Ջրազրկումը կրծքով կերակրվող երեխայի մոտ


Ջրազրկումը կրծքով կերակրել երեխա

Եթե ձեր կրծքով կերակրվող երեխան ջրազրկվել է, դա նշանակում է, որ նա չի ստանում այնքան հեղուկ, որքան անհրաժեշտ է նրա օրգանիզմին: Երեխաներն ավելի են հակված ջրազրկվելուն քան մեծահասակները: Ջրազրկումը հիմնականում փսխելու, լուծի, բարձր ջերմության և շատ քրտնելու հետևանք է: Ջրազրկումը կարող է լինել թեթև և հեշտ վերացվող, միջին, կամ խիստ և կյանքին վտանգ սպառնող:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՋՐԱԶՐԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

  • Բարձր ջերմություն/տենդ: Տենդը ջրազրկման ամենատարածված պատճառներից մեկն է: Երբ երեխան քրտնում է բարձր ջերմության պատճառով, այդպիսով նա փորձում է նվազեցնել մարմնի ջերմությունը և շատ հեղուկ է կորցնում: Նա նաև կարող է ավելի արագ շնչել և ավելի շատ հեղուկ կորցնել արտաշնչելով:
  • Գերտաքացում. Երեխան կարող է հեշտությամբ քրտնել և հեղուկ կորցնել արևի տակ գտնվելով կամ շոգ օրերին ակտիվ լինելով: Նա կարող է նաև գերտաքանալ և քրտնել տոթ և կիզիչ սենյակում գտնվելու պատճառով կամ չափից շատ հագուստ կրելու պատճառով:
  • Լուծ և փսխում: Եթե ձեր երեխան ունի ստամոքսի ինֆեկցիա, նա կարող է կորցնել հեղուկներ լուծի և փսխելու արդյունքում: Նա չի կարողանա յուրացնել հեղուկներ աղիների միջոցով, եթե լուծ է, կամ օրգանիզմում պահել հեղուկներ, եթե հետ է տալիս:
  • Հեղուկ խմելուց կամ կրծքով կերակրվելուց հրաժարվելը: Ձեր երեխան կարող է հրաժարվել հեղուկ խմել, եթե ունի ձեռքի, ոտքի, կամ բերանի հիվանդություն, կաթնախտ, ցավացող կոկորդ, կամ որովհետև ատամ է հանում: Այս բոլորը կարող են նրա բերանը կամ կոկորդը չորացնել: Երբեմն, երեխան կարող է հրաժարվել խմելուց, եթե մրսածության կամ գրիպի պատճառով նրա քիթը փակ է կամ կոկորդն է ցավում:

 

ՋՐԱԶՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ և ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ

Ձեր երեխան երեք օր է հետ է տալիս կամ լուծ է, չի ուտում, մի քանի կում ջուր է խմում, ավելի քիչ ակտիվ է և ավելի քիչ է միզում քան առաջ: Դուք սկսում անհանգստանալ, թե արդյոք նա չի ջրազրկվել: Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է հասկանալ ջրազրկման աստիճանը, երբ սկսել անհանգստանալ և ինչ անել:

Երբ ՊԵՏՔ ՉԷ անհանգստանալ

Բավականաչափ հեղուկ ստանալու նշանները

Եթե ձեր երեխան ունի հետևյալ նշաններից մեծ մասը կամ բոլորը, ապա դուք կարող եք եզրակացնել, որ նա ջրազրկման խնդիր չունի՝

  • Բերանը խոնավ և փայլուն է թուքից, լեզվի տակ կամ շրթունքներին թուք է հավաքվում
  • Աչքերը խոնավ են, լավելիս արցունք է գալիս
  • Երեխան միզում է ամեն չորս ժամը մեկ կամ ավելի հաճախ
  • Երեխան ակտիվ է, ուրախ, վազվզում է և քանդում խաղալիքների սենյակը 

Թեթև ջրազրկում

 Երեխաների մեծ մասը թեթև ջրազրկվում է հիվանդությունների ժամանակ պարզապես այն պատճառով, որ ավելի քիչ է հեղուկ է խմում, քան սովորաբար: Սա վտանգավոր չէ: Թեթև ջրազրկման ամենատարածված նշաններն են՝

  • Երեխան ավելի քիչ ակտիվ է, բայց կայտառ է և աշխույժ
  • Շրթունքները մի քիչ չոր են
  • Մի քիչ ավելի քիչ է միզում

 

Երբ ՊԵՏՔ Է անհանգստանալ  

Միջին ջրազրկում  

Շատ երեխաներ միջին ջրազրկման խնդիր են ունենում, երբ աղեստամոքսային հիվանդություն են ունենում: Սովորաբար միջին ջրազրկումը ևս վտանգավոր չէ: Միջին ջրազրկման նշաններն են՝

  • Երեխան ավելի քիչ ակտիվ է և աշխույժ, բայց արթուն է
  • Կարող է աչքերով հաղորդակցվել և պատասխանել ձեզ
  • Շրթունքները չոր են և ճաքճքած, բերանի ներսում ևս մի քիչ չոր է
  • Լացելիս արցունք չի գալիս, բայց աչքերը խոնավ են
  • Կիսով չափ ավելի քիչ է միզում, քան սովորաբար, կամ վեց ժամ չի միզել
  • Մեզը խիտ է՝ խնձորի հյութի գույնի, և ավելի սուր հոտ ունի

 

Երբ է պետք անհապաղ ԴԻՄԵԼ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ

Խիստ ջրազրկում

Միանգամից դիմեք բուժօգնության, եթե ձեր երեխան ունի հետևյալ նշանները՝

  • Երեխան դժվարությամբ է քայլում, ակտիվ չէ, մինիմալ տեսողական շփում ունի ձեզ հետ և չի արձագանքում ձեր ձայնին կամ հպմանը: Այսինքն, քնկոտ է՝ լեթարգիկ:
  • Շրթունքներ ճաքճքած են, բերանի ներսում չոր է և կպչուն՝ առանց թուք
  • Չկան արցունքներ, աչքերը չոր են և ներս ընկած
  • Երեխան չի միզել 12 – 18 ժամ
  • Չափազանց անհանգիստ է կամ, ընդհակառակը քնկոտ է՝ այլ ախտանիշների հետ միաժամանակ
  • Գունատ է
  • Շատ արագ է սրտի բաբախյունը
  • Գաղթունը ներս է ընկել
  • Երեխայի ձեռքերը և ոտքերը սառն են և ասես կեղտոտված լինեն

Նշում. Երեխայի մոտ նման խիստ ջրազրկման հավանականությունը ավելի մեծ է, եթե նա և լուծ է, և՛ հետ է տալիս:

 

Ինչպես դիմանալ գիշերը

Թեթև կամ միջին ջրազրկման դեպքում երեխաները կարող են դիմանալ և՛ երեկոյան, և՛ գիշերը, եթե նրանց քիչ քանակությամբ մաքուր հեղուկներ տաք, օրինակ՝

  • Կրծքի կաթ
  • Սպիտակ խաղողի հյութ
  • Պեդիալիտ
  • Սառցահյութ

Խիստ ջրազրկումը շատ վտանանգավոր է տանը բուժելու համար: Խիստ ջրազրկման դեպքում պետք է միանգամից շտապօգնություն կանչել կամ գնալ հիվանդանոց:

Ամենակարևորը. եթե դուք համոզված չեք, թե որքան ջրազրկված է է ձեր երեխան, միանգամից դիմեք բժիշկի:

ԻՆՉՊԵՍ ԿԱՆԽԵԼ ՋՐԱԶՐԿՈՒՄԸ

Համոզվեք, որ երեխան շատ հեղուկ է խմում, հատկապես շոգ օրերին և հիվանդ լինելիս: Շարունակեք կերակրել կրծքով կամ կաթնախառնուրդով, իսկ եթե վեց ամսականից մեծ է, տվեք մի քիչ ջուր, օրվա մեջ մոտ 120 մլ: Երբ նա սկսի ուտել հավելյալ սնունդ, ապա ավելացրեք ջրի քանակը: Եթե ձեր երեխան վեց ամսականից փոքր է, և դուք անհանգիստ եք ջրազրկման համար, ապա խորհրդակցեք բժիշկի հետ:

Երեխային մի տվեք գազավորված ըմպելիքներ, դրանք շատ վատ են նրա ատամների և առողջության համար: Եթե ձեր երեխան հյութեր է խմում, մի ավելացրեք հյութի քանակը, այլ ուղղակի բացեք այն ջրով: Եթե նա խմում է օրական 90-120 մլ հյութ, ապա կարող եք ջրով դարձնել 180-240 մլ: Մանկաբուժության ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս սահմանափակել հյութերի քանակը օրական 120-180 մլ-ով:

Հատուկ ուշադրություն դարձրեք ջրազրկման խնդրին գերտաքացման, ջերմի/տենդի և լուծի դեպքում: Բարձր ջերմության/տենդի դեպքում կարող եք երեխային տալ մանկական ացետամինոֆեն կամ, եթե երեխան վեց ամսականից մեծ է, մանկական իբուպրոֆեն: Մի տվեք երեխային ասպիրին, քանի որ այն կարող է սադրել Ռեյի Սինդրոմ հազվադեպ հանդիպող, բայց լուրջ հիվանդության զարգացումը: Լուծի դեպքում խուսափեք հյութերից, քանի որ դրանք կարող են էլ ավելի վատթարացնել երեխայի վիճակը: Եթե երեխան վեց ամսականից փոքր է, փորձեք երեխային կրծքի կաթ կամ կաթնախառնուրդ տալ ավելի քիչ-քիչ և ավելի հաճախ: Մի նոսրացրեք կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը ջրի օգնությամբ:

Ջրազրկումը միայն կրծքով կերակրելու դեպքում

Սովորաբար կրծքով կերակրվող այն երեխաները, որոնք կարողանում են արդյունավետ կերպով կաթը հեռացնել մոր կրծքից, կերակրվում են ըստ պահանջի, նորմայի սահմաններում քաշ են հավաքում և չունեն քաշի կտրուկ կորուստ, ջրազրկման տեսանկյունից վտանգավոր հիվանդություններ չունեն, ինչպես նաև չունեն հավելյալ ջրի կարիք այլ բժշկական պատճառներով, մինչև վեց ամսական դառնալը հավելյալ ջրի կարիք չունեն: Կրծքով կերակրող մայրերը պետք է հետևեն իրենց երեխաների թաց և կեղտոտ տակդիրների քանակին: Խորհուրդ ենք տալիս կարդալ “Կրծքով կերակրվող երեխային ջուր տալու հաճախականությունը“, “Ի՞նչ ակնկալել առաջին շաբաթներին” հոդվածները, ինչպես նաև “Как распознать обезвоживание у грудных детей” ռուսերեն:

Թե ինչպես խուսափել գերտաքացումից՝ կարգավորելով երեխայի հագուստը և սենյակի օդի ջերմաստիճանը, կարդացեք մեր “Երեխայի հագուստը և սենյակի ջերմաստիճանը” հոդվածում:

Նյութը պատրաստվել է հետևյալ աղբյուրների հիման վրա՝

 

http://www.askdrsears.com/topics/health-concerns/childhood-illnesses/dehydration

http://www.babycenter.com/0_dehydration-in-babies_11527.bc

http://www.babycentre.co.uk/a557531/dehydration

 

Պատրաստեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Երբ ռիթմին տեղեկացված լինելը կարող է հաղթահարել խոչընդոտներ...
Կրծքով կերակրելը և կտրուկ աճի օրերը