Երեխային չծեծելու 10 պատճառ


1. Խփելու տեսակները

Գոյություն ունի պատմություն մի մայրիկի մասին, ով կարծում էր, որ երեխային խփելն անհրաժեշտ է կարգապահություն հաստատելու համար, մինչև այն պահը, երբ նա նկատեց, թե ինչպես է իր 3 տարեկան աղջիկը ծեծում իր 1 տարեկան տղային։ Հարցին, թե ինչու է խփում երեխային, նա պատասխանեց. «Մայրիկ, ես ուղղակի խաղում եմ»։ Այս օրվանից նա այլևս չի ծեծել իր երեխային։ Երեխաները սիրում են ընդօրինակել, հատկապես այն մարդկանց, ում սիրում և հարգում են։ Նրանց կարծիքով ճիշտ է անել այն ամենը, ինչ դուք եք անում։

Ծնողնե՜ր, հիշե՜ք, որ դուք դաստիարակում եք մեկ ուրիշի մայրիկին կամ հայրիկին, կնոջը կամ ամուսնուն։ Դաստիարակության այն ձևերը, որ դուք կիրառում եք ձեր երեխաներին դաստիարակելիս, նույնն են, ինչ նրանք կկիրառեն իրենց երեխաներին դաստիարակելիս։ Ընտանիքը կոնֆլիկտների հաղթահարման ուսուցողական ճամբար է ձեր երեխաների համար։ Ուսումնասիրությունները ցուց են տալիս, որ այն երեխաները, որոնք մեծանում են այնպիսի ընտանիքներում, որտեղ ծեծում են, ավելի մեծ տարիքում կոնֆլիկտները հաղթահարում են հիմնականում ագրեսիայի միջոցով։

Խփելը ցույց է տալիս, որ ճիշտ է, որ մարդիկ խփեն մարդկանց, և հատկապես մեծերը խփեն փոքրերին, ավելի ուժեղները՝ թույլերին։ Երեխաները սովորում են, որ, երբ մարդ խնդիր ունի, այն լուծում է ուժեղ հարվածով։ Այն երեխան, ում դաստիարակում են ծեծելու միջոցով, սովորաբար նույն ձևով է շփվում իր ընկերների և հասակակիցների հետ, և վերջապես, կնոջ, ամուսնու և երեխաների հետ։

Հիմա դուք մտածում եք. «Ես չեմ խփում իմ երեխային այդքան հաճախ կամ այդքան ուժեղ։ Հիմնականում ես նրան տալիս եմ շատ սեր և լավ վերաբերմունք։ Ինձ թվում է՝ երբեմն հետույքին հարվածելը չի վնասի նրան»։ Այս մուտեցումը ճիշտ է որոշ երեխաների համար, բայց կան երեխաներ, ովքեր ավելի շատ հիշում են իրենց խփելը, քան քնքշանքը։ Հնարավոր է ձեր դեպքում հարվածել-սիրել հարաբերակցությունը լինի 1:100, բայց վտանգ կա, որ ձեր երեխան ավելի շատ կհիշի և կազդվի այդ մեկ հարվածից, քան 100 անգամ գրկելուց, հատկապես եթե դա արել եք ջղայինացած կամ անարդարացի, ինչը շատ հաճախ է հանդիպում։

Ֆիզիկական պատիժը ցույց է տալիս, որ ճիշտ է ձեր զայրութը ցրել կամ մյուսներին խփել՝ սխալն ուղղելու համար։ Այդ է պատճառը, որ ծնողների վերաբերմունքը խփելիս ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան հենց խփելը։ Ինչպես վերահսկել սեփական ջղայինության պոռթկումները և ծեծը ամենակարևոր բաներից է, որ մարդ փորձում է սովորեցնել իր երեխային։ Սակայն հենց ծեծը չի թողնում այդ դասը իրականացնել։ Մասնագետները խորհուրդ են տալիս երբեք չհարվածել ջղայինության պահին։ Եթե մարդիկ հետևեին այս խորհրդին, ապա ծեծելու դեպքերի 99 %-ը տեղի չէին ունենա, քանի որ հանգիստ ժամանակ, հայրը կամ մայրը ավելի ճիշտ եղանակ կարող են գտնել երեխային սաստելու համար։

Ֆիզիկական և հոգեպես “խփելը”

