Տեղադրման կանոնները

  • 5
    Shares

Ըստ հետազոտության` մանկական նստատեղերի մեծ մասը տեղադրվում են սխալ (մոտ 90%)։ Սակայն ճիշտ տեղադրելը նույնքան կարևոր է, ինչքան նստատեղ ունենալը։ Հետևաբար պետք է խիստ հետևել տեղադրման կանոններին։ 

Մի՛ հնարեք ավելի “խելքին մոտ” կապելու ձև։

Նստատեղը ամրացնելուց առաջ պետք է պարտադիր կարդալ նստարանի ձեռնարկի բոլոր էջերը, քանի որ զգուշացումների էջերում նույնպես կարևոր ինֆորմացիա կարող է լիել։ Պարտադիր է նաև կարդալ մեքենայի ձեռնարկը, որովհետև կարող է պարզվել, որ նախատեսված նստատեղը չի կարող տեղադրվել ձեր մեքենայում (օրինակ՝ դուք ընտրել եք միայն իզոֆիքս համակարգով ամրացվող նստատեղ, սակայն մեքենան չունի իզոֆիքս համակարգ)։ Ցանկալի է նաև հենց խանութի մոտ փորձել նստատեղը տեղադրել, քանի որ կարող է պարզվել, որ այն ձեր մեքենային հարմար չէ. նստատեղը շատ լայն է, կամ բարձր, կամ մեքենայի ամրագոտին բավական երկար չէ։ Երկուսը ձեզ կօգնեն ճիշտ տեղադրել նստարանը և ապահովել նրա արդյունավետությունը։ 

 

Ճիշտ նստարանը

Նստատեղը հնարավոր է տեղադրել  մեքենայի և՛ առջեվի, և՛ հետևի նստատեղերին

  1. Սակայն հետևի նստատեղերը ավելի ապահով են, քան առջևինը։ Հնարավորության դեպքում, տեղադրեք նստատեղը մեքենայի մեջտեղի նստարանին, քանի որ այն 43 տոկոսով ավելի ապահով է, քան կողքի նստարանները։ Հիշեք որ եթե մեջտեղի նստարանի գոտին անցնում է միայն կոնքերի վրայով, այսինքն վերևից իջնող մեքենայի ամրագոտին բացակայում է, ապա նստատեղը այդ նստարանին չեք կարող տեղադրել։ Այն պետք է տեղադրել աջ կամ ձախ կողմերի նստարաններին։
  2. Ըստ վիճակագրության՝ աջ կամ ձախ նստարանները հավասարