Մոր սննդակարգը և կրծքի կաթի որակը


Հարց: Արդյո՞ք իմ սննդակարգը իրականում ազդում է իմ կաթի որակի և քանակի վրա: Երբ ես լարված եմ և լավ չեմ սնվում, իմ տղան բավարա՞ր չափով է կաթ ստանում: Ինձ թվում է, որ իմ սնունդը բալանսավորված չէ, արդյո՞ք երեխան ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր սննդանյութերը: Կա՞ արդյոք լրացուցիչ սննդի կարիք:

Պատասխան: Եկեք սկզբից սկսենք: Ձեր կաթը միշտ լինելու է ձեր երեխայի լավագույն սնունդը: Մարդկության պատմության ընթացքում մայրերը կերակրել են իրենց երեխաներին նույնիսկ այն ժամանակ, երբ սնվելու շատ սահմանափակ հնարավորություն են ունեցել, սակայն նրանց երեխաները ապրել են: Եթե կինը բավարար չափով սնունդ է ստանում նորմալ հղիություն ունենալու համար, նրա սննդակարգը բավարար սննդանյութեր կպարունակի այդ երեխային սնելու համար: Երեխաները ոչ միայն կարող են գոյատևել մոր կաթի օգնությամբ, այլև՝ մեծանալ:

Այսպիսով, արդյո՞ք դուք բավարար չափով կաթ ունեք:

Այո՛: Եթե ձեր երեխան կերակրվում է կրծքով, ապա ձեր մարմինը նրա համար միշտ կաթ կարտադրի, նույնիսկ եթե ձեր սննդակարգը սահմանափակ է և քիչ կալորիաներ է պարունակում: Կարևորն այն է, որ դուք երեխային կերակրեք այնքան հաճախ, որքան նա ցանկանում է: Այլ հարց է, որ հաճախ և ըստ պահանջի կերակրելը դժվար է, եթե դուք լարված եք կամ շատ զբաղված: Կարևորը սթրեսի և լարվածության գիտակցումն է, որը կօգնի ձեզ քայլեր ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:

Մոր սնունդը շատ քիչ ազդեցություն ունի կրծքի կաթում պարունակվող մակրո-սննդանյութերի՝ սպիտակուցների, ածխաջրերի և ճարպերի վրա: Ձեր կաթը բավարար չափով կալորիաներ, ինչպես նաև սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր է պարունակում՝ երեխայի իրեն բնորոշ աճը ապահովելու համար:

Մոր կողմից օգտագործվող ճարպերի տեսակները կարող են ազդեցություն ունենալ կրծքի կաթի մեջ պարունակվող ճարպերի տեսակների վրա, սակայն անկախ նրանից, թե դուք որքան ճարպ եք օգտագործում, ձեր կաթում պարունակվող ճարպի քանակը նույնն է մնում: Ձեր երեխան այնքան կալորիա է յուրացնում, որքան նրան այդ պահին անհրաժեշտ է աճելու համար: Հնարավոր է, որ ձեր սննդակարգը պարունակի մեծ քանակի բարձր վերամշակման ենթարկված ճարպեր. ձեր օրգանիզմի վրա այդ ճարպերի ունեցած ազդեցությունը շատ ավելի կարևոր խնդիր է, քան կրծքի կաթի մեջ դրանց մակարդակը:

Կրծքի կաթում պարունակվող որոշ միկրո-սննդանյութերի մակարդակը կարող է կախված լինել մոր օրգանիզմում այդ սննդանյութերի մակարդակից: Սակայն, բացառությամբ ծայրահեղ թերսնման դեպքերի, կրծքի կաթում այդ նյութերը սովորաբար գտնվում են բավարար մակարդակում:

Երկաթ, կալցիում, ցինկ, պղինձ, ֆոլաթթու: Մոր մոտ այս նյութերի  պակասը չի ազդում կրծքի կաթում դրանց պարունակության վրա: Օրինակ, հատկապես երկաթի դեպքում պետք է նշել, որ եթե հղիության ժամանակ մոր օրգանիզմում երկաթի պակասությունը կարող է հանգեցնել երեխայի մոտ երկաթի պակասի, ապա կրծքով կերակրելու դեպքում նման խնդիր չկա: Սակայն երեխան կարող է ավելի վաղ հասակում հավելյալ երկաթի կարիք ունենալ: Խորհրդակցե՛ք ձեր մանկաբույժի հետ այս խնդրի վերաբերյալ:

A, C և E վիտամիններ: Մոր սննդակարգը կապ ունի կրծքի կաթում այս վիտամիների մակարդակի հետ, սակայն դրանց լուրջ պակասը իրեն զգացնել կտա առաջին հերթին հենց մոր առողջության վրա ունեցած ազդեցությամբ: Ճարպալույծ վիտամինների գերկուտակումը օրգանիզմում կարող է թունավոր լինել և՛ մոր, և՛ երեխայի համար, այնինչ ջրալույծ վիտամինների գերկուտակում սովորաբար չի լինում:

B1, B2, B6, B12 վիտամիններ: Կրծքի կաթում պարունակվող B  վիտամինների մակարդակը կապված է ձեր օրգանիզմում այդ վիտամինների մակարդակի հետ: Սակայն ի տարբերություն այլ վիտամինների, այս վիտամինների սուր պակասը շատ հազվադեպ երևույթ է: B12 վիտամինի պակաս կարող են ունենալ այն մայրերը, որոնք  վեգան տիպի սննդակարգի են հետևում կամ այլ պատճառներով դրա խրոնիկ ցածր մակարդակ ունեն: B վիտամինների սուր պակասը մոր օրգանիզմում  կարող է լուրջ հետևանքներ ունենալ երեխաների համար, և պետք է լրացվեն դեռ հղիության ընթացքում:

Վիտամին D: Սա երևի ամենակահասական մոտեցումներ ենթադրող դեպքն է. օրգանիզմը վիտամին  D ստանում է հիմնականում ոչ սննդի միջոցով: Բժշկությունը գնալով ավելի շատ ինֆորմացիա է ստանում վիտամին D-ի սուր անբավարարության և առողջական խնդիրների միջև առկա կապի մասին, այնինչ մարդիկ գնալով ավելի քիչ վիտամին D են ստանում արևից: Կա երկու հիմնական տարբերակ՝

  • տալ լրացուցիչ վիտամին  D երեխային: Տվեք լրացուցիչ վիտամին D երեխային կաթիլային ճանապարհով: Որոշ աղբյուրներ խորհուրդ են տալիս երեխային տալ օրական 400IU կամ 1000IU վիտամին D: Կաթացրեք մեկ կաթիլ ձեր մատին կամ պտուկին և տվեք թող երեխան լպստի: Խուսափեք վիտամինի այն տեսակներից, որոնք գունային, համային կամ այլ հավելումներ են պարունակում, քանի որ որոշ երեխաներ կարող ենք դրանց պատճառով հրաժարվել վիտամինից:

  • տալ լրացուցիչ  վիտամին  D մորը: Եթե հղիության ընթացքում ձեր վիտամին  D-ի մակարդակը նորմալ է եղել, ժամանակակից հետազոտությունները առաջարկում են օրական լրացուցիչ 6000IU վիտամին D ընդունել, որը կրծքի կաթի մեջ պարունակվող վիտամին D-ի մակարդակը կհասցնի բավարար քանակի: Եթե նախնտրում եք այս տարբերակը, համապատասխան ստուգում անցեք համոզվելու համար, որ վիտամին D-ի պակաս չունեք:

Արդյո՞ք սա նշանակում է, որ մոր սննդակարգը ընդհանրապես կապ չունի կրծքի կաթի բաղադրության հետ:

Եթե կրծքով կերակրելու և երեխային սնելու այլ տարբերակների միջև ընտրության խնդիր ունեք, համոզված եղեք, որ կրծքի կաթը ամենալավ ընտրությունն է՝ անկախ ձեր սննդակարգից: Չկա կրծքի կաթից ավելի առողջարար տարբերակ:

Եթե ձեր սննդակարգը առողջ չէ, ապա երեխայի համար ռիսկային է ոչ թե ձեր կաթի որակը, այլ մոր վատ ինքնազգացողությունը: Այն մոր երեխան, որը իրեն վատ է զգում, մոր կաթի կարիքը ավելի շատ ունի. կրծքով կերակրելը կփոխհատուցի այն, ինչը մայրը վատ ինքնազգացողության պատճառով չի կարող նրան տալ:

Անառողջ սննդակարգը սովորաբար ենթադրում է անառողջ աղեստամոքսային համակարգ, որը գրգռված է և նորմալ չի գործում: Ձեր աղեստամոքսային համակարգի առողջությունը շատ սերտ կապված է ձեր երեխայի աղեստամոքսային  համակարգի առողջության հետ:  Որքան այն ավելի առողջ է, այնքան ավելի լավ եք մարսում սնունդը և քիչ գրգռիչ սպիտակուցներ են անցնում ձեր կաթի մեջ արյան միջոցով: Առողջ սննդակարգի դեպքում ձեր երեխան շահում է սննդանյութերի բազմազանությունից, ավելի քիչ գրգռված ստամոքսից և այլ տարբեր միկրոէլեմենտների առկայությունից, որոնք ապահովում են նրա աղեստամոքսային համակարգի նորմալ զարգացումը:

Աղեստամոքսային համակարգի և իմունային համակարգի ու ուղեղի աշխատանքի միջև կապի մասին հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր սնունդը ավելին է քան պարզապես էներգիայի աղբյուրը: Առողջ աղեստամոքսային համակարգ ունեցող երեխայի երեխան ևս առողջ համակարգ կունենա:

Այն, ինչ դուք ուտում եք որպես կերակրող մայր, ամեն օր փոխում է ձեր կաթի համը: Այսպես երեխաները ծանոթանում են այն ուտելիքի հետ, որը ընդունված է ձեր ընտանիքում: Շատ հաճախ ծնողները ինձ ասում են, որ իրենց սննդակարգը լավացել է իրենց երեխայի պատճառով: Նրանք սկսում են առողջ սնունդ օգտագործել իրենց երեխաների համար, նրանց ընտանեկան սեղանը ավելի առողջարար է դառնում: Սա կրծքով կերակրելու այն առավելություններից է, որին այնքան էլ ուշադրություն չենք դարձնում: Մայրերը հակված են շարունակել պահպանել առողջ սննդակարգը կերակրելը վերջացնելուց հետո:

Սնվելու հարցում դուք նույնչափ կարևոր եք, որքան ձեր երեխան: Առողջարար սննդից շահում են բոլորը:

Միշել Բրանկոն մասնավոր պրակտիկա ունեցող Միջազգային խորհրդի կողմից հավատարմագրված կրծքով կերակրման խորհրդատու է և  La Leche League-ի լիդեր:  Նա Իզաբելի և Թոմասի մայրն է, որոնք երկուսն էլ կրծքով են կերակրվել: Միշելը փաստերի վրա հիմնված խորհրդատվություն է տալիս Latch Lactation-ում գրանցված մայրերին հեռախոսի, էլ հասցեի և անհատական խորհրդատվությունների միջոցով:

 Հեղինակ՝ Միշել Բրանկո

Թարգմանվել է՝ http://www.naturalchildmagazine.com/1204/breastfed-matters.htm

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Սնունդ, որն ավելացնում է մայրական կաթը. գալակտագոգներ
Ալերգիաները և կրծքով կերակրումը ընտանիքում

1 thought on “Մոր սննդակարգը և կրծքի կաթի որակը

Comments are closed.