Ձեր հանգիստ ձայնի շնորհիվ երեխան ավելի հանգիստ կլինի

  • 77
    Shares

Երբեմն ինքնատիրապետումը մեծ ջանքեր է պահանջում, սակայն քիչ բղավելը հաջողված հաղորդակցության գրավականն է:

Բեթ Արքի

 

Նախքան ծնող դառնալը՝ շատերը, տեսնելով վրդովված մայրիկներին և հայրիկ­ներին, ինքնավստահորեն մտածում են. «Ես երբեք չեմ բղավի իմ երեխաների վրա»:

Սակայն դրանից հետո նրանք ստեղծում են իրենց սեփական ընտանիքները, և իրականությունն անխուսափելի է դառնում: Քանի որ, երբ նրանց «հերոսիկները» հասնում են զարգացման որոշակի փուլի, ձեռք են բերում ոչ ցանկալի սովորություններ: Օրինակ, երբ երկու տարեկան երեխան, ով զբաղվում է խզբզելու «լուրջ» գործով, կարող է ցույց տալ իր նորահայտ տաղանդը վերջերս վերանորոգած տան պատերին՝ արտաբերելով մշտապես ակտուալ «ՈՉ»:

Ծնողները գիտեն, որ ամենալարված իրավիճակում, սառը դատելը (այլ ոչ թե բղավելը) ոսկե կանոն է: Սակայն բավականին դժվար է հանգիստ տոնով խոսելը օրուգիշեր երեխայի հետ գործ ունենալու դեպքում, եթե իհարկե քարից չեք: Երբ ծնողները գոռում են, ինչպես ասում է երեխաների և դեռահասների հոգեբույժ Ստիվեն Դիքշտայնը, «նրանք պարտվում են, քանզի նրանց իշխում են բարկությունն ու վրդովմունքը»:

Շատ քիչ իրավիճակերում է բղավելն օգնում, իհարկե ոչ այն դեպքերում, երբ երեխան որևէ վտանգավոր բան է անում: Մինչդեռ բլոգեր Էլիս Լոնգի կարծիքով «չկա մի ծնող, ով երբևէ բղաված չլինի»:

Այսպիսով, ինչո՞ւ է այդքան կարևոր հավասարակշռված մնալը:

Ինչո՞վ է վտանգավոր գոռալը:

  • Ձայնը բարձրացնելով՝ կորցնում եք ասելիքի էությունը. բղավելու պատճառով ձեր ասածը կորցնում է իր նշանակությունը, քանի որ հույզերը ծածկում են այն: Բղավելը նաև կարող է սրել իրավիճակը և երեխայի ագրեսիան:
  • Այդ ամենն արդեն ծանոթ է. եթե ծնողներն անընդհատ գոռում են, երեխան կարող է արհամարհել, որովհետև դա նորություն չէ իր համար: Երբեմն շշուկով ասված «ես շատ հիասթափված եմ քո արարքի պատճառով» նախադասությունն ավելի «բարձր» է հնչում:
  • Վատ է անդրադառնում ինքնագնահատականի վրա. բոլորս էլ գիտենք, որ բղավելը և երեխաների նկատմամբ խիստ և դաժան վերաբերմունքն ազդում են երեխաների ինքնագնահատականի վրա և կարող են անդրադառնալ նաև դպրոցական առաջադիմության վրա: Հոգեբանները նշում են, որ եթե հայրը կամ մայրը պարբերաբար բղավում են երեխայի վրա, երեխան կարող է մտածել, որ ծնողը չի սիրում իրեն:
  • Դրական միջավայրը վերանում է. երբ բղավելն արդեն խրոնիկ է դարձել, ծնողը և երեխան կարող են կորցնել դրական հարաբերությունները:
  • Դուք էլ եք ձեզ վատ զգում. այնուհանդերձ, բղավելը կարող է ստիպել ծնողներին իրենց մեղավոր զգալ: Այն ծնողները, որոնք անընդհատ բարկանում են, մեծացնում են սթրեսի հավանականությունը, որը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների:

Ինչո՞ւ է ավելի լավ հանգիստ լինել:

Փորձելով իրավիճակը հարթել հանգիստ ձայնով՝ ծնողն ավելի է մեծացնում հավանականությունը երեխայի ուշադրությունը հրավիրելու վարքագծի խնդրահարույց կողմի վրա:

  • Ծնողի ինքնատիրապետումը օգնում է երեխային սովորել ինչպես ինքն իրեն կարողանա տիրապետել: Ծնողների մեծ մասը նշում է, որ երբ փորձում են հանգիստ ձայնով խոսել, երեխան հենց ինքը չի բղավում և շատ ավելի դրական է արձագանքում նկատողությանը:
  • Երեխաներն իրենց ավելի ապահով են զգում: Թվում է, թե երեխաները և դեռահասները վերահսկողություն են պահանջում, սակայն, իրականում, նրանք ցանկանում են հանգիստ, հավասարակշռված, հետևողական և արդար ուղորդում:

Խորհուրդներ ծնողներին

  • Պարզաբանեք խնդրահարույց հարաբերությունները. առանձնացրեք այն կետերը, որոնք ազդում են ձեր և ձեր երեխաների հարաբերությունների վրա: Փորձեք այդ կետերը բաժանել քայլերի և փորձել այդպես լուծել խնդիրը:
  • Ստեղծեք հետևողականություն. ավելի փոքր երեխաների հետ սա կօգնի սահմանել որոշակի ռեժիմ՝ պարզ հանձնարարություններով:
  • Հաշվի առեք երեխայի թույլ կողմերը. եթե գիտեք, որ երեխան քմահաճ է դարձել, որովհետև չի ճաշել կամ գերհոգնած է, ավելի հեշտ կկարողանաք ինքներդ ձեզ տիրապետել:
  • Հասկանալ=համբերատալ լինել. Նաև շատ կարևոր է հասկանալ երեխայի կարողությունները, քանի որ դա կարող է օգնել ձեզ դառնալ ավելի համբերատար: Դուք ավելի հանգիստ կդառնաք, եթե ընդունեք երեխաներին այնպիսին, ինչպիսին նրանք կան, սիրեք նրանց և հասկանաք, որ խնդրի մեծ մասը գալիս է հենց ձեր արձագանքից:
  • Ժամանակի ճիշտ բաշխում. չափից շատ աշխատանք կատարելը կարող է սթրեսի հանգեցնել: Ինչպես ասում է Լոնգը, «կորցրած ժամանակը գերծանրաբեռնված ժամանակն է»: Նա նշում է, որ այն ծնողները, որոնք միևնույն ժամանակ մի քանի աշխատանք են կատարում, մեծացնում են երեխաների վատ վարքագծի հավանականությունը: Ուղղակի, եղեք երեխայի կողքին, այդ դեպքում ավելի քիչ է հավանական, որ նա նախաճաշը կթափի հատակին:
  • Հաշվեք մինչև տասը: Այս հոդվածի համար հարցազրույց անցած բոլոր ծնողներին տրվել էր մի շատ կարևոր խորհուրդ. խորը շնչեք և հանգստացեք: Երբ հասկանում եք, որ շուտով կկորցնեք համբերությունը, ավելի լավ է հանգիստ լքել սենյակը: Ծնողներից մեկը նշել է, որ հաճախակի չի բղավում երեխաների վրա, սակայն երբ զգում է, որ շուտով ինքնատիրապետումը կկորցնի, մի պահ կանգ է առնում, խորը շնչում  է և շարունակում իր ասելիքը:
  • «Անջատեք» ինքներդ ձեզ: Խնդրահարույց վարքագիծն անտեսելը մեկ այլ ռազմավարություն է, որը կարող է ստիպել ծնողին չբղավել: Այդ դեպքում «կրակին յուղ չեք լցնի», այլ կվերականգնեք ձեր հանգստությունը: Փոխարենը, արձագանքելով միայն դրական վարքագծին՝ ծնողը ընդգծում է այն, թե ինչ է ուզում, այլ ոչ թե այն՝  ինչ չի ուզում: Ինչպես նաև, դա օգնում է երեխային ինքնուրույն կարգավորել վրդովմունքը: Անտեսելուն հետևում է խնդրին «թեթև նայելը»: Եթե երեխան սնունդը նետել է գետնին, պետք է առաջարկել, օրինակ,  միասին հավաքել:  
  • Աջակցություն փնտրեք: Լոնգը նշում է, որ դա կարող է օգնել չափազանց վատ օրերին, երբ հասկանում եք, որ ինքներդ ձեզ չեք կարող հանգստացնել և կարիք կա դիմելու ընկերներին և հարազատներին: Այս դեպքում կարող են օգնության հասնել նաև տարբեր բլոգներ, աջակցության կենտրոններ:
  • Հետևեք ձեր զգացմունքներին: Կախված երեխայի տարիքից և զարգացման փուլից՝ ծնողները կարող են երեխաների համար զգացմունքների մասին խոսելու որոշակի մոդել մշակել: Դուք կարող եք ասել, որ ձեզ հարգված չեք զգում կամ արհամարհված եք: Բղավելու դեպքում էլ պետք է հետո բացատրել, որ դա ոչ թե այն պատճառով է, որ երեխաներն են վատը, այլ, որովհետև երբեմն ծնողները կորցնում են իրենց ինքնատիրապետումը: Հարկ եղած դեպքում պետք չէ խուսափել «ներեցեք» բառից:

Ծնողներից մեկը նշում է, որ հաճախ է երեխային ասում հետևյալը. «Եթե, նույնիսկ, ես կորցնում եմ ինքնատիրապետումս, միևնույնն է, քեզ շատ եմ սիրում»:

Թարգմանեց՝  Անի Վանյանը

Խմբագրեց՝ Անի Բաղդասարյանը

Աղբյուրը https://childmind.org/article/calm-voices-calmer-kids/

 

 

 

 

Երեխային չծեծելու 10 պատճառ

  • 77
    Shares