Հարգելի՛ տատիկներ…

  • 3K
    Shares

Չի կարող զարգանալ այն հասարակությունը, որտեղ հարգանք չկա երիտասարդ մոր նկատմամբ
Հարգելի՛ տատիկներ
«
Մի փոքր ուշադրություն եմ խնդրում, քանի որ հաճախ ձեր ձեռքերում է երիտասարդ ընտանիքի հոգեկան առողջությունը: Ուշադրություն դարձրեք մի քանի կանոնի, եթե ցանկանում եք օգնել այլ ոչ թե խանգարել:
«
  • Երիտասարդ մայրիկը երեխայի խնամքի մեջ աջակցության կարիք չունի, նրան պետք է աջակցել միայն այն բոլոր գործերում, որոնք ինքը չի հասցնում անել երեխայի խնամքով զբաղվելու պատճառով:
  • Երիտասարդ մայրիկին պետք է թույլ տալ, որ ինքը դիմի այն հարցերում, որոնցում աջակցության կարիք ունի:
  • Թույլ տվեք նրան մենակ մնալ իր նորածնի հետ և հասկանալ նրա լեզուն, հասկանալ նրա կարիքներն ու զգալ սեփականը:
  • Լռություն և խաղաղություն ապահովեք տանը, եթե դա հնարավոր է, բոլոր բարեկամներին ու հարազատներին պետք չէ հրավիրել նորածնին տեսնելու, մայրը դրա համար բավարար ուժ և էներգիա չունի: Իր ուժերն անհրաժեշտ են անքուն գիշերների և լուրջ պատասխանատվության համար:
  • Մի շեշտեք՝ մենք էլ ենք մայր եղել, լավ գիտենք ինչ ինչոց է: Յուրաքանչյուր մայր ուրովի է ապրում իր փորձը և յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է: Բայց եթե անկեղծ, այս արտահայտությունը միշտ լսել եմ հեգնանքով ասելիս, մի ասեք էդպես, դա փշրում է մոր ներսում ձեր նկատմամբ վստահությունը:
  • Պարբերաբար նշեք, որ հասկանում եք որքան դժվար է, բայց վստահ եք, որ ինքը կհաղթահարի այդ դժվարությունը, որովհետև ինքը բնությունից ունի բոլոր ուժերը դիմանալու այդ ամենին: Ինչպես նաև ձեր վարքով ցույց տվեք, որ իր կողքին եք: Բայց երբեք մի փաթաթեք ձեր օգնությունը նրա վզին:
  • Երբեք չի կարելի խլել երեխային մայրիկի ձեռքից, որևէ անհետաձգելի նպատակով, երեխան ամենաապահովն իր մայրիկի գրկում է: Բացի դա, մայրը ֆիզիկապես կարիք ունի երեխային իր գրկում պահելու: Թող մշտապես իրար գրկած լինեն, դա ճիշտ է: (Ես մինչ օրս մամայիս գրկելուց չեմ կշտանում:)
  • Պետք է մայրիկին օգնել միայն գովեստով և խրախուսանքով, ամեն հարցում շեշտելով, որ իր մոտ ամեն բան հրաշալի է ստացվում: Վահանի նման եղեք երիտասարդ մայրիկի համար, պաշտպանեք նրան բոլոր վնասակար ազդեցություններից, անտակտ բարեկամներից, անտեղի խորհուրդներից, անհեթեթ միջամտություններից: Թողեք, որ մայրը միայն իր բալիկով զբաղվի:
  • Երբեք չի կարելի ասել, որ դու չե՛ս կարող, տու՛ր ինձ, ե՛ս կանեմ: Վստահ ասում եմ, որ մայրը կարող է միշտ խնամել իր երեխային, նման արտահայտություն անող տատիկը գրագետ չէ:
  • Եթե եկել եք օգնելու, ապա օգնեք տան գործերում, հարցրեք երիտասարդ մայրիկին, թե ինչի կարիք ունի, պատրաստեք համեղ ճաշ, երեխային հետևեք այն ժամանակ, երբ մայրիկն ուզում է լոգանք ընդունել կամ խնդրում է ձեզ այդ մասին:
  • Մի հրամայեք և մի ասեք, որ դուք փորձառու եք և ամեն ինչ գիտեք: Յուրաքանչյուրի փորձը ինքնատիպ է, և հնարավոր չէ կիրառել բոլոր դեպքերում: Բացի դա, ձեր գործն է աջակցելու, որ նորաթուխ մայրիկն էլ փորձ ձեռքբերի:
  • Մի հրամայեք ննջարանի դուռը չփակել, որ դուք լսեք երեխայի լացի ձայնը, որ հասցնեք վազել օգնության: Թույլ տվեք, որ մայրիկին օգնի նորաթուխ հայրիկը և իրապես ստանձնի հոր դերը: Բացի դա, ննջարանի դուռը չփակելը պարզապես բռնություն է երիտասարդ մարդկանց նկատմամբ, անգամ նոր ծննդաբերած զույգը ևս զույգ է և ունի սեռաան կյանք: Դա նրանց վերահսկելու ամենատարածված մեթոդներից է, որ կիրառվում է մեզանում: Բավ է, եկեք դադարենք այսպես վարվել:
  • Մի միջամտեք երեխայի կերակրման գործընթացին, մայրն իրավունք ունի որոշելու, թե որքան է պատրաստ կերակրել իր երեխային: Օգնեք, եթե կարող եք, իսկ ավելի լավ է կրծքով կերակրելու մասնագետի դիմեք, եթե հարցեր ունեք:
  • Մի ասեք՝ ջա՜ն, երբ երեխան ասում է մամա՛, երեխան ձեզ չի դիմում, թույլ տվեք մայրիկին վայելել իր մայրությունը:
  • Մի քննադատեք ու մի վատաբանեք մորը իր երեխայի ներկայությամբ, դա շատ անքաղաքավարի է, անկախ նրանից, թե ով է իսկապես ճիշտ: Մայրն իրավունք ունի սխալվելու:
  • Օգնեք երիտասարդ ծնողներին ստանձնել իրենց դերը, կայանալ որպես ծնողներ: Հաշվի առեք նրանց խոսքը, ցույց տվեք հարգանք այդ խոսքի նկատմամբ:
  • Դուք անշուշտ փորձառու եք և անգնահատելի օգնություն կլինի, եթե հարցնեք, թե ինչ կարող եք անել, և ինչով կուզենան, որ օգնեք, ինչպես նաև առաջարկեք տարբերակներ, եթե ձեզ դիմում են օգնության համար:
  • Մի վիրավորվեք, երբ ձեզ չեն դիմում, դա նշանակում է, որ ծնողները ուզում են ինքնուրույն կայանալ, դուք միայն սիրքղի և վայելողի դերը ստանձնեք, դա անչափ հաճելի է:
  • Օգնեք մայրիկին այնքան, որ հայրիկի համար անելու բաներ մնան: Հայրերին պետք է ներգրավել երեխայի դաստիարակության պրոցեսում:
Իսկ եթե, առհասարակ ցանկություն չունեք օգնելու, ապա վստահ եղեք, որ դուք դրա իրավունքն ունեք, պարզապես մի արեք որևէ բան, որը չեք ուզում և մի միջամտեք: Երիտասարդները լիարժեք կանեն այդ գործն առանց որևէ մեկի մասնակցության:
«
Հետծննդյան դեպրեսիայի պատճառներից մեկը ընտանեկան անբարենպաստ մթնոլորտն է, երեխայի և մոր հուզական և ֆիզիկական կապի ձևավորման մեջ խոչընդոտները, անհարգալից վերաբերմունքը մոր նկատմամբ, հետծննդաբերական սթրեսը:
«
Հեղինակ Անուշ Ալեքսանյան
Աղբյուրը https://www.facebook.com/notes/anush-aleksanyan/չի-կարող-զարգանալ-այն-հասարակությունը-որտեղ-հարգանք-չկա-երիտասարդ-մոր-նկատմամբ/2303866849627596/
«
Կարդացեք նաև Փորձենք հասկանալ տատիկներին
Ձեր հանգիստ ձայնի շնորհիվ երեխան ավելի հանգիստ կլինի

  • 3K
    Shares