Հետծննդաբերական հոգեբանական խնդիրներ

  • 123
    Shares

Նոր ծննդաբերած մայրերի 70-80% ունենում է հետծծնդաբերական տխրություն (baby blues): Նոր ծննդաբերած մայրերի 10-15% ունենում է հետծննդաբերական ընկճախտ. Դուք միայնակ չեք:

Շատ մայրիկներ զգում են, թե սոցիալական ճնշման նման մի բան կա, որը ասես ստիպում է երեխա ունենալուց հետո անպայման երջանիկ լինել: Սա է այն պատճառներից մեկը, որ նրանցից շատերին ստիպում է խուսափել հետծննդաբերական հոգեբանական խնդիրների մասին բարձրաձայնելուց: Երեխա ունենալը կարող է սթրեսային լինել՝ անկախ նրանից, թե դուք որքան էիք սպասում ձեր երեխայի աշխարհ գալուն: Հոգեբանական խնդիրները և սթրեսը կարող են խանգարել երեխայի մասին պատշաճ հոգ տանելուն. կարևո՛ր է նման խնդիրների գիտակցումը և հաղթահարելու հարցում աջակցություն փնտրելը:

 

Շատ մայրիկներ ծննդաբերությունից հետո կարող են իրենց հետևյալ կեպ զգալ՝

Երջանիկ և ուրախ: Սա շատ կարևոր պահ է ձեր կյանքում և դուք ձեզ երկնքում եք զգում: Կարող է քնելու հետ դժվարություն ունենաք, և ձեզ դժվար լինի մտածել ձեր երեխայից բացի այլ մարդկանց մասին:

Ճնշված: Փոքրիկ երեխայի մասին “ամբողջ դրույքով” հոգ տանելը 24-ժամյա աշխատանք է, որն այժմ ձերն է: Դուք անցել եք այդ աշխատանքի ծննդաբերելուց հետո, և դեռ ամիսներ կանցնեն, որ կարողանաք 3-4 ժամից ավելի երկար քնել:

Կոտրված: Տխուր տրամադրությունից հետո գալիս է բարձր տրամադրությունը: Նորմալ է, եթե դուք ձեզ մի փոքր ընկճված եք զգում՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որ հաղթահարում եք: Դուք կարող եք երբեմն տխրել, որ այլևս հղի չեք:

Լացկան: “Հետծննդաբերական տխրությունը” ամենայն հավանականությամբ կապված է ձեր օրգանիզմում կտրուկ հորմոնալ փոփոխությունների հետ, որը կարող եք սկսել զգալ ծննդաբերելուց մի քանի օր անց: Կարող է նեղված և լարված լինեք երեխայի մասին հոգ տանելու հարցում, իսկ դրանից հետո էլ մեղքի զգացում ունենաք նման մտքեր ունենալու համար: Մի քանի օր անց դուք ամենայն հավանականությամբ ձեզ լավ կզգաք, հատկապես եթե լավ աջակցություն և խնամք եք ստանում:

“Ծեծված. Դուք հենց նոր անցել եք ձեր կյանքի ամենածանր պահի միջով: Ձեր մարմնի գրեթե յուրաքանչյուր մկան, հանգույց կամ օրգան գերլարված աշխատանք է կատարել երեխային դուրս մղելով: Զարմանալի չէ, որ դուք դա զգում եք ձեր ամբողջ մարմնով: Կախված ձեր ծննդաբերության տևողությունից և նրանից, թե ինչ ձևով եք ունեցել՝ բնական թե վիրահատական, ձեր մարմինը դեռ մի քանի շաբաթ կարող է զգալ ծննդաբերության հետևանքները: Ձեր աչքերում կամ դեմքին կարող են պայթած անոթներ լինել: Կարող եք հոգնած, գունատ կամ ուժասպառ տեսք ունենալ:

Թույլ: Ծննդաբերությունից մի քանի օր հետո կարող է գլխապտույտներ ունենաք, հատկապես երբ պառկած դիրքից նստում եք, կամ նստած դիրքից կանգնում: Հղիության վերջում ձեր մարմնում կտրուկ փոփոխվում է արյան և մարմնի այլ հեղուկների քանակը, որին հարմարվելու համար ձեր սրտանոթային համակարգին ժամանակ է պետք:

