Մայրական կաթն ավելացնող միջոցներ. չաման


12607300_10153547895972763_1735532824_n

Սնունդ, որն ավելացնում է մայրական կաթը. գալակտագոգներ” հոդվածում մենք արդեն քննարկել ենք այն սննդամթերքները և դեղաբույսերը, որոնք կարող են խթանել կաթնարտադրությունը: Հաշվի առնելով այս թեմայի կարևորությունը և նաև այն, որ նման միջոցները պետք է օգտագործել գրագետ կերպով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեր հոդվածը ամենատարածված գալակտագոգի՝ հոռոմ չամանի (пажитник, fenugreek) օգտագործման եղանակների, չափաբաժինների ինչպես նաև հակացուցումների մասին: Խնդրում ենք ուշադիր լինել նկարներին, քանի որ դրանք կօգնեն ձեզ հասկանալ, թե չամանի որ տեսակի մասին է խոսվում այս հոդվածում:

 

Ազդեցությունը կաթնարտադրության վրա

Չամանը կաթնարտադրությունը խթանող ամենատարածված դեղաբույսն է: Դարերի ընթացքում և տարբեր երկրներում այն օգտագործվել է մայրերի կողմից կաթն ավելացնելու համար, չնայած նրան, որ ոչ բոլոր գիտական հետազոտություններն են հաստատում չամանի նման հատկությունը:

Սովորաբար մայրերը սկսում են նկատել կաթնարտադրության աճ չամանը օգտագործել սկսելուց 24-72 ժամ հետո, սակայն որոշ մայրերի դեպքում կարող է պահանջվել նույնիսկ երկու շաբաթ որևէ արդյունք զգալու համար: Կան մայրեր, որոնց կաթի քանակի վրա չամանը չի ազդում:

Կան տվյալներ, որ օրական 3.500 մգ-ից քիչ չափաբաժնի դեպքում չամանը կարող է կաթնարտադրության վրա ընդհանրապես ազդեցություն չունենալ: Հասկանալու համար, թե արդյոք դուք ճիշտ չափաբաժին եք ընդունում, կարելի է աստիճանաբար մեծացնել չամանի չափաբաժինը մինչև ձեր քրտինքը կամ մեզը ստանա թխկու /օշարակի (кленовый сироп, maple syrup) հոտ: Եթե նկատում եք որևէ կողմնակի ազդեցություն ձեր կամ երեխայի մոտ, դադարեցրեք չամանի օգտագործումը:

 

Չափաբաժինը

(քննարկեք չափաբաժնի հարցը ձեր կրծքով կերակրման խորհրդատուի և բժշկի հետ)

Չաման (пажитник, fenugreek)
Պատիճ (580-610 մգ) ·    2-4 պատիճ՝ օրական երեք անգամ

·    6-12 պատիճ՝ ամբողջ օրվա ընթացքում

·    ~1200-2400 մգ՝ օրական երեք անգամ

Պատիճ (500 մգ) ·    7-14 պատիճ ամբողջ օրվա ընթացքում
Փոշի կամ սերմ ·    2-4 գրամ՝ օրական երեք անգամ, խառնել ջրի կամ հյութի հետ
Թուրմ ·    1-2 մլ՝ օրական երեք անգամ
Թեյ ·    Մեկ բաժակ՝ օրական երկու-երեք անգամ

 

Հնարավոր կողմնակի ազդեցություններ մոր մոտ՝

  • Քրտինքի և մեզի քաղցրավուն հոտ:
  • Երբեմն թույլ կղանք, որը կարգավորվում է, երբ մայրը դադարեցնում է չամանի ընդունումը:
  • Օրական 100 գրամից ավել չամանի ընդունումը կարող է աղիների խանգարում և սրտխառնոց առաջացնել:
  • Արտաքին օգտագործումը կարող է գրգռել մաշկը:
  • Չամանի սերմերի կամ թեյի օգտագործումը երեխաների կամ հղիների կողմից կարող է ազդել բժշկական հետազոտությունների արդյունքների վրա, այնպես որ անհրաժեշտ է բժշկին զգուշացնել, եթե դուք չաման եք օգտագործում կաթնարտադրությունը խթանելու համար:

 

Օգտագործեք զգուշությամբ, եթե ունեք կամ ունեցել եք՝

  • գետնանուշի կամ սիսեռի նկատմամբ ալերգիա,
  • շաքարախտ կամ հիպոգլիկեմիա,
  • ասթմա:

 

Չամանի օգտագործումը հղիության ժամանակ

Հնում չամանն օգտագործվել է ծննդաբերության խթանման՝ ինդուկցիայի համար և համարվում է ծննդաբերությունը և դաշտանը խթանող միջոց: Այս պատճառով, չաման խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում:

 

Հնարավոր կողմնակի ազդեցություններ երեխայի մոտ

Հիմնականում, երեխան մոր ընդունած չամանից ազդեցություն չի կրում: Երբեմն երեխաներից թխկու օշարակի հոտ է սկսում գալ: Այնուամենայնիվ, կաթնարտադրությունը խթանելու նպատակով չաման օգտագործող որոշ մայրեր նկատել են, որ իրենց երեխան դարձել է ավելի անհանգիստ, իսկ երեխայի կղանքը՝ կանաչ: Երբ մայրը դադարեցրել է չաման օգտագործելը, այդ խնդիրներն անցել են: Պետք է նաև հիշել, որ քանի որ չամանը կաթն առատացնելու հատկություն ունի, ապա գազերը և կանաչ կղանքը կարող են նաև առաջնային և հետին կաթի դիսբալանսից լինել, որը հաճախ է պատահում առատ կաթ ունեցող մայրերի մոտ:

Չամանը կարող է աղեստամոքսային խնդրի ախտանիշներ առաջացնել մոր մոտ, և հնարավոր է, որ նույն նշաններն առաջանան երեխայի մոտ: Գրանցվել են նաև չամանի նկատմամբ ալերգիայի դեպքեր:

 

Ինչպես օգտագործել

Թեյը: Օգտագործեք չամանի ամբողջ սերմեր: Սերմերը լվացեք սառը ջրով, ապա եռացրեք 15 րոպե:

Չամանի բողբոջներ: Չամանի սերմերը թրջեք մեկ գիշեր, իսկ հաջորդ օրը որևէ ամանի մեջ դրեք պատուհանի գոգին: Ամեն օր ջրեք: Սերմերը կբողբոջեն մոտվորապես հինգ օրվա ընթացքում:

Հիշեք.

  • դեղաբույսերը դեղամիջոցներ են,
  • չամանը, ինչպես ցանկացած այլ գալակտագոգ, պետք է օգտագործել միայն որպես օժանդակ միջոց: Կրծքի կաթն ավելացնելու հիմնական մեթոդները նկարագրված են մեր “Ինչպես ավելացնել կաթը” հոդվածում,
  • ցանկալի չէ օգտագործել չաման կամ այլ գալակտագոգ, եթե ձեզ ԹՎՈՒՄ է, թե ձեր կաթը քիչ է: Չամանը կարող է զգալիորեն ավելացնել կրծքի կաթը և հանգեցնել կաթի գերառաջարկի, որն ունի իր բացասական հետևանքները և՛ մոր, և՛ երեխայի համար:

Նախքան գալակտագոգներ ընդունելը քննարկե՛ք կաթի քանակի հետ կապված ձեր անհանգստությունները կրծքով կերակրման խորհրդատուի կամ այլ համապատասխան մասնագետ հետ:

 

Աղբյուրներ՝

http://kellymom.com/bf/can-i-breastfeed/herbs/fenugreek/

http://am-am.info/faq/menyu-kormyashhej-mamy/pazhitnik-pri-gv/

 

Պատրաստեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Արդյո՞ք կարելի է ալկոհոլ օգտագործել և կրծքով կերակրել երեխային

1 thought on “Մայրական կաթն ավելացնող միջոցներ. չաման

Comments are closed.