Նորածնի երկրորդ գիշերը


newbornbabyԴուք արդեն 24 ժամ է, ինչ նորաթուխ մայր եք: Միգուցե դուք արդեն մեծ երեխաներ ունեք, բայց այս նոր բալիկի պատճառով դուք ձեր կրկին նորաթուխ մայր եք զգում: Եվ ահա, սկսվել է ձեր նորածնի երկրորդ գիշերը:

 Հանկարծ ձեր փոքրիկը հայտնաբերում է, որ նա այլևս մոր տաք և հարմարավետ, երբեմն նույնիսկ մի քիչ նեղ, փորիկում չէ, որտեղ նա ապրել է վերջին 8 ½ կամ 9 ամիսը: Իսկ դրսում չափազանց վախենալու է: Նա այլևս չի լսում ձեր սրտի բաբախյունը, արգանդի անոթների խշշոցը, թոքերի շնչառությունը և ստամոքսի ձայները: Դրա փոխարեն նա գտնվում է ինչ-որ օրորոցում՝ բարուրված, գլխարկով և վերմակով ծածկված: Նրան գրկել են տարբեր մարդիկ, իսկ նա դեռ չի սովորել նոր ձայներին, լույսերին, աղմուկին և հոտերին: Այդ ամենին նա կարող է արձագանքել միայն իր ձայնով, և ամեն անգամ, երբ նրան փորձում եք հեռացնել ձեր կրծքից, որտեղ նա հաճույքով հարմարվել է և պատրաստվում է քնել, նա սկսում է բարձրաձայն բողոքել:

Իրականում, երբ այդ բողոքից հետո դուք նրան նորից կուրծք եք տալիս, նա ուտում է շատ քիչ և նորից քնում է: Երբ կրկին փորձում եք տանել օրորոց, նա նորից լաց է լինում, փորձում է  ձեզ գտնել: Այս ամենը կարող է շարունակվել ժամերով: Շատ մայրեր սկսում են մտածել, որ երեխան սոված է, քանի որ դեռ կաթ չունեն: Դա միշտ չէ, որ այդպես է: Երեխայի համար ձեր կուրծքը ամենահանգստացնող և ամենահարմարավետ տեղն է աշխարհում: Կրծքին մոտ լինել նշանակում է լինել “տան”՝ արգանդի մոտ:

Եվ ի՞նչ պետք է անել:

Երբ երեխան ինքնուրույն վերջացնում է ուտելը, զգուշությամբ՝ ճկույթ մատի օգնությամբ անջատեք բերանը ձեր կրծքից և հանեք պտուկը: Մի շարժեք երեխային, անհրաժեշտության դեպքում պարզապես ուղղեք գրկելու դիրքը: Մի փորձեք երեխային գխտացնել, ուղղակի գրկեք այնքան, որ նա խորը քնի: Երբ երեխան խորը քնի, նա այլևս տեղափոխելուց չի արթնանա: Նորածինները սկզբում մակերեսային քուն են մտնում, հետո ունենում են մակերեսային և խորը քնի ցիկլեր մոտավորապես կես ժամը մեկ: Եթե նա նորից սկսեց շարժվել և ցանկացավ լինել ձեր կրծքի մոտ, վերցրեք նրան ձեզ մոտ:

Մեկ այլ օգտակար հնարք:

Երեխայի ձեռքերը նրա լավագույն ընկերներն են եղել արգանդում: Նա կարողացել է ծծել իր բութ մատը ամեն անգամ, երբ անհանգիստ է եղել: Իսկ հիմա, հանկարծ նրանից խլել են իր ձեռքերը և ինչ-որ թաթմաններ հագցրել, և նա այլևս չի կարող ինքն իրեն հանգստացնել: Երեխաները ձեր հետ շփման և ձեզ հպման կարիք ունեն: Նույնիսկ այն ժամանակ, երբ երեխան կպնում է ձեր կրծքին, ձեր մարմնում բարձրանում է օքսիտոցին հորմոնի մակարդակը, որը կրծքի կաթի արտադրության համար պատասխանատու հորմոն է: Այնպես որ, հանեք երեխայի թաթմանները, թուլացրեք բարուրը, որ երեխան կարողանա շարժել իր թաթիկները: Նա կարող է ճանկռել իրեն, բայց դրանք շատ արագ են լավանում. վերջիվերջո ձեր արգանդում նա առանց թաթմանների է ապրել:

Նորածնի մոտ նման վարքը կարող է կրկնվել նաև տուն վերադառնալուց հետո, հատկապես, երբ փոխվում է միջավայրը: Մի թողեք, որ այդ վարքը ձեզ լարվածության մեջ գցի. երբեմն երեխաները ուղղակի կրծքի մոտ գուրգուրանքի կարիք ունեն. Երեխաների համար ձեր կուրծքը իրենց “տունն” է:

Հեղինակ՝ Յան Բերգեր, RN, MA, IBCLC / Lactation Education Consultants

Աղբյուրը՝ http://kellymom.com/ages/newborn/bf-basics/second-night/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 21 March 2015 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Նորածին երեխայի քունը. ծնվելուց մինչև չորս շաբաթական
Արդյո՞ք իմ երեխան ռեժիմի կարիք ունի