Սպիտակ ոսկին. ի՞նչ է պարունակում մայրական կաթը


«Ամենաշահավետ ներդրումը՝ կաթի ներդրումն է երեխայի մեջ»: Ուինսթոն Չերչիլի այս հանրահայտ արտահայտությունը կոչված է ուշադրություն հրավիրել փոքրիկ մարդուկի զարգացման գործում կրծքով կերակրման բացառիկ նշանակության վրա:

Շատ հաճախ կրծքով կերակրելու կոչերը մայրիկների կողմից ընդունվում են որպես ավելորդ ու անիմաստ քարոզչություն: Գործում է հայտնի «ցանկացած ազդեցություն առաջ է բերում հակազդեցություն» օրենքը: Սակայն մեր նպատակը չէ ևս մեկ անգամ նրանց համոզելը, թե որքան կարևոր է կրծքի կաթը երեխաների համար. մենք չենք ցանկանում գովազդել բոլորին հայտնի ճշմարտությունները: Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր մայր տալիս է իր երեխային այն լավագույնը, որը կա իր կյանքում: Եթե կինն ընտրում է կրծքով կերակրումը, մենք նրան ցանկանում ենք տեղեկացնել կրծքի կաթի բաղադրության մասին:

Այսօր գիտությանը հայտնի են կրծքի կաթի մոտ 500 տարբեր բաղադրիչներ: Դրանց մեծ մասն ուղղակի անհնար է վերարտադրել տեխնոլոգիական եղանակով: Կաթը նույնպիսի բարդ ու փոփոխական սուբստանցիա է, ինչպես մարդու արյունը: Կաթի բաղադրությունը հարմարվում է երեխայի կարիքներին, մի քանի անգամ փոխվում է երկարատև կերակրման ընթացքում, մշտապես փոխում է համը, կերակրման յուրաքանչյուր փուլում համապատասխանում է բալիկի աճող օրգանիզմի պահանջներին: Կաթը ունի մեկ ունիկալ առանձնահատկություն ևս՝ այն մարսում է ինքն իրեն՝ ավելորդ չծանրաբեռնելով փոքրիկի աղեստամոքսային տրակտը: Կաթի որակային բաղադրության վրա չի ազդում կամ գրեթե չի ազդում կերակրող մոր սննդակարգը, առողջական խնդիրները, շրջակա միջավայրն ու կենսակերպը:

 

Մայրական կաթի (ձախից) և արհեստական կաթնախառնուրդի (աջից) բաղադրությունները

whats-in-breastmilk-poster-canadaԲոլորս ենք լսել կրծքի կաթի բացառիկ և անկրկնելի հատկությունների մասին: Այդ հատկությունների շնորհիվ է, որ մեզանից շատերը պատրաստ են հաղթահարել կրծքով կերակրման հետ կապված բոլոր դժվարությունները: Սակայն շատերին հետաքրքիր է, թե այդ ո՞ր հատկությունների մասին է խոսքը:

a

Մայրական կաթի հիմնական բաղադրիչները

Մայրական կաթի ընդհանուր ծավալի մոտ 87-90 տոկոսը ջուր է: Ջրի և մնացած բաղադրիչների այս հարաբերակցությունը իդեալական է և խնայում է երեխայի դեռ ոչ հասուն երիկամները:

Ածխաջրերը զբաղեցնում են կաթի ընդհանուր ծավալի մոտ 7 տոկոսը: Նրանք ապահովում են կաթի քաղցր համը, հանդիսանում են էներգիայի դյուրամարս աղբյուր, անհրաժեշտ են գլխուղեղի սնուցման ու զարգացման համար, կարգավորում են աղեստամոքսային տրակտի նորմալ միկրոֆլորան: Նորածինների մոտ ածխաջրերը ոչ մեծ քանակով կարող են հայտնաբերվել կղանքում՝ լակտոզայի կամ շաքարների, այսպես կոչված, ավելցուկի տեսքով:

Ճարպերն ամենափոփոխական բաղադրիչն են, զբաղեցնում են ընդհանուր ծավալի 2-4.5 տոկոսը: Ճարպերի ամենամեծ քանակը յուրաքանչյուր կերակրման վերջում եկող կաթում է, ընդ որում, կերակրման տևողությունը որոշում է ինքը՝ երեխան: Ճարպերը գլխուղեղի ու նյարդային համակարգի հիմնական «շինանյութն» են, որոնք ապահովում են այդ համակարգի հանգիստ ու հավասարակշռված լինելը, պատասխանատու են քաշի նորմալ ավելացման համար և, ածխաջրերի հետ միասին, հանդիսանում են էներգիայի աղբյուր:

Սպիտակուցներն ամենակայուն բաղադրիչն են, որոնց պարունակությունը պրակտիկորեն չի փոխվում մոր հիվանդությունների, հյուծվածության կամ սննդակարգի հետ կապված խնդիրների դեպքում: Չնայած նրան, որ սպիտակուցները կաթի ընդհանուր ծավալի ընդամենը 1 տոկոսն են կազմում, դրանք շատ բազմազան են ու արժեքավոր. դրանցից է կախված փոքրիկի իմունիտետը, հյուսվածքների ամրությունը, երկաթի յուրացման արդյունավետությունը, նյարդային համակարգի հասունացումը, աղեստամոքսային տրակտի ֆունկցիան, օրգանիզմում նոր բջիջների ձևավորումն ու աճը: Հատկանշական է, որ հենց մայրական կաթում պարունակվող սպիտակուցն է անհնար վերարտադրել կաթնախառնուրդներում, քանի որ կաթնախառնուրդների հիմքում կենդանիների կաթի սպիտակուցներն են:

Այլ բաղադրիչները կազմում են կաթի ընդհանուր ծավալի չնչին մասը, բայց նույնպես բացարձակ անփոխարինելի են: Դրանք ամբողջությամբ մարսվում են փոքրիկի կողմից և պատասխանատու են նրա զարգացման համար: Այս բաղադրիչների մեջ են մտնում վիտամիններ, հանքային աղեր ու նյութեր, ավելի քան 20 տեսակի հորմոններ, աճի ֆակտորներ, կշտացման ֆակտորը, բիֆիդուս-ֆակտորը, որը պաշտպանում է փոքրիկին դիսբակտերիոզից, և այլն:

a

Կրծքի կաթում պարունակվող վիտամինները

Վիտամինների պարունակության տեսանկյունից կրծքի կաթը ասես պոլիվիտամինային պրեպարատ լինի, որը, ի տարբերություն այլ սինթետիկ վիտամինային պրեպարատների, հարյուր տոկոսով յուրացվում է երեխայի կողմից: Կրծքի կաթում պարունակվում են բոլոր անհրաժեշտ վիտամինները: Ջրալույծ վիտամինների քանակը կախված է մոր սննդակարգից, սակայն եթե մայրը առողջ է և դիետա չի պահում, ապա դրանք կրծքի կաթում պարունակվում են այն քանակությամբ, որքան երեխային պետք է:

Վիտամին А պատասխանատու է աճի և զարգացման համար: Մայրական կաթում այն պարունակվում է ավելի շատ, քան կովի կաթում, իսկ խեժում էլ ավելի շատ, քան մայրական կաթում: Մայրական կաթից շուտ կտրված երեխաների մոտ արդեն երկու ամսականում հաճախ նկատվում է վիտամինի A –ի պակաս:

Մոր նորմալ սնվելու դեպքում՝ կրծքի կաթում պարունակվում է 100 մգ/լ վիտամին C, որը լիովին բավարարում է երեխայի այս վիտամինի պահանջը:

Նորածինների դեպքում հատուկ կարևորություն ունի վիտամին K-ն, որը երեխային սրսկում են ծնվելուց անմիջապես հետո: Այն կանխում է արնահոսությունները: Վիտամին K-ի ամենամեծ քանակը խեժում է, և գնալով նվազում է անցումային կաթում և հասուն կաթում: Այս վիտամինի քանակը կրծքի կաթում ստաբիլ պահելու համար մայրը պետք է իր ճաշացանկում ընդգրկի վիտամիններով հարուստ սննդամթերք: Շատ երկրներում կրծքով սնվող երեխաներին ապահովության համար նշանակում են վիտամին K:

Բջիջների աճի և բազմացման վրա ազդող վիտամին Е-ի պարունակությունը կրծքի կաթում համապատասխանում է երեխայի պահանջներին, եթե մայրն օգտագործում է բավարար քանակով պոլիհագեցած ճարպեր՝ բուսական յուղ և կանաչեղեն:

Վիտամին В12 քանակը կրծքի կաթում շատ ցածր է՝ 0,5—0,1 մգ/լ, սակայն դրա յուրացումը մաքսիմալ է՝ 100 տոկոս: Մոր սննդակարգը չի ազդում կամ շատ քիչ է ազդում կրծքի կաթում վիտամին B12-ի քանակի վրա: Երեխայի նյարդային համակարգի ստաբիլ աշխատանքի համար պատասխանատու վիտամին В6պարունակությունը կրծքի կաթում տասն անգամ շատ է, քան կերակրող մոր արյան մեջ:

a

Կրծքի կաթում պարունակվող հանքային աղեր և նյութեր

Կրծքի կաթի բաղադրիչներ հանդիսացող այնպիսի կարևորագույն կոմպոնենտներ, ինչպիսին են ֆոսֆորը, կալցիումը, երկաթը, մագնիումը, ցինկը, կալիումը, ֆտոր պարունակող համակցությունները, այդքան էլ պայմանավորված չեն կերակրող մոր սննդակարգով: Մայրական կաթում դրանց քանակը հենց այնքան է, որքան պետք է երեխայի զարգացման համար:

Կրծքի կաթում պարունակվող կալցիումը շատ ավելի արդյունավետ է յուրացվում երեխայի կողմից կալցիումի և ֆոսֆորի 2:1 օպտիմալ հարաբերակցության շնորհիվ: Ի տարբերություն մայրական կաթի՝ կովի կաթում պարունակվող ֆոսֆորի բարձր քանակի պատճառով կովի կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով սնուցվող երեխաների մոտ կարող է նկատվել կալցիումի պակաս:

Մայրական կաթում պարունակվող երկաթը երեխայի կողմից յուրացվում է 70 տոկոսով, և դա այն դեպքում, երբ կովի կաթում պարունակվող երկաթի ընդամենը 30, իսկ արհեստական կաթնախառնուրդներում պարունակվող երկաթի 10 տոկոսն է յուրացվում: Սակայն հավելյալ սննդի ժամանակից շուտ ներմուծումը կարող է խախտել այս պատկերը, և զարմանալի չէ, որ երկաթպակային սակավարյունությունը հազվադեպ երևույթ է այն երեխաների մոտ, որոնք բացառապես կրծքի կաթով են սնուցվել կյանքի առաջին 6—8 ամիսների ընթացքում:

Ցինկը կարևոր է ֆերմենտների գործառնության, աճի և բջջային իմունիտետի համար: Ցինկի քանակը կրծքի կաթում ցածր է, սակայն բավարար է երեխայի պահանջները բավարարելու համար: Կրծքի կաթում պարունակվող ցինկի կենսաբանական արժեքը ավելի բարձր է, քան այն ցինկինը, որն ավելացնում են կաթնախառնուրդների մեջ:

a

Կրծքի կաթի պաշտպանիչ հատկությունները

Կրծքով կերակրման ամենակարևոր պաշտպանիչ առանձնահատկություններից է այն, որ իմունոգլոբուլինները, որոնք երեխան ստանում է մայրական կաթով, համապատասխանում են երեխայի պաթոգեններին: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ ամեն անգամ, երբ մայրը շփվում է երեխայի հետ՝ կերակրում է, գրկում է, համբուրում է, հոտ է քաշում, դիպչում է մաշկին, փոխում է տակդիրը, լողացնում է և այլն, նա ներշնչում է կամ/և կուլ է տալիս բակտերիաներ կամ այլ պաթոգեններ, որոնք գտնվում են երեխայի մաշկի վրա: Այդ պաթոգենները ակտիվացնում են մոր b-լիմֆոցիտները: Ակտիվացված b-լիմֆոցիտների մի մասը հասնում է կաթնագեղձ և սկսում է արտադրել իմունոգլոբուլին A, որը կրծքի կաթով անցնում է երեխային: Այսպիսով, ամեն անգամ կրծքով կերակրվելիս երեխան ստանում է հենց այն հակամարմինները, որոնք արտադրվել են մոր օրգանիզմի կողմից երեխային շրջապատող միջավայրի պաթոգենների դեմ:

Սեկրետոր հակամարմին А (sIgA)

Մայրական կաթում պարունակվող հակամարմինները (իմունոգլոբուլինները) հիմնականում սեկրետոր հակամարմին А (sIgA) են, որը պաշտպանում է երեխային՝ պաշտպանելով վարակների “դարպաս” համարվող լորձաթաղանթները: Խեժում sIgA-ի բաղադրությունը հասնում է 5 գ/լ, իսկ հասուն կաթում՝ 1 գ/լ-ի: Սեկրետոր հակամարմին А-ն կայուն է աղեստամոքսային համակարգի թթվային միջավայրի նկատմամբ և մնում է ակտիվ՝ պատելով աղեստամոքսային համակարգի պատերը պաշտպանիչ շերտով: Հաշվարկները ցույց են տվել, որ կրծքով կերակրվելու ընթացքում երեխան օրական ստանում է մոտավորապես 0,5 գրամ հակամարմին А, որը հիսուն անգամ շատ է, քան այն չափաբաժինը, որը ստանում են հիպերգլոբուլինեմիայով տառապող հիվանդները:

Լիպազ

Կրծքի կաթը ինքնամարսվող հատկություն ունի, որը պայմանավորված է կրծքի կաթում պարունակվող լիպազ ֆերմենտով: Լիպազը ջրալույծ ֆերմենտ է, որը նորածինների մոտ “փոխհատուցում” է ֆերմենտների պակասը՝ օգնելով քայքայել կրծքի կաթում պարունակվող ճարպերը: Քայքայման ընթացքում այն ազատում է ճարպաթթուներ, որոնք ունեն հակաինֆեկցիոն և հակաբակտերիալ հատկանիշներ:

Լիզոցիմ

Լիզոցիմը քայքայում է բակտերային բջջի պատը, որի արդյունքում բակտերիան ոչնչանում է: Լիզոցիմի առկայությունը առավել կարևոր է մարմնի այն հատվածներում, որոնք անմիջականորեն շփվում են արտաքին միջավայրի հետ՝ արցունքներ, թուք, քթի լորձաթաղանթ և այլն:

Լակտոպերոքսիդազ

Լակտոպերոքսիդազը հակամիկրոբային պաշտպանության շատ կարևոր հակաբակտերիալ էլեմենտ է: Այն խթանում է օգտակար բակտերիաների աճը օրգանիզմում և պայքարում է պաթոգեն բակտերիաների աճի դեմ:

Ալֆա-լակտալբումին

Ալֆա-լակտալբումինը կրծքի կաթի ամենակարևոր սպիտակուցն է, որը երեխայի օրգանիզմ է հասցնում տրիպտոֆան, մետիոնին և ցիստեին, լավացնում է կալցիումի և ցինկի յուրացումը, նպաստում է հակաբակտերիալ և հակամարմինները կարգավորող պեպտիդների ձևավորմանը, խթանում է աղիներում բիֆիդոֆլորայի ձևավորումը: Լակտալբումինի քայքայման ժամանակ աղեստամոքսային համակարգում ձևավորվում է այսպես կոչված ՀԱՄԼԵՏ (HAMLET) կոմպլեքսը, ինչը բառացի թարգմանվում է որպես քաղցկեղային ուռուցքի բջիջներ սպանող մարդկային ալֆա-լակտալբումին: Սա է պատճառը, որ կրծքով կերակրումը նվազեցնում է քաղցկեղի հավանականությունը երեխաների մոտ:

Լակտոֆերին

Լակտոֆերինի պաշտպանիչ հատկություններն ունիկալ են: Բնությունը լակտոֆերինին օժտել է մաքսիմալ օգտակար հատկանիշներով: Լակտոֆերինը հակաբակտերիալ, հակավիրուսային, հակապարազիտային հատկություններ ունի, ինչպես նաև՝ հակաքաղցկեղային, հակաալերգիկ, իմունոմոդելավորող և ռադիոպաշտպանիչ հատկություններ: Ամեն օր կրծքի կաթի հետ ձեր երեխան ստանում է լակտոֆերինի ունիկալ և անփոխարինելի պաշտպանությունը: Լակտոֆերինը կապում է երկաթի իոնները, որի արդյունքում ստեղծում է երկաթպակասային միջավայր, և զրկում է վատ բակտերիաներին դրանց աճին նպաստող միջավայրից:

Այսօր ապացուցվել է լակտոֆերինի ազդեցությունը հերպես 1 և 2 վիրուսների և ցիտոմեգալիվիրուսի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի, հեպատիտ C վիրուսի, հանտավիրուսների, ռոտավիրուսների, առաջին տիպի պոլիովիրուսների, ադենովիրուսների, շնչառական սինցիտալ վիրուսի դեմ: Լակտոֆերինը ունի նաև հակասնկային ակտիվություն:

Լակտոֆերինը անցնում է արյուն-ուղեղային արգելքը և ազդում է գլխուղեղի զարգացման վրա՝ ունենալով նաև ցավազրկող ազդեցություն: Այսպիսով, նա կրծքով սնուցվող երեխային օգնում է ավելի հեշտ հաղթահարել հիվանդությունները:

Կրծքի կաթի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լակտոֆերինի բաղադրությունը տարբեր է տարբեր կանանց մոտ, սակայն որքան ավելի մեծ է երեխան, այնքան ավելի շատ է լակտոֆերինի քանակը կաթում:

a

Ի՞նչ է «կարողանում» մայրական կաթը

Եվ այսպես, մայրական կաթը իր բաղադրիչների շնորհիվ կարողանում է հետևյալը՝

  • Օգնում է փոքրիկին քնել: Հենց կուրծք ծծելով են փոքրիկ երեխաները քնում: Առանձնապես վառ այս երևույթն արտահայտված է նորածինների մոտ: Նրանք փակում են աչքերը ծծելը սկսելուց ընդամենը մի քանի րոպե հետո: Չի՛ կարելի կուրծքը հանել փոքրիկի բերանից ավելի վաղ, քան նա ինքը այն բաց կթողնի, քանի որ նույնիսկ ննջած ժամանակ կաթը շարունակում է արտադրվել ու փոքր չափաբաժիններով անցնում է փոքրիկի օրգանիզմ:
  • Օգնում է փոքրիկին չարթնանալ գիշերը: Կաթի այս հատկությունը երևի ամենահարմարներից մեկն է: Սովորաբար գիշերային ժամերին փոքրիկը մի քանի անգամ մոտեցվում է կրծքին: Ընդ որում, եթե մայրը հասցրել է մոտեցնել կրծքին հենց առաջին անհանգստության նշաններից հետո, փոքրիկն առանց զարթնելու կուտի ու կշարունակի քնել:
  • Օգնում է դատարկել աղեստամոքսային տրակտն ու միզապարկը:
  • Օգնում է արթնանալ: Քնած վիճակից արթուն վիճակի անցնելը շատ փոքրիկներին դիսկոմֆորտ է պատճառում, և նրանցից շատերը սկսում են լացել կամ նվնվալ: Կուրծք ուտելն այդ պահերին օգնում է հանել լարվածությունը:
  • Օգնում է առողջանալ: Կրծքի կաթի բաղադրության մեջ կա լիզոցիմ ֆերմենտը՝ բնական հակաբիոտիկ, ինչպես նաև հակամարմիններ բոլոր այն հիվանդությունների հանդեպ, որոնցով կյանքի ընթացքում հիվանդացել կամ այդ պահին հիվանդ է կերակրող մայրը:
  • Օգնում է չհիվանդանալ: Փոքրիկի իմունային համակարգը մեծ չափով գործում է հենց կաթիկից ստացած նյութերի միջոցով: Այդ համակարգի ամրացումն ու զարգացումն էլ է կապված կաթի բավարար քանակի հետ:
  • Պաշտպանում է աղեստամոքսային համակարգը դիսբակտերիոզից: Կրծքի կաթը պարունակում է բիֆիդուս-ֆակտորներ՝ օգտակար կենդանի բակտերիաներ, որոնք խոչընդոտում են վտանգավոր միկրոֆլորայի զարգացմանը, և հակամարմիններ, որոնք աղիների լորձաթաղանթը պատում են պաշտպանիչ շերտով՝ դարձնելով այն անհասանելի վատ միկրոօրգանիզմների համար:
  • Օգնում է պայքարել ցանկացած սթրեսի դեմ, որը հանդիպում է փոքրիկի կյանքի սկզբնական շրջանում: Կոպիտ ասած, երեխան սթրես է ապրում ամեն անգամ, երբ լաց է լինում: Կաթի մեջ պարունակվում են ցավազրկող նյութեր, հորմոններ, հանգստացնող նյութեր, հակասթրեսային ֆակտորներ:
    a

Օգտակար եզրակացություններ

  1. Կերակրման ռեժիմ սահմանելու կարիք չկա ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը: Նորածնին պետք է կերակրել այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է:
  2. Վտանգավոր է երեխային կրծքի փոխարեն ծծակ առաջարկելը, քանի որ ծծակը կարող է նվազեցնել երեխայի կողմից ստացվող օգտակար նյութերի քանակը:
  3. Լրացուցիչ հեղուկ խմեցնելու կարիք չկա:
  4. Փոքրիկի մեկ տարին լրանալուց հետո կարիք չկա ավարտել կրծքով սնուցումը: Ցանկության դեպքում կարելի է շարունակել կերակրումը կյանքի և՛ երկրորդ, և՛ երրորդ տարիներին, քանի որ մայրական կաթը շարունակում է նույնքան արժեքավոր ու անփոխարինելի սնունդ մնալ նրա սննդակարգում, որքան առաջին տարում:
  5. Արհեստական կաթնախառնուրդները երբեք չեն կարող դառնալ մայրական կաթի լիարժեք փոխարինող, քանի որ նույնիսկ ամենաադապտացված կաթնախառնուրդն ունի ընդամենը 50 բաղադրիչ:
  6. Կերակրող մայրերը հատուկ սննդակարգ պահպանելու կարիք չունեն: Սնունդը կարող է լինել նույնքան բազմազան ու օգտակար, որքան հղիության ընթացքում:

Որպես եզրակացություն ուզում ենք ասել, որ մայրական կաթի բաղադրության ուսումնասիրությունները ունեն շատ կարճ պատմություն. ընդամենը մի քանի տարի առաջ հայտնի էին կաթի ընդամենը 400 բաղադրիչները: Հրաշալի է, որ «սպիտակ ոսկու» ուսումնասիրությունները շարունակվում են: Դա նշանակում է, որ ապագայում մենք կունենանք ավելի խորը պատկերացում կրծքի կաթի մասին, որը կօգնի մեզ ավելի գրագետ և գիտակցված լուծել մեր փոքրիկների խնամքի հետ կապված խնդիրները:

a

a

Կազմեց և թարգմանեց՝ Նունե Անդրեասյանը

Աղբյուրները՝ http://gvinfo.ru/zashitn_svoistva_moloka_lg;

http://www.stranamam.ru/article/2681937/;

https://ru.wikipedia.org/w/index.php?title=%C6%E5%ED%F1%EA%EE%E5_%EC%EE%EB%EE%EA%EE&stable=0#.D0.A1.D0.BE.D1.81.D1.82.D0.B0.D0.B2;

http://akev.info/stati-dlya-mam/10064-nachalo-kormleniya/10468-14437911


Կրծքի կաթի բաղադրությունը - Մաս 1
Կրծքով կերակրման աղյուսակ ամիսներով

1 thought on “Սպիտակ ոսկին. ի՞նչ է պարունակում մայրական կաթը

Comments are closed.