Դող և ցնցումներ: Անմիջապես ծննդաբերելուց հետո շատ կանայք դող և մարմնի ցնցումներ են զգում, որը ամենայն հավանականությամբ կապված է մարմնի ջերմակարգավորման համակարգի փոփոխման հետ. ձեր մարմինը վերջին ինը մասիների ընթացքում շատ քրտնաջան աշխատանք է կատարել: Հանգստացեք և խնդրեք տաք վերմակներ ծածկվելու համար: Դողը պետք է անցնի ծննդաբերելուց մի քանի ժամ անց:

Արնահոսություն և հետծննդաբերական արտադրություն: Ծննդաբերելուց օրեր կամ շաբաթներ անց ձեր արգանդը կարող է արտամղել արյան և հյուսվածքների մնացորդներ: Ցանկացած գործողություն, որն օժանդակում է արտամղման պրոցեսին՝ կանգնելը, քայլելը, կրծքով կերակրելը և այլն, կարող են շատացնել դրանք քանակը: [i]

Հետծննդաբերական հոգեբանական խնդիրների մեջ հիմնականում առանձնացվում են երկուսը՝ հետծննդաբերական տխրությունը (baby blues) և հետծննդաբերական ընկճախտը: Եկեք մանրամասն խոսենք այս երկուսի մասին:

 

Հետծննդաբերական տխրություն (baby blues)

Դուք հենց նոր երեխա եք ունեցել և ակնկալում եք, որ նոր մայր դառնալու բերկրանք եք զգալու: Սակայն տոնելու փոխարեն, դուք լաց լինելու տրամադրություն ունեք: Գուցե դա այն չէ, ինչ ակնկալում էիք, բայց թեթև ընկճախտը և փոփոխվող տրամադրությունը շատ տարածված են նոր մայրերի մոտ, այնքան տարածված, որ նույնիսկ ստացել են “հետծննդաբերական տխրություն” (baby blues) անվանումը: Մայրերի գերակշիռ մեծամասնությունը ունենում է հետծննդաբերական տխրության նշաններից մեկը կամ մի քանիսը՝ փոփոխվող տրամադրություն, տխրություն, քնելու հետ կապված դժվարություններ, դյուրագրգռություն, ախորժակի փոփոխություններ, կենտրոնանալու հետ կապված դժվարություններ: Հետծննդաբերական տխրության նշանները սովորաբար հայտնվում են ծննդաբերությունից մի քանի օր հետո և կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:

Ենթադրվում է, որ հետծննդաբերական տխրությունը կարող է կապված է լինել մոր օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ ֆոնի կտրուկ փոփոխության հետ: Ձեր մարմինը լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Հղիության ընթացքում մոր ընկերքը արտադրում էր պրոգեստերոն հորմոնը, որը կանխում էր մայրական կաթնարտադրության համար պատասխանատու պրոլակտին հորմոնի արտադրությունը: Երբ ընկերքը հեռացվում է, պրոգեստերոնի մակարդակը կտրուկ իջնում է՝ թույլ տալով, որ կտրուկ բարձրանա պրոլակտին հորմոնի մակարդակը: Այս հսկա հորմոնալ փոփոխությունը՝ ծննդաբերության ժամանակ արտադրված ադրենալինի և հետծննաբերական շրջանում քնի խանգարումների հետ միասին կարող է հանգեցնել հետծննդաբերական տխրության:[ii]

first

Հայտնի է նաև մեկ այլ հնարավոր պատճառ: Ծննդաբերությունից երեք կամ չորս օր հետո էստրոգեն հորմոնի մակարդակը մոտ տաս անգամ նվազում է: Հետազոտությունները հայտնաբերել են, որ էստրոգենի այս նվազմանը զուգահեռ բարձրանում է մոնոամին օքսիդազ A ֆերմենտի մակարդակը կնոջ ուղեղում: Այս ֆերմենտը քայքայում է նեյրոտրանսմիտեր սերոտոնինը, դոպամինը և նորէպինեֆրինը, որոնք նյարդաբջիջների միջև ազդանշանները փոխանցելուց բացի կարող են ազդել նաև մեր տրամադրության վրա: Դրանց պակասորդի դեպքում մենք ավելի հակված ենք զգալ տխրություն և ընկճվածություն:[iii]

