կարողանա ծծել կրծքի վերին մասում հանեմատաբար հազվադեպ հանդիպող ձգվածքները։

 

ՄԱՅՐԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԿԵՐԱԿՐՈւՄ

11. Կանգնած օրորում

pos 9

    Սա նույնպես հիմնական դիրքերից մեկն է։ Հանդարտ օրորելու հետ համատեղված՝ կանգնած կերակրումն օգնում է արագ քնեցնել երեխային, որը չափից ավելի է ակտիվացել կամ նյարդայնացել։

 

 

 

 

 

12. Երեխան կանգնած է

pos 11

Այսպես, սովորաբար, մի փոքր ավելի մեծացած բալիկներն են «վազքով» կերակրվում, որպեսզի արագ վերականգնեն իրենց հոգեկան հավասարակշռությունը մոր հետ կարճատև, բայց նուրբ հաղորդակցմամբ և կրկին զբաղվեն իրենց շատ կարևոր մանկական գործերով։

 

 

 

 

 

 

13. Երեխան մոր կոնքի վրա

pos 12

Կերակրման այս դիրքը կարող է պետք գալ, եթե փոքրիկը հակված է փսխելուն. երեխայի ուղղահայաց դիրքը խիստ մեղմում, երբեմն էլ հիմնովին լուծում է այս խնդիրը։

 

 

 

 

 

 

ՄԱՅՐԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԿԵՐԱԿՐՈւՄ

ՀԱՏՈւԿ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

14. Կռացած կերակրում

pos 4

Եթե մայրը ցանկություն ունի նպաստելու կաթի արտադրման ռեֆլեքսին, նա կարող է կերակրել երեխային՝ կռանալով նրա վրա իր արմունկին հենված։ Այս դիրքում, ծանրության ուժի ազդեցության տակ, կաթն ավելի հեշտ է իջնում ծորաններով, որը կարող է հատկապես ակտուալ լինել երեխային շշով կերակրումից կրծքով կերակրմանն անցնելու դեպքում։ Բայցևայնպես դժվար է այսպես երկար կերակրել, քանի որ ձեռքն արագ հոգնում է։

 

 

 

 

15. Կերակրում սլինգում

pos 13

Իր երեխային սլինգի մեջ կրող ակտիվ մայրիկն, իհարկե, նրան քաղցած ևս չի թողնի. սլինգն, ինչպես ոչ մի այլ աքսեսուար, նպաստում է կրծքով կերակրմանը՝ օգնելով պահպանել երեխայի սերտ հաղորդակցումը մոր և նրա կրծքի հետ՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության։

 

 

 

 

 

… Դե իսկ երբ ձեր ցմփորիկը մեծանա, դուք ինքներդ կհամոզվեք, որ մոր «ծիծի»-ի նկատմամբ նուրբ սերը թույլ է տալիս կերակրվել ինչպես պատահի, գործնականորեն գլխիվայր։ Կարևորը ուղղակի հնարավորություն ընձեռելն է։

 

 

Թարգմանեց Գոհար Եգորյանը

Շնորհակալություն Ռոզա Սարգսյան Ֆենդերին օգնության համար:

Աղբյուրներ` http://www.akev.ru/content/view/650/151/

 


Կերակրող հոր 10 պատվիրանները
Ինչպե՞ս նախապատրաստվել կրծքով կերակրելուն