Հետ տալը և ռեֆլյուքսը կրծքով կերակրվող երեխաների մոտ


Հետ տալը (spitting up), որը երբեմն կոչվում է հոգեբանական կամ ոչ բարդ ռեֆլյուքս, շատ տարածված է երեխաների մոտ: Սովորաբար հետ տալը նորմալ երևույթ է: Փոքր երեխաների մեծ մասը կարող է հետ տալ, քանի որ նրանց մարսողական համակարգը դեռևս անկատար է, և ստամոքսի պարունակությունը հեշտությամբ հետ է վերադառնում կերակրափող:

Երեխաները հաճախ հետ են տալիս, երբ շատ արագ և շատ քանակությամբ կաթ են ստանում: Օրինակ, երեխան կարող է ուտել արագ կամ ագրեսիվ, կամ մոր կրծքերը լինեն չափից շատ լիքը: Եթե երեխան շատ հեշտ է շեղվում, այսինքն թողնում է կուրծքը աջուձախ նայելու համար, կամ անհանգիստ է կրծքի մոտ, նա կարող է ավելի շատ օդ կուլ տալ և հետևաբար ավելի շատ հետ տալ:

Հետ տվածի քանակը սովորաբար տեսողականորեն ավելի շատ է թվում, քան իրականում կա:

Մի փոքր վիճակագրություն հետ տալու մասին (բոլոր երեխաների համար, այլ ոչ միայն կրծքով կերակրվող):

  • Երեխան սովորաբար հետ է տալիս ուտելուց հետո, սակայն կարող է հետ տալ նաև 1-2 ժամ հետո,

  • 0-3 ամսական երեխաների կեսը օրվա ընթացքում գոնե մեկ անգամ հետ է տալիս,

  • Հետ տալը սովորաբար իր ամենաբարձր կետին է հասնում 2-4-րդ ամիսներին,

  • Շատ երեխաներ 7-8 ամսականում արդեն հետ չեն տալիս,

  • Երեխաների մեծ մասը դադարում է հետ տալ 12 ամսականում:

Եթե ձեր երեխան happy spitter է (բառացիորեն՝ երջանիկ հետ տվող), այսինքն լավ քաշ է հավաքում, հետ է տալիս առանց նեղվելու և ժամանակի մեծ մասը հանգիստ է, ապա հետ տալը ավելի շուտ լվացքի և սոցիալական խնդիր է, քան՝ բժշկական:

ՇԱՏ ՀԵՏ ՏԱԼՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՊԱՏՃԱՌՆԵՐ

  • Կրծքի կաթի գերառաջարկը կամ ուժեղ արտահոսքը կարող են ռեֆլյուքսի նման ախտանիշներ ունենալ: Սակայն դրանք կարող են հեշտությամբ կարգավորվել:

  • Ուտելիքի նկատմամբ զգայունությունը կարող է շատ հետ տալու պատճառ լինել: Ամենահավանական ուտելիքը երեխայի կամ մոր կողմից օգտագործվող կովի կաթից պատրաստվող կաթնամթերքն է: Արդյո՞ք երեխան բացի կրծքի կաթից այլ բաներ է օգտագործում՝ արհեստական կեր, հավելյալ (նաև հացահատիկային շիլաներ), վիտամիններ, դեղեր կամ դեղաբույսեր:  Արդյո՞ք մայրը ընդունում է դեղեր, դեղաբույսեր վիտամիններ, երկաթ և այլն:

  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս (ԳԷՌ) ունեցող երեխաները սովորաբար շատ են հետ տալիս:

  • Չնայած նրան, որ փսխումները շատ ավելի հազվադեպ են պատահում կրծքով կերակրվող երեխաների մոտ, պարբերաբար կրկնվող փսխումները  կարող են պիլորիկ ստենոզի նշան լինել, որը ստամոքսի հետ կապված խնդիր է և կարող է վիրաբուժական միջամտություն պահանջել: Պիլորիկ ստենոզը սովորաբար 4 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղաների քան աղջիկներ մոտ, իսկ աշխատնիշերը վերանում են 3-5 շաբաթականում: Այն նորածինները, որոնք փսխում են օրական գոնե մեկ անգամ, պետք է ստուգվեն բժիշկի կողմից:

ԻՄ ՄԵԾ ԵՐԵԽԱՆ ՍԿՍԵԼ Է ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ՀԵՏ ՏԱԼ: Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ

Որոշ երեխաներ կարող են մի պահ սկսել նորից շատ հետ տալ: Սա կարող է տեղի ունենալ մոտավորապես 6 ամսականում, բայց նաև այլ տարիքում: Եթե շատ հաճախ է հետ տալիս և, հատկապես, իրեն լավ չի զգում, ենթադրեք, որ երեխան կարող է ունենալ աղեստամոքսային հիվանդություն:

Եթե երեխան հիվանդ չի թվում, հանկարծ նորից սկսել հետ տալը կարող է պայմանավորված լինել հետևյալ պատճառներով՝

  • Քիչ հավանական է, որ ձեր երեխան հանկարծ մի օր դառնա զգայուն ձեր կաթի նկատմամբ, եթե ձեր սննդակարգում լռիվ նոր ուտելիք չկա և որից դուք շատ եք ուտում: Ավելի հավանական է, որ երեխան սկսել է հետ տալ այն նոր ուտելիքից, որ հենց ինքն է սկսել ուտել, այլ ոչ մայրը: Արդյո՞ք երեխան սկսել է հավելյալ ուտել կամ ինչ որ նոր բան է փորձել: Արդյո՞ք դուք կամ երեխան սկսել եք դեղամիջոց ընդունել: Արդյո՞ք դուք կամ երեխան սկսել եք ընդունել վիտամիններ կամ փոխել եք ձեր վիտամինը:

  • Արդյո՞ք երեխան ավելի անհանգիստ է դարձել քան առաջ էր, ավելի շա՞տ է լաց լինում: Եթե այո, ապա ամենայն հավանականությամբ նա սկսել է ուտելիս ավելի շատ օդ կուլ տալ:

  • Ատամ հանելը ևս կարող է հետ տալու պատճառ լինել: Ատամ հանելիս երեխաները սկսում են քորել/մերսել ատամները և հաճախ ավելորդ շատ թուք են կուլ տալիս, որն էլ կարող է հետ տալու պատճառ դառնալ:

  • Մրսածության կամ ալերգիաների պատճառով երեխաները կարող են շատ լորձ կուլ տալ և շատ հետ տալ:

  • Կտրուկ աճի օրերին երեխաներ ավելի ագահորեն են ուտում և կարող են շատ օդ կուլ տալ: Սա հատկապես տարածված է այն մայրերի մոտ, որոնք գերառաջարկ կամ արագ արտահոսք ունեն:

Հիմնականում, եթե ձեր երեխան առողջ է և իրեն լավ է զգում՝ լավ քաշ է հավաքում, ունի բավարար քանակով թաց և կեղտոտ տակդիրներ, ապա հետ տալը ավելի շուտ լվացքի քան բժշկական խնդիր է:

ԳԱՍՏՐՈԷԶՈՖԵԳԱԼ ՌԵՖԼՅՈՒՔՍ (ԳԵՌ)

Երեխաների մի փոքր տոկոսը կարող է դիսկոմֆորտ և այլ բարդացումներ ունենալ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի (ԳԷՌ) պատճառով: Այս երեխաները կոչվում են Scrawny Screamers (բառացիորեն՝ նիհար ճչացողներ): ԳԷՌ ունենալը կարող է նաև ընտանեկան միտում ունենալ: ԳԷՌ-ը հատկապես տարածված է անհաս երեխաների և առողջական խնդիրներ ունեցող երեխաների մոտ: ԳԷՌ-ը սովորաբար թեթևանում է 12-24 ամսականում:

ԳԷՌ-ի նշաններն են (հիշե՛ք, որ ԳԷՌ ախտորոշել կարող է միայն  բժիշկը)՝

  • Հաճախ հետ տալը կամ փսխելը և այդ ընթացքում դիսկոմֆորտի զգացումը: Որոշ երեխաներ կարող են ԳԷՌ-ի ժամանակ հետ չտալ.  անձայն ռեֆլյուքսը առաջանում է, երբ ստամոքսի պարունակությունը հասնում է միայն կերակրափողին և հետո նորից կուլ է գնում: Այս դեպքում երեխան ցավ է զգում, բայց հետ չի տալիս:

  • Խեղդվելը, հաճախ բխկալը, զկրտալը և բերանի վատ հոտը:

  • Երեխան կարող է լինել ավելի անհանգիստ և քիչ քնել:

Սուր ռեֆլյուքսի նշանները են՝

  • Անկառավարելի կամ շատ ուժեղ անհանգստություն կամ ուժեղ լաց կերակրելու ընթացքում կամ հետո:

  • Քաշի վատ ավելացում, քաշի կորուստ, կշտանալ չկարողանալը: Ուտելու հետ կապված դժվարություններ: Կրծքից կամ ուտելուց հրաժարվելը:

  • Կուլ տալու դժվարություն, չոր կոկորդ, քթի/սինուսի խրոնիկ փակվածություն, սինուսի/ականջի խրոնիկ հիվանդություն, խռպոտություն:

  • Արյուն կամ կանաչ/դեղին հեղուկ հետ տալը:

  • Սանդիֆերի սինդրոմ. երեխան կարող է կորությամբ հետ ձգել մարմինը և կոկորդը՝ ռեֆլյուքսի ցավը մեղմելու համար: Նման ձևով ձգվելը երկարացնում  է կերակրափողը և նվազեցնում դիսկոմֆորտը:

  • Շնչելու հետ խնդիրներ՝ բրոնխիտ, խրոնիկ հազ, պնևմոնիա, ասթմա, և այլն:

ԳԵՌ-ի պատճառով երեխաները կարող են կա՛մ թերսնվել, եթե նրանք ուտելու պրոցեսը կապում են ցավի հետ, կա՛մ գերսնվել, քանի որ ծծելը չի թողնում, որ ստամոքսի պարունակությունը հետ գա կերակրափող, իսկ մայրական կաթը նվազեցնում է թթվայնությունը:

Ժամանակակից տեղեկատվությունը ռեֆլյուքսի մասին նշում է, որ 12 ամսականից փոքր երեխաների մոտ ռեֆլյուքսի ախտորոշումը անհրաժեշտ է, եթե հետ տալը զուգորդվում է վատ քաշ հավաքելով, քաշի կորստով, սուր շնչահեղձությամբ,  թոքերի հետ կապված հիվանդությամբ, կամ այլ բարդություններով:  Ըստ բժիշկ Դոննա Սեքերի՝ «Սուր ռեֆլյուքսով երեխան, որը լավ է աճում և չունի այլ նշանակալի առողջական խնդիրներ, բուժման քիչ կարիք ունի կամ ընդհանրապես չունի՚»:

ԿԵՐԱԿՐԵԼՈՒ ՀՆԱՐՔՆԵՐ

  • Փորձեք կերակրել հաճախ՝ ամեն անգամ երբ ձեզ թվում է, թե երեխան ուտել է ուզում: Ավելի կարճ և ավելի հաճախ կերակրումները ավելի հեշտ է մարսել:

  • Կերակրելուց փորձեք երեխային պահել կիսա-ուղղահայաց դիրքով կամ նստած, կամ էլ հենվեք մեջքի վրա, որպեսզի երեխան ձեր վերևում լինի:

  • Անհանգիստ կամ դիմադրող երեխաների դեպքում փորձեք շատ մաշկը-մաշկին անել կամ շարժվելով կերակրել՝ քայլելով կամ ճոճաթոռին նստած: Փորձեք նաև կերակրել լոգանք ընդունելուց:

  • Համոզվեք, որ երեխան լավ է կուրծք բռնում և քիչ է օդ կուլ տալիս:

  • Թողեք որ երեխան ամբողջովին վերջացնի մի կուրծքը՝ ինքնուրույն թողնի կուրծքը կամ քնի, մյուսը առաջարկելուց առաջ: Հաճախ կուրծք փոխելը կարող է շատ հետ տալու պատճառ դառնալ: Շատ հետ տվող երեխաների դեպքում փոխեք կրծքերը  մի քանի ժամը մեկ, այլ ոչ թե ամեն կերակրելուց:

  • Խրախուսեք ոչ-սննդային ծծելը քանի որ այն քչացնում է ստամքոսի գրգռվածությունը և օգնում է շուտ մարսել կաթը:

  • Խուսափեք արագ և կտրուկ շարժումներից և երեխային շատ շարժելուց: Փորձեք հնարավորինս երկար պահել ուղղահայաց դիրքով: Հաճախ բխկացրեք:

  • Ինչպես միշտ ուշադիր եղեք և կերակրեք երեխային հենց նկատեք սոված լինելու նախանշանները:

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՆԵԼ ՀԵՏ ՏԱԼԸ/ՌԵՖԼՅՈՒՔՍԸ ՄԵՂՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Կերակրե՛ք կրծքով: Ռեֆլյուքսը ավելի քիչ է պատահում կրծքով կերակրվող երեխաների մոտ: Բացի դրանից կրծքով կերակրվող երեխաները ավելի կարճ և քիչ ռեֆլյուքս են ունենում և ավելի հավադեպ սուր ռեֆլյուքս [Heacock 1992]: Կրծքով կերակրելը նաև լավ է այն իմաստով, որ կրծքի կաթը ավելի արագ է մարսվում և հետևաբար ավելի քիչ և կարճ ժամանակ է գրգռում ստամոքսը[Ewer 1994]:

  • Որքան ավելի հանգիստ է ձեր երեխան, այնքան ավելի քիչ է ռեֆլյուքսը:

  • Վերացրեք ծխախոտի հոտը և ծուխը երեխայի շրջակա միջավայրից:

  • Քչացրեք կամ ընդհանրապես հանեք կոֆեինը: Չափից շատ կոֆեինը մոր սննդակարգում կարող է նպաստել ռեֆլյուքսին:

  • Ցանկացած դեպքում, երբ երեխայի մոտ կա ռեֆլյուքս, պետք է կասկածել նաև ալերգիա: Համաձայն Pediatrics ամսագրում տպագրված մի հոդվածի [Salvatore 2002], մեկ տարեկան երեխաների մոտ ԳԷՌ-ի դեպքերի գրեթե կեսը  կապված են կովի կաթի նկատմամբ ալերգիայով: Հեղինակները նշում են, որ աշխտանիշները իրար նման են և խորհուրդ են տալիս ստուգել երեխային ալերգիայի համար: Սովորաբար, ալերգիա ունեցող երեխաները հետ տալուց բացի նաև այլ նշաններ են ունենում:

  • Կերակրելու դիրքը

  • Ռեֆլյուքսը ավելի ուժեղ է, երբ երեխան մեջքի վրա է պառկած:

  • Շատ ծնողներ զգացել են, որ երեխային սլինգով ման տալը օգնում է:

  • Խուսափեք երեխայի ստամոքսի վրա ճնշում գործադրելուց: Երեխային հագցրեք լայն, ոչ քիփ հագուստ և տակդիրը ձիգ մի կապեք: Տակդիրը փոխելուց խուսափեք երեխայի ոտքերը շատ վերև բարձրացնելուց: Թեքեք ոտքերը կողքի վրա:

  • Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պառկած դիրքում երեխայի գլուխը մի թեթև բարձր պահելը շատ մեծ ազդեցություն չի ունենում ռեֆլյուքսի վրա: Սակայն շատ մայրեր նկատել են, որ ուղղահայաց դիրքերում երեխաները ավելի հանգիստ են: Կողքի և փորի վրա պառկած դիրքերը կարող են օգնել: Սակայն հիշեք, որ երեխային փորի վրա կարելի է դնել միայն եթե նա արթուն է և գտնվում է հսկողության տակ: Փորի վրա քնացնել գրեթե երբեք խորհուրդ չի տրվում Մանկան հանկարծամահության համաշխանիշի պատճառով [Secker 2002].

  • Շատ են խորհուրդ տալիս երեխային պառկացնել 30° թեքությամբ: Մարմնի 60° աստիճանի թեքությունը կարող է ընդհակառակը ավելացնել ռեֆլյուքսը: [Carroll 2002, Secker 2002].

  • Փորձեք տարբեր դիրքեր հասկանալու համար, թե որն է ձեր երեխայի համար ամենահարմարը:

  • Եթե ձեր երեխան դեղեր է ընդունում ռեֆլյուքսի դեմ, հիշեք, որ տարիքի հետ չափաբաժինները պետք է փոխվեն:

Ի՞ՆՉ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ ԹԱՆՁՐԱՑՆՈՂ ՈՒՏԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեխաների հացահատիկային շիլաները, որոնք կաթին են ավելացվում այն ավելի թանձր դարձնելու համար, շատ երկար տարիներ կիրառվել են ԳԷՌ-ը բուժելու համար: Սակայն դրանց մասին կարծիքը միանաշանակ չէ:

Աշխատու՞մ է

Թանձրացրած ուտելիքը կարող է քչացնել հետ տալը, սակայն ուսումնասիրությունները չեն ապացուցել, որ այն կարող է նվազել հենց ռեֆլյուքսը (այսինքն՝ անձայն ռեֆլյուքս դեռ կա): Ըստ Donna Secker-ի, MS, RD՝ «Թանձրացնող կերակուրի ազդեցությունը կարող է ավելի կոսմետիկ լինել, քան՝ օգտակար»:  Թանձրացնող կերակուրները կարող են ուտելուց հետո հազի պատճառ դառնալ, ինչպես նաև՝ երկարացնել մարսելու տևողությունը: Ի նկատի ունեցեք, որ բրնձի շիլան այնքան էլ լավ չի թանձրացնում ուտելիքը կրծքի կաթում առկա ամիլազ ֆերմենտի պատճառով, որը նպաստում է կրծքի կաթի մարսմանը:

Առողջարա՞ր է երեխայի համար

Թանձրացնող ուտելիքը կարող է հանգեցնել ավելի քիչ կրծքի կաթ ուտելուն: Մի շարք պատճառներ կան, թե ինչու պետք է խուսափել երեք ամսականից շուտ հավելյալ սնունդ տալուց: Ապացույցներ կան, որ  գլյուտեն պարունակող բրնձի շիլան երեք ամսական երեխայի մոտ կարող է բարձրացնել առաջին տեսակի շաքարային դիաբետի ռիսկը: Դեռ ավելին, ԳԷՌ-ով երեխաները ալերգիաների, շնչառական ուղիների հետ կապված հիվանդությունների և ականջացավի դեմ պաշտպանության ավելի մեծ կարիք ունեն, իսկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակից շուտ տրվող հավելյալը կարող է դրանց ռիկսը մեծացնել:

Կրծքով կերակրելը որպես հարաբերություն

Հավելյալ շուտ սկսելը կապված է կրծքից շուտ կտրվելու հետ: Ռեֆլյուքս ունեցող երեխաները սովորաբար ավելի նեղված, անհանգիստ վարք ունեն, կարող են հրաժարվել կրծքից կամ ժամանակից շուտ կտրվել: Նման դեպքում հավելյալը կարող է էլ ավելի շուտ կտրվելու պատճառ դառնալ:

Անվտանգության խնդիրներ

Երբեք մի ավելացրեք հացահատիկային շիլան շշի մեջ առանց բժշկական վերահսկողության, եթե ձեր երեխան ծծելու հետ կապված խնդիրներ ունի:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/health/baby-health/reflux/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Երեխան անհանգիստ է կուրծք ուտելիս
Կրծքով կերակրվող երեխային ջուր տալու հաճախականությունը