Վիտամին D-ն և կրծքով կերակրվող երեխաները

  • 340
    Shares

VitaminDՆորածիններին և վաղ հասակի երեխաներին նշանակվող վիտամին D-ի հավելումը այսօր ծնողների շրջանում քննարկվող ամենակարևոր հարցերից մեկն է: Չնայած նրան, որ վիտամին D-ն հանդիսանում է երեխաների զարգացման և ռախիտ հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ կարևորագույն վիտամիններից մեկը, տարբեր երկրների բժշկական կազմակերպությունները և մանկաբույժները միասնական չեն այն հարցում, թե արդյոք երեխաներին պետք է նշանակել վիտամին D-ի հավելում և, եթե այո, ապա ինչ չափաբաժնով: Սա նաև պայմանավորված է նրանով, որ դեռևս չկան այնպիսի ուսումնասիրություններ, որոնք վերջնական պատասխան կտան այն հարցին, թե որքան հավելյալ վիտամին D է անհրաժեշտ կրծքով սնուցվող երեխաներին՝ հաշվի առնելով, որ նրանք դա ստանում են և՛ կրծքի կաթից, և՛ արևից: Այս հոդվածի նպատակը չէ հաստատել կամ մերժել վիտամինային հավելումի անհրաժեշտությունը, այլ օգնել ձեզ հասկանալ, թե ինչ հնարավոր այլընտրանքներ կան, և դրանց հիման վրա կատարել տեղեկացված ընտրություն:

a

Ինչու՞ է այդքան կարևոր վիտամին D-ն 

Վիտամին D-ն կազմավորվում է մաշկում արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ: Վիտամին D-ն պատասխանատու է մարդու օրգանիզմում մի շարք կարևոր պրոցեսների համար: Այն ապահովում է կալցիումի տեղափոխումը ոսկրային հյուսվածք, կալցիումի և ֆոսֆորի ներծծումը բարակ աղիներում, ինչպես նաև` ֆոսֆորի ներծծումը երիկամային խողովակներում։ Նորածինների և երեխաների մոտ վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակության խանգարման, ինչը ռախիտ հիվանդության պատճառ է։ Վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել ոսկորների դեֆորմացիայի, մկանների թուլության, զարգացման ուշացման, կարճ հասակի, և այլ լուրջ խնդիրների՝ ներառյալ իմունոլոգիական խանգարումները և քաղցկեղը: Վիտամին D-ի պակասի երկարաժամկետ հետևանքները դեռևս լիովին ուսումնասիրված չեն:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ նորածիններին և վաղ տարիքի երեխաներին օրական անհրաժեշտ է հետևյալ քանակությամբ վիտամին D`

 

Վիտամին D-ի անհրաժեշտ օրական չափաբաժինը ըստ տարիքի (միկրոգրամ/օր)
ՏարիքըՄիացյալ ԹագավորությունՄիացյալ ՆահանգներԵվրամիությունԱՀԿ
0-3 (ամս)8.57.510-2510*
4-6 (ամս)8.57.510-2510
7-9 (ամս)7.0101010
10-12 (ամս)7.0101010
1-3 (տար)7.0101010
4-6 (տար)0100-1010
*Մեկ միկրոգրամը հավասար է 40 միջազգային միավորի (ՄՄ)
Աղբյուրը՝ Առողջապահության միջազգային կազմակերպություն. Кормление и питание грудных детей и детей раннего возраста, էջ 96

a

Ի՞նչ է վիտամին D–ի դեֆիցիտը

Եթե չկան օրգանական պատճառներ՝ 37 շաբաթականից վաղ ծնունդ, լյարդի կամ երիկամների հետ կապված խնդիրներ, ապա վիտամին D-ի պակասը արևի լույսի պակասն է: Վիտամին D-ի պակասն առաջանում է արևի ճառագայթների տակ քիչ գտնվելու հետևանքով: Առողջ և ժամանակին ծնված երեխաները, որոնք սնուցվում են բացառապես կրծքով և բավարար չափով արևի ճառագայթներ են ստանում, վիտամին D-ի պակասի կամ ռախիտի առաջացման շատ ցածր ռիսկ ունեն: Բացի դրանից, եթե հղիության ընթացքում մայրը վիտամին D-ի պակաս չի ունեցել, նրա առողջ և ժամանակին ծնված երեխան ծնվում է վիտամին D-ի այնպիսի պաշարով, որ կարող է երկու-երեք ամիս չստանալ արևի ճառագայթներ: Եթե այդ ընթացքում նա ստանում է արևի ճառագայթներ, ապա այդ պաշարը է՛լ ավելի երկար է հերիքում:

a

Վիտամին D-ի դեֆիցիտի ու ռախիտի ռիսկային գործոններն են՝

  • Հղիության ժամանակ մոր մոտ վիտամին D-ի պակասը:
  • Ցերեկային ժամերին փակ տարածության մեջ գտնվելը:
  • Բարձր լայնություններում ապրելը:
  • Մաշկի մուգ պիգմենտավորումը:
  • Այնպիսի քաղաքային տիպի բնակավայրում ապրելը, որտեղ բարձրահարկ շենքերը փակում են արևի ճառագայթները:
  • Արևապաշտպանիչ քսուկի օգտագործումը:
  • Սեզոնային տատանումները, որոնք կարող են հանգեցնել ուլտրամանուշակագույն ճառագայթման նվազմանը (օրինակ՝ վաղ գարունը և ուշ ձմեռը հյուսիսային կիսագնդում):
  • Դրսում գտնվելու ժամանակ մարմինը ամբողջությամբ կամ մեծ մասամբ ծածկելը:
  • Ծննդյան հերթականությունը, օրինակ՝ մոր վեցերորդ երեխայի մոտ վիտամին D-ի պակասի ռիսկը ավելի բարձր է, քան առաջինի մոտ:
  • Կրծքի կաթն այնպիսի սննդամթերքով փոխարինելը, որը նվազեցնում է կալցիումի յուրացումը: Նման սննդամթերքներն են ֆիտատներ, օքսալատներ, տաննատներ և ֆոսֆատներ պարունակող ձավարեղենը եւ որոշ կանաչ տերեւներով սննդամթերք, ինչպես նաև ստրոնցիումի մեծ քանակ պարունակող հողում աճեցված հացահատիկային կուլտուրաները:
  • Կրծքի կաթը ավելի քիչ կալցիում պարունակող սննդամթերքով փոխարինելը:
  • Կապարի ազդեցությանը ենթարկվելը, քանի որ կապարը խոչընդոտում է վիտամին D-ի սինթեզը:

a

Վիտամին D-ի դեֆիցիտի ռիսկային խմբում են գտնվում ՝ 

  • Արևի տակ քիչ ժամանակ անցկացնող երեխաները, օրինակ նրանք, որոնք ապրում են հյուսիսային լայնություններում, բարձրահարկ շենքերով քաղաքում, ում մարմինը միշտ ծածկված է կամ ստվերում է, ովքեր օրվա ընթացքում դրսում չեն լինում կամ օգտվում են բարձր պաշտպանությամբ արևապաշտպանիչ քսուկից:
  • Մոր և երեխայի մոտ մուգ մաշկ է, որը նշանակում է, որ նրանք պետք է արևի տակ ավելի երկար ժամանակ գտնվեն բավարար քանակով վիտամին D ստանալու համար: Որքան ավելի մուգ է մաշկը, այնքան ավելի շատ արևի լույսի կարիք ունի օրգանիզմը:
  • Մորը չի հերքում վիտամին D: Փաստերը վկայում են, որ վերջին տարիներին արևմտյան երկրներում վիտամին D-ի դեֆիցիտը գնալով ավելի լուրջ խնդիր է դառնում: Եթե կրծքով կերակրվող երեխան բավարար չափով արևի լույս է ստանում, ապա մոր մոտ վիտամին D-ի դեֆիցիտը դժվար երեխայի համար խնդիրներ առաջացնի: Սակայն, եթե երեխայի օրգանիզմը արևից բավարար քանակով վիտամին D չի սինթեզում, ապա անհրաժեշտ է, որ կրծքի կաթում դրա քանակը է՛լ ավելի բարձր լինի:

a

Վիտամին D-ի ստացումը արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով

Մաշկի վրա արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը վիտամին D սինթեզելու ամենաբնական և նորմալ ճանապարհն է: Չնայած մեր նախնիները իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են արևի տակ, մեր ժամանակներում մարդիկ խուսափում են արևի ուղիղ ճառագայթներից՝ վախենալով քաղցկեղից: Սակայն եթե որոշել ենք պաշտպանել երեխաներին արևից, պետք է համոզվենք, որ նրանք բավարար չափով վիտամին D են ստանում:

Սովորաբար ընդունված է համարել, որ չափահասների մոտ ամռանը մերկ մարմնով (առանց հագուստի և արևապաշտպանիչ շերտի) երեսուն րոպե արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ գտնվելու դեպքում սինթեզվում է 10.000 – 20.000 ՄՄ վիտամին D: Համաձայն ԱՀԿ-ի՝ արևի լույսի ազդեցությունը միայն դեմքի կամ միայն ձեռքերի և ոտքերի ստորին հատվածների վրա օրական երեսուն րոպեի ընթացքում օրգանիզմն ապահովում է մոտավորապես 10 միկրոգրամ (400 ՄՄ) վիտամին D-ով, որն էլ անհրաժեշտ է վաղ հասակի երեխաներին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բացառապես կրծքով կերակրվող եվրոպոիդ (անգլերեն՝ Caucasian) արտաքինի վեց ամսական և ավելի փոքր երեխաները, որոնք ապրում են մոտավորապես 36 աստիճան հարավային լայնության և 49 աստիճան հյուսիսային լայնության միջև ընկած հատվածում, կարող են բավարար քանակի վիտամին D ստանալ, եթե շաբաթվա ընթացքում 30 րոպե մնան արևի ուղիղ ճառագայթների տակ միայն տակդիրով, և երկու ժամ՝ հագուստով, սակայն առանց գլխարկի (Specker et al. 1985): Հայաստանի համար նման ուսումնասիրությունների մասին տեղեկություններ գտնել չի հաջողվել, սակայն պետք է նշել, որ Հայաստանի աշխարհագրական լայնությունները՝ հարավից 38 և հյուսիսից 41 աստիճան, համընկնում են վերոհիշյալ լայնությունների հետ:

Վիտամին D սինթեզելու համար անհրաժեշտ արևի տակ լինելու տևողությունը
Երեխաների խումբըՀագուստըՐոպե/շաբաթումՐոպե/օրը
Եվրոպական արտաքինով երեխաներ, 0-6 ամսական, 3909՛աստիճանի հյուսիսային լայնություն*Լրիվ հագնված, բայց առանց գլխարկի12017.1
Միայն տակդիրով304.3
*Աղբյուրը՝ B. Specker et al., “Sunshine Exposure and Serum 25-Hydroxyvitamin D Concentrations in Exclusively Breastfed Infants,” J Pediatr 107 (1985): 372-376.

Եթե ձեր երեխայի վիտամին D-ի հիմնական աղբյուրը արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթներն են, ապա կարևոր է հիշել.

  • Արևի ճառագայթներից սինթեզված վիտամին D-ի քանակի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, որոնցից հիմնականն են՝ աշխարհագրական լայնությունը, ամպամածությունը, օդի աղտոտվածությունը, հագուստի քանակը, արևապաշտպանիչ քսուկների օգտագործումը, օրվա ժամը, կենսակերպը, բնակավայրի տիպը և այլն:
  • Լրիվ ամպամածությունը նվազեցնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների էներգիան 50 տոկոսով, իսկ ստվերը՝ 60 տոկոսով:
  • Ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն անցնում ապակու միջով, այսինքն լուսամուտից սենյակ թափանցող արևից հնարավոր չէ ստանալ վիտամին D:
  • SPF 8 պաշտպանությամբ արևապաշտպան քսուկի օգտագործումը 98 տոկոսով քչացնում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ընդունումը և էապես նվազեցնում է վիտամին D-ի սինթեզը:
  • Երեսուն չորս աստիճանից բարձր աշխարհագրական լայնության դեպքում կան ամիսներ, երբ նույնիսկ անամպ երկնքի դեպքում վիտամին D չի սինթեզվում: Օրինակ, ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում այդ ամիսները չորսն են, իսկ Կանադայի Էդմոնտոն քաղաքում՝ վեցը:
  • Քանի որ վիտամին D-ն ճարպալույծ վիտամին է, ապա այն կարող է պաշարվել օրգանիզմում և օգտագործվել այն օրերին կամ ամիսներին, երբ արևի լույսից վիտամին D սինթեզել հնարավոր չէ:
  • Նորածին երեխաներին չի կարելի երկար ժամանակով թողնել արևի ուղիղ ճառագայթների տակ, հատկապես կեսօրին, քանի որ արևային այրվածքներ ստանալու վտանգ կա:
  • Հաշվի առնելով արևի ուղիղ ճառագայթների ազդեցության և որոշ տեսակի մաշկի քաղցկեղների միջև կապը՝ Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան զգուշացնում է, որ մինչև վեց ամսական երեխաները չպետք է գտնվեն արևի ուղիղ ճառագայթների տակ: Չնայած ՄԱԱ-ն խրախուսում է երեխաների բացօթյա տարածքում երկար գտնվելը և ֆիզիկական ակտիվությունը, ցանկալի է մինիմալի հասցնել երեխաների արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելը և ապահովել նրանց պաշտպանությունը այդ ճառագայթներից համապատասխան պաշտպանիչ հագուստի և արևապաշտպան քսուկների միջոցով:

a

Վիտամին D-ն սննդամթերքներում

Քանի որ շատ քիչ սննդամթերքներ են պարունակում մեծ քանակով վիտամին D, սովորաբար մարդկանց դժվար է բավարարել իրենց օրգանիզմի վիտամին D-ի պահանջը միայն սննդի միջոցով: Ի տարբերություն կենդանական սննդամթերքների՝ ծովամթերքն առավել հարուստ է վիտամին D-ով:

Վիտամին D-ի սննդային աղբյուրներըՄՄՄիկրոգրամ
Ձողաձկան լյարդի յուղ՝ մեկ ճաշի գդալ136034
Խաղաղօվկիանոսյան ոստրե՝ 100 գրամ64016
Սաղմոն՝ վարդագույն, պահածոյացված , 85 գրամ53013.3
Սաղմոն՝ ատլանտյան, աճեցված, եփած, 100 գրամ3609
Սկումբրիա՝ եփած, 100 գրամ3458.6
Սարդինաձուկ՝ յուղի մեջ, չորացված, 100 գրամ2706.8
Թունա՝ պահածոյացված, 100 գրամ2365.9
Վիտամին D-ով հարստացված կաթ՝ 226 գրամ90-982.45
Վիտամին D-ով հարստացված մարգարին՝ մեկ ճաշի գդալ601.5
Տավարի լյարդ՝ եփած, 100 գրամ300.75
Դեղնուց՝ եփած, 1 հատ250.62
Կրծքի կաթ՝ 1 լիտր20-600,5-1,5
Յոգուրտ՝ 1 բաժակ40.10
Պանիր Չեդեր՝ 28 գրամ3.50.09

Սննդամթերքից ստացված վիտամին D-ն ունի որոշ առավելություններ և թերություններ: Ի տարբերություն արևից ստացված վիտամին D-ի՝ այն կարելի է ստանալ ամբողջ տարվա ընթացքում և երկրագնդի ցանկացած մասում: Սննդից այն կարող են ստանալ նաև նրանք, ովքեր առողջության կամ ապրելակերպի պատճառով արևից ստանալ չեն կարող: Պետք է նաև նշել, որ տարիքի հետ մարդկանց մոտ նվազում է արևից վիտամին D սինթեզելու ընդունակությունը, և սնունդը դառնում է վիտամինի D-ի կարևոր աղբյուր:

a

Վիտամին D-ն և մոր հղիությունը

Նորածինների և վաղ հասակի երեխաների համար վիտամին D-ի երկրորդ հիմնական աղբյուրը հղիության ընթացքում ձևավորված պաշարներն են: Քանի որ հղիության ժամանակ մոր օրգանիզում վիտամին D-ի քանակն ուղղակիորեն ազդում է երեխայի կյանքի առաջին երկու-երեք ամիսների ընթացքում նրա վիտամին D-ի պաշարի վրա, շատ կարևոր է, որ ապագա մայրերը ստանան բավարար քանակով վիտամին D հղիության ընթացքում:

a

Վիտամին D-ի ստացումը կրծքի կաթով

Մայրական կաթը պարունակում է ավելի քիչ վիտամին D, քան մինչև մեկ տարեկան երեխաներին խորհուրդ տրվող օրական 200-400 ՄՄ (միջազգային միավոր) չափաբաժինն է: Կախված չափման մեթոդից և կրծքով կերակրելու ժամանակ մոր օրգանիզմում վիտամին D-ի մակարդակից՝ վիտամին D-ի պարունակությունը կրծքի կաթում կարող է տատանվել 5-136 մմ/լ: Սա բացարձակ չի նշանակում, որ մայրական կաթը թերի սնունդ է: Իրականում, երեխայի վիտամին D-ի հիմնական բնական աղբյուրները երկուսն են՝ հղիության ընթացքում կուտակված պաշարը և արևի ճառագայթներից սինթեզածը: Մայրական կաթը, որպես վիտամին D –ի աղբյուր, իր կարևորությամբ զիջում է այս երկուսին: Եվ սա նորմալ է, քանի որ մարդկության պատմության ընթացքում վիտամին D-ի հիմնական աղբյուրը միշտ արևն է եղել, այլ ոչ թե մայրական կաթը:

ԱՀԿ-ն գրում է՝ “Չնայած նրան, որ քիչ չեն ապացույցները, որ կրծքով կերակրվող երեխաները հաճախ ստանում են ոչ բավարար քանակով վիտամին D, ուսումնասիրությունների մեծամասնությունը չի հայտնաբերել ռախիտ հիվանդության դեպքեր վեց ամսականից փոքր կրծքով կերակրվող երեխաների մոտ:” Ընդհանուր առմամբ, բացառապես կրծքով կերակրումը երեխային ապահովում է նորմալ քանակի վիտամին D-ով, եթե մոր մոտ չկա դրա պակաս, իսկ երեխան պարբերաբար արևի տակ է լինում: Սակայն եթե մայրը կամ երեխան չեն կարողանում պարբերաբար արևի տակ լինել, կամ եթե մայրը չի ստանում բավարար քանակի վիտամին D սննդով կամ այլ ձևով, ապա երեխային կարող է նշանակվել հավելյալ վիտամին D:

Հարց է առաջանում. իսկ ինչ անել, եթե կրծքով կերակրվող երեխան բավարար քանակով վիտամին D չի ստանում արևից: Արդյո՞ք հնարավոր է խուսափել երեխային վիտամինային հավելում տալուց՝ մոր կրծքի կաթում բարձրացնելով վիտամին D-ի քանակը:

Քանի որ կրծքի կաթում վիտամին D-ի քանակը պայմանավորված է մոր օրգանիզմում այդ վիտամինի քանակով, ապա մոր կողմից վիտամին D-ի ընդունումը կամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը ենթարկվելը կբարձրացնի վիտամին D-ի քանակը նրա կաթում: 2015 թվականին իրականացված ուսումնասիրություններից մեկը թույլ է տալիս կատարել հետևյալ եզրակացությունը. եթե մայրը օրական ստանում է 6.400 ՄՄ վիտամին D-ի հավելում, նրա երեխան կրծքի կաթով կստանա բավարար քանակով վիտամին D: Չնայած նրան, որ այս թվերը բավական շատ են թվում, պետք է հիշել, որ ամռանը կեսօրին մերկ մարմնով 15 րոպե արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելը մեզ ապահովում է 10.000 ՄՄ վիտամին D-ով:

Եթե որոշել եք վիտամին D-ի հավելում խմել կրծքի կաթում դրա քանակը բարձրացնելու համար, ապա հիշեք, որ վիտամին D-ի հավելումները պետք է ընդունել ամեն օր: Եթե այլ դեպքերում հնարավոր է վիտամին D ընդունել շաբաթական մեկ անգամ, կրծքի կաթով երեխային անհրաժեշտ քանակով վիտամին D փոխանցելու համար դա բավարար չէ. վիտամին D-ն արյան մեջ մնում է շատ կարճ, և եթե մայրը մեկ կամ երկու օր բաց է թողնում խմելը, ապա նրա կաթում այդ օրերին վիտամին D-ի քանակը կտրուկ նվազում է:

Շատերի մոտ կարող է հարց առաջանալ. ինչու՞ հենց մայրերին չեն նշանակում վիտամին D: Վիտամին D-ն ճարպալույծ վիտամին է, որի դեպքում տոքսիկությունը խնդիր է դառնում: Եթե ջրալույծ վիտամինների, օրինակ՝ վիտամին C-ի գերդոզավորման դեպքում դրանց ավելցուկը օրգանիզմից դուրս է գալիս մեզով, ապա ճարպալույծ վիտամինները կարող են կուտակվել օրգանիզմում: Քանի որ կերակրող մայրը չի կարող հաշվել, թե որքան վիտամին D է ստացել արևի ճառագայթներից, ապա նրան դժվար է հասկանալ, թե որքան վիտամին D-ի հավելում նա պետք է ընդունի, որպեսզի կարողանա մի կողմից ապահովել օրական 6.400 ՄՄ չափաբաժինը, իսկ մյուս կողմից՝ խուսափի գերդոզավորումից:

Հեղինակավոր ռեսուրսներից մեկը խորհուրդ է տալիս հետևյալը՝ “Այն օրերին, երբ դուք կարողացել եք մերկ մարմնով (առանց հագուստի և արևապաշտպանիչ շերտի) երեսուն րոպե արևի լույսի ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ գտնվել, մի խմեք վիտամինային հավելում: Սակայն, եթե դուք արևից ստանալու հնարավորություն չեք ունեցել, խմեք 6,000 ՄՄ վիտամինային հավելում՝ համոզվելու համար, որ ձեր կրծքի կաթը պարունակում է երեխայի համար անհրաժեշտ քանակով վիտամին D:”

a

Վիտամին D-ի հավելումը երեխաների համար 

Որոշ հեղինակավոր առողջապահական կազմակերպություններ, որոնց թվում է նաև Մանկաբույժների ամերիկյան ասոցիացիան, խորհուրդ են տալիս նորածիններին և վաղ հասակի երեխաներին օրական 400 ՄՄ վիտամին D-ի հավելում տալ: Հայաստանի մանկաբույժները միասնական մոտեցում չունեն վիտամին D-ի հավելումի ինչպես նպատակահարմարության, այնպես էլ չափաբաժնի հարցում, սակայն տարածված է օրական 400 ՄՄ-ի նշանակում մինչև երեխայի երկու տարեկան դառնալը:

Շատ կրծքով կերակրող մայրեր խուսափում են իրենց երեխաներին վիտամին D-ի հավելում տալուց: Հիմնական պատճառները երեքն են՝ հնարավոր գերդոզավորումը, սինթետիկ վիտամինների բաղադրության հետ կապված անհանգստությունները, և երեխաների զգայունությունը սինթետիկ վիտամինների նկատմամբ: Եկեք այս պատճառները քննարկեք առանձին առանձին:

Վիտամին D-ի գերդոզավորումը

Վիտամին D-ն ճարպալույծ վիտամին է, այսինքն՝ նրա ավելցուկը կարող է պաշարվել ճարպերում: Սա է պատճառը, որ հյուսիսային լայնություններում ապրողները կարող են ամռան մի քանի ամիսների ընթացքում բավական քանակով վիտամին D կուտակել ձմռան համար: Վիտամին D-ի գերդոզավորումը հնարավոր է վիտամինային պրեպարատներ օգտագործելու դեպքում, երբ օրգանիզմը չի կարողանում կարգավորել այս կարևոր վիտամինի բաշխումը և սպառումը:

Գերդոզավորում առավել հաճախ է պատահում նորածինների մոտ, որոնց ծնողները վիտամինի մեծ քանակ են տալիս. երեխաների օրգանիզմը դեռ փոքր է և չի կարողանում լուծել վիտամին D-ի բարձր քանակի հարցը: Վիտամին D-ի գերդոզավորման դեպքում երեխաների մոտ կարող է զարգանալ աստենիա, կարող են ձևավորվել կմախքի զարգացման հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ոսկորների չափից ավելի արագ աճով, և հանգեցնել սկոլիոզի, լորդոզի, կիֆոզի, և այլ խնդիրների:

Մեծահասակների մոտ վիտամին D-ի հիպերվիտամինոզի ախտանիշներն են՝ մարսողական համակարգի խանգարումը, սրտխառնոցը, լուծը կամ փորկապությունը, ախորժակի կորուստը, շնչառական դժվարությունները, հևոցը, ջերմը, մկանային ցավերը, գլխացավը և ոսկրացավը, ջղաձգումները, բարձր ճնշումը: Այս ախտանիշները շատ արագ անցնում են, երբ դադարեցվում է վիտամինային պրեպարատի ընդունումը:

Նորածինների մոտ վիտամին D-ի գերդոզավորման առանձնահատկությունն այն է, որ բացի վերոհիշյալ ախտանիշներից, երեխայի մոտ կարող է լինել անհատական ռեակցիա: Եթե երեխան այլ հիվանդություններ ունի, գերդոզավորումը կարող է խորացնել դրանք: Այսպիսով, մինչև մեկ տարեկան երեխաների մոտ վիտամին D-ի գերդոզավորման ախտանիշներն են՝ քնի խանգարումը, անհանգստությունը, գիշերային լացը, մազերի աճի դանդաղումը, փսխումը, մեզի քանակի ավելացումը, ծարավը, դեֆեկացիայի խանգարումները:

Ցանկացած դեպքում պետք է հիշել, որ վիտամին D-ի, ինչպես ցանկացած այլ վիտամինի դեպքում, հավելումներ պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ: Գերդոզավորումից խուսափելու համար ցանկալի է, որ բժշկի կողմից վիտամին D-ի ընդունված 400-500 ՄՄ-ից բարձր դեղաչափ նշանակվի լաբորատոր հետազոտության արդյունքների հիմա վրա:

Սինթետիկ վիտամինների բաղադրությունը ևս կարող է անհանգստացնել այն մայրերին, որոնք խուսափում են իրենց երեխաներին այդքան փոքր հասակում պարբերաբար արհեստական բաղադրիչներով որևէ բան տալուց: Օրինակ, Մեդենա ֆիրմայի “Аквадетрим витамин Д3”-ն, որն այսօր Հայաստանում նորածիններին և վաղ հասակի երեխաներին տրվող ամենատարածված վիտամին D հավելումն է, իր մեջ, որպես օժանդակ նյութեր, պարունակում է մակրոգոլ գրիցերիլ ռիցինոլեատ, սախարոզ, նատրիումի հիդրոֆոսֆատ դոդեկագիդրատ, անիսի անուշաբույր նյութ, բենզիլ սպիրտ: Իհարկե, մեկ կաթիլի մեջ այս նյութերի քանակը չնչին է, սակայն այդ կաթիլը երեխաներին տրվում է ամեն օր՝ ամիսներ շարունակ:

Որոշ մայրեր նկատել են, որ վիտամին D-ի հավելումից երեխաների մոտ ավելանում են գազերը, երեխաները սկսում են հետ տալ կամ վատ քնել գիշերը: Երբեմն այս նշանները կարող են գերդոզավորման նշան լինել: Եթե երեխայի մոտ նման խնդիրներ եք նկատում և կասկածում եք, որ դա կարող է պայմանավորված լինել վիտամին D-ի հավելումով, ապա մի քանի օր դադարեցրեք հավելումը տալը և հետևեք փոփոխություններին: Վիտամին D հավելումի հետ կապված խնդիրները կամ անհանգստությունները քննարկեք երեխայի մանկաբույժի հետ:

a

Ամփոփում

Ինչպես արդեն նշել ենք ամենասկզբում, այս հոդվածի նպատակը բոլոր մայրերին որևե մեկ կոնկրետ խորհուրդ տալը չէ. երեխաները մեծանում են տարբեր սնուցման համակարգեր, մոր սննդակարգեր և ապրելակերպ ունեցող ընտանիքներում, որի արդյունքում կարող են տարբեր աղբյուրներից տարբեր քանակի վիտամին D ստանալ: Սակայն դա ծնողների պատասխանատվությունն է համոզվելու, որ իրենց երեխան ստանում է բոլոր անհրաժեշտ վիտամինները աճելու և զարգանալու համար՝ անկախ այդ վիտամինները նրան տալու եղանակից: Կարճ ասած՝ եթե որոշել եք հրաժարվել սինթետիկ վիտամիններից, համոզվեք, որ երեխան ստանում է բավարար չափով վիտամին D այլ աղբյուրներից՝ արևից, ձեր կրծքի կաթից կամ սնունդից:

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Աղբյուրները՝

http://www.lalecheleague.org/llleaderweb/lv/lviss1-2009p7.htmlhttp://www.lalecheleague.org/release/vitamind.html
https://www.sciencedaily.com/releases/2014/06/140606184845.htm
http://radetel.ru/rubric/breastfeeding/100.html
http://www.bestforbabes.org/vitamin-d-and-breastmilk-whats-a-babe-to-do/
http://www.vitaminius.ru/vitamin-d/peredozirovka-vitamina-d.php
https://ods.od.nih.gov/factsheets/VitaminD-HealthProfessional/
http://www.mothering.com/articles/sunlight-deficiency-a-review-of-the-literature/
https://www.vitamindcouncil.org/further-topics/vitamin-d-during-pregnancy-and-breastfeeding/

Հարց: Իմ 3 ամսականը անդադար ձեռքերը բերանն է տանում: Ատա՞մ է հանում:
Արդյո՞ք իմ կրծքով կերակրվող երեխան ունի վիտամինների կարիք

  • 340
    Shares