Կրծքով կերակրվող երեխաների զգայունությունը կաթնամթերքի և այլ սննդամթերքի նկատմամբ


dairyՈրքա՞ն ուշադիր պետք է հետևի կրծքով կերակրող մայրը իր սննդակարգին

Երեխաների մեծ մասը ոչ մի խնդիր չունի նրա հետ, թե ինչ է ուտում մայրը: Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում, որ մայրը ուտի այն, ինչ ցանկանում է, երբ ցանկանում է և որքան ցանկանում է: Նման ձևով կարելի է սնվել քանի դեռ երեխայի մոտ ձեր սննդակարգի նկատմամբ բացահայտ զգայունություն կամ ալերգիա չեք նկատել:

Չկա “արգելված” ուտելիքի ցանկ, քանի որ երեխաները կարող են զգայուն լինել տարբեր սննդամթերքների նկատմամբ:  

Երեխայի անհանգիստ լինելը

Երեխաների մեծ մասը անհանգիստ է, քանի որ տարիքով փոքր է, այլ ոչ թե որովհետև մայրը ինչ որ բան է ուտում: Եթե ձեր երեխան զգայուն է ձեր կերած որևե սննդամթերքի նկատմամբ, բացի անհանգիստ լինելուց, նա նաև այլ նշաններ կունենա, օրինակ՝ չափից շատ հետ տալը, որձկալը, կոլիկները, ցանը կամ փակ քիթը: Եթե երեխան անհանգիստ է, սակայն այլ նշաններ չունի, և հանգստանում է, երբ մայրը ավելի հաճախ է կուրծք տալիս, ապա նրա անհանգստությունը, ամենայն հավանականությամբ, մոր կերածի հետ կապ չունի:

Սննդային ալերգիայի հնարավոր նշաններ

Կրծքով կերակրող մայրերի մի փոքր տոկոս կարող է երեխայի վարքում փոփոխություն նկատել մի որոշ սննդամթերք օգտագործելու դեպքում: Կաթնամթերքը ամենատարածված սնունդ է և, ամենայն հավանականությամբ, սննդամթերքի միակ տեսակը, որի ազդեցությունը երեխայի անհանգիստ լինելու կամ գազերի վրա ապացուցվել է ուսումնասիրությունների արդյունքում: Ամեն դեպքում, բոլոր երեխաները չեն, որ կաթնամթերքի նկատմամբ զգայուն են, և կան շատ երեխաներ, որոնք զգայուն են այլ տեսակի սննդամթերքի նկատմամբ:

Մոր սննդի նկատմամբ երեխաների զգայունությունը շատ ավելի քիչ հանդիպող երևույթ է, քան մենք հակված են մտածել:

Եթե կրծքով կերակրվող երեխան զգայուն է մի որոշակի սննդամթերքի նկատմամբ, նա անհանգիստ կլինի ուտելուց հետո, լաց կլինի շատ երկար, կքնի շատ քիչ և կարթնանա շատ հանկարծակի՝ ասես արթնանում է իրեն անհանգստություն պատճառով ինչ-որ բանից: Ձեր ընտանիքում կարող են լինել որոշակի սննդի նկատմամբ ալերգիա ունեցող մարդիկ: Սննդային ալերգիայի այլ հավանական նշաններից են՝ ցանը, էկզեման, ցավացող հետույքը, չոր մաշկը, խռխռոցը կամ ասթման, փակ քիթը կամ հարբուխնի նման սիմպտոմները, աչքերի կարմրությունը, ականջի ցավը, դյուրագրգռությունը, սուր ցավը, ստամոքսի խանգարումը, փսխումը, փորկապությունը և/կամ լուծը, արյունով և լորձով կանաչ կղանքը:

Ալերգիայի աստիճանը կապված է մոր կերած սննդի քանակի նկատմամբ երեխայի զգայունության հետ: Որքան ավելի շատ է մայրը այդ սննդից կերել, այնքան ավելի զգայուն կլինի երեխան և այնքան ավելի ուժեղ կլինի ալերգիան: Սննդային ալերգիան կարող է մի քանի րոպեում երևալ, սակայն սովորաբար սննդային ալերգիայի նշանները սկսում են ի հայտ գալ կրծքով կերակրելուց 4-24 ժամվա ընթացքում: Եթե երեխան նոր ուտելիքի նկատմամբ զգայուն է կամ զգայուն է դրա քանակի նկատմամբ, ապա մի քանի ժամ հետո նա իրեն կսկսի նորմալ զգալ: Եթե նա զգայուն է հենց սննդի տեսակի, այլ ոչ թե քանակի նկատմամբ, ապա նշանները կշարունակվեն:

Ո՞ր սնունդն է, որի նկատմամբ երեխաները առավել զգայուն են

Առաջին հերթին պետք է կասկածել կովի կաթից պատրաստված կաթնամթերքի, սոյայի, ցորենի, եգիպտացորենի, ձվի և գետնանուշի վրա:

Նաև՝

  • Սննդամթերք, որի նկատմամբ ընտանիքի որևե անդամ ալերգիա ունի,
  • Սննդամթերք, որից մայրը վերջերս շատ է կերել,
  • Նոր սննդամթերք, եթե երեխայի մոտ նշանները նոր են հայտնվել,
  • Ուտելիք, որը մայրը չի սիրում, բայց հղիության կամ կրծքով կերակրելու ժամանակ կերել է,
  • Սննդամթերք, որը մայրը շատ է ցանկացել ուտել դժվար օր ունենալուց հետո:

Ի՞նչ անել, եթե որևե սննդամթերքից խնդիր է առաջացել

Եթե մտածում եք, որ ձեր երեխան որևե սննդամթերքի նկատմամբ զգայուն է, ապա հանեք այդ սննդամթերքը ձեր սննդակարգից 2-3 շաբաթով, և հետևեք, թե արդյոք երեխայի մոտ փոփոխություն կա: Եթե երեխայի մոտ զգայունության նշանները դեպի լավն են գնում, ամենայն հավանականությամբ, խնդիրը հենց այդ սննդամթերքն է եղել: Նման սննդամթերքից պետք է հրաժարվել առնվազն 2-3 շաբաթ, քանի որ դրանից կարճ ժամանակահատվածը կարող է արդյունք ցույց չտալ. օրինակ, կովի կաթի սպիտակուցները մոր օրգանիզմում կարող են մնալ 1½ – 2 շաբաթ, և գուցե պահանջվի ևս  1½ – 2 շաբաթ, որպեսզի դրանք դուրս գան երեխայի օրգանիզմից:

Երեխայի մոտ դրական փոփոխություն կնկատվի 5-7 օրը: Երեխան միանգամից չի լավանա, հատկապես եթե մայրը երկար է օգտագործել այդ սննդամթերքը: Որոշ երեխաներ կարող են շարունակել իրենց վատ զգալ մեկ շաբաթ և ավելի երկար, և միայն դրանից հետո նրանց մոտ կարող է դրական տեղաշարժ նկատվել:

Համոզվելու համար, որ երեխայի զգայունությունը հենց այդ սննդամթերքից էր, դուք կարող եք ևս մեկ անգամ օգտագործել այն, և հետևել երեխայի օրգանիզմի արձագանքին: Սակայն որքան ավելի ուժեղ է երեխայի զգայունությունը այդ սննդամթերքի նկատմամբ, այնքան ավելի երկար պետք  է սպասել նախքան նորից ուտելը: Իսկ եթե զգայունությունը շատ ուժեղ է եղել, ապա նորից փորձել պետք չէ: Եթե այդ սննդամթերքը նորից ուտելու դեպքում երեխան իրենց վատ չի զգում, ամենայն հավանականությամբ, զգայունությունը դրա նկատմամբ չի եղել: Սակայն եթե ստուգելու համար դուք նորից եք ուտում այդ սննդամթերքը, և երեխան նորից զգայունություն է ցուցաբերում, ապա պետք է դրանից հրաժարվել մինչև կրծքով կերակրելու ավարտը:

Եթե երեխան միայն մի թեթև զգայունություն է ցուցաբերում մի որևե սննդամթերքի նկատմամբ, ապա կարող եք պարզապես քչացնել դրա քանակը: Շատ երեխաներ նման զգայունությունից ազատվում են մի քանի ամսականից մինչև մեկ տարեկան դառնալը, բայց որոշ տեսակի սննդամթերքի նկատմամբ զգայունությունը կարող է շատ երկար տևել:

Արդյո՞ք իմ երեխան կաթնաշաքարի նկատմամբ անհանդուրժողականություն ունի (lactose intolerance)

Եթե ձեր երեխան զգայուն է կաթնամթերքի նկատմամբ, ապա քիչ հավանական է, որ նա ունի կաթնաշաքարի նկատմամբ անհանդուրժողականություն (lactose intolerance), չնայած շատ մարդիկ հենց դա կարող են ձեզ համոզել:

Չնայած կովի կաթի նկատմամբ զգայունությունը և կաթնաշաքարի նկատմամբ անհանդուրժողականությունը նույն բանը չեն, նրանք կարող են ի հայտ գալ մոտավորապես նույն ժամանակահատվածում, քանի որ սննդային ալերգիաները կարող են առաջացնել կաթնաշաքարի նկատմամբ երկրորդային անհանդուրժողականություն:

Զգայունությունը կովի կաթի սպիտակուցների նկատմամբ

 Կրծքով կերակրվող երեխաները, որոնք զգայուն են մոր կողմից օգտագործվող կովի կաթից պատրաստված կաթնամթերքի նկատմամբ, զգայուն են կովի կաթի որոշ հակամարմինների նկատմամբ, որոնք սպիտակուցներ են, այլ ոչ՝ կաթնաշաքար, և անցնում են մոր կաթի մեջ: Կովի կաթը, որը կա՛մ մոր սննդակարգում է, կա՛մ արհեստական կերում, երեխաների սննդային զգայունության տարածված պատճառ է: Կովի կաթի նկատմամբ զգայունությունը կարող է առաջացնել կոլիկների նման խնդիրներ, էկզեմա, խռխռոց, որձկում, լուծ (ներառյալ՝ արյունոտ), փորկապություն, ցան, փակ քիթ:

Եթե ձեր երեխան ձեր սննդակարգում առկա կաթնամթերքի նկատմամբ զգայուն է, ապա ձեզ չի օգնի առանց կաթնաշաքարի կաթնամթերքի անցնելը, քանի որ խնդիրը ոչ թե կաթնաշաքարի, այլ սպիտակուցների մեջ է: Եփած կաթնամթերքը կարող է նվազեցնել խնդիրը, բայց չի վերացնի ալերգենները:

Կովի կաթի սպիտակուցների նկատմամբ զգայուն երեխաների մեծ մասը զգայուն է նաև սոյայի, այծի կամ ոչխարի կաթի նկատմամբ, իսկ որոշները նաև տավարի մսի նկատմամբ:

Եթե մտածում եք, որ ձեր երեխան ձեր սննդակարգում առկա կաթնամթերքի նկատմամբ զգայուն է, հիշե՛ք, որ ձեզ անհրաժեշտ կլինի 10 օրից մինչև 3 շաբաթ դրանցից հրաժարվել: Ձեզ անհրաժեշտ կլինի  2-3 շաբաթ՝ արդյունքը գանահատելու համար:

Եթե ձեր երեխան քիչ է զգայուն կաթնամթերքի նկատմամբ, կարող եք փորձել թեթևացնել երեխայի խնդիրները՝ միայն որոշ բացահայտ ալերգենները ձեր սննդակարգից հանելով՝ կաթը, թթվասերը, յոգուրտը, կարագը, պանիրը, պաղպաղակը, կաթնաշոռը. դրանք փոքր քանակությամբ ուտելը նույնիսկ կարող է չազդել երեխայի վրա:

Եթե ձեր երեխան շատ ալերգիկ է, ապա ձեզ անհրաժեշտ կլինի խուսափել ցանկացած տեսակի կաթնամթերքից և օգտագործելուց առաջ ուշադիր կարդալ սննդամթերքի բաղադրությունը:

Եթե հրաժարվել եք կաթնամթերքից երեխայի զգայունության պատճառով, մի քանի ամիս անց կարող եք այն նորից փորձել ուտել: Կաթնամթերքի նկատամբ զգայուն շատ երեխաներ նման զգայունություն այլևս չեն ունենում 6-18 ամսականում:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/health/baby-health/food-sensitivity/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 11 April 2015 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

 


Արդյո՞ք կրծքով կերակրող մայրը կարող է օգտագործել...
Դեղաբույսեր, որոնք կարող են քչացնել կաթը