Սնունդ, որն ավելացնում է մայրական կաթը. գալակտագոգներ


Ի՞նչ է գալակտագոգը:

Գալակտագոգը մայրական կաթի արտադրության խթանիչներն են, որոնց մեջ մտնում են որոշ դեղաբույսեր, սնունդ, և դեղեր: Մայրերի մեծ մասը գալակտագոգի կարիք չունի. բազմաթիվ ճանապարհներ կան մայրական կաթը առանց նման խթանիչների ավելացնելու համար: Եթե դուք կասկածում եք, որ ձեր կաթը քիչ է, խորհրդակցեք կրծքով կերակրման մասնագետի հետ:
“Կրծքով կերակրելու կանացի արվեստ” գրքի 355 էջում գրված է՝ “Տարբերակներից մեկը գալակտագոգ օգտագործելն է, սակայն այն պետք է օգտագործել միայն եթե դուք պարբերաբար կերակրում եք կրծքով կամ կթում կաթը: Եթե կաթի քանակի ավելացման խնդիր ունեք, գալակտագոգը միայն հավելյալ միջոց է, որը երբեք չի փոխարինում լավ և հաճախ կրծքերը դատարկելը: Շատ մայրեր կաթի պակասի խնդիրը լուծում են միայն հաճախ կերակրելով և կթելով. խնդրու՛մ ենք փորձել այդ մեթոդները նախքան գալակտագոգի անցնելը:”
Արդյո՞ք ես ունեմ գալակտագոգի կարիք: Եթե ձեր կաթնարտադրությունը չի շատանում մաշկը մաշկին շփման միջոցով, կրծքերը կթելու արդյունքում, կերակրելու ավելի լավ դիրք ընտրելով, ապա գուցե ժամանակն է փորձել գալակտագոգ ընդունել: Հիշե՛ք. միայն գալակտագոգ ընդունելն՝ առանց հաճախ կերակրելու կամ կթելու միջոցով արդյունավետ կերպով կաթ կրծքից հեռացնելու, սովորաբար կաթը չի ավելացնում:
Բուսական գալակտագոգներ: Դեղաբույսերը հազարավոր տարիներ շարունակ օգնել են ավելացնել մայրական կաթը: Չնայած չկա դրանց իրական ազդեցության վերաբերյալ գիտական ուսումնասիրություն, շատ մայրեր, որոնք ընդունում են դրանք, զգում են, որ իրենց կաթը շատանում է:
Քննարկեք դեղաբույսային գալակտագոգների ընդունումը ձեր բժիշկի հետ: Դեղաբույսերի որակը ևս շատ կարևոր է կերակրող մոր համար, այնպես որ համոզվեք, որ որակյալ դեղաբույս եք պատրաստվում օգտագործել: Շատ դեղաբույսեր ունեն կողմնակի ազդեցություն, որոնք կարևոր է իմանալ, հատկապես, եթե դուք այլ դեղաբույսեր կամ դեղեր էլ եք ընդունում: Քննարկեք նման գալակտագոգների ընդունումը համապատասխան մասնագետի հետ:
“Կրծքով կերակրելու կանացի արվեստ” գրքի 397–8 էջերում գրված է՝ “Եթե որոշել եք գալակտագոգ ընդունել, դրա մասին տեղյակ պահեք ձեր բժիշկին, նույնիսկ եթե նա դեմ է դրանք ընդունելուն: Խուսափեք այն դեղաբույսերից, որոնք քչացնում են կաթը, ինչպես նաև կաթը քչացնող հակաբեղմնավորիչներից: Հղիներին հատկապես կարևոր է գալակտագոգ ընդունելու հարցը քննարկել իրենց բժիշկի հետ:
Կաթնարտադրությունը խթանող ամենատարածված դեղաբույսերն են՝
  • Այծամորուք (козлятник лекарственный, galega officinalis):
  • Վայրի ծնեբեկ (wild asparagus, дикая спаржа), որը տարբերվում է սովորական ուտելու ծնեբեկից:
  • Հոռոմ սամիթ (укроп/фенхель, fennel) օգնում է արտահոսքի/կաթի արտամղման հարցում:
  • Առվույտի տերև (люцерна, alfalfa leaf):
  • Տատասկափուշը/փշին (Чертополох благословенный, blessed thistle, չխառնել расторопша-ի հետ) կանադացի մանկաբույժ Ջեք Նյումանի կողմից խորհուրդ է տրվում օգտագործել չամանի հետ միասին:
  • Եղինջ (крапива, nettle).
“Մոր սնունդը” գրքում Հիլարի Ջեքոբսոնը գտնում է, որ կապ կա շատ վատ սննդակարգի և կրծքի կաթի քանակի և բաղադրության միջև: Եթե դուք կաթի քանակի խնդիր ունեք, ապա ձեր սննդակարգում էական ճարպային թթուներով հարուստ սնունդ ավելացնելը կարող է օգնել կաթը ավելի սննդարար դարձնել:
“Մոր սնունդը” գրքի 277-րդ էջում Ջեքոբսոնը գրում է՝ “Շատ մայրեր գտնում են, որ էական ճարպային թթուներով հարուստ սնունդը, օրինակ՝ կտավատի ձեթը, սև հաղարջի յուղը, գաղտրիկի սերմի յուղը բարձրացնում են կաթնարտադրությունը:” “Կրծքով կերակրող մոր կաթ պատրաստելու ուղեցույցը” նշում է կաթն ավելացնող որոշ սննդամթերքներ՝ նուշ, կոկոս, քունջութ, կորեկ, բրինձ, հոռոմ սամիթ, սամիթ, գարի, վարսակ, սիսեռ, և այլն:
Չնայած ներքոհիշյալ սննդամթերքի կրծքի կաթի քանակի վրա ազդեցության ոչ մի գիտական հիմնավորում չկա, շատ մայրեր հավատում են դրանց “զորությանը”:
  • Չամանի սերմ (քեմոն, քիմիոն, тмин): Բացի կաթի քանակը ավելացնելուց, չամանի սերմերը օգնում են փորկապության դեմ և բարձր թթվայնության հարցում: Չամանի սերմը նաև երկաթի լավ աղբյուր է:
  • Սև քունջութի սերմ: Այս սերմերը նաև կալցիումի լավ աղբյուր են:
  • Սուրբ ռեհան: Սուրբ ռեհանը վիտամին K-ի լավ աղբյուր է: Բացի կաթնարտադրությունը շատացնելուց, այն նաև հանգստացնող ազդեցություն ունի:
  • Սամիթի սերմ: Սամիթի սերմը երկաթի, մագնեզիումի և կալցիումի լավ աղբյուր է, որը օգնում է լավացնել կաթնարտադրությանը, մարսողականությանը և քունը: Այն թուլացնող հատկություն ունի և պետք է զգույշ օգտագործել:
  • Կանաչ բանջարեղեն և դդմազգիներ: Կանաչ բանջարեղեն են, օրինակ՝ չամանը, լոբին, սպանախը:
  • Լոբազգիներ կամ ոսպ: Կարմիր լոբին հատուկ հարուստ է երկաթով և մանրաթելով:
  • Կարմիր բանջարեղեն: Գազարը, քաղցր կարտոֆիլը, ճակնդեղը հարուստ են բետա-կարոտինով, ճակնդեղը  և քաղցր կարտոֆիլը՝ երկաթով: Գազարի սերմը հայտնի է որպես կաթը շատացնող սնունդ:
  • Ընդեղեն և չիր: Նուշը, քեշյուն հայտնի են որպես կաթը շատացնող ընդեղեն: Որոշ չրեր ևս նման հատկություն ունեն:
  • Վարսակը և վարսակի շիլան պարունակում են երկաթ, կալցիում և մանրաթել:
  • Յուղեր և ձեթեր: Զեյթունի ձեթը, կտավատի ձեթը և քունջութի յուղը շատ առողջարար են:

Ուրիշ ի՞նչ է հնարավոր անել կաթն ավելացնելու համար:

 

  • Օրվա մեջ խմեք 10-12 բաժակ ջուր: Կրծքով կերակրող մայրերը կարող են ծարավել ամեն կերակրելուց: Այս ծարավը պայմանավորված է այն հորմոններով, որոնք արտադրվում են կերակրելու ժամանակ:
  • Հաճախ կերակրեք կրծքով:
  • Հանգստացեք: Եթե դուք շատ հոգնած եք, ձեր օրգանիզմը կաթ արտադրելու համար բավարար չափով էներգիա չի ունենա:
  • Թուլացեք: Սթրեսը ազդում է արտահոսքի ռեֆլեքսի և նույնիսկ կաթնարտադրության վրա:
Այսպիսով ամփոփենք այն դեղաբույսերի և սննդամթերքների ցանկը, որոնք հայտնի են որպես կաթնարտադրությունը բարձրացնող:
 unnamed
Ադապտացվել է հետևյալ աղբյուրներից՝ Breastfeeding Today. January 2015, Issue 27, pp 18-21; http://www.babycenter.in/a1049926/foods-that-help-increase-breastmilk
Ինչ ազդեցություն կարող է ունենալ մոր ընդունած կոֆեինը կրծքով կերակրվող նորածնի վրա
Մոր սննդակարգը և կրծքի կաթի որակը