2

 fgsdg

Հետծննդաբերական տխրության նշաններն են՝1

  • Քնելու հետ կապված խնդիրներ,
  • Փոփոխվող տրամադրություն,
  • Լացելու ցանկություն,
  • Տագնապի զգացում,
  • Տխրություն,
  • Հուսահատության զգացում,
  • Դյուրագրգռություն,
  • Կենտրոնանալու հետ կապված դժվարություններ:

 

Հետծննդաբերական ընկճախտ

Հետծննդաբերական տխրությունը միշտ համարվել է հետծննդաբերական շրջանի նորմալ երևույթ: Ծննդաբերելուց երրորդից հինգերրորդ օրը կանանց 85% իր մոտ նկատում է այս տխրության նշաններից մեկը կամ մի քանիսը՝ լաց լինելը, դյուրագրգռությունը, անհանգստությունը, տրամադրության փոփոխականությունը և այլն: Սակայն որոշ դեպքերում հետծննդաբերական տխրության նշանները կարող են իրականում հետծննդաբերական ընկճախտի նշաններ լինել, որը անուշադրության մատնվելու և չբուժվելու դեպքում կարող է շատ վատ հետևանքներ ունենալ մոր և երեխայի համար:

Հետծննդաբերական ընկճախտը հանդիպում է ծննդաբերությունների 10-ից 15 տոկոսի դեպքում: Սովորաբար այն սկսվում է ծննդաբերությունից մի քանի շաբաթ հետո, բայց կարող է սկսվել նաև մի քանի ամիս անց:

 

Ինչպե՞ս կարելի է տարբերել հետծննդաբերական տխրությունը ընկճախտից: Հետծննդաբերական ընկճախտի դեպքում պետք է՝

  • Այս ախտանիշները դեռ առկա լինեն ծննդաբերությունից երկու շաբաթ անց:
  • Ընկճված տրամադրություն և հաճելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստ լինի ամեն օր և օրվա մեծ մասի ընթացքում:
  • Պետք է առկա լինեն հետծննբարեկան ընկճախտի ախտանիշներից գոնե չորսը:

 

Հետծննդաբերական ընկճախտի ախտանիշներն են՝

  • Ընկճված տրամադրություն,
  • Հուզում, խառնաշփոփություն,
  • Հոգնածություն,
  • Հաճելի զբաղմունքների նկատմամբ հետաքրքրության կորուստ,
  • Խնդրիներ ուշադրությունը կենտրոնացնելու և որոշումներ ընդունելու հարցում,
  • Վատ ախորժակ,
  • Անքնություն,
  • Լավ մայր լինել չկարողանալու զգացում,
  • Մեղքի զգացում,
  • Երեխայի առողջության մասին ոչ սովորական անհանգստություն,
  • Ինքնասպանության մասին մտքեր

 

Հետծննդաբերական ընկճախտի այլ նշանները, որոնք շեշտադրում են կանխարգելման և բուժման կարևորությունը, հետևյալն են՝

  • Այն ազդում է դեռահասների մոտ ծննդաբերությունների 30 տոկոսի վրա:
  • Շատ դեպքերում ընկճախտը շարունակվում է վեց ամիս և կարող է շարունակվել մեկ տարի և ավելի երկար:
  • Շատ կանայք կարող են հոգեբուժական խանգարումներ ունենալ ընկճախտի բուժումից տարիներ անց:
  • Միջին և ծանր դեպքերի ժամանակ կանայք կարող են հրաժարվել հետագայում երեխա ունենալուց:
  • Հետծննդաբերական ընկճախտ ունեցող մայրերի երեխաները կարող են վարքագծային խնդիրներ և մտավոր զարգացման ավելի ցածր ցուցանիշներ ունենալ:
  • Չբուժվելու դեպքում հետծնդնաբերական ընկճախտը կարող է շատ վատ ազդեցություն ունենլ մայր-երեխա հարաբերություններ վրա:

 

