Հակաբիոտիկներ. ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնողը


drugs-pillsԱմենայն հավանականությամբ, բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ ընդունել ենք հակաբիոտիկ դեղամիջոց: Այնպիսի տարածված հիվանդություններ, ինչպիսին են թարախային անգինան, ականջի ցավը, միզուղիների բորբոքումը, մաշկային ինֆեկցիաները և այլ բակտերիալ ծագում ունեցող հիվանդություններ, բուժվում են հակաբիոտիկների օգնությամբ:

Հակաբիոտիկները հակամանրէային դեղամիջոց են, որոնք կա՛մ իսպառ ոչնչացնում են բակտերիաները, կա՛մ սահմանափակում են դրանց աճը: Յուրաքանչյուր հակաբիոտիկ պայքարում է որոշակի խումբ բակտերիաների դեմ և, սովորաբար, հակաբիոտիկները չեն կարող փոխարինել մեկը մյուսին:

.

Ո՞ր հիվանդությունների դեպքում է նշանակվում հակաբիոտիկ դեղամիջոց

Հակաբիոտիկ նշանակվում է որոշ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Սակայն ոչ բոլոր ինֆեկցիոն հիվանդություններն են բուժվում հակաբիոտիկներով: Հակաբիոտիկները օգտագործվում են բակտերիաներով, սնկերով և որոշ պարազիտներով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունները բուժելու համար:

ՀԻՇԵՔ. հակաբիոտիկները ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ վիրուսներով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունները:

Վիրուսային ինֆեկցիաների ժամանակ հակաբիոտիկ ընդունելը՝

  • Չի՛ բուժելու ինֆեկցիոն հիվանդությունը,
  • Չի՛ պաշտպանելու այլ մարդկանց վարակվելուց,
  • Չի՛ լավացնելու ձեր երեխայի ինքնազգացողությունը,
  • Կարող է առաջացնել անիմաստ և վնասակար կողմնակի ազդեցություններ,
  • Կարող է նպաստել հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձևավորմանը, երբ բակտերիաները կարողանում են դիմադրել հակաբիոտիկ դեղի ազդեցությանը և շարունակում են վնասել օրգանիզմին:
Տարածված վիրուսային ինֆեկցիաներ Տարածված բակտերիալ ինֆեկցիաներ
Կարմիր կոկորդ Թարախային անգինա
Հազի, մրսածության և հարբուխների մեծ մասը Բակտերիալ պնևմոնիա
Սուր սինուսիտ Միզուղիների բորբոքում
Սուր բրոնխիտ Շատ մաշկային ինֆեկցիաներ
Որոշ ականջի կամ աչքի ինֆեկցիաներ Որոշ ականջի կամ աչքի ինֆեկցիաներ
Ռեսպիրատոր սինցիտիալ վարակ Որոշ սինուսային ինֆեկցիաներ, չնայած սրանք սովորաբար վիրուսային ինֆեկցիաներ են
Գրիպ Բակտերիալ մենինգիտ
Հերպես Թոքախտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համարում է առողջապահության հիմնական խնդիրներից մեկը: Այն նշում է, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառներից են հանդիսանում հիվանդների կողմից բժշկի նշանակած հակաբիոտիկի չափաբաժնին և բուժմանը չհետևելը, հակաբիոտիկների անհարկի և չափից հաճախ օգտագործումը:

.

Հակաբիոտիկաբուժության ութ մոլորություններն ըստ Կոմարովսկու

  1. Հակաբիոտիկներն ազդում են վիրուսների վրա: Ո՛Չ, հակաբիոտիկները վիրուսային հիվանդությունների վրա չեն ազդում, չեն օգնում լավանալ, չեն լավացնում ոչինչ, բացի արտադրողների նյութական բարօրությունից:
  1. Հակաբիոտիկները կանխարգելում են վիրուսային ինֆեկցիաները: Իրականում, հակաբիոտիկներով բուժումը ՉԻ՛ կարող նվազեցնել բակտերիալ բարդացումների հավանականությունը վիրուսային ինֆեկցիաների ժամանակ:
  1. Հակաբիոտիկները լինում են թույլ և ուժեղ: Միջին վիճակագրական քաղաքացին հակված է մտածել, որ որքան ավելի թանկ է հակաբիոտիկը, այնքան այն ավելի արդյունավետ է: Իրականում, թանկ դեղամիջոցները կիրառվում են միայն շատ բարդ, և բարեբախտաբար, հազվադեպ դեպքերում, երբ հիվանդության պատճառն այնպիսի մանրէ է, որը կայունություն է ձեռքբերել հակաբիոտիկ պատրաստուկների մեծ մասի նկատմամբ, երբ կա ցածր իմունիտետ, երբ վիճակն այնքան վատ է, որ անհրաժեշտ է արագ և շատ արդյունավետ միջամտություն:
  1. Թուլացնում են իմունիտետը: Ժամանակակից պատրաստուկները իմունային համակարգի վրա թուլացնող ազդեցություն չունեն: Իմունիտետը թուլացնում է հիվանդությունը, որի բուժման համար նշանակվել է հակաբիոտիկը:
  1. Հակաբիոտիկների հետ պետք է ընդունել հակասնկային պատրաստուկներ: Հակաբիոտիկների կողմնակի ազդեցություն համարվող կանդիդոզ սնկային հիվանդությունն իրոք բուժվում է հակասնկային միջոցներով: Սակայն ոչ մի ապացույց չկա, որ հակասնկային միջոցները կարող են պրոֆիլակտիկ դեր խաղալ և նվազեցնել կանդիդոզի առաջացման հավանականությունը: Արդյունքում, հիվանդն ընդունում է ավելորդ դեղամիջոց և անիմաստ ծախս է անում:
  1. Հակաբիոտիկ ընդունելու ժամանակ պետք է ընդունել “ստամոքսի համար” դեղամիջոց: Իրականում, ստամոքսի միկրոֆլորայի այնպիսի խանգարումը, որը պետք է բուժել, բավական հազվադեպ երևույթ է: Հակաբիոտիկների կուրսն ավարտելուց հետո՝ ճիշտ սննդակարգի դեպքում աղեստամոքսային համակարգի միկրոֆլորան բավական արագ է վերականգնվում:
  1. Հակաբիոտիկների ընդունման ժամանակ պետք է ընդունել հակաալերգիկ միջոցներ: Եկեք սա քննարկենք օրինակի վրա: Մամիկոնն ունի ամպիցիլինի նկատմամբ ալերգիա, բայց մենք դրա մասին չգիտենք: Նա խմել է ամպիցիլինի հաբ և մեկ ժամ հետո նրա մոտ քոր եկող ցան է առաջացել: Հակաբիոտիկների ընդունումը չեղարկել են: Երկրորդ սցենար: Ամպիցիլինի հետ Մամիկոնին տվել են հակաալերգիկ պատրաստուկ՝ սուպրաստին: Այս դեպքում ցանն առաջանում է ոչ թե անմիջապես, այլ ամպիցիլինի երրորդ դեղահաբն ընդունելուց հետո: Ստացվում է, որ Մամիկոնն իրեն հակացուցված ամպիցիլինի ոչ թե մեկ, այլ երեք հաբ է խմել: Դատե՛ք ինքներդ:
  1. Եթե հակաբիոտիկ խմելուց հետո հիվանդի վիճակը վատացել է, ապա այն պետք է չեղարկել և փոխարինել այլ հակաբիոտիկով: Հակաբիոտիկների ազդեցության տակ բակտերիաները քայքայվում են, որի արդյունքում արյան մեջ մեծ քանակությամբ էնդոտոքսիններ (ներթույներ) են անցնում: Օրգանիզմը դրանց արձագանքում է սարսուռով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, որը բուժման առաջին օրն արտահայտվում է վիճակի վատթարացմամբ: Վիճակի նման զարգացումն ունի “էնդոտոքսիկ արձագանք” անվանումը, և բժիշկներին հատուկ սովորեցնում են, թե ինչպես տարբերել էնդոտոքսիկ ռեակցիան պատրաստուկի անարդյունավետությունից: Այսպիսով, եթե որևէ դեղամիջոց ընդունելուց հետո ձեր մոտ բարձրացել է ջերմությունը կամ սարսուռ է սկսվել, դա չի նշանակում, որ պետք է վազել դեղատուն այլ դեղ գնելու համար: Դա նշանակում է, որ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

.

