Կրծքով կերակրող կնոջ կուրծքը. մոնթհոմերյան գեղձերը


 

13689788_10153925214322763_1236260536_nՄոնթհոմերյան գեղձերը մարդու մարմնի գաղտնիքներից մեկն են: Գիտնականները դեռևս համաձայնության չեն եկել այն բանի շուրջ, թե իրենցից ինչ են ներկայացնում կրծքի հարպտկային հատվածում գտնվող այս բշտիկները: Միակ բանը, որ կարելի է գրեթե համոզված ասել, այն է, որ մոնթհոմերյան գեղձերը չափազանց կարևոր են կրծքով կերակրման համար:

Մոնթհոմերյան գեղձերը գտնվում են կրծքի մուգ հարպտկային մասում՝ պտուկի շուրջ: Դրանք արտաքին սեկրեցիայի գեղձեր են, որոնց ուղիները բացվում են կրծքագեղձի հարպտկային մասում: Տարբեր կանանց մոտ այս գեղձերը տարբեր չափսի են և սովորաբար լինում են 4-ից 28 հատ: Մոնթհոմերյան գեղձերը սկսում են զարգանալ կրծքագեղձի զարգացման հետ միաժամանակ՝ դեռահաս տարիքում, սակայն զարգացման գագաթնակետին են հասնում հղիության և կաթնարտադրության ժամանակ, երբ նրանք զգալի մեծանում են և տեսաների դառնում: Կրծքով կերակրող կանանց մոտ 20 տոկոսը նկատել է, որ իրենց մոնթհոմերյան գեղձերից կաթ է եկել: Կաթնարտադրությունն ավարտելուց հետո այս գեղձերի չափսը փոքրանում է:

Մոնթհոմերյան գեղձերը արտազատում են հատուկ բակտերիցիդ ճարպոտ հեղուկ, որը մի շարք կարևոր գործառույթներ ունի: Եկեք դրանք դիտարկենք առանձին-առանձին:

  • Պտուկի շուրջ մաշկը չափազանց նուրբ է ու զգայուն: Այն հավելյալ պաշտպանության ու խոնավեցման կարիք ունի, որն էլ իրականացվում է մոնթհոմերյան գեղձերի կողմից արտադրված հեղուկի միջոցով:
  • Պտուկի նուրբ մաշկը անպաշտպան է սնկերի և բակտերիաների նկատմամբ հատկապես կրծքով կերակրելու շրջանում: Մոնթհոմերյան գեղձերը պաշտպանում են պտուկները ինֆեկցիոն գործոններից: Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ ՉԵՆ տալիս լվալ կրծքերը կերակրելուց առաջ, քանի որ այդպես մաքրվում է պտուկի վրայի մոնթհոմերյան գեղձերի կողմից արտադրված պաշպանիչ շերտը:
  • Մոնթհոմերյան գեղձերի արտազատուկի հոտը գրգռում է երեխայի սննդային վարքը: Հենց այս հոտն է, որը զգում է նոր ծնված երեխան, երբ շրջում է գլուխը և փնտրում մոր կուրծքը:

Մոնթհոմերյան գեղձերի բորբոքումը բավական հազվադեպ երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինֆեկցիայով և հորմոններով: Հորմոնալ բորբոքումը հիմնականում պատահում է դեռահաս տարիքում և հղիության ընթացքում: Եթե մոնթհոմերյան գեղձերը մեծացել են, ցավում են, կամ դրանցից հոսում է անգույն կամ բաց շագանակագույն նյութ, ապա պետք է անհապաղ դիմել մասնագետի:

Աղբյուրը՝ http://zdorovajamama.com/laktatsiya/zhelezy-montgomeri

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Կրծկալը հղիության և կերակրելու ընթացքում
Դաշտանը կրծքով կերակրող մայրերի մոտ. հաճախ տրվող հարցեր