Մի՛ խլեք երեխաներից նրանց սեփական ցանկությունների էներգիան.


 

articleՅուլիա Գիպպենրեյտերի երեխաների դաստիարակության կանոնները

© Monika Koclajda

 

Երեխաների դաստիարակությունը մի երկար, քրտնաջան և հոգնեցնող պրոցես է՝ անկանխատեսելի արդյունքով: Այսօր երեխաների դաստիարակության հարցում ծնողներին օգնության են գալիս բազմաթիվ գրքեր, մեթոդաբանություններ, մոտեցումներ, մոդելներ, ինչպես նաև մանկական հոգեբանության բազմաթիվ մասնագետներ: Հետխորհրդային երկրներում թերևս ամենահայտնի մանկական հոգեբանը Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Յուլիա Գիպպենրեյտերն է: Այս հոդվածում առաջարկում ենք ծանոթանալ երեխաների դաստիարակության նրա կանոնների հետ:

 

  1. Ընդունեք երեխաներին այնպիսին, ինչպիսին կան: Երեխայի նորմալ զարգացման ամենակարևոր պայմաններից է այն, որ նա հասկանա, որ սիրված է և պետք է ծնողներին այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե “խելոք բալիկ լինելու”, “խաղալիքները հավաքելու”, կամ “ծնողներին լսելու” համար: Ծնողներին այս հարցում կարող են օգնել քնքշանքը, գգվելը և այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են՝ “Ինձ լավ է, երբ մենք միասին ենք” և “ես ուրախ եմ, որ ծնվել ես”: Երեխաներն ամեն ինչ բառացիորեն են հասկանում, և ծնողների ուշադրության այս նշանները նրանց առողջ հոգեբանական զարգացման գրավականն են:
  1. Մի՛ խանգարեք երեխային, եթե նա կլանված է ինչ-որ բանով, մի՛ խառնվեք, եթե նա օգնություն չի խնդրում: Ընդհակառակը, անպայման օգնեք երեխային, եթե նա օգնություն է խնդրում: Ոչ մի դեպքում մի՛ ասեք՝ “ինքդ գլուխ հանի”: Օգնել անհրաժեշտ է, սակայն միայն այն դեպքում, եթե երեխան ինքնուրույն այդ հարցը լուծել չի կարողանում: Եթե երեխան նոր գիտելիքներ և հմտություններ է ձեռքբերել, թույլ տվեք, որ նա սկսի դրանք կիրառել:
  1. Մի՛ խլեք երեխայից իր ցանկությունների էներգիան: Այն ծնողները, որոնք երեխայից շատ բան են պահանջում՝ երաժշտական դպրոց, շախմատ, կոնկրետ ԲՈՒՀ, իրենց կարծիքով՝ լավ աշխատանք և այլն, որպես օրենք, հեշտ կյանքով չեն ապրում: Երբ ծնողները ստիպելով են փորձում երեխաների մոտ հետաքրքրություն ձևավորել “կարևոր” պարապմունքների նկատմամբ, երեխաները ավելի մեծ համառությամբ են սկսում զբաղվել “անպետք գործերով”: Բնությամբ է պայմանավորված այն, որ յուրաքանչյուր մարդ պայքարում է սեփական ցանկություններ ունենալու և դրանք իրականացնելու համար: Նման “պայքարները” հատուկ սուր են դեռահասների մոտ: Պետք է հասկանալ, որ երեխաների անձնային հատկանիշները և ընդունակությունները զարգանում են միայն այն գործնեության միջոցով, որով նրանք զբաղվում են սեփական ցանկությամբ և հետաքրքրությամբ:
  1. Ավելորդ կոնֆլիկտներից խուսափելու համար համապատասխանեցրեք ձեր ցանկությունները երեխայի հնարավորությունների հետ: Բոլոր ծնողներն իրենց երեխաների հետ կապված սպասումներ ունեն, և դա նորմալ է: Պետք չէ նշաձողը չափից շատ բարձրացնել: Ծնողներին պետք է համբերատալ լինել և գիտակցել, որ սխալները և անկումներն անխուսափելի են նոր գիտելիքներ և հմտություններ ձեռքբերելու ընթացքում:
  1. Թույլ մի՛ տվեք, որ բացասական էմոցիաներ կուտակվեն այն զբաղմունքի շուրջ, որով ցանկանում եք զբաղեցնել ձեր երեխային: Այս կետը առավել կարևոր է, երբ խոսքը գնում է դպրոցի և դասապատրաստման մասին: Բանն այն է, որ դպրոցին և դասերին վերաբերվող բոլոր որոշումներն ընդունվում են կա՛մ ծնողների, կա՛մ ուսուցիչների կողմից: Երեխան ընդհանրապես ընտրության հնարավորություն չի ունենում, և ուսուցման պրոցեսը նրա համար դառնում է պարտադրանք, անհաջողություն, սխալներ, վատ գնահատականներ, ամոթանք և պատիժ ենթադրող գործընթաց: Սրանք բացասական էմոցիաներ են, որոնք կուտակվելու հակում ունեն: Անհաջողություններով պայմանավորված ապրումներից տուժում է երեխայի ինքնագնահատականը:
  1. Թողեք, որ երեխան սովորի սեփական սխալների վրա: Այստեղ խոսքը գնում է ավելորդ հոգատարությունից խուսափելու մասին՝ հավաքել խաղալիքները, արթնացնել առավոտյան, ստուգել տնային առաջադրանքները և այլն: Անհրաժեշտ է աստիճանաբար երեխային փոխանցել իր գործերի և արարքների համար պատասխանատվությունը: Սա թույլ կտա երեխայի մոտ ձևավորել կազմակերպվածություն և ինքնավստահություն: Իհարկե, սկզբում ստիպված կլինեք հրաժարվել որոշ հարմարավետությունից և բարեկեցությունից, սակայն, որքան էլ տարօրինակ չհնչի, երեխաների համար բացասական փորձը ևս շատ կարևոր է: Դրա արդյունքում նրանք հասունանում են և դառնում ինքնուրույն:
  1. Երբեմն կյանքն ավելի լավ է սովորեցնում, քան ծնողը: Եթե սխալի համար երեխային արդեն պատժել է կյանքը, ապա կարիք չկա, որ մի անգամ էլ այդ նույն սխալի համար նրան պատժի ծնողը: Կարևոր է, որ դուք ըմբռնումով և կարեկցանքով մոտենաք երեխայի ապրումներին, և չխորացնեք դրանք: Պետք չէ երեխաներին ապահովագրել իրենց արարքների բացասական հետևանքներից, եթե դրանք նրա կյանքին կամ առողջությանը չեն սպառնում: Նրանց համար այդ հետևանքները արժեքավոր փորձ են:
  1. Ավելի ճիշտ է երեխային պատժել՝ զրկելով լավ բանից, քան վատություն անելով: Դրա համար պետք է ունենալ երեխայի համար հաճելի և ուրախ միջոցառումների, արարողությունների կամ ավանդույթների պահուստ, որոնց նա անհամբեր սպասում է: Կարելի է նրան սպառնալ, որ կզրկվի իր համար հաճելի միջոցառումից, եթե որևէ սխալ բան անի: Սակայն պետք չէ չարաշահել:
  1. Մի՛ յուրացրեք երեխայի զգացմունքային խնդիրները: Այստեղ խոսքը գնում է երեխայի համար չափից շատ անհանգստանալու մասին (որդուն թույլ տալ ընկերների հետ արշավի գնալ, դստերը թույլ տալ Ամանորը դիմավորել ոչ տանը և այլն): Գուցե չափից շատ անհանգստանալը պայմանավորված է մոր բնությամբ և արդարացված է, եթե երեխան կարեկցանքի և ծնողների մասնակցության կարիքն ունի, սակայն դա պետք է անել նրբանկատ կերպով և առանց պարտադրելու: Տարիքի հետ երեխաները պետք է առանձնանան ծնողներից նաև զգացմունքների առումով: Երեխան պետք է կարողանա դիմակայել տհաճ իրավիճակներին և ցանկացած իրավիճակում ինքնուրույն որոշումներ ընդունել:
  1. Կանոններ՝ սահմանափակումներ, պահանջներ, արգելքներ, պետք է գոյություն ունենան ցանկացած երեխայի կյանքում: Դրանք կյանքն ավելի հասկանալի ու կանխատեսելի են դարձնում, տալիս են հանգստության և կայունության զգացում: Կանոնները չպետք է լինեն շատ, պետք է համաձայնեցված լինեն երկու ծնողների միջև և չպետք է հակասեն երեխայի հիմնարար պահանջմունքներին: Կարևո՛ր է նման սահմանափակումները չափի մեջ պահելը, սակայն նաև չի կարելի ենթարկվել երեխայի կամակորություններին և հանդուրժել դրանք:
  1. Երեխային տնային գործերն անելու համար վճարելը կարող է նրա մոտ ձևավորել սխալ պատկերացումներ պարտականությունների, օգնության, անշահախնդիր աշխատանքի և ընտանեկան փոխհարաբերությունների մասին: Ընտանիքի այլ անդամների նման՝ երեխան պետք է ներգրավված լինի ամենօրյա տնային գործերում և կատարի դրանք՝ լվա ամանները, ինքնուրույն նախաճաշ պատրաստի, սրբի փոշիները, հավաքի անկողինը և այլն:
  1. Դաստիարակը, որը զրկում է երեխային գործողությունների ազատությունից, սպանում է նրա զարգացման ուժը: Նույնը վերաբերվում է գերհոգատարությանը և անընդհատ ստիպողաբար ինչ-որ բան սովորեցնելուն: Երեխայի մոտ պետք է ազատ ժամանակ լինի սիրած գործով զբաղվելու համար: Երեխաներին հատուկ է ձգտումը դեպի շփումը ուրիշների հետ, աճը և զարգացումը, դրական ինքնագնահատականը և ազատությունը: Չի՛ կարելի երեխաներին զրկել նորը փնտրելու ու ճանաչելու ուրախությունից: Հակառակ դեպքում երեխան չի կարողանա ընտրել իր կյանքի ուղին, իր կյանքի կոչումը:
  1. “Մանկական” խաղեր չեն լինում: Նույնիսկ ամենազբաղված ծնողները պետք է ժամանակ գտնեն իրենց երեխաների հետ անցկացնելու համար: Այդ ընթացքում նրանք պետք է փորձեն ապրել երեխայի աշխարհում, նրա երևակայություններով, հետաքրքրությամբ զրուցեն նրա հետ, խաղան, կատակեն, ծիծաղեն: Այդ պահերին պետք է շփվել երեխայի հետ հավասարը հավասարի պես: Ծնողների հետ խաղի միջոցով երեխան սկսում է ընկալել կյանքը, հասկանում է, որ լինում են անհաջողություններ, և որ նպատակին հասնելու համար պետք է աշխատել, մտածել և շատ բան իմանալ:
  1. Երեխայի հետ մեր կոնտակտը ձևավորվում է, երբ մեր մոտ կուտակվում են նրա ամենօրյա ապրումների մասին պատկերացումներ: Երեխայի հետ պետք է խոսել հավասարը հավասարի պես և բարեհամբույր տոնով, մտածել և փնտրել տհաճ իրավիճակից դուրս գալու տարբերակներ, որքան էլ որ դրանք պարզունակ չլինեն: Երեխան պետք է հասկանա, որ ծնողները իրեն իրոք լսում ու հասկանում են և ընդունում նրա անհանգստությունը: Երեխայի անձնական ապրումները հասկանալը նրա հետ լավ և վստահության վրա հիմնված հարաբերությունների հիմնական պայմանն է:
  1. Երեխաները շատ խիստ և զգայուն դատավորներ են: Նրանք դժվար են համակերպվում անարդարության, անկեղծության բացակայության, մեծահասակների հիմարության և կոպտության հետ: Բոլոր երեխաներն էլ երազում են իդեալական ծնող ունենալու մասին, սակայն միայն ամենափոքրերն են այդպես ընկալում սեփական ծնողներին: Շուտով նրանք սկսում են օբյեկտիվորեն գնահատել ծնողներին և հաճախ հիասթափվում են: Երեխաները միշտ շատ մեծ ուշադրությամբ են հետևում, թե արդյոք ծնողներն անում են այն, ինչ իրենցից են պահանջում:

Մեր երկրում երեխայի դաստիարակության ավանդական մեթոդը, որը սերնդից սերունդ է փոխանցվում դեռ սովետական ժամանակներից, ենթադրում է, որ եթե երեխան չի անում այն, ինչ իրեն ասում են, ապա նրան պետք է պատժել, եթե կոպտում է՝ խրատել, եթե նեղացել է՝ մեղադրել: Յուլիա Գիպպենրեյտերի դաստիարակության սկզբունքների հիմքում երեխաների նկատմամբ մարդկային վերաբերմունքն է և նրանց բոլոր շահերի և պահանջների նկատմամբ ուշադրությունը:

Աղբյուրը՝ http://www.vospitaj.com/blog/pravila-yulii-gippenrejjter/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Խուսափում ենք նորաթուխ մայրիկների համեմատական թակարդներից
Ինչպե՞ս ասել "ՈՉ" և մնալ դրական