Սրտխառնոցը կրծքով կերակրելու ժամանակ

  • 54
    Shares

928640Ծննդաբերելուց հետո առաջին շաբաթների ընթացքում մայրերի մի փոքր տոկոսի մոտ կրծքով կերակրելու ժամանակ սրտխառնոց է լինում: Սրտխառնոցը հիմնականում, բայց ոչ միշտ, անցնում է 6-8-րդ շաբաթում: Եթե սրտխառնոցը սկսվել է ավելի ուշ, երբ երեխան ավելի մեծ է, ապա հաշվի առեք հղի լինելու հավանականությունը:

Այն սրտխառնոցը, որն առաջանում է կաթի արտահոսքի ժամանակ, կարող է կապված լինել օքսիտոցին հորմոնի արտազատման հետ: Օքսիտոցինը կրծքերից կաթի արտամղման ռեֆլեքսի համար պատասխանատու հորմոնն է: Այն նաև ավելի արդյունավետ է դարձնում մարսողությունը և, այսպիսով, կարող է կապված լինել ստամոքսի այլ հորմոնների հետ, որոնք սրտխառնոց են առաջացնում: Ըստ բժիշկ Ռութ Լոուրենսի, ով “Կրծքով սնուցում. ձեռնարկ բժշկության ոլորտի մասնագետների համար” գրքի հեղինակն է, կրծքով կերակրման ժամանակ զգացած սրտխառնոցը հիշեցնում է հղիության “ալիքաձև” սրտխառնոցը: Ախտանիշները նման են արյան մեջ շաքարի ցածր մակարդակի ախտանիշներին՝ սրտխառնոց, գլխացավ, սովածություն:

Կաթի արտահոսքի ժամանակ կարող է լինել նաև կրծքի քոր կամ քոր թևատակի տակ, որը պայմանավորված է օքսիտոցին հորմոնի արտազատման հետևանքով արյան հոսքի ուժեղացմամբ: Հորմոններով պայմանավորված գլխացավեր կամ ընկճախտի զգացում՝ անհանգստություն կամ ջղայնություն, ևս կարող են լինել: Կրծքով կերակրելու ժամանակ այս զգացումների մասին կարող եք կարդալ մեր “Բացասական մտքերը կաթի արտահոսքից առաջ” հոդվածում:

 

Սրտխառնոցի դեմ պայքարելու համար փորձեք հետևյալը՝

  • Կրծքով կերակրելուց անմիջապես առաջ կամ ընթացքում որևէ բան խմեք կամ կերեք բարդ ածխաջրեր պարունակող փոքր պատառներ, օրինակ՝ հացի կտոր: (մոր սննդակարգ)
  • Եթե սրտխառնոցը նման է հղիության սրտխառնոցին, փորձեք այն մեթոդները, որոնք հղիության ժամանակ օգնել են:
  • Հաճախ կերեք՝ արյան մեջ շաքարի ցածր մակարդակից խուսափելու համար:
  • Ավելացրեք հեղուկի կամ ջրի քանակը, նույնիսկ եթե խմում եք այնքան, որքան պետք է ծարավը հագեցնելու համար: Երբեմն խոսքը գնում է հենց ջրի, այլ ոչ թե այլ հեղուկների քանակի մասին:
  • Դիմացեք: Սովորաբար սրտխառնոցը անցնում է ծննդաբերելուց մի քանի շաբաթ անց:
  • Այն սրտխառնոցը, որը արտահոսքի ռեֆլեքսի հետ կապ չունի, կարող է թեթև ջրազրկման, արյան մեջ շաքարի ցածր մակարդակի կամ գերհոգնածության հետևանք լինել:

Արդյո՞ք դուք բավարար քանակով հեղուկ եք խմում: Կերակրող մայրերին խորհուրդ է տրվում խմել ըստ պահանջի, սակայն մայրերը երբեմն այնքան զբաղված են լինում, որ մոռանում են շատ հեղուկ խմել: Մի քանի շիշ ջուր պահեք տան այն մասերում, որտեղ դուք երեխային կերակրում եք կամ խնամում:

Արդյո՞ք լավ եք սնվում: Վատ սնվելը կարող է արյան մեջ շաքարի ցածր մակարդակի պատճառ դառնալ, իսկ սրտխառնոցը շաքարի ցածր մակարդակից լինել: Բացի կերակրելուց առաջ մի բան ուտելուց, ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգի վրա: Գուցե այն բարելավելու կարի՞ք կա:

Կերակրող մայրերի մեծ մասը ծննդաբերելուց հետո առաջին շաբաթներին քիչ քնելու և գերհոգնածության խնդիր ունի: Հանգստացեք հնարավորինս շատ:

 

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա, IBCLC

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/concerns/mother/nausea-bf/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

 

Copyright © 02/14/2016 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Դաշտանը կրծքով կերակրող մայրերի մոտ. հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է կատարվում կնոջ ուղեղում, երբ նա մայր է դառնում

  • 54
    Shares