Ինչպե՞ս է բուժվում հետծննդաբերական ընկճախտը

Ոչ բարդ դեպքերի մեծ մասի դեպքում ընկճախտը բուժվում է գինեկոլոգ-մանկաբարձի կողմից՝ հակաընկճախտային (հակադեպրեսանտ) դեղամիջոցների օգնությամբ: Խորհրդատվությունը և համապատասխան աջակցություն տրամադրող խմբերը, կանոնավոր մարզվելը, ճիշտ սննդակարգը և աջակցող ընտանիքը բուժման կարևոր մաս են կազմում:

 

Հակաընկճախտային դեղամիջոցները և կրծքով կերակրումը

Որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս ընդհատել կրծքով կերակրումը հակաընկճախտային միջոցներ կամ այլ հոգեբուժական դեղամիջոցներ օգտագործելու ընթացքում, քանի որ կարծում են, որ դա երեխայի համար ամենաանվտանգ տարբերակն է: Որոշ հակաընկճախտային միջոցներ հետազոտվել են, և հաստատվել է դրանց անվտանգ լինելը կրծքով կերակրելու ժամանակ: Քննարկեք ձեր բժիշկի հետ կերակրելը շարունակելու ձեր ցանկությունը: Կրծքով կերակրելը կտրուկ ընդհատելը ևս կարող է ընկճախտի պատճառ լինել, այնպես որ կրծքով կերակրելու ձեր ցանկությունը պետք է բավականին լուրջ ընկալվի ձեր բժիշկի կողմից: [iv] Նշանակված հակաընկճախտային միջոցների համատեղելիությունը կրծքով կերակրման հետ կարող եք քննարկել նաև կրծքով կերակրելու մասնագետների հետ:

 

Հետծննդաբերական ընկճախտի կանխարգելումը

Չնայած դուք չեք կարող կանխել ծննդաբերությունից հետո ձեր օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունները, դուք կարող եք կանխել հետծննդաբերական ընկճախտը:

  • Օգնություն խնդրեք, որպեսզի կարողանաք հնարավորինս շատ քնել, առողջ սնունդ ստանալ, մարզվել և այլն:
  • Հեռու մնացեք ալկոհոլից, կոֆեինից կամ դեղամիջոցներից, եթե դրանք բժիշկի ցուցումով չեն նշանակված:
  • Հանդիպեք ձեր բժիշկի հետ: Եթե վախենում եք հետծննդաբերական ընկճախտից, ապա հանդիպում խնդրեք ձեր բժշկի հետ ծննդաբերելուց 3-4 շաբաթ հետո, այլ ոչ սովորականի պես վեց շաբաթ հետո:
  • Միացեք նոր մայրիկների համար նախատեսված աջակցության խմբերին: Ոչ ոք ձեզ նրանցից լավ չի հասկանա:

 

Հիշե՛ք. Այս հոդվածը ունի միայն տեղեկատվական նպատակ: Հետծննդաբերական ընկճախտը ախտորոշվում է միայն համապատասխան մասնագետի կողմից: Մի՛ փորձեք ինքնուրույն ախտորոշել կամ բուժել հետծննդաբերական ընկճախտը: Կասկածների կամ անհանգստությունների դեպքում քննարկեք դրանք ձեր բժիշկի հետ:
Կարդացեք նաև Տխրությունը և ընկճախտը կրծքով կերակրելն ավարտելուց հետոԲացասական մտքերը կաթի արտահոսքից առաջԻնչպես է սթրեսն ազդում կրծքով կերակրելու վրա:

 

Կազմվել և պատրաստվել է հետևյալ աղբյուրների հիման վրա՝

[i] http://www.askdrsears.com/topics/pregnancy-childbirth/tenth-month-post-partum/emotional-changes-you-may-feel

[ii] http://www.babycenter.ca/a541888/the-baby-blues#ixzz3oXKLCkg9

[iii] http://www.livescience.com/8323-moms-baby-blues.html

[iv] http://www.askdrsears.com/topics/pregnancy-childbirth/pregnancy-concerns/postpartum-depression

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 

Անզգայացում, վիրաբուժական միջամտություն և ճառագայթային ախտորոշման հետազոտություններ
Մարզվելը և կրծքով կերակրելը

  • 123
    Shares

1 thought on “Հետծննդաբերական հոգեբանական խնդիրներ

Comments are closed.