Ձեր երեխան անընդհատ շեղվում է կերակրելիս


Արդյո՞ք իմ երեխան “շեղվող” է

Երեխան բռնում է կուրծքը, ծծում է մեկ րոպե, հետո թողնում է ու թեքվում այլ կողմ: Նորից է կուրծքը բռնում, մի րոպե ծծում ու էլի բաց է թողնում՝ մայրիկին ժպտալու համար: Մեկ րոպե ուտելուց հետո, նորից է թեքվում, որ տեսնի, թե ով մտավ սենյակ, որտեղից լսվեց հեռուստացույցի ձայնը, ինչպես պոչը շարժեց շունը:

Ծանո՞թ իրավիճակ է: Երեխան սկսել է ուտել, բայց հենց արտահոսքի պահին թողնում է կուրծքը և սկսում է անհագիստ շարժվել ձեր ծնկների վրա: Երկուսից վեց ամսական երեխաները հայտնի են նրանով, որ շեղվում են ամեն հնարավոր պատճառով (իրական և երևակայած)՝ երբեմն այդ պահին մոռանալով բաց թողնել կուրծքը. ցավո՛տ է:

Սա զարգացման անցողիկ փուլ է, որը, սակայն, կարող է բավական տհաճ լինել մայրիկների համար: Երեխաների նման վարքագիծն առավել վառ է դրսևորվում 4-ից 5 ամսականում: Երկու ամսականում Ձեր երեխան արդեն կարողանում է հստակ տեսնել սենյակում գտնվող առարկաները: Մոտավորապես 3 ամսականում նա սկսում է ավելի երկար արթուն մնալ և ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել իրեն շրջապատող աշխարհի նկատմամբ: Ձեր երեխան նաև սկսում է հասկանալ, որ նա մայրիկից առանձին մարդ է: Այս ամենի արդյունքում երեխան կարող է դառնալ շեղվող: Երբ երեխան առաջին անգամ հայտնաբերում է աշխարհը, նրան դժվար է կենտրոնանալ կերակրման պրոցեսի վրա: Իրականում, նա պարզապես չի կարող <<միաժամանակ և՛ քայլել, և՛ ուտել>>: Երբ նա ավելի մեծանա, իր համար ավելի հեշտ կլինի միաժամանակ և՛ կերակրվել, և՛ ուսումնասիրել շրջապատող աշխարհը:

Ցրված լինելը հատուկ է նաև 8-10 ամսական երեխաներին: Շատ հաճախ մայրերին թվում է, թե երեխան հրաժարվում է կրծքից: Սակայն, եթե Ձեր երեխան մեկ տարեկանից փոքր է, ապա դժվար թե կրծքի նկատմամբ այս ժամանակավոր անտարբերությունը կրծքից հրաժարվելու նշան լինի. տասներկու ամսականից փոքր երեխաները հազվադեպ են ինքնակամ հրաժարվում կրծքից: (Այս թեմայով կարդացեք “9 ամսականի ճգնաժամը. Կրծքից ինքնակամ կտրվելը, մինչև երեխայի մեկ տարեկանը“:)

Ի՞նչ կարող եմ անել

Շատ մայրիկների համար ավելի ու ավելի դժվար է դառնում կերակրել շեղվող երեխային, և նրանք սկսում են մտածել, թե երեխայի այդ վարքը դեպի իրենց է ուղղված՝ «Ես այլևս չեմ ուզում մայրիկին» կամ «Ես այլևս չեմ ուզում կաթ ուտել»։ Վերջիվերջո, շեղվող երեխայի նման վարքը կարող է ուղղակի զայրացնել: Մյուս կողմից, հազվադեպ և կարճատև կերակրումները կարող են հանգեցնել կաթնարտադրության նվազման: Դրա համար կարևոր է, որ մայրը կարողանա օրվա ընթացքում գոնե մի քանի անգամ հանգիստ կերակրել:

Քանի դեռ ձեր երեխան “շեղվող” է, ձեզ անհրաժեշտ կլինի կերակրման համար հանգիստ վայր գտնել և միգուցե նաև շատացնել գիշերային կերակրումները. սովորաբար, շեղվող երեխաները գիշերը ավելի հանգիստ են ուտում: Նշանակություն չունի, թե օրվա որ ժամին երեխան կստանա իր կալորիաները։ Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ավելի մեծ երեխաները գիշերը կարող են ուտել կրծքի կաթի օրական չափաբաժնի 25%-ը՝ հավանաբար ցերեկը կերակրման պրոցեսից անընդհատ շեղվելու պատճառով:

Հանգիստ, մութ, տաղտուկ սենյակում կերակրելը հաճախ օգնում է։ Խոսեք հանգիստ, մեղմ տոնով, եթե ընդհանրապես խոսելու կարիք կա: Կերակրեք պառկած վիճակում՝ քնեցնելով: Երեխային փաթաթեք շալով կամ դրեք սլինգի մեջ և այդպես կերակրեք: Շարժվելով՝ քայլելով կամ օրորելով կերակրելը ևս կարող է օգնել երեխային ավելի լավ կենտրոնանալ կրծքով կերակրման վրա: Որսացեք պահը, երբ նա ավելի հոժարակամ է, օրինակ՝ նոր է արթնացել, կիսաքնած է կամ լռիվ քնած: Առաջին անգամ կուրծքը թողնելը դեռ չի նշանակում, որ երեխան կշտացել է և ցանկանում է ավարտել կերակրումը: Ամենայն հավանականությամբ նա սենյակում տեսել կամ լսել է ինչ-որ հետաքրքիր բան: Փորձեք ևս մի քանի անգամ փաղաքշելով մոտեցնել կրծքին:

Եթե ձեր երեխան սովորաբար թեքում է գլուխը առանց կուրծքը բաց թողնելու, պատրաստ պահեք ձեր ճկույթը՝ կուրծքը բերանից ազատելու համար: Կարող եք նաև կերակրել ֆուտբոլի գնդակի դիրքով, որի դեպքում ավելի հեշտ է կառավարել երեխայի գլուխը: Կարող եք կերակրել նաև սլինգում՝ օրորոցի դիրքով (կերակրելու դիրքերի մասին կարդացեք այստեղ)։ Նման վարքը երբեմն հանգեցնում է կծելուն: Եթե ձեր երեխան կծում է կուրծքը, կարդացեք մեր “Ի՞նչ անել, եթե երեխաս կուրծք ուտելուց կծում է” հոդվածը։

Եթե երեխան շեղվելու պատճառով լավ չի ուտում, ավելի հաճախ կուրծք առաջարկեք՝ նույնիսկ եթե նա չի ցանկանում ուտել։ Հաճախ կերակրեք գիշերը։ Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են ավելի լավ ուտել, եթե փորձեք կերակրման նոր և ավելի հեշտ կառավարվող դիրքեր՝ երեխան կանգնած դիրքով, նստած Ձեր ծնկներին՝ դեմքով դեպի Ձեզ և այլն։

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/ages/older-infant/distractible-baby/

Թարգմանեց՝ Նարինե Աբրահամյանը

 

Թե ինչու չի կարելի նորածիններին կերակրել շշով