Մանկական նստատեղերի խմբերը

  • 19
    Shares

Նստատեղերը դասակարգվում են ըստ երեխայի նախատեսված թույլատրելի քաշի կամ հասակի: Միշտ ավելի անվտանգ է օգտագործել նստատեղը, մինչև երեխան հասնի տվյալ նստատեղի թույլատրելի առավելագույն քաշին կամ հասակին: Մի շտապեք փոխել նստատեղը։   

0 (0-10կգ, մինչև 6-9 ամսական) – այս խմբում հիմնականում ներառված են օրորոցները, որոնք դրվում են մեքենայի հետևի նստարանին։ Երեխայի գլուխը գտնվում է մեքենայի հետևի նստարանի մեջտեղի հատվածում, ոտքերը դեպի դուռը։ Օրորոցները խորհուրդ են տրվում օգտագործել վաղաժամ ծնված երեխաների համար, որոնք ուղղահայաց դիրքում կարող են շնչառական խնդիրներ ունենալ։ Կարևոր է հասկանալ, որ խոսքը մեքենայով երեխային տեղափոխելու համար նախատեսված հատուկ օրորոցի մասին, որն ունի ամրագոտիներն անցկացնելու հնարավորություն։ Անվտանգության առումով այս օրորոցները զիջում են մյուսներին, հետևաբար, հնարավորության դեպքում պետք է երեխային տեղափոխել զամբյուղի մեջ։ 

 


  • 0+ (0-13կգ մինչև 12-18 ամսական) – այս խմբում ներառված են զամբյուղները։ Դրանք օգտագործվում են միայն երթևեկությանը հակառակ դիրքով և շատ ապահով են։ Խորհուրդ է տրվում օգտագործել զամբյուղները ծննդյան առաջին օրվանից և փոխարինել այն ավելի ավելի բարձր խմբի մանկական նստատեղով, երբ երեխան այլևս չտեղավորվի դրա մեջ:

  • 0+/1 (0-18կգ մինչև 4 տարեկան) – այս նստատեղերը կարող են լինել երկու տեսակի` նախատեսված միայն երթևեկությանը հակառակ դիրքով ճամփորդելու համար կամ որոշակի քաշ հավաքելուց հետո նաև մեքենայի ընթացքի ուղղությամբ ճամփորդելու համար։ Սովորաբար այդ քաշը լինում է 9 կիլոգրամը։ Սակայն, անհրաժեշտ է հիշել, որ Ձեր երեխայի անվտանգությունից ելնելով՝ նա պետք է հնարավորինս երկար ճամփորդի երթևեկությանը հակառակ դիրքով, այսինք՝ մինչև 4 տարեկանը և ավել կամ մինչև նստատեղում այլևս չտեղավորվելը։

  • 1 (9/18կգ, 9 ամսականից մինչև 4 տարեկան) – Այս խմբի նստատեղերի մեծ մասը նախատեսված է երթևեկության ուղղությամբ ճամփորդելու համար։ Սակայն կան նաև նստարաններ նախատեսված հակառակ դիրքով ճամփորդելու համար։

  • 2 (15-25կգ, 3-6 տարեկան), 2/3 (15-36կգ, 3-12 տարեկան) կամ 3 (22-36կգ, 6-12 տարեկան) – սրանք այն նստատեղերն են, որոնք թույլ են տալիս օգտագործել մեծահասակների համար նախատեսված մեքենայի ամրագոտիները։ Այս նստատեղերը լինում են թիկնակով կամ առանց: Սակայն գերադասելի են թիկնակով տարբերակները, քանի որ դրանք շատ ավելի ապահով են: Թիկնակով նստատեղերի կողքերը կպաշտպանեն երեխային կողքից հարվածի դեպքում։

  • 1/2/3 (9-36կգ) – օգտագործվում է միայն երթևեկության ուղղությամբ։ Այս նստատեղերն ավելի մատչելի են, քանի որ նախատեսված են տարիքային տարբեր խմբերի համար, սակայն դրանք չեն երաշխավորում նույն հարմարավետությունը կամ անվտանգությունը, ինչ տարբեր խմբերի համար նախատեսված առանձին նստարանները։ Ասպիսով, պետք է խուսափել գնել այնպիսի նստարաններ, որոնք նախատեսված են 2-ից ավելի տարիքային խմբերի համար: Իդեալական կլինի, եթե երեխան փոխի երեք նստարան։ 0+, 0+/1, ապա՝ 2/3։

  • i-size ըստ հասակի՝ 40սմ-120սմ (0-4 տարեկան) – i-size-ը եվրոպական նոր ստանդարտ է, որը հեշտացնում է նստատեղի գնումը: Այս նստատեղերն ունեն 3 առանձնահատկություն։

Դրանք այլևս երեխայի քաշը հաշվի չեն առնում, այլ միայն հասակն են կարևորում։ Սա հիմնված է այն փաստի վրա, որ ծնողները հաճախ գիտեն երեխայի հասակը, սակայն ոչ քաշը, և հետևաբար նրանք ավելի հեշտությյամբ կընտրեն ճիշտ i-size նստատեղը։ 

  • i-size նստատեղերով մինչև 15 ամսական երեխաները տեղափոխվում են երթևեկությանը  հակառակ դիրքում: Նոր ստանդարտի նստատեղերը փոխարինելու են 0 խմբի նստատեղերը, քանի որ դրանք թույլ չեն տալիս երեխային նստեցնել երթևեկությանը հակառակ դիրքով 9 ամսից ավել։
  • i-size նստատեղերը ֆիքսվում են իզոֆիքս համակարգի օգնութամբ, ինչը նվազեցնում է նստատեղի սխալ ամրացման ռիսկը։ 
  • Բալոր i-size նստատեղերը անցնում են կողքից հարվածի թեսթը երեխային առավել պաշտպանելու համար։

 

Բարի և անփորձանք ճանապարհ:

 

Կազմել է ` Լիանա Ղազարյանը

Խմբագրել է` Ժաննա Մինասյանը


  • 19
    Shares