Մարզվելը և կրծքով կերակրելը


excercise and breastfeedingՉափավոր ֆիզիկական վարժություններ կատարելը բարելավում է մայրերի առողջությունը և դրական ազդեցություն է թողնում նրանց հոգեկան վիճակի վրա:

Մարզվելու որոշ օգուտներն են.

  •  Ավելի առողջ սրտանոթային համակարգ
  • Արյան ճարպերի բարելավված տեսականի և ինսուլինի պատասխան
  • Էներգիայի ավելացում և սթրեսի նվազում, ինչի արդյունքն է բարեկեցության զգացմունքը
  • Ավելի սերտ մայր-երեխա հարաբերություններ
  • Ընկճախտի ախտանիշերի թեթևացում այն մայրերի մոտ, ովքեր տառապում են լուրջ ընկճախտով

Հետազոտությունները ցույց են տվել, որ չափավոր վարժվելը չի բերում որևէփոփոխության՝ կաթի արտադրության, սննդային արժեքի և երեխայի քաշի ցուցանիշներում, միչդեռ մինչև ուժասպառություն վարժվելը կարող է ունենալ կարճատև ազդեցություն կաթի մեջ կաթնաթթվի և IgA հակամարմինների պարունակության վրա (ավելի մանրամասն նայեք ստորև):

Արդյո՞ք մարզվելը ազդում է կաթի քանակի կամ բաղադրության վրա

Ոչ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ չկա տարբերություն կաթի արտադրության, սննդային արժեքի և երեխայի քաշի մեջ: Մի հետազոտության արդյունքում պարզել են, որ մարզվող մայրերի մոտ կաթի քանակը կարող է նույնիսկ ավելանալ, սակայն քանի որ ուսումնասիրվել են քիչ թվով մայրեր, տարբերության վիճակագրությունը կարող է ստույգ չլինել:

Արդյո՞ք մարզվելը ազդում է կաթի մեջ պարունակվող իմմունային գործոնների վրա:

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ չափավոր մարզվելուց հետո իմմունային գործոնները չեն փոխվում, բայց մինչև ուժասպառություն վարժվելու դեպքում կարճ ժամանակով նվազում է IgA հակամարմինների քանակը (IgA հակամարմինները կարևոր դեր են խաղում լորձային թաղանթներում իմմունային պաշտպանության մեջ): Կերակրող մայրերի մեծամասնությունը չի մարզվում մինչև ուժասպառություն, իսկ այն մայրերի մոտ, որոնք դա անում են և կերակրում են վարժվելուց անմիջապես հետո, IgA-ի քանակը կպակասի, սակայն օրվա ընթացքում մի կերակրումը դժվար թե էական լինի երեխայի համար:

Ավելի մանրամասն. 1997 թ-ին, Gregory և ուրիշները պարզել են, որ եթե անգամ մայրը վարժվել է մինչև ուժասպառություն, IgA-ի քանակը կրծքի կաթի մեջ նվազում է կարճ ժամանակով (10-30 րոպե) և վերականգնվում է ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Նրանք նկատել են նաև, որ IgA-ի քանակը ավելանում է կուրծքը դատարկելուց հետո՝ անկախ մայրիկի վարժվելուց: 2003 թ-ին Lovelady և ուրիշները նույնպես չեն գտել իմունային գործոնների (IgA, լակտոֆերին, լիզոզիմ) քանակի տարբերություն չափավոր մարզվող և չմարզվող մայրերի մոտ:

Արդյո՞ք մարզվելուց հետո կրծքի կաթի մեջ ավելանում է կաթնաթթվի քանակը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ չափավոր մարզվելուց հետո (50% և 75% ինտենսիվություն) տեղի չի ունենում կաթնաթթվի քանակի զգալի բարձրացում: Կաթնաթթվի քանակը կարող է թեթևակի բարձրանալ, եթե մայրը մարզվել է առավելագույն ինտենսիվությամբ (100%): Այս ավելցուկը կարող է պահպանվել մարզվելուց մինչև 90 րոպե անց, սակայն դրա ոչ մի վնասակար ազդեցություն երեխայի վրա չի բացահայտվել:

Արդյո՞ք երեխան կհրաժարվի կրծքից՝ մայրիկի մարզվելուց հետո:

Ուսումնասիրությունների մեծ մասը վկայում է այն մասին, որ երեխաների կրծքի կաթ ուտելու ցանկությունը անփոփոխ է մնում մայրիկի նույնիսկ առավելագույն ինտենսիվ մարզվելուց հետո: Ըստ 1992 թ. տպագրված հետազոտության` երեխաները կարող են լինել անհանգիստ կամ չխմել կաթը, որը կթել էր մայրը ինտենսիվ մարզվելուց անմիջապես հետո, սակայն այս հոդվածի արդյունքները վիճելի են, քանի որ հետազոտության ընթացքում երեխաները կերակրվել են իրենց համար անսովոր ձևով՝ կաթիչով, մինչդեռ մայրերը տեղեկացրել են, որ նախկինում երեխաները առանց որևէ խնդրի կերել են կրծքի կաթը իրենց մարզվելուց անմիջապես հետո:

Ավելի ուշ հետազոտություններում ինտենսիվ մարզվելուց մեկ ժամ անց երեխաների կրծքի կաթ ուտելը չի տարբերվել սովորականից:

Եթե թվում է, թե ձեր մարզվելուց հետո երեխային դուր չի գալիս կաթի համը, մի մոռացեք, որ դա կարող է ոչ մի կերպ կապված չլինել կաթի համի հետ. երեխան կարող է ցրված լինել կամ կարող է իրեն ուղղակի դուր չգա քրտնքի աղի համը կրծքի վրա և այլն: Եթե դա կրկնվի ամեն անգամ, մայրը կարող է մի քիչ կթել (3-5 մլ ամեն կրծքից) երեխային կերակրելուց առաջ, կարող է նաև հետաձգել կերակրելը 30 րոպեով, որպեսզի կաթնաթթվի քանակը քչանա, և/կամ քչացնել մարզվելու ինտենսիվությունը:

Մարզժվելու կանոնները կերակրող մայրերի համար.        

  • Ձեր իսկ հարմարավետության համար դուք կարող եք կերակրել մարզվելուց անմիջապես առաջ և կրել սպորտային կրծկալ (հատկապես վազելուց, թռչկոտելուց և այլն):
  • Որոշ երեխաներ չեն սիրում կրծքի կաթ ուտել, եթե մայրը քրտնել է (քանի որ մաշկը աղի համ է ունենում). դրա համար կերակրելուց առաջ կարող եք ցայել ձեր կրծքերը կամ լողանալ:
  • Եթե դուք կշռաքարեր եք բարձրացնում կամ ուրիշ վարժություններ եք անում, որոնց ընթացքում շարժում եք թևերը և ձեր մոտ հաճախակի ծորանների խցանում է լինում, պակասեցրեք վարժությունները և սկսեք կրկին ավելի թեթև ինտենսիվությամբ:
  • Ջուր խմեք, որպեսզի չջրազրկվեք:

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/can-i-breastfeed/lifestyle/mom-exercise/

Թարգմանեց՝ Լիանա Ղազարյանը
Շնորհակալություն Անահիտ Չախալյանին և Զարուհի Ղազարյանին օգնության համար

 

Հետծննդաբերական հոգեբանական խնդիրներ
Ինչպես է սթրեսն ազդում կրծքով կերակրելու վրա