Ե՞րբ, ինչքա՞ն և ինչպե՞ս է կարելի երեխաներին ձու տալ


Ձուն սննդային նյութերի հրաշալի աղբյուր է, որում կան սպիտակուցներ (6 գր), երկաթ, ցինկ, կալցիում, ֆոլաթթու, ռիբոֆլավին, վիտամին E և B12 և այս ամենը ընդամենը 75կկ է: Ձուն իր մեջ առկա սպիտակուցների պարունակությամբ 2-րդ տեղն է զբաղեցնում բոլոր մթերքների մեջ` զիջելով միայն մայրական կրծքի կաթին: Այն պատրաստելու տարբեր եղանակներ կան, բայց ամենից լավը այն յուրացվում է ծամելու արդյունքում: Հաշվի առնելով ձվի օգտակարությունը, շատ ծնողների մոտ է հարց առաջանում, թե որ տարիքից այն կարելի է տալ երեխաներին

Ինչո՞վ է ձվի դեղնուցն օգտակար ձեր երեխայի համար

  • Ձեր երեխան խոլեստերինի կարիք ունի: Խոլեստերինը գլխուղեղում նյարդերի մեկուսացման անբաժան մասն է կազմում: Բացի այդ, կարևոր է նաև կենտրոնական նյարդային համակարգի համար: Խոլեստերինը մեծացնում է որոշ թթուների ձևավորումը, որոնք նպաստում են ճարպերի այրմանը: Այն նաև անհրաժեշտ է մի շարք հորմոնների արտադրման համար: Կյանքի այս փուլում երեխայի ուղեղի աճը շատ արագ է տեղի ունենում և կարևոր է համոզված լինել, որ երեխայի սննդակարգում ներառված է անհրաժեշտ քանակությամբ որակյալ խոլեստերին:
  • Ձեր երեխան խոլինի կարիք ունի: Խոլինը նույնպես կարևոր սննդանյութ է ուղեղի զարգացման համար: Այն պարունակում է խոլինի B վիտամինային կոմպլեքս, որը բերում է ճիշտ նյարդաբանական ֆունկցիայի և նվազեցնում բորբոքումների ռիսկը: Խոլինն օգնում է նաև <<երջանիկ >> զգալ: Այն վերածվում է բեթանի, որն օգտագործվում է մեթիլացման ցիկլի ժամանակ: Այն էլ իր հերթին օգնում է արտադրել երջանկության հորմոններ, ինչպիսիք են սերոտոնինը, դոպամինը և նորեպինեֆրինը:
  • Ձեր երեխան օգուտ կքաղի լյուտեինից և զեաքսանտինից: Ձվի դեղնուցն իր մեջ պարունակում է այս 2 բաղադրիչները, որոնք համարվում են այն կարոտինոիդները, որոնք կանխում են տեսողության կորուստը:
  • Ձեր երեխան նաև ծծումբի կարիք ունի, իսկ ձվի մեջ դրա պարունակությունը շատ բարձր է: ԾԾումբը համարվում է սննդարար այն բաղադրիչը, որն օգնում է B վիտամինի յուացմանն ու լյարդի ֆունկցիային: ԾԾումբը նաև անհրաժեշտ է կոլագենի և կերատինի արտադրության համար: Այս սպիտակուցները օգնում են ունենալ և պահպանել փայլուն մաշկ, ամուր մազեր ու եղունգներ:

Ինչո՞վ է ձվի սպիտակուցն օգտակար ձեր երեխայի համար

  • Այն ձեր երեխայի համար սպիտակուցի շատ կարևոր աղբյուր է: Դրանք պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են այլ սպիտակուցներ արտադրելու համար, որոնք էլ պետք են ամենօրյա գործունեության համար:

.

Ե՞րբ է կարելի երեխաներին ձու տալ

Հնարավոր է, որ ձեր մանակբույժը պնդի, թե երեխային պետք չէ տալ ամբողջական ձու կամ թեկուզ ձվի դեղնուց մինչև երեխայի մեկ տարեկանը: Բայց այս հարցի շուրջ կարծիքները արդեն փոխվել են: 2008 թվ-ի և դրան հաջորդած մի շարք հետազոտություններ փաստում են, որ երեխայի սննդակարգ այն կարելի է ներմուծել ավելի վաղ, եթե երեխան չունի սննդային կամ հատկապես ձվի նկատմամբ ալերգիա:

Չնայած նրան, որ հավելյալ սնունդ խորհուրդ է տրվում տալ 6 ամսեկանից հետո, այնուամենայնիվ այսօր չկան հիմնավոր ապացույցներ, որ հավելյալ սննդի ներմուծման հետաձգումը նշանակալի պաշտպանիչ ազդեցություն ունի ատոպիկ հիվանդությունների զարգացման գործում` անկախ նրանից երեխան մայրական կաթով է սնվում թե կովի: Սրանում ներառվում է նաև այնպիսի սննդամթերքների օգտագործման հետաձգումը, որոնք համարվում են խիստ ալերգեն, ինչպիսիք են ձուկը, ձուն և այն մթերները, որոնք պարունակում են գետնանուշի սպիտակուց:

2010 թվ-ի ավստրիալացի բժիշկների հետազոտության համաձայն՝ ալերգիայի առաջացման հավանականությունը 5 անգամ ավելի մեծ է այն երեխաների մոտ, որոնց սննդակարգ ձուն ներմուծվել է 12ամսեկանից հետո, քան այն երեխաների, ովքեր ձու կերել են 4-6 ամսեկանում` կախված նրանից, թե ինչպես է այն պատրաստվել:

Բայց մի մոռացեք մանկաբույժի հետ քննարկել ալերգեն մթերքի ներմուծումը երեխայի սննդակարգ:

Շատ հետազոտություններ, որոնք արվել են երեխաների վրա հաստատում են, որ 5 տարեկան հասակում ձվի նկատմամբ ալերգիան հաղթահարվում է: Սա շատ լավ նորություն է, քանի որ ձուն իսկապես խիստ սննդարար է և սննդակարգի բաղկացուցիչ մաս պետք է կազմի:

Ամփոփելով նշենք, որ ձու պետք է տալ հավելյալ սննդի ներմուծման ամենասկզբից ևեթ: Դուք կարոք եք սկսել տալ ձվի դեղնուցը շատ փոքր չափաբաժնով, այն խառնելով կրքի կաթին կամ կաթնախառնուրդին: Ցանկալի է տալ առավոտյան, որպեսզի ամբողջ օրվա ընթացքում կարողանաք հետևել երեխայի ռեակցիային: Այն տվեք այլ ալերգիկ մթերքներից (ձուկ, կովի կաթ և այլն) զատ, առանձին, որպեսզի հստակ հասկանաք թե ռեակցիան ինչից է առաջացել: Այնուհետև կարող եք ներմուծել սպիտակուցը:

.

Ձվի հանդեպ ալերգիա

Շատ քիչ քանակությամբ երեխաների մոտ է լինում ալերգիա ձվի նկատմամբ, իսկ նրանցից կեսից ավելին հաղթահարում են այդ ալերգիան 3-5 տարեկան հասակում: Ձվի դեղնուցը քիչ սպիտակուցներ է պարունակում, որոնք կարող են ձվի հանդեպ ալերգիա առաջացնել: Արդյունքում շատ քչերն ունեն ալերգիա դեղնուցի նկատմամբ: Բայց ձվի սպիտակուցը պարունակում է 4 տարբեր սպիտակուցներ, որոնք կարելի է որակել որպես թույլ կամ ուժեղ ալերգեններ`

  • Օվոմուկոիդ
  • Օվալբումին
  • Օվոտրանսֆերին
  • Լիզոցիմ

Ինչպես արդեն նշեցինք, հազվադեպ են այն երեխաները, ովքեր ալերգիա ունեն ձվի դեղնուցի նկատմամբ և հենց այս պատճառով է, որ դեղնուցը խորհուրդ է տրվում և համարվում է հավելյալը սկսելու լավագույն տարբերակներից մեկը: Բայց եթե ձեր ընտանիքում կա մեկն, ով ձվից ալերգիա ունի, խորհուրդ է տրվում սպասել մինչև 1 տարեկանը: Ձուն պատրաստելու տարբեր եղանակներ կան, այնպես, որ դեղնուցը առանձին եփվի, բայց անհրաժեշտ է ուշադիր լինել, քանի որ հնարավոր է սպիտակուցից որոշ մաս մնա դեղնուցի վրա:

Եթե ձեր երեխան ունի ալերգիա ձվի նկատմամբ, ապա նա ֆիզիկական ռեակցիա կունենա այն ուտելուց հետո: Երեխան կարող է ունենալ`

  • Քոր կամ քթի փակվածություն
  • Կոկորդի ցավ
  • Քոր և թաց աչքեր
  • Ցան
  • Այտուցվածություն

Եթե Դուք կարծում եք, որ ձեր երեխան ալերգիա ունի ձվից, ապա կարող եք դիմել համապատասխան կլինիկա, որտեղ մասնագետները մի պարզ թեստի միջոցով կպարզեն դա:

Որոշ դեպքերում, որ հանդիպում է խիստ հազվադեպ, ձուն կարող է ավելի ուժեղ ռեակցիա առաջ բերել, որ կոչվում է անաֆիլակսիա և հրատապ բժշկական միջամտություն է պահանջում: Անաֆիլակսիայի պատճառներն են`

  • Շնչառության հետ կապված խնդիրները
  • Գլխապտույտը կամ գիտակցության կորուստը
  • Արագ զարկերակը
  • Քրտարտադրությունը

.

Կարո՞ղ է երեխան ուտել թխվածքաբլիթներ, որոնց բաղադրության մեջ ամբողջական ձու կա

Մանկաբույժները կարող են ասել, որ ոչ ալերգիկ երեխայի համար դրանք թույլատրելի են 8-9 ամսեկանից հետո: Ամեն դեպքում, եթե վստահ եք, որ ձեր երեխան սննդային ալերգիա ունի, ապա ցանկալի է ձվի փոխարինիչ օգտագործել: Եթե երեխայի մոտ հայտնաբերել եք ալերգիա ձվի նկատմամբ, ապա ճիշտ կլինի ձեռքի տակ ունենաք ձվի փոխարինողների ցուցակը:

.

Արդյո՞ք պատվաստանյութերն իրենց մեջ պարունակում են ձվի սպիտակուց

Հարկ է նշել, որ այսօր արդեն դրանցում դադարեցվել է սպիտակուցի կիրառումն իբրև կոնսերվանտ: Եվ բոլոր նրանք, ովքեր կարող են ընդունել ձու կամ ձվային մթերքներ, հանգիստ կարող են ստանալ այդ պատվաստումները (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ): Սրանցում ձվի սպիտակուցն այնքան էլ շատ չէ, ուստի ռեակցիա չեն ունենա նաև նրանք, ովքեր ալերգիա ունեն:

Ավելին, այսօր արտադրվող շատ ԿԿԽ պատվաստանյութեր բնավ չեն պարունակում ձվի սպիտակուց: Մինչդեռ գրիպի և դեղնախտի պատվաստանյութերում դրանք առկա են և ալերգիա ունեցողները չպետք է դրանք ստանան:

.

Որքա՞ն ձու կարող են ուտել երեխաները

Ձուն վնասակար է համարվում առողջության համար բարձր խոլեստերինի պատճառով, որ պարունակում է իր մեջ: Բայց հետազոտությունները ցույց են տվել, որ ձվի պարբերաբար օգտագործումը (անգամ ամեն օր մեկ ձու) չի բարձրացնում խոլեստերինի քանակը արյան մեջ:

2 տարեկանից սկսած երեխաներն ու մեծահասակները պետք է օգտագործեն օրական 300 մգ խոլեստերին, իսկ ձուն իր մեջ պարունակում է 200 մգ: Հաշիվը պահելիս հիշեք նաև, որ խոլեստերին են պարունակում կարագը, մայոնեզը, շոկոլադը…Իհարկե կարելի է օրական մեկ ձու ուտել, բայց շատ ավելի լավ կլինի ընտրել նաև միս կամ ձուկ` առավել բալանսավորված սննդակարգ ունենալու համար:

Տարբեր երկրներում ձվի թույլատրելի քանակը տարբեր է: Օրինակ Ամն-ում թույլատրվում է տալ մեկ ամբողջական ձու մինչև մեկ տարեկան երեխային, ով արդեն սկսել է իր հավելյալը: Բայց օրինակ Ֆրանսիայում չափաբաժինն ավելի փոքր է.

6-8 ամսեկան – կես սպիտակուց կամ ամբողջական ձվի 1/4 մասը` մսի կամ ձկանը փոխարեն

9-12 ամսեկան մեկ դեղնուց կամ ամբողջական ձվի 1/3 մասը

1-3 տարեկան –օրական կես ձու

Ձու պետք է տալ շաբաթը 1-2 անգամ:

.

Ո՞ր ձուն է ավելի լավ` հավինը թե լորինը

Հավի ձուն իր մեջ պարունակում է B խմբի վիտամիննե, որոնք պատասխանատու են նյարդային համակարգի ձևավորման և ճիշտ նյութափոխանակության համար: Հենց սա է պատճառը, որ հավի ձուն անպայմանորեն պետք է ներառված լինի մեր երեխայի սննդակարգի մեջ:

Բայց քանի որ հնարավոր է ալերգիա առաջանա հավի ձվի սպիտակուցի նկատմամբ դուք կարող եք երեխային լորի ձու տալ: Լորի ձուն ավելի քիչ ալերգեններ է պարունակում ու խիստ սննդարար է: Չնայած իր փոքր չափերին լորի ձուն պարունակում է շատ վիտամիններ, երկաթ, կալիում, ֆոսֆոր: Եթե ձեր երեխան ալերգիկ է սկսեք լորի ձվից, իսկ եթե ոչ, ապա կարող եք տալ ինչպես հավի, այնպես էլ լորի ձու:

.

Կա արդյո՞ք տարբերություն սպիտակ կամ դեղին (բաց շականակագույն) ձվի միջև

Ոչ: Ձվի կեղևի գույնը կախված է հավի տեսակից և ոչ մի ազդեցություն չունի ձվի սննդային արժեքի կամ համի վրա:

Իսկ ինչ վերաբերում է դեղնուցի գույնին հարկ է հիշել, որ այն նույնպես չի ազդում համի և որակի վրա, այլ պարզապես կախված է հավին տված կերից. Եգիպտացորենով սնվող հավերի ածած ձվի դեղնուցն ավելի մուգ է, իսկ ցորենով սնվողներինը`բաց:

.

Պետք է արդյո՞ք լվանալ ձուն սառնարան դնելուց առաջ

Ոչ, դրա կարիքը բնավ չկա: Դրանով մենք հանում ենք պաշտպանիչ շերտը հնարավորություն տալով բակտերիաներին ավելի հեշտ թափանցել և բազմանալ ձվի մեջ:

.

Ինչպե՞ս պատրաստել ձուն

Պետք չէ երեխաներին տալ հում կամ թերխաշ ձու: Կիսաեփ ձուն կարող է պարունակել բակտերիաներ, որոնք առաջ կբերեն սննդային թունավորում: Անհրաժեշտ է խուսափել նաև այնպիսի մթերքներից, որոնցում հում ձու է օգտագործվում, ինչպիսիք են օրինակ մուսերը, տնային պատրաստման մայոնեզներն ու պաղպաղակները: Երբ տորթ եք պատրաստում մի տրվեք գայթակղությանը`տալ գդալը երեխային լպստելու հարցում: Երբ ձուն պատրաստում եք ձեր երեխայի համար վստահ եղեք, որ ձուն ամբողջությամբ պինդ է, եփված:

 

Կազմեց Լիանա Ղազարյանը

Թարգմանեց Նինա Յանը

http://www.babycentre.co.uk/x1042723/is-it-safe-to-give-my-baby-eggs-to-eat#ixzz43Xwer0vRhttp://www.homemademommy.net/2014/02/nutrient-dense-baby-foods-egg-yolks.htmlhttp://www.infobebes.com/Bebe/Nutrition/Manger-equilibre/Le-dejeuner-de-Bebe/Les-oeufs-c-est-bon-pour-les-bebeshttp://www.livestrong.com/article/524828-is-it-ok-for-kids-to-eat-eggs-every-day-for-breakfast/


Երեխաներին հյութ առաջարկելու ուղեցույց
Հավելյալ սննդի ներմուծման ուղեցույց և սխեմա