Երեխաների բուժումը հակաբիոտիկներով. ծնողների վեց սխալներն ըստ Կոմարովսկու

  1. Ինքնաբուժում: Հակաբիոտիկներով ինքնաբուժման պատճառը որոշ ծնողների անպատասխանատվությունն է, որոնք ոչ միայն իրենք իրենց, այլ նաև իրենց երեխաներին են նման կերպ բուժում:
  1. Վիրուսային ինֆեկցիաների դեպքում հակաբիոտիկների պրոֆիլակտիկ նպատակով օգտագործում: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ նման պրոֆիլակտիկ բուժում անում են ոչ միայն ինքնաբուժությամբ զբաղվող ծնողները, այլ նաև շատ բժիշկներ:
  1. Սիստեմային դեղերի ոչ ռացիոնալ օգտագործում: Հակաբիոտիկները, որոնք ընդունվում են սիստեմային՝ ներերակային, ներմկանային ճանապարհով, չպետք է օգտագործվեն տեղային ձևով (որպես քթի կաթիլներ, քսուկներ և այլն): Կան երկու բացառություններ՝ թարախային օտիտը և թարախային կոնյուկտիվիտը:
  1. Հակաբիոտիկների ընդունման ժամանակից շուտ դադարեցում: Փաստարկում են հետևյալ կերպ՝ վիճակը թեթևացել է, ջերմությունն իջել է, ավելորդ դեղ ընդունելու կարիք չկա: Հակաբիոտիկներով բուժման տևողությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Այդ գործոններից են, օրինակ, տվյալ հակամանրէային պատրաստուկի ազդեցության մեխանիզմը, առանձին օրգաններում և հյուսվածքներում կուտակվելու ընդունակությունը և այլն: Յուրաքանչյուր ինֆեկցիա ունի բուժման օպտիմալ տևողություն, որը դրա ռեցիդիվի ռիսկը հասցնում է մինիմումի:
  1. Նույն դեղամիջոցի օգտագործումը միևնույն հիվանդության կրկնության կամ ռեցիդիվի դեպքում: Դեղի նման օգտագործումն ավելացնում է ալերգիայի հավանականությունը, որը հատկապես կարևոր է երեխաներին հակաբիոտիկներով բուժելու ժամանակ: Եթե նույն հիվանդությունը կրկնվում է բուժվելուց կարճ ժամանակ անց, կարելի է ենթադրել, որ այն կրկնվում է նախորդ բուժումից մնացած մանրէների պատճառով: Նման դեպքում արդեն մեկ անգամ այդ հիվանդության դեմ օգտագործված դեղամիջոցը արդյունավետ չի լինի:
  1. Բուժման կանոնների և չափաբաժնի խախտում: Հակաբիոտիկների ընդունման ունիվերսալ ձև չկա: Կախված հակաբիոտիկի տեսակից՝ այն կարելի է ընդունել օրական մեկից չորս անգամ, սննդի հետ կամ առանց սննդի, և այլն… Սովորաբար մայրերն ուշադրություն չեն դարձնում բաղադրատոմսին կամ բժշկի ցուցումներին, որի արդյունքում տուժում է բուժման ընթացքը:

Աղբյուրներ՝

http://articles.komarovskiy.net/8-zabluzhdenij-ob-antibiotikax.html

http://articles.komarovskiy.net/lechenie-detej-antibiotikami-6-roditelskix-oshibok.html?utm_source=article-8-zablujdeniy-ab&utm_medium=content-url&utm_content=link-read-other-6&utm_campaign=article-8-zablujdeniy-ab

http://www.who.int/mediacentre/factsheets/antibiotic-resistance/en/

https://www.drugs.com/article/antibiotics-and-viruses.html

 

Կազմեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Ինչպիսի՞ ջերմիջեցնող և ցավազրկող դեղեր են նախընտրելի կրծքով կերակրող մոր համար