Նորածին երեխայի քունը. ծնվելուց մինչև չորս շաբաթական


 

newborn sleepԱնքնությամբ տառապող ծնողի համար նորածնի քնելու ժամանակացույցը կարող է միանգամայն անտրամաբանական թվալ: Նորածինները քնում են կարճ ժամանակահատվածներով, սովորաբար՝ 30 րոպեից մինչև 4 ժամ:

Ձեր վիճակն էլ ավելի վատթարացնելու համար նորածինները կարող են շատ հեշտությամբ արթնանալ, օրինակ, երբ փորձում եք ձեր գրկից երեխային տեղափոխել իր անկողնու մեջ: Հեշտ արթնանալը պայմանավորված է նրանով, որ նորածինների քնի մեծ մասը “ակտիվ քուն է”, որը բնութագրվում է դողացող կոպերով, արագ և անկանոն շնչառությամբ, մարմնի պատահական շարժումներով, և տարբեր ձայների արտաբերմամբ՝ տնքոցով կամ կարճ լացով:

Վերջապես, տարբեր նորածինների մոտ օրվա ընթացքում քնի ընդհանուր տևողությունը կարող է շատ տարբեր լինել: Առաջին օրերին, 24 ժամում նորածինը միջինում քնում է 16-18 ժամ (Iglowstein et al 2002), իսկ չորս շաբաթականում՝ 14 ժամ: Բայց սա հարաբերական է. կան չորս շաբաթական երեխաներ, որոնք օրական քնում են 9 ժամ, իսկ կան երեխաներ, որ քնում են 19 ժամ (Iglowstein et al 2002):

Եթե ձեր բալիկը այս ոչ տիպիկ քուն ունեցող երեխաներից է, արդյո՞ք դա նշանակում է, որ ինչ որ բան նրա մոտ այնպես չէ: Ոչ միշտ: Որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ազդում է նրանց քնելու վրա. եթե գանգատներ ունեք ձեր երեխայի քնի հետ կապված, քննարկեք դրանք համապատասխան մասնագետի հետ: Երբեմն առողջ և բացարձակ նորմալ երեխաները ևս ունենում են քնելու ոչ սովորական ձև:

 

Ինչու՞ են որոշ նորածիններ անընդհատ քնում ու հեշտ արթնանում

Մեծահասակի քունը և դրա տևողությունը կարգավորվում են ցիրկադային ռիթմով, որը 24-ժամ ընթացող կենսաբանական պրոցես է: Ցիրկադային ռիթմերը ազդեցություն են կրում մի շարք արտաքին գործոններից, որոնցից մեկը լույսն է:

Երբ ամեն առավոտ արևի լույսը ընկնում է ձեր վրա, այն օգնում է ձեզ պահպանել ձեր ներքին ժամացույցը: Նույնիսկ եթե դուք քիչ եք քնել, արևի լույսն օգնում է ցերեկը լինել ավելի արթուն և ակտիվ, քան գիշերը: Օրվա վերջում, երբ մութն ընկնում է, ձեր մարմինը սկսում է արտադրել երկու կարևոր հորմոն՝ կորտիզոլ, որն օգնում է ձեզ ակտիվ մնալ, և մելատոնին, որը ձեզ ավելի քնկոտ է դարձնում: Երբ դուք երեկոյան գտնվում եք վառ արհեստական լույսով լուսավորված տարածքում, հատկապես եթե այն կապտավուն է, դուք հետաձգում եք եք ցիրկադային ռիթմի բնական փոփոխությունները և կարող եք ավելի դժվարությամբ քնել (Wahnschaffe et al 2013):

Դժբախտաբար, նորածնի քունը չի կարգավորվում ցիրկադային ռիթմերով: Հղիության ընթացքում, պտուղը հետևում է ցերեկային և գիշերային ժամերի մասին մոր օրգանիզմի ազդանշաններին: Պտղի սրտի աշխատանքը և շնչառությունը արագանում են, երբ մայրը ակտիվ է, և դանդաղում են, երբ մայրը քնած է (Mirmiran et al 2003): Նման փոփոխությունները կարող են պայմանավորված լինել մոր հորմոններով, հատկապես՝ մելատոնինով: Մոր օրգանիզմում առկա մելատոնինը անցնում է ընկերքի միջով և կարող է ուղղակիորեն ազդել պտղի ներքին ժամացույցի վրա (Torres-Farfan et al 2006): Սակայն ծնվելուց հետո մոր և երեխայի միջև այս հորմոնալ կապը կտրվում է, և նորածինները ստիպված են լինում լսել իրենց ներքին ժամացույցին, որը չի ենթադրում մելատոնինի կամ կորտիզոլի արտադրությամբ պայմանավորված ցիրկադային ռիթմ (Kennaway 1996): Նորածնի կյանքը, ի տարբերություն պտղի կյանքի, ձևավորվում է մեկ խնդրի շուրջ՝ ուտելու: Նորածնի քնի ռեժիմը ձևավորվում է ուտելու, մարսելու և նորից սովածանալու վրա ծախսած ժամանակով: Որոշ նորածինների դեպքում սա նշանակում է ուտել մի քանի ժամը մեկ:

 

Ե՞րբ է կարգավորվում երեխայի քունը

Նորածինների մեծ մասը սկսում է գիշեր-ցերեկ ռիթմով մելատոնին արտադրել մոտավորապես 12 շաբաթականում (Rivkees 2003): Արթնանալու համար պատասխանատու կորտիզոլ հորմոնի արտադրությունը կարգավորվում է ավելի ուշ (Rivkees 2003): Ընդհանուր առմամբ, երեխաներին պահանջվում է 3-5 ամիս իրենք քունը ցիրկադային ռիթմով կարգավորել սկսելու համար, որից հետո նրանք կարողանում ենք քնել ամբողջ գիշեր՝ ամենաքիչը հինգ ժամ անընդմեջ (Jenni et al 2006; Pinilla and Birch 1993):

 

Ինչպես օգնել երեխային հարմարվել 24-ժամյա գրաֆիկին

  • Ներգրավվեք երեխային ձեր ամենօրյա գործերում: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երբ մայրերը ընդգրկում են երխաներին իրենց ամենօրյա գործերում, երեխաները ավելի արագ են հարմարվում 24-ժամյա գրաֆիկին: Այն նորածինները, որոնք ակտիվ են, երբ ակտիվ են իրենց մայրերը, ավելի հեշտ են հարմարվում նրանց գրաֆիկին (Custodio et al 2007; Lorh et al 1999, Wulff and Siegmund 2002):
  • Գիշերը նվազեցրեք գրգռիչ գործոնների ազդեցությունը: Երբ ձեր երեխան գիշերը արթնանում է ուտելու համար, նվազագույնի հասցրեք նրա ակտիվությունը: Հնարավորինս քիչ աղմուկ հանեք, երեխային շատ մի շարժեք: Փորձեք կերակրել այնպես, որ ընդհանրապես չարթնանա, այլ ուտի քնի մեջ, բայց եթե դա հնարավոր չէ, ապա հնարավորինս խուսափել նրան ամբողջովին արթնացնելուց:
  • Շատացրեք երեխայի շփումը բնական՝ արևային լույսի հետ: Այս լույսը միանգամից չի լուծի երեխայի քնելու խնդիրը, բայց կարող է օգնել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն վաղահաս ծնված երեխաները, որոնք եղել են ոչ թե կայուն թույլ արհեստական լուսավորության ներքո, այլ՝ բնական, ավելի արագ են հարմարվել 24-ժամյա ցիկլին (Rivkees et al 2004): Մեկ այլ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն երեխաները, որոնք ավելի շատ են ցերեկային լույս ստացել, ավելի լավ են քնել գիշերը (Harrison 2004): Բացօդյա տարածքում ցերեկային լույսի տակ գտնվելը ևս շատ կարևոր է (Tsai et al 2012):
  • Կրծքի կաթը և քնի կարգավորումը: Կրծքի կաթը պարունակում է տրիպտոֆան ամինաթթու, որն օգտագործվում է մարդու մարմնի կողմից մելատոնին՝ քնի հորմոն արտադրելու համար: Տրիպտոֆանի մակարդակը կրծքի կաթում բարձրանում և իջնում է մոր ցիրկադային ռիթմերին համապատասխան, և երբ երեխաները տրիպտոֆան են ստանում կրծքի կաթի միջոցով անմիջապես քնելուց առաջ, նրանք ավելի արագ են քնում (Steinberg et al 1992): Այսպիսով, հնարավոր է, որ կրծքով կերակրելը օգնում է համաժամանակացնել նորածինների քունը 24-ժամյա օրվա հետ (Cubero et al 2005):

 

Նորածինների քնի ցիկլերը. ինչու՞ է նրանց քունը մակերեսային

Քնի մեկ ցիկլը բաղկացած է քնի երկու տեսակներից՝ դանդաղ ալիքային և արագ ալիքային քուն։ Երբ քնում է մեծահասակը, նա անցնում է քնի մի քանի փուլով, որոնցից են դանդաղ՝ խորը և արագ՝Rapid Eyes Movement (REM) ալիքային փուլերը:

Դանդաղ քունը կազմում է ամբողջ քնի 70-75 %-ը և կազմված է չորս փուլերից.