Ծեծելը չարաշահելու սահմանն անցնելու միակ եղանակը չէ։ Այն ամենը ինչ կասվի ֆիզիկական պատժի մասին, ճիշտ է նաև խոսքային/զգացմունքային պատժի դեպքում։ Խոսքով սաստելը և անունը տալը կարող են շատ ավելի վիրավորական լինել երեխայի համար։

Երեխային վատ պահվածքի համար սպառնալ, որ կարող եք լքել նրան, կարող է  նրա մեջ մեծ վախ առաջացնել։ Հեռանալու սպառնալիքը հաճախ կիրառվում է, որպեսզի երեխան հասկանա, որ դուք չեք կարող հանդուրժել նրան կամ որ դուք ջնջում եք ձեր սերը, չեք ցանկանում  խոսել նրա հետ կամ նրան չեք սիրի, եթե շարունակի իրեն վատ պահել։

Հոգու սպիները կարող են ավելի երկար տևել, քան ֆիզիկականները։

2. Խփելը իջեցնում է երեխայի ինքնագնահատականը

Երեխան պատկերացում է կազմում իր անձի մասին՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են իրեն ընկալում մյուսները, հատկապես իր ծնողները։ Նույնիսկ ամենասիրառատ ընտանիքում, ծեծելը շփոթեցնող հաղորդագրություն կարող է լինել, հատկապես երեխայի համար, ով այնքան փոքր է, որ չի հասկանում հարվածի պատճառը։ Ծնողները շատ ժամանակ են ծախսում երեխայի կամ պատանու մոտ գնահատված լինելու զգացողությունը ձևավորելու համար՝ նպաստելով, որ երեխան իրեն «լավը» զգա։ Այնուհետև երեխան կոտրում է բաժակը, ծնողը հարվածում է, և նա մտածում է. «Պետք է, որ ես վատը լինեմ»։

Հարվածից հետո ծնողի՝ մեղքը մեղմացնող գրկախառնությունն անգամ չի վերացնում ցավը։ Երեխան գրկախառնությունից հետո ներքուստ և արտաքուստ դեռ զգում է հարվածը երկար ժամանակ։ Նման իրավիճակում հայտնված շատ երեխաներ գրկում են ծնողին խղճահարություն առաջացնելու համար։ «Եթե ես գրկեմ նրան, հայրիկը կդադարի ինձ հարվածելը»։ Երբ ծեծելը հաճախակի բնույթ է կրում, երեխայի մոտ ձևավորվում է այն միտքը, որ նա թույլ է և անպաշտպան։

Ջոանը, ով մի հոգատար մայրիկ է, կարծում է, որ խփելը ծնողական իրավունք է և անհրաժեշտություն ենթարկվող երեխա դաստիարակելու համար։ Նրա կարծիքով խփելը «հենց երեխայի լավի համար է»։

Մի քանի ամիս ծեծով վերահսկելու ռեժիմից հետո նրա երեխան դարձավ ինքնամփոփ։ Նա միայնակ խաղում էր մի անկյունում, նրան հետաքրքիր չէին իր խաղընկերները, և նա խուսափում էր մորը հայացքով հանդիպելուց։ Նա կորցրել էր իր նախկին աշխուժությունը։ Արտաքուստ նա «լավ տղա» էր։ Ներքուստ Սփենսերը կարծում էր, որ ինքը վատ տղա էր։ Նա կարծում էր, որ ինքը սխալ է և իրեն վատ է պահում։ Ծեծելու արդյունքում ինքն իրեն ավելի փոքր և թույլ էր զգում, ում հաղթում էին ավելի մեծերը։

 

 Թաթիկներին խփելը  

Ինչ գայթակղիչ է այդ փոքրիկ թաթիկներին խփելը։ Շատ ծնողներ են դա անում՝ առանց հետևանքների մասին մտածելու։ Մարիա Մոնթեսորին, ով առաջիններից էր, որ դեմ էր երեխայի թաթիկներին խփելուն, կարծում էր, որ երեխայի թաթիկներն արտաքին աշխարհն ուսումնասիրելու համար անհրաժեշտ գործիքներ են, երեխայի բնածին հետաքրքրությունը բավարարելու համար։ Դրանց հարվածելը հզոր բացասական հաղորդագրություն է ուղարկում։ Հարցմանը մասնակցած բոլոր զգայուն ծնողները համաձայն են, որ թաթիկները պետք է ֆիզիկական պատժի սահմաններից դուրս մնան։ Ուսումնասիրությունը համաձայն է այս մտքի հետ։ Հոգեբանները ուսումնասիրել են 14 ամսական 16 երեխաների խումբ իրենց մայրիկների հետ խաղալիս։ Խմբերից մեկում, երբ երեխաները ուզում էին վերցնել արգելված առարկան, նրանց թաթիկին խփում էին, իսկ մյուս խմբում երեխաներին ֆիզիկապես չէին պատժում։ Հաջորդ ուսումնասիրության ժամանակ՝ յոթ ամիս անց, պարզվեց, որ պատժված երեխաները ավելի անփորձ էին շրջակա միջավայրն ուսումնասիրելիս։

