“Չքնող” չորս ամսականը. չորրորդ ամսվա քնի հետընթացը


sleep regressionԵրեք ամսականում արդեն ամբողջ գիշեր կամ գոնե 5-6 ժամ անդադար քնող երեխան հանկարծ չորս ամսականում սկսում է գիշերը անընդհատ արթնանալ ուտելու համար: Մայրը, որին թվում էր, թե իր անքուն գիշերներն արդեն անցյալում են, սկսում է անհանգստանալ: Երեխաների դաստիարակության մասին որոշ գրքեր գրում են՝ “Դա շատ վատ սովորություն է, որը պետք է վերացնել”: Մանկաբույժները կարող են ասել մոտավորապես նույն բանը: Հարևանուհին կարող է որոշել, որ եթե երեխան երեք ամսականում քնել է, ապա չորսում հաստատ կարող է քնել և դժվար սոված լինի: Այլ աղբյուրներ կարող են սկսել խոսել նրա մասին, թե ինչպես չորս ամսական երեխաները կարող են վարպետորեն օգտագործել մորը: Տատիկը կարող է խորհուրդ տալ կիրառել “կլացի, կհանգստանա” մեթոդը, որի վատ հետևանքների մասին արդեն խոսել ենք “Կլացի, կհանգստանա (cry-it-out)” հոդվածում: Տարբեր լինելով հանդերձ՝ այս բոլորը խորհուրդները մեկ բան են ասում՝ մի վերցրեք երեխային և մի կերակրեք:

Ինչու՞ այս խորհուրդներից և ոչ մեկը հաշվի չի առնում զարգացման այն լուրջ փուլը, որը սկսվում է մոտավորապես չորրորդ ամսում և կարող է շարունակվել մինչև երեխայի 6 կամ 7 ամսական դառնալը: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է իրեն պահում ձեր փոքրիկը այդ տարիքում. նա այնքան հետաքրքրված է իրեն շրջապատող աշխարհով, որ չի կարողանում կենտրոնանալ ուտելու վրա՝ անըդնհատ բռնում և թողնում է կուրծքը. “Նայե՛ք, շուն է: Մայրիկ, ես քեզ այնքան եմ սիրում: Հեռախոսի զա՞նգ: Մեքենա՞ անցավ: Հեռուստացույցը միացրած է: Մեծ քույրիկս մտնում է սենյակ: Սպասե՛ք, այնքան հետաքրքիր բաներ են տեղի ունենում, որ ես չեմ կարողանում կենտրոնանալ ուտելու վրա: Ինձ թվում է՝ ես հիմա այնքան էլ սոված չեմ…”

Երբ ես նման երեխաներ եմ տեսնում իմ գրասենյակում, ես խնդրում եմ մորը կերակրել և հետևում եմ այդ պրոցեսին առանց որևէ բան ասելու: Կերակրելու ողջ ընթացքը տեղի է ունենում բացարձակ լռության մեջ, որպեսզի երեխան չշեղվի: Քանի՞ անգամ են ձեզ խորհուրդ տվել երեխային կերակրել կիսամութ և հանգիստ սենյակում:

Լավ, այժմ խոսենք գիշերվա մասին: Ձեր բալիկը նորմալ չի կերել ցերեկը: Գալիս է գիշերը, երբ սենյակում լուռ և մութ է, իսկ ձեր բալիկը կարող է ամբողջովին տիրանալ ձեր ուշադրությանը: Իդեալական պայմաններ են լավ ուտելու համար: Գիշերային կերակրումներն արդեն երկար չեն տևում, քանի որ երեխան սովորել է ավելի արդյունավետ ծծել:

Քանի որ երեխաները կարող են ցերեկը լավ չուտել, մոր կաթը կարող է նվազել: Եթե մայրը ժամանակին հաճախ է կերակրել երեխային, ապա նրա մոտ, ամենայն հավանականությամբ, առաջին ամսում բավական քանակի պրոլակտինի ռեցեպտորներ են ձևավորվել, և հույս կա, որ կարելի է վերականգնել կաթնարտադրությունը: Սակայն եթե մայրը կերակրել է ռեժիմով, ապա, հավանաբար, նրա կաթնարտադրությունը կարգավորել չի հաջողվի:

Ինչու՞ շշով կերակրվող երեխաները այդքան հաճախ չեն արթնանում չորս ամսականում: Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է նրանով, որ այդ տարիքում մայրերը կարողանում են շշով կերակրումը ցերեկը կազմակերպել այնպես, որ երեխան և՛ ուտի, և՛ կարողանա նայել իրեն հետաքրքրող բաներին՝ շանը, հեռուստացույց և այլն:

Ի՞նչ զարգացման փուլի մասին է խոսքը

Չորրորդ ամսում երեխաների աշխարհընկալումը գնալով ավելի է նմանվում մեծահասակի աշխարհընկալմանը: Փոխվում է նաև երեխայի քունը: Այս ամսում գրեթե բոլոր երեխաներն են սկսում վատ քնել, նույնիսկ նրանք, որոնք դրանից առաջ լավ են քնել: Հնարավոր է, որ երեխաները սկսեն ավելի հաճախ արթնանալ և ավելի դժվարությամբ քնել: Այս փոփոխություններն անվանում են “չորրորդ ամսվա քնի հետընթաց”: Այս հետընթացը կարող է ազդել երեխայի վրա նաև արթուն ժամանակ՝ նա ավելի լարված է, անհանգիստ և հաճախ է լաց լինում:

Ֆիզիկական զարգացում: Չորրորդ ամսում երեխաների մոտ լավանում է ձեռքերի և մատների կոորդինացիան, իսկ ներվային համակարգի զարգացումը անցնում է այլ՝ ավելի բարձր փուլ: Երեխան սովորում է պտտվել փորից մեջքի վրա և հակառակը, ավելի ակտիվ է մեջքին պառկած ժամանակ, ծնկերը ծալում է փորի մոտ և նույնիսկ փորձում է սողալ: Երեխայի արձակած ձայները դառնում են ավելի բարդ:

Մտավոր զարգացում: 15–16 շաբաթականում երեխայի մոտ կարող է սկսվել անհանգստության մեկ այլ փուլ: Երեխան սովորում է իրար կապել առանձին գործողություններ և իրավիճակներ և դրանցից ձևավորել իրադարձություններ: Օրինակ, երեխան կարողանում է խաղալիքը մի ձեռքից մյուսի մեջ դնել, ուսումնասիրել այն բոլոր կողմերից, կարող է գիտակցաբար թափ տալ խաղալիքը՝ ձայնը լսելու համար: Երեխան նաև սկսում է հասկանալ, որ իրեն շրջապատող աշխարհը կազմված է այնպիսի օբյեկտներից, որոնք գոյություն ունեն անկախ նրանից նա դրանք տեսնում է, թե ոչ:

Քնի կառուցվածքի փոփոխություն: Մոտավորապես չորրորդ ամսում երեխայի քունը սկսում է նմանվել մեծահասակի քնին: Երեխան առաջին անգամ սկսում է մտնել արագ քուն՝ REM: REM-ը ավելի մակերեսային քուն է և այն հեշտ է խանգարել: Թվում է, թե ձեր բալիկը ինքն իրեն արթնացնում է հենց REM-ից հետո՝ քնի հաջորդ՝ ավելի խորը փուլ մտնելուց առաջ: Այսպիսով, հնարավոր է, որ դուք գործ ունեք շատ հոգնած երեխայի հետ, որը գիշերը վատ է քնում: Երեխաների քնի ցիկլերի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր ” Նորածին երեխայի քունը. ծնվելուց մինչև չորս շաբաթական” հոդվածում:

Քնի պահանջի փոփոխություն: Հնարավոր է, որ երեխան ցանկանում է ցերեկվա ընթացքում քնել մեկ-երկու անգամ` նախկին երեք-չորսի փոխարեն, իսկ դուք շարունակում եք փորձել նրան քնացնել նախկինի պես երեք-չորս անգամ: Եթե երեխան ցերեկը ավելի շատ է քնում, քան նրան արդեն պետք է, ապա դա ևս կարող է ազդել գիշերային քնի վրա:

Մտավոր և ֆիզիկական զարգացմամբ պայմանավորված նման լուրջ փոփոխությունները սկզբնական շրջանում երեխայի մոտ առաջացնում են վախի և անհանգստության զգացում: Երեխան սկսում է ավելի շատ ուշադրություն պահանջել, կարող է ավելի կամակոր դառնալ, ավելի շատ լաց լինել, կարող են վատանալ նրա ախորժակը և քունը: Սակայն այս լարվածությունը շուտով կանցնի, և հինգերորդ ամսում ծնողները կզարմանան, թե ինչպես է նորից փոխվել իրենց բալիկը:

Ինչպե՞ս հաղթահարել չորրորդ ամսվա քնի հետընթացը

Մեր խորհուրդը հետևյալն է՝ եղեք հնարավորինս համբերատար և արեք ամեն ինչ այս փուլը երեխայի հետ միասին հաղթահարելու համար:

  • Շարունակեք երեխային քնացնել այնպես, ինչպես մինչ այժմ՝ կերակրելով, օրորելով, գրկած և այլն:
  • Փորձեք կերակրել քնած ժամանակ: Որոշ երեխաներ ավելի լավ են ուտում քնած ժամանակ: Եթե կարողանում եք նման ձևով կերակրել, ապա երեխային կերակրեք նրան քնացնելուց առաջ, և փորձեք կերակրել քնի մեջ՝ ձեր քնելուց առաջ:
  • Օգնություն խնդրեք ընտանիքի անդամներից կամ ընկերներից: Թող օգնեն հետևել երեխային, որպեսզի դուք կարողանաք մի փոքր հանգստանալ:
  • Մի փորձեք երեխային քնացնել ռեժիմով: Բավավար կլինի, եթե դուք հետևեք երեխայի ակտիվությանը և փորձեք քնացնել, երբ նա հոգնածության նշաններ է ցույց տալիս: Փորձեք կողմնորոշվել՝ հաշվի առնելով երեխայի ցերեկային քնի ժամերը և երեխայի վարքը, որպեսզի կարողանաք երեխայի համար ապահովել բավարար քուն օրվա ընթացքում:
  • Երեխան կարող է փորձարկել իր նոր հմտությունները՝ փորից մեջքի վրա պտտվելը և այլն ոչ միայն ցերեկը, այլ նաև գիշերը: Երբ երեխան սկսի լավ տիրապետել իր նոր հմտություններին, նրա լարվածությունը կթուլանա:
  • Փորձեք հնարավորինս շատ լինել երեխայի հետ, որպեսզի բավարարեք կյանքի այս դժվար փուլում մոր հետ լինելու նրա պահանջը:

Կարդացե՛ք նաև հետևյալ հոդվածները կրծքով կերակրվող երեխաների քնի մասին՝

Կլացի, կհանգստանա” (cry-it-out)

Նորածնի երկրորդ գիշերը

Արդյո՞ք երեխան պետք է քնի ամբողջ գիշեր

Ինչպես անել, որ երեխան ամբողջ գիշեր քնի

Պե՞տք է արդյոք քնել երեխայի հետ նույն անկողնում

Նորածին երեխայի քունը. ծնվելուց մինչև չորս շաբաթական

Կազմվել է հետևյալ աղբյուրների հիման վրա՝

 

http://kellymom.com/parenting/nighttime/4mo-sleep/

http://baby-sleep.ru/articles/215-son-rebenka-v-4-mesyatsa

http://www.babysleepsite.com/baby-sleep-patterns/4-month-sleep-regression/

http://alphamom.com/parenting/baby/four-month-sleep-regression-survival-tips/

 

Կազմեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Մանկական հանկարծամահության համախտանիշը և կապը փորի վրա քնելու հետ
"Կլացի, կհանգստանա" (cry-it-out)

1 thought on ““Չքնող” չորս ամսականը. չորրորդ ամսվա քնի հետընթացը

Comments are closed.