  • Առաջին փուլում (նինջ) գերակշռում են α-ռիթմերը, որոնց քանակն աստիճանաբար նվազում է։ Քնից առաջ առաջանում է քնկոտություն, ուղեղի ակտիվության նվազում, հորանջ, զգայական համակարգերի գործունեության թուլացում, դանդաղասրտություն, շնչառության հաճախության նվազում, գեղձերի արտազատիչ գործունեության նվազում։ Նվազում է մկանային ակտիվությունը, նյութափոխանակությունը, իջնում է մարմնի ջերմաստիճանը։
  • Երկրորդ փուլում (մակերեսային քուն) մկանային ակտիվությունը, սրտի կծկումների հաճախությունը, մարմնի ջերմաստիճանը շարունակում են նվազել, աչքերն անշարժ են։ Այս փուլը կազմում է քնի 45-55 %-ը։
  • Երրորդ (միջին խորության քուն) փուլը կազմում է ամբողջ քնի 5-8 %-ը։
  • Չորրորդ փուլը քնի ամենախորը փուլն է, որը կազմում է ամբողջական քնի 10-15 %-ը։ Այս փուլում նույնպես մարդիկ երազներ են տեսնում, սակայն չեն հիշում։

Արագ քունը (արագ ալիքային, հակասական, պարադոքսալ, Rapid Eyes Movement – REM-քուն) քնի 5-րդ փուլն է, որը կազմում է ամբողջ քնի 20-25 %-ը։ Քնի արագ փուլում փակված վիճակում աչքերը կատարում են արագ շարժումներ։ Այս փուլում արագանում է շնչառության և սրտի կծկման հաճախությունը, անոթազարկը դառնում է առիթմիկ, բարձրանում է արյան ճնշումը, ընկճվում է ողնուղեղի շարժանեյրոնների ակտիվությունը։ Մարդկանց մոտ երազները գլխավորապես առաջանում են այս փուլում։ Առաջին արագ քունը տևում է 5-10 րոպե, իսկ հետագա կրկնումների տևողությունն աստիճանաբար մեծանում է։ Արագ քնի ավարտով ավարտվում է քնի մեկ բոլորաշրջանը (ցիկլը)։ Մեծահասակները կամ դրանից հետո արթնանում են կամ սկսում են քնի ևս մեկ ցիկլ: Քնի առաջին բոլորաշրջանը տևում է 90-100 րոպե։ Այնուհետև դրանք կրկվում են, որի ընթացքում դանդաղ քնի մասնաբաժինն աստիճանաբար պակասում է և մեծանում է արագ քնի տևողությունը, որը որոշ դեպքերում կարող է տևել մինչև 1 ժամ։ Սովորաբար քնի բոլորաշրջանները կրկնվում են մինչև 5 անգամ։

Նորածինների քունը այլ կառուցվածք ունի: Երբ նորածինը քնում է, նա միանգամից մտնում է ակտիվ քնի փուլ: Այս անհանգիստ քունը նման է մեծահասակների քնի արագ՝ REM փուլին: Ինչպես մեծահասակները հիմնականում արթնանում են արագ ալիքային քնի փուլում, այնպես էլ նորածինները հիմնականում արթնանանում են ակտիվ քնի փուլում (Anders 1979; McNamara et al 2002):

Նորածինները կարող են լինել քնի ակտիվ փուլում 25 րոպե կամ ավելի երկար, որից հետո նրանք ընկնում են քնի ավելի խորը՝ հանգիստ փուլ: Եթե համեմատենք ակտիվ քնի հետ, հանգիստ քունը բնորոշվում է ավելի դանդաղ, ռիթմիկ շնչառությամբ, ավելի քիչ շարժումներով, որի ժամանակ ակնակոպերը չեն թռթռում:

Երեխաները ավելի քիչ հավանականությամբ են արթնանում հանգիստ քնի ժամանակ, սակայն քնի այս ցիկլը երկար չի տևում՝ մոտավորապես 50 րոպե: Հանգիստ քնի փուլից հետո նորածինները կամ արթնանում են կամ նորից մտնում են քնի ակտիվ փուլ (Anders 1979; McNamara et al 2002).

Այսպիսով, նորածնի քունը տարբեր է մեծահասակներիք քնից մի շարք կարևոր հատկանիշներով: Նորածինների մոտ ակտիվ քունը շատ ավելի երկար է տևում քան մեծահասակների մոտ արագ քունը: Եթե մեծահասակների մոտ արագ ալիքային փուլը կազմում է միայն 20%, նորածինների քնի 50% ակտիվ քուն է: Որոշ ուսումնասիրություններ նույնիսկ փաստում են, որ 24 ժամում նորածինները իրենց քնի 75% քնում են ակտիվ քնի փուլում (e.g., Poblano et al 2007; Sadeh et al 1996): Սա է պատճառը, որ երեխաները օրվա մեծ մասը քնած են մակերեսային քնով:

Մյուս կողմից, նորածինների քնի ցիկլերը շատ ավելի կարճ են քան մեծահասակներինը. 90-100 րոպեի փոխարեն, նորածիններ քնի մեկ ցիկլը տևում է ընդամենը 50 րոպե: Սա է պատճառը, որ նորածինները ավելի հաճախ են արթնանում:

Ծնողների համար այս ամենը կարող է դաժան հնչել, սակայն եկեք մի քանի կարևոր հետևություն անենք:

Առաջինը, և՛ մեծահասակները, և՛ նորածինները քնած ժամանակ “արթնացումներ” են ունենում: Սակայն այս արթնացումներից ոչ բոլորն են ավարտվում լրիվ արթնանալով: Այն երեխան, որը կարծես թե արթնացել է, կարող է նորից քնել, եթե հանգիստ թողնեք:

Երկրորդը, նորածիները ամենայն հավանականությամբ շահում են մակերեսային քնով քնելուց: Հեշտ արթնանալը նրանց պաշտպանում է մանկան հանկարծամահության համախտանիշից (ՄՀՀ): Բացի դրանից, ակտիվ քունը կարող է որոշիչ լինել նորածնի ուղեղի զարգացման համար (Heraghty et al 2008; Seigel 2005):

 

Ինչպես փորձել բարելավել նորածին երեխաների քունը

  • Ամեն անգամ, երբ ձեզ թվում է, թե ձեր երեխան արթնացել է, մի վազեք նրան գրկելու: Ինչպես վերևում նշել ենք, երեխաները քնած ժամանակ պարբերաբար “արթնացումներ” են ունենում, որը չի նշանակում, որ նրանք պատրաստ են ամբողջովին արթնանալ: Երեխաները կարող են հոգոց կամ այլ ձայներ հանել “արթնացումների” ժամանակ: Եթե դուք այդ պահերին նրանց հանգիստ թողնեք, հնարավոր է, որ նրանք շարունակեն քնել:
  • Եթե կրծքով չեք կերակրում, աշխատեք երեխային տալ այնպիսի կաթ, որը պարունակում է DHA (docosahexaenoic) ճարպաթթու: Ձկան յուղը և որոշ այլ սննդամթերքներ պարունակում են DHA ճարպաթթու: Այն կարևոր է ուղեղի զարգմացման համար և կարող է կարևոր դեր խաղալ նաև քնի կարգավորման հարցում (Faglioli et al 1989; Cheruku et al 2002): DHA պարունակվում է կրծքի կաթի մեջ, իսկ կրծքով կերակրող մայրերը կարող են փորձել ավելացնել այդ ճարպաթթվի պարունակությունը իրենց սննդում:
  • Փորձեք երեխային լավ կերակրել ձեր քնելուց առաջ:

 

Ինչպես կարող եք բարելավել ձեր քունը

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոր քունը գնալով վատանում է ծննդաբերությունից հետո մինչև երեխայի 12 շաբաթական դառնալը (Kang et al 2002)՝ մոտավորապես այն տարիքը, երբ երեխաների մոտ սկսում է ձևավորվել ցիրկադային ռիթմը (Nishihara et al 2000):

Այս տասներկու շաբաթը հավերժություն չէ, սակայն կարող է այդպիսին թվալ այն մոր համար, որը անքնության լուրջ խնդիր ունի: Երեխային խնամելիս մի մոռացեք հոգ տանել նաև ինքներդ ձեր մասին: Ահա մի քանի հնարք, որ կարող են օգնել:

  • Շատ եք ցանկանում, բայց չե՞ք կարողանում քնել, երբ երեխան է քնում: Հաշվի առեք, որ նույնիսկ հանգստանալը օգտակար է: Աչքերը փակ պառկած դուք կարող եք մի փոքր ննջել առանց դա գիտակցելու: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, որոնք արթնացել են քնի առաջին փուլի ժամանակ, երբեմն ժխտում են, որ քնել են (Dement and Vaughan 1999): Նույնիսկ եթե դուք ընդամենը երեք րոպե ննջեք, այն կարող է վերականգնող ազդեցություն ունենալ ձեր օրգանիզմի վրա (Hayashi et al 2005):
  • Մի ծախսեք ձեր էներգիան կողքից հնչող քննադատությունների վրա: Հնարավոր է, որ դուք ամեն ինչ անում եք ավելի շատ քնելու համար, բայց ստիպված եք խնամել մի երեխայի, որը մյուս երեխաներից ավելի քիչ է քնում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր քնելու երկարության վրա ազդում է նաև մեր գենետիկան (Touchette et al 2013):
  • Մի մտածեք, որ կրծքով կերակրելը նշանակում է ավելի քիչ քնել քան կաթնախառնուրդով կերակրելը: Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ կրծքով կերակրող մայրերը միջինում 40-45 րոպե ավելի շատ են քնում քան կաթնախառնուրդով կերակրող մայրերը (Doan et al 2007):
  • Եթե կրծքով եք կերակրում, երեխայի մահճակալը ձեզ մոտ դրեք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս, որ երեխաները քնեն իրենց ծնողների հետ նույն ննջարանում: Շատ մայրեր քնում են իրենց երեխաների հետ միասին (co-sleeping), որը օգնում է նրանց ավելի լավ և երկար քնել քան կաթնախառնուրդով կերակրող մայրերը (Quillin and Glenn 2004):
  • Եթե ձեր երեխան քնած է, մի անհանգստացեք նրա տակդիրը փոխելու մասին: Եթե ձեր երեխան չի կարողանում քնել, քանի որ նրա տակդիրը կեղտոտ է, նա այդ մասին ձեզ իմաց կտա: Մի փոքր մեզը դժվար նրան խանգարի քնել:
  • Շատ արևի լույս ստացեք և աշխատեք խուսափել ուժեղ արհեստական լույսից: Համոզվեք, որ ցերեկը և՛ դուք, և՛ երեխան բավարար չափով արևի լույս եք ստանում: Երեկոյան ապահովեք թույլ լուսավորություն: Ինչպես արդեն նշել ենք, բնական լույսը օգնում է երեխային կարգավորել նրան քունը:
  • Խնդրեք ընտանիքի անդամներին կամ ընկերներին հետևել երեխային, որպեսզի դուք մի փոքր ննջեք՝ նույնիսկ եթե սա նշանակում է, որ նրանք երեխային պետք է կերակրեն շշով՝ ձեր կթած կաթով: Սովորաբար կրծքով կերակրելու մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել երեխային շշով կերակրելուց մինչև նրա 3-4 շաբաթական դառնալը, սակայն դուք պետք է կարողանաք կարգավորել ձեր սուր անքնության հարցը, որը կարող է հանգեցնել իմունիտետի անկմանը և հետծննդաբերական ընկճախտի: Եթե այլևս չեք դիմանում, օգնություն խնդրեք:
  • Վստահեք ձեր բնազդին: Եթե դուք անհանգիստ եք ձեր կամ երեխայի համար, խոսեք համապատասխան բժշկի հետ:
  • Հիշեք, որ ժամանակի ընթացքում այս հարցը կարգավորվում է: Նորածիները ունեն իրենց քնելու ռիթմը և հատուկ կարիքները, որոնք կթեթևանան, երբ երեխան կդառնա 12 շաբաթական:

Կարդացեք նաև
Արդյո՞ք երեխան պետք է քնի ամբողջ գիշեր
Ինչպես անել, որ երեխան ամբողջ գիշեր քնի

 

Աղբյուրը՝ A survival guide for the science-minded parent. © 2008 -2013 Gwen Dewar, Ph.D., all rights reserved; http://www.parentingscience.com/newborn-sleep.html

 

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

"Կլացի, կհանգստանա" (cry-it-out)
Նորածնի երկրորդ գիշերը