Ավելի լավ է հեռացնել առարկան երեխայից կամ վերահսկել նրան և փոքրիկ թաթիկներն անվնաս թողնել։

 

3.  Խփելն արժեզրկում է ծնողին

Ծնողները, ովքեր ծեծով են վերահսկում երեխաներին կամ շատ են պատժում նրանց, հաճախ արժեզրկված են զգում իրենց, քանի որ սրտի խորքում համաձայն չեն, թե ինչպես են կարգուկանոն հաստատում։ Նրանք հաճախ են խփում կամ բղավում են հուսահատ, որովհետև այլևս չգիտեն թե ինչ անել, այնուհետև իրենց թույլ են զգում, երբ հասկանում են, որ դա անօգուտ է։ Մի մայրիկ, ով հանել էր ծեծելը դաստիարակելու իր ձևից, գրել էր. « Ես հաղթեցի ճակատամարտը, բայց պարտվեցի պատերազմում. իմ երեխան հիմա վախենում է ինձանից, իսկ ես զգում եմ, որ մի անգին բան եմ կորցրել»։

Ծեծելը արժեզրկում է նաև ծնողի դերը։ Լինել ազդեցիկ մարդ նշանակում է, որ ձեզ վստահում են և հարգում, բայց ոչ վախենում։ Երկարատև իշխանությունը չի կարող հիմնված լինել վախի վրա։ Ծնողները կամ խնամողներն ընդհանրապես, ովքեր հաճախակի են ծեծում երեխաներին սաստելու համար, մտնում են «կորուստ-կորուստ իրավիճակի մեջ»։ Ոչ միայն երեխան է կորցնում հարգանքը ծնողի նկատմամբ, այլև ծնողները, ովքեր ունեն ծեծելով դաստիարակելու մտածելակերպ և ծեծին փոխարինող շատ քիչ տարբերակներ։ Ծնողները ունեն քիչ մեթոդներ երեխաների վատ վարքագիծը վերահսկելու կամ շեղելու համար, իսկ երեխան գնալով ավելի վատ է իրեն պահում, ինչը տանում է ավելի շատ ծեծի։ Երեխային չեն սովորեցնում վերահսկել ինքն իրեն։

Խփելը վատացնում է ծնող-երեխա փոխհարաբերությունները։ Ֆիզիկական պատիժը հեռացնում է երեխային ծնողից։Այս հեռավորությունը հատկապես անհանգստացնող է ընտանեկան  իրավիճակներում, որտեղ հարաբերությունները արդեն իսկ լարված են, ինչը սովորաբար հանդիպում է միակողմանի ծնող ունեցող և խառը ընտանիքներում։Կան երեխաներ, ովքեր ներողամիտ են և ցատկում են ծնողի գիրկը առանց բացասական վերաբերմունքի թե մտքում, թե մարմնով, մինչ ուրիշների համար դժվար է սիրել այն ձեռքը, որը խփում է իրենց։

 

4. Խփելը կարող է տանել բռնության

Պատիժը գնալով ավելի դաժան է դառնում։ Երբ սկսում եք երեխային մի քիչ պատժել, ե՞րբ եք կանգ առնում։ Երբ երեխան ձգվում է, որ արգելված ապակյա իր վերցնի, դուք խփում եք նրա թաթիկին որպես հիշեցում, որ ձեռք չտա։ Նա նորից է ձգվում, դուք հարվածում եք նրա թաթիկին մի քիչ ավելի ուժեղ։ Ձեռքը կտրուկ քաշելուց հետո նա կրկին ձգվում է դեպի տատիկի թանկարժեք ծաղկամանը, իսկ դուք ավելի ուժեղ եք հարվածում։ Դուք սկսում եք խաղ, որը ոչ ոք չի կարող հաղթել։ Այնուհետև կարևոր է դառնում  այն,  թե ով է ավելի ուժեղ՝ երեխայի կամքը, թե ձեր ձեռքը, և ոչ թե ծաղկամանին ձեռք չտալու խնդիրը։

