Հակաբեղմնավորիչները և կրծքով կերակրելը


????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????Դաշտանային ցիկլը հորմոններով պայմանավորված քիմիական ազդակների շղթա է: Ցիկլը սկսում է, երբ հիպոտալամուսում արտադրվող գոնադոտրոպին-ռելիզինգ հորմոն (GnRH) հորմոնը նպաստում է հիպոֆիզում  ֆոլիկուլոխթանիչ և լյուտեինացնող հորմոնների արտադրությանը, որոնք խթանում են ձվարաններում ֆոլիկուլների առաջացումը և հասունացումը, ինչպես նաև օժանդակում են  նրանց կողմից էստրոգենների սինթեզին: Էստրոգենը հորմոն է, որը խթանում է նոր բջիջների ձևավորումը: Լյուտեինացնող հորմոնը առաջացնում է ձվազատում: Ձվազատումից հետո ֆոլիկուլը արտադրում է էթստրոգեն և մեկ այլ հորմոն՝ պրոգեստերոն, որոնք երկուսն էլ նպաստում են ձվաբջջի արգանդափողին ամրանալուն:

Կրծքով կերակրելը կանխարգելում է հղիությունը հետևյալ կերպ: Ինչպես արդեն նշեցինք հիպոթալամուսը արտադրում է գոնադոտրոպին-ռելիզինգ հորմոն, որը ողջ դաշտանային ցիկլի սկիզբն է դնում: Սակայն այս հորմոնի արտամղումը արգելակվում է պրոլակտին հորմոնի կողմից, որը մայրական կաթի արտադրության համար անհրաժեշտ հորմոն է: Առանց գոնադոտրոպին-ռելիզինգ հորմոն արտամղման դաշտանային ցիկլ սկսվել չի կարող: Քանի դեռ հետծննդաբերական շրջանում բացառապես կրծքով կերակրելու դեպքում բարձր է պրոլակտին հորմոնի մակարդակը, գոնադոտրոպին-ռելիզինգ հորմոն չի արտամղվի:

Հղիությունից խուսափող կերակրող մայրը կարող է մի քանի տարբեր հակաբեղմնավորման մեթոդներ կիրառել: Մեթոդներից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները և թերությունները:

Եթե մայրը կերակրում է միայն կրծքով, կերակրում է և՛ գիշերը, և՛ ցերեկը և կողմնակի ոչ մի լրացուցիչ կամ հավելյալ ուտելիք չի տալիս, նրա մոտ չի վերսկսել դաշտանը, իսկ երեխան վեց ամսականից փոքր է, ապա նա 98% պաշտպանված է հղիությունից: Բացառապես կրծքով կերակրելու շրջանը նշանակում է, որ բացառված են ջուրը և արհեստական կերը, ինչպես նաև սահմանափակված է ծծակի օգտագործումը: Երեխայի ծծելու ամբողջ պահանջը բավարարվում է մոր կրծքի օգնությամբ՝ ըստ պահանջի և օրվա ողջ ընթացքում: Եթե մայրը ծննդաբերելուց 56 օր հետո արդեն արյունահոսություն չունի, իսկ երեխան կողմնակի ուտելիք չի ստանում, ապա մոր հղիանալու հավանականությունը 2% է:

Կարևոր է հասկանալ, որ եթե քչանում է կրծքով կերակրելու հաճախականությունը լրացուցիչ կեր տալու կամ ավելի հազվադեպ կերակրելու պատճառով, կրծքով կերակրելու հակաբեղմնավորիչ ազդեցությունը նվազում է, և արդեն պետք է մտածել հակաբեղմնավորման այլ մեթոդների մասին:

Հղիությունը ամենաարդյունավետ կերպով կնախարգելվում է, եթե երեխան ցերեկը ուտում է 4 ժամ և ավելի երկար ընդմիջումով, իսկ գիշերը՝ 6 ժամից ավելի: Կերակրելու ձևը ամենակարևոր գործոններից է, սակայն մոր մարմնի առանձնահատկությունները ևս կարող են որոշիչ դեր խաղալ: Որոշ մայրեր կերակրում են առանց լրացուցիչ տալու, բայց նրանց դաշտանը սկսում է առաջին ամիսների ընթացքում: Մյուսները, ում երեխաները սկսում են գիշերը քնել կամ կողմնակի սնունդ ստանալ, կարող են մեկ տարի կամ նույնիսկ ավելի երկար դաշտան չունենալ: Որոշ կանայք կարող են առանց դաշտանի վերսկսելու կերկարել նույնիսկ երկու տարի կամ ավելի երկար:

Երբ ավարտվում է նախնական հետծննդաբերական արտադրությունը՝ արնահոսությունը, որը տևում է ծննդաբերությունից հետո 2-4 շաբաթ, կերակրող մայրերը սովորաբար մի քանի ամիս վագինալ արնահոսություն չեն ունենում: Սովորաբար առաջին դաշտանը լինում է առանց օվուլյացիայի: Շատ մայրեր այս դաշտանը ՙզգուշացման՚ դաշտան են համարում, որը նշանակում է, որ դրանից հետո նրանք կարող են հղիանալ:

Թեթև արնահոսությունը պտղաբերության վերականգման նշան է: Ցանկացած թեթև արնահոսություն, թեկուզ կաթիլների տեսքով, որը մի քանի օր է տևում, նշանակում է, որ մայրը նորից կարող է հղիանալ: Կրծքով կերակրող մայրը կարող է անկանոն դաշտան ունենալ: Որոշ մայրեր, բայց ոչ բոլորը, նկատում են, որ դաշտանի ժամանակ իրենց կաթը մի փոքր պակասում է:

Շատ կարևոր է հասկանալ և որոշել, թե որ հակաբեղմնավորման տարբերակն է ձեզ համար ընդունելի՝ մինչև դաշտանի վերսկսելը:

Պետք է խուսափել էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչներիչ, քանի որ դրանք կարող են կաթը քչացնել:

Կրծքով կերակրելու շրջանում մոր մարմնում տեղի ունեցող փոփոխությունները կարող են բերել վագինալ չորության՝ էստրոգենի ցածր մակարդակի պատճառով: Սեռական հարաբերությունները կարող են տհաճ լինել, եթե մայրը օգտագործում է հակաբեղմնավորիչ քսուկ:

Օրգազմի  ժամանակ օքսիտոցին հորմոնի պատճառով կրծքից կարող է կաթ հոսել: Նման իրավիճակը կանխելու համար սեռական ակտից առաջ կարող եք կրծքերը մի թեթև կթել և ձեզ մոտ մաքուր կտոր կամ անձեռոցիկ պահել սրբելու համար:

Կրծքով կերակրող մոր համար առաջին ընտրությունը հակաբեղմնավորման ոչ-հորմոնալ տարբերակն է: Ոչ-հորմոնալ տարբերակներից է պահպանակը, որի առավելություններից է միշտ հասանելի լինելը և կրծքով կերակրելու վրա ոչ մի ազդեցություն չունենալը: Պահպանակները շատ արդյունավետ հակաբեղմնավորման միջոց են, եթե ճիշտ են օգտագործվում: Միակ խնդիրն այն է, որ դրանք կարող են գրգռել ներհեշտոցային հյուսվածքները: Նման դեպքերում հավելյալ քսուկ օգտագործեք:

Հեշտոցային խփիկները (դիաֆրագմա) ևս ոչ մի ազդեցություն չունեն կրծքով կերակրելու վրա, եթե ճիշտ են օգտագործվում: Նրանց արդյունավետությունը պայմանավորված է սպերմիցիդ քսուկով: Խփիկների չափսը պետք է նորից ճշտել ծննդաբերելուց հետո, երբ արգանդը վերադառնաում է իր մինչ հղիությունը ունեցած չափսերին:

Սպերմիցիդները ոչ մի ազդեցություն չունեն կրծքով կերակրելու վրա և շատ արդյունավետ են: Նրանք կարող են գրգռել հեշտոցի պատերը ինչպես նաև զուգընկերոջը նեղություն պատճառել: Սպերմիցիդները չեն անցնում կաթի մեջ և ազդեցություն չեն ունենում երեխայի վրա:

Ներարգանդային պարույրները (ՆԱՊ, IUD) կրծքով կերակրելու վրա չեն ազդում և շատ արդյունավետ են: Մի փոքր ռիսկ կա բորբոքումների, եթե պարույրը ճիշտ տեղադրված չէ կամ տեղադրված է ծննդաբերությունից հետո վեց շաբաթների ընթացքում:

Մշտական լուծումները՝ վազեկտոմիան կամ սերմնալարի կապումը, որոնք ՀՀ-ում դեռևս չեն կիրառվում, կերկարելու համար անվտանգ են և գրեթե հարյուր տոկոսով վստահելի: Սակայն այս միջոցները վերջնական են:

Մեկ այլ ոչ-հորմոնալ մեթոդ է հակաբեղմնաբնական բնական մեթոդը, որն է՝ հղիության ամենահավանական օրերին սեռական հարաբերությունից խուսափելը: Սակայն քանի որ կրծքով կերակրելու ժամանակ դժվար է նկատել օվուլյացիայի  նախանշանները, այս մեթոդը հավելյալ գիտելիքների և ուշադրության կարիք ունի:

Եթե կերակրող մայրը ընտրում է հակաբեղմնավորման հորմոնալ մեթոդ, երկրորդ ընտրությունը միայն պրոգեստին պարունակող մեթոդներն են՝ իմպլանտները, մինի-հաբերը կամ ներարկումները: Այս բոլոր մեթոդները կարող են շատ արդյունավետ լինել, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելացնել կաթը: Չնայած պրոգեստին հորմոնը կարող է ներթափանել մայրական կաթի մեջ, չկա ոչ մի ապացույց, որ այն կարող է վնասակար լինել: Խորհուրդ է տրվում պրոգեստին հորմոն պարունակող հակաբեղմնավորիչները սկսել օգտագործել ծննդաբերությունից առնվազն վեց շաբաթ անց, քանի որ հորմոնները կարող են ազդել կաթի կարգավորման վրա:

Երրորդ և ամենավերջին ընտրությունը էստրոգեն պարունակող հակաբեղմնավորման միջոցներն են, օրինակ՝ հաբերը: Այս մեթոդները շատ էֆեկտիվ են, սակայն հաճախ նվազեցնում են կաթի քանակը, իսկ որոշ հորմոններ անցնում են կաթի մեջ: Չնայած չկա ոչ մի հիմնավոր  ապացույց, որ նման հաբերը կերակրող մայրերի երեխաների վրա վատ ազդեցություն կարող են ունենալ, էստրոգենը կարող է կաթի նվազման կամ կրծքից շուտ կտրվելու պատճառ դառնալ: Եթե հնարավոր չէ հրաժարվել նման հակաբեղմնավորման մեթոդից, շարունակեք կերակրել կրծքով, քանի որ մայրական կաթի առավելությունները շատ ավելին են: Եթե մայրը ընտրում է այս մեթոդը, հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխայի քաշի աճին. որոշ մայրերի դեպքում կրծքի կաթի քանակի նվազելը խնդիր չէ, սակայն այլ մայրերի դեպքում այն կարող է երեխաների քաշի վրա անդրադառնալ:

Աղբյուրը՝ Breastfeeding Basics

Հեղինակ՝ Աննա Սմիթ, IBCLC

Թարգմանված է՝ http://www.breastfeeding-basics.com/articles/breastfeeding-and-birth-control

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Կրծքով կերակրելը կեսարյան ծննդաբերությունից հետո