Եվ ի՞նչ եք անում դուք նման իրավիճակում։ Այնքան եք հարվածում, մինչև երեխայի ձեռքի ցավը այլևս թույլ չտա չենթարկվե՞լ։ Նախ և առաջ ֆիզիկական պատժին անցնելու վտանգը կայանում է նրանում, որ դուք կարող եք ավելի խիստ միջոցների կարիք զգալ. ձեռքը կարող է դառնալ բռունցք, լարը՝ գոտի, ծալած թերթը՝ փայտյա գդալ, և այն, ինչը կարծես հանկարծ էր սկսվել, վերածվում է բռնության։ Պատիժը երեխայի նկատմամբ բռնության որոշակի փուլ է։ Ծնողները, ովքեր հակված են պատժելու, ավելի են ուժեղացնում պատժի ձևը հիմնականում նրա համար, որ նրանք այլընտրանքներ չգիտեն, և հենց երեխան անկարգություն է անում, անմիջապես անցնում են պատժի։

5. Խփելով վարքագիծը չի լավանում

Շատ ենք լսել, երբ ծնողներն ասում են, որ ինչքան շատ են խփում երեխաներին, այնքան ավելի վատ են պահում իրենց։ Խփելը ավելի է վատացնում երեխայի վարքագիծը։ Ահա, թե ինչն է պատճառը։ Հարկավոր է հիշել լավ վարքագիծ ձևավորելու հիմնական սկզբունքը։ Եթե երեխան իրեն ճիշտ է զգում, նա իրեն ճիշտ է պահում։ Հարվածելը քայքայում է այս սկզբունքը։ Երբ երեխային ծեծում են, ներքուստ նա իրեն վատ է զգում, ինչն էլ իր հերթին արտահայտվում է նրա վարքագով։ Ինչքան վատ է իրեն պահում, անքան ավելի շատ են ծեծում նրան, և նա իրեն ավելի վատ է զգում։ Շղթան շարունակվում է։ Ուզում ենք ցույց տալ երեխային, որ նա սխալ է, որ իրեն վատ զգա, միևնույն ժամանակ նրան հավատացնելով, որ նա կարևոր մարդ է։

ՎԱՏ ՎԱՐՔԱԳԾԻ ՇՂԹԱՆ

Վարքագիծ, ավելի վատ վարքագիծ, ծեծ, ցածր ինքնագնահատական, զայրույթ

Կարգապահություն հաստատելու հիմնական նպատակը վատ վարքագծին վերջ տալն է, և ծեծը կարող է օգնել այդ հարցում։ Սակայն շատ ավելի կարևոր է երեխայի մոտ ձևավորել այն համոզմունքը, որ նա չի ուզում կրկնել իր վատ պահվածքը, այնսինքն՝ ձևավորել ներքին, այլ ոչ թե արտաքին վերահսկողություն։ Ծեծի՝ որպես ինքնավերահսկողության ձևի անարդյունավետության պատճառներից մեկն այն է,  որ ծեծելու ընթացքում և դրանից անմիջապես հետո երեխան մոռանում է, թե ինչու են նրան ծեծել, և մտահոգվում է, որ անարադարացի էր իրեն ծեծելը կամ ծեծի ուժեղության մասին։ Ծեծելուց հետո նստել և բացատրել նրան, թե ինչ է արել, կարելի է անել առանց ծեծելու։ Ծեծելու փոխարեն կարելի է երեխայի միտքը և գիտակցությունը զարգացնել, ինչը ավելի շատ ժամանակ և էներգիա կպահանջի ծնողից։ Ահա, թե ինչու են շատ ծնողներ հակված ծեծելուն. այն ավելի հեշտ միջոց է։

 

6. Խփելը զայրույթ է առաջացնում թե ծնողի, թե երեխայի մոտ

Երեխաները սովորաբար պատիժը ընկալում են որպես անարդարություն։Նրանք ավելի ընդդիմանում են մարմնական պատժին քան կարգապահություն հաստատելու որևէ այլ միջոցի։ Երեխաները մեծերի նման ռացիոնալ չեն դատում, բայց նրանց մոտ բնածին զարգացած է արդարության զգացումը, չնայած որ դրանք տարբերվում են մեծերի ունեցած չափանիշներից։ Այդ պատճառով էլ այն կարող է անօգուտ լինել և կարող է ձևավորել ջղային երեխա։ Հաճախ անարդարության զգացողությունը նվաստացած լինելու զգացողություն է ձևավորում։ Երբ երեխան իրեն նվաստացած է զգում, նա կամ ընդդիմանում է, կամ նահանջում։ Եթե երեխային խփում ենք, հնարավոր է նա վախենա նորից իրեն վատ պահել, բայց շատ ավելի հավանական է, որ նա կսկսի վախենալ խփողից։

Ինչպես մեր փորձը, այնպես էլ մի շարք մասնագետների հետազոտությունները, ովքեր  ուսումնասիրել են ֆիզիկական պատիժը, ցուց է տվել, որ երեխաները, ում վարքը մանկության տարիներին վերահսկվել է ծեծի միջոցով, արտաքուստ դժգոհ են թվում, բայց ներքուստ վառվում են զայրույթից։ Նրանք կարծում են, որ իրենց անձը վիրավորել են, և առանձնանում են աշխարհից, որը, նրանց կարծիքով, իրենց նկատմամբ անարդարացի է եղել։Նրանք սկսում են դժվարությամբ վստահել՝ դառնալով անտարբեր աշխարհի նկատմամբ, որը իրենց հանդեպ անտարբեր է եղել:

Ծնողները, ովքեր խփելուց հետո վերլուծում են իրենց զգացմունքները, խոստովանում են, որ այդ ամենը իրենց զայրույթը հանգստացնելու համար էր։ Զայրույթի նման հանկարծակի արտահայտումը կրկնվող բնույթ է ստանում՝ նպաստելով անարդյունավետ կարգապահության շղթայի ձևավորմանը։ Պարզել ենք, որ զայրույթի նման հանկարծակի բռնկումը կանխելու համար հարկավոր է հասնել հետևյալ համոզմունքներին՝ 1. մենք չենք խփելու մեր երեխաներին, 2. մենք նրանց կարգապահ ենք դարձնելու։ Քանի որ խփելը տարբերակ չէ, հարկավոր է փնտրել ավելի արդյունավետ ձևեր։

 

7. Խփելը վատ հիշողություններ է ձևավորում

Երեխայի հիշողությունները, որ իրեն ծեծել են, կարող են ջնջել մանկության ուրախ հիշողությունները։ Մարդիկ ավելի շատ հիշում են տհաճ միջադեպերը, քան հաճելիները։ Ես մեծացել եմ շատ ջերմ ընտանիքում, բայց երբեմն և «անտեղի» ինձ խփել են։ Շատ լավ եմ հիշում ուռենու ճյուղերի տեսարանները։ Երբ ես ինձ վատ էի պահում, պապիկս ինձ ուղարկում էր իմ սենյակ և ասում, որ ծեծելու է ինձ։ Հիշում եմ, թե ինչպես էի նայում պատուհանից և տեսնում, թե ինչպես է նա քայլում այգում և ծառից ուռենու ճյուղ կտրում։ Գալիս էր իմ սենյակ և այդ ճյուղով տաբատիս վրայից հարվածում հետույքիս։ Ուռենու ճյուղը արդյունավետ էր թվում, քանի որ այն և դաղում էր, և թե ֆիզիկապես, թե մտավոր տպավորություն էր թողնում։ Չնայած մեծացել եմ ջերմ ընտանիքում, այնուամենայնիվ, չեմ հիշում որոշակի ուրախ տեսարաններ այնքան մանրամասնորեն, որքան ծեծի տեսարանները։Միշտ մտածել եմ, որ ծնողի նպատակներից մեկը երեխայի հիշողությունները հարյուրավոր, կամ հազարավոր հաճելի տեսարաններով լցնելն է։ Զարմանալի է, թե ինչպես տհաճ հիշողությունները թույլ չեն տալիս հիշել հաճելիները։

 

8. Ծեծի չարաշահումը երկարատև վատ հետևանքներ ունի

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծեծելը ավելի խորը և տևական սպիներ կարող է թողնել, քան ատաքին կարմրությունն է։ Ահա մարմնական պատժի երկարատև ազդեցությունների ամփոփ նկարագրությունը, որը պարզվել է ուսումնասիրության արդյունքում.

  • Ուսումնասիրողները պարզել են, որ այն երեխաները, ովքեր մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ ֆիզիկական պատիժ է կիրառվել, դարձել են չշփվող և եսակենտրոն, և ֆիզիկական բռնությունը նրանց համար ընդունելի է դարձել ավելի հասուն տարիքում։
  • Ուսանողների մոտ նկատելի էին ավելի շատ հոգեկան շեղումներ, եթե նրանք մեծացել են այնպիսի ընտանիքում, որտեղ նրանց չեն գովաբանել, ավելի շատ հանդիմանել, պատժել և խոսքով վիրավորել են։
  • 679 ուսանողներից բաղկացած խմբի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նրանք, ում երեխա ժամանակ հարվածել են, հարվածելն ընկալել են որպես կարգուկանոն հաստատելու ձև և հետագայում փորձել են հարվածել իրենց երեխաներին։ Այն ուսանողները, ում չէին հարվածել երեխա ժամանակ, դեմ էին այս մեթոդին։ Այն երեխաները ում ծեծել էին, հիշում են, որ իրենց ծնողները զայրացած էին ծեծելիս, նրանք հիշում էին թե ծեծը, թե վերաբրմունքը ծեծի ժամանակ։
  • Կարծես ծեծը ամենաբացասական և երկարատև ազդեցությունն է ունենում, եթե այն փոխարինում է երեխայի հետ դրական հաղորդակցությանը։ Ծեծի բացասական ազդեցությունը հատկապես մեծ է այն երեխաների համար, ովքեր մեծանում են ջերմ և հոգատար ընտանիքում։
  • Հետագայում երեխաների ագրեսիվ պահվածքի վրա ֆիզիկական պատժի ազդեցությունների վերաբերյալ ուսունասիրությունը ցույց տվեց, որ ինչքան հաճախ են երեխային ֆիզիկապես պատժել, նա ավելի հակված է ագրեսիվ վերաբերմունք ցույց տալու իր ընտանիքի անդամների կամ ընկերների նկատմամբ։ Ավելի քիչ ագրեսիվ էին այն երեխաները, ովքեր մեծացել էին հոգատար միջավայրում, և ում միշտ բացատրել էին ծեծի պատճառը։
  • Ուսունասիրություն է իրականացվել երեխայի թաթիկին խփելու մասին, և յոթ ամիս անց պարզ է դարձել, որ, թաթիկին թույլ խփելը ուշացնում է երեխայի բացահայտելու ընդունակության զարգացումը
  • Չափահասները, ում ծեծել են պատանեկության տարիների, չորս անգամ ավելի են հակված ծեծելու իրենց կնոջը, քան նրանք, ում ծնողները չեն ծեծել։
  • Այն ամուսինները, ովքեր մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ բռնություն էր կիրառվում, ավելի են հակված ծեծելու իրենց կանանց։
  • 4 ծնողներից ավելի քան 1-ը, ով մեծացել է բռնության մթնոլորտում, զայրույթի պահին կարող էին վտանգի ենթարկել իրենց երեխայի կյանքը՝ նրանց վնասելով։
  • Բանտարկյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց մեծ մասը մեծացել է բռնության միջավայրում։
  • Հայտնիների, մարդասպանների, հանցագործների, գողերի և այլոց կյանքի պատմությունը ցույց է տալիս, որ նրանք մանկության տարիներին խիստ ֆիզիկական ռեժիմով են մեծացել։

Ծեծելու դեմ փաստերը ճնշող են։ Հարյուրավոր ուսումնասիրություններ հանգում են միևնույն եզրակացության.

  1. Ինչքան շատ երեխային ֆիզիկապես պատժենք, այնքան ագրեսիվ մարդ կդառնա։
  2. Ինչքան շատ ծեծենք երեխաներին, հետագայում նրանք նույն կերպ կվարվեն իրենց երեխաների հետ։
  3. Ծեծը հիմք է հանդիսանում հետագա բռնությունների համար:
  4. Ծեծը արդյունավետ չէ։

9. Ծեծը արդյունավետ չէ

Շատ ուսումնասիրություններ են ցույց տալիս, որ ծեծը՝ որպես կարգապահություն հաստատելու միջոց, արդյունավետ չէ, նրանցից և ոչ մեկը ցույց չի տալիս դրա օգտակար լինելը։ Վերջին երեսուն տարիներին մանկաբուժության մեջ ուսումանասիրել ենք հազարավոր ընտանիքների, ովքեր փորձել են ծեծելու մեթոդը, և պարզվել է, որ դա անօգուտ է։ Ընդհանուր տպավորություն է ձևավորվել մեզ մոտ, որ երբ ծնողական փորձը մեծանում է, նրանք ավելի քիչ են ծեծում։ Ծեծելը անօգուտ է թե՜ ծնողի, թե՜ երեխայի, թե՜ հասարակության համար։ Ծեծը լավ վարքագիծ չի ձևավորում, այն հեռացնում է երեխային ծնողից և նպաստում է բռնապետական հասարակության ձևավորմանը։ Ծնողները, ովքեր պատիժն ընդունում են որպես կարգապահություն հաստատելու հիմնական միջոց, իրենց երեխաների աչքերում չեն բարձրանում։ Այն թույլ չի տալիս, որ նրանք ավելի լավ միջոցներ փնտրեն երեխայի հետ իրենց հարաբերությունները լավացնելու համար։ Մեր ութ երեխաներին մեծացնելիս մենք եկանք այն եզրակացության, որ ծեծելն անօգուտ է։

Զգացինք, որ ավելի ու ավելի քիչ ենք ծեծում, երբ մեր փորձը և երեխաների քանակը մեծացան։ Մենք ընտանիքով որոշեցինք, որ դեմ ենք ծեծին և սկսեցինք մեր երեխաների մոտ և մեր տանը այնպիսի մթնոլորտ ձևավորել, որ ծեծելու անհրաժեշտություն չլինի։ Քանի որ ծեծը հարցի լուծում չէ, մենք սկսեցինք ավելի լավ տարբերակներ փնտրել։ Սա ոչ միայն մեզ ավելի լավ ծնողներ դարձրեց, այլև ժամանակի ընթացքում ավելի  զգայուն և դաստիարակված երեխաներ ունեցանք։

 

10. Ծեծելը իրականում աստվածաշնչյան չէ

Պետք չէ օգտագործել Աստվածաշունչը որպես պատրվակ ծեծելու համար։ Շփոթություն կա հրեա-քրիստոնեական ժառանգության ժողովուրդների մեջ, ովքեր կարծում են, որ աստվածամետ երեխաներ մեծացնելու համար Աստված հորդորում է ծեծել։

Նրանք լուրջ են ընդունում «խնայիր ճիպոտդ և խորտակիր երեխայիդ կյանքը» արտահայտությունը և վախենում, որ եթե չծեծեն երեխային, ապա նրանք մեղք կգործեն և կկորցնեն երեխայի վերահսկողությունը։ Մեր խորհրդատվության փորձի շրջանակներում մենք կարծում ենք, որ այս մարդիկ նվիրված ծնողներ են, ովքեր սիրում են Աստծուն և իրենց երեխաներին, բայց նրաք սխալ են հասկանում ճիպոտի գաղափարը։

Առաջին հայացքից թվում է, թե այս խոսքերը խրախուսում են ծեծը։ Բայց հարկավոր է այս ուսմունքների մեկ այլ մեկնաբանություն հաշվի առնել։ «Ճիպոտ» բառը Աստվածաշնչի տարբեր մասերում տարբեր բան է նշանակում։Եբրայերենի բառարանում այս բառի տարբեր նշանակություններ են տրվում. փայտ պատժելու, գրելու, կռվելու, ղեկավարելու, քայլելու և այլն։ Քանի որ ճիպոտը կարելի էր օգտագործել խփելու համար, այն հիմնականում օգտագործվում էր ոչխարներին արածեցնելիս։ Հովիվները ճիպոտը ոչխարների խփելու համար չէին օգտագործում, իսկ երեխաներն ավելի կարևոր են քան ոչխարները։ Ինչպես հովիվ հեղինակ Ֆիլիփս Քելլերն է սովորեցնում իր «Հովիվը նայում է սաղմոս 23-ին» աշխատության մեջ, հովվի ճիպոտը օգտագործվում էր աղոթքը տարածելու համար և ճիպոտն օգտագործվում էր ժողովրդին ճիշտ ուղղորդելու համար։

Հրեա ընտանիքները, որոնք մասնակցել են հարցազրույցին, և ովքեր խիստ հետևում են սննդի և ապրելակերպի ուղեցույցներին, պարզվեց չեն օգտագործում ճիպոտով դաստիարակելու մեթոդը, որովհետև նրանք տեքստի այդ մեկնաբանությանը չեն հետևում։

Ասացվածքների գիրքը բանաստեղծությունների գիրք է։ Տրամաբանական է, որ գրողը հեղինակավոր պատկեր ստեղծելու համար պետք է օգտագործի հայտնի գործիք։ Մեր կարծիքով, Աստվածաշնչում ճիպոտի մասին խոսելիս Աստված փորձում է ասել հետևյալը. «Ծնողնե՜ր, հո՜գ տարեք ձեր երեխաների մասին»։ Երբ դուք նորից կարդաք ճիպոտին վերաբերող հատվածները, ճիպոտ բառի տակ փորձեք դնել ծնողական իշխանության, այլ ոչ թե խփելու իմաստը։ Այսպիսով, ամեն ինչ ճիշտ կհնչի։

Հին Կտակարանը, բացի Աստծու խոսքը լինելուց,ինչպես կարծում են քրիստոնյա և հրեա ժողովուրդները, նաև պատմական տեքստ է, որը դարերի ընթացքում տարբեր ձևով են մեկնաբանել, երբեմն ոչ ճիշտ, որպեսզի ժամանակի հավատքներին համապատասխանի։

«Ճիպոտ» բառին վերաբերող հատվածներին տրվել են այնպիսի մեկնաբանություններ, որոնք ծառայում են մարմնական պատիժ կիրառելու համար, քանի որ դրանք էին համապատասխանում մարդկային մտքին։ Աստվածաշնչի մյուս հատվածները, հատկապես Նոր Կտակարանը, առաջարկում է, որ հավատացյալ մարդկանց վերաբերմունքում պետք է գերակշռի երեխայի նկատմամբ հարգանքը, լավ վերաբերմունքը։

Նոր Կտակարանում Քրիստոսը փոխեց ավանդական ակն ընդ ական համակարգը իր «դեմ տուր մյուս այտդ» մոտեցմամբ։ Քրիստոսը բարություն, սեր և ըմբռնում է քարոզում, և թվում է, թե խիստ դեմ է ճիպոտի օգտագործելուն, ինչպես նշվում է 4:21 սաղմոսում. «Մի՞թե ես պետք է գամ ձեզ մոտ ճիպոտով, թե՞ սիրով և բարի հոգով»։ Փոլը շարունակեց հայրերին սովորեցնել, թե ինչքան կարևոր է երեխաների մոտ զայրութ չառաջացնելը (ինչին հիմնականում հանգեցնում է ծեծը)։ «Հայրե՜ր, մի զայրացրեք ձեր երեխաներին», և « Հայրե՜ր, մի դառնացրեք ձեր երեխաներին, այլապես նրանք կհուսալքվեն»։ Մեր կարծիքով Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ պետք է խփել երեխային աստվածասեր ծնող լինելու համար։

Խնայիր ճիպոտը։ Կան ծնողներ, ովքեր չպետք է խփեն, և կան երեխաներ, ում չպետք է խփեն։

Ձեր պատմության, ձեր բնավորության կամ ձեր երեխայի հետ փոխհարաբերության մեջ կա՞ն այնպիսի գործոններ, որոնք կարող են նպաստել երեխայի նկատմամբ բռնությանը։ Ձեր երեխային բնորոշ այնպիսի հատկանիշներ կա՞ն, որոնք խփելը անխոհեմ են դարձնում։

 

  • Ձեզ չարաշահե՞լ են երեխա ժամանակ։
  • Հեշտությա՞մբ եք կորցնում ինքնավերահսկողությունը։
  • Ավելի շա՞տ եք խփում և քիչ արդյունքի հասնում։
  • Ավելի ուժե՞ղ եք խփում։
  • Խփելը ապարդյու՞ն է։
  • Ձեր երեխան մեծ պահանջներ ունի և ուժեղ կամքի տե՞ր է։
  • Ձեր երեխան չափազանց զգայու՞ն է։
  • Երեխայի հետ ձեր հարաբերությունները արդեն առաջվանը չե՞ն։
  • Կա՞ն այլ պատճառներ, որոնք ձեզ ջղայինացնում են, օրինակ՝ ֆինանսական, ամուսնական դժվարություններ կամ աշխատանքի կորուստ։ Կա՞ն այնպիսի գործոններ, որոնք իջեցնում են ձեր ինքնավստահությունը։

Եթե այս հարցերից որևիցե մեկի պատասխանն «այո» է, ապա աշխատեք ձեր մտքում զարգացնել չխփելուն հակված տրամադրվածություն և աշխատեք ամեն գնով մարմնական պատժին փոխարինող միջոցներ գտնել։ Եթե դուք միայնակ չեք կարող դա անել, դիմեք օգնության։

 

 

Թարգմանեց Արմինե Ներսիսյանը

Խմբագրեց Անի Վանյանը

Աղբյուրը https://www.askdrsears.com/topics/parenting/discipline-behavior/spanking/10-reasons-not-hit-your-child

 

Երբ երեխադ ստիպում է քեզ գոռալ: Հանգստանալու 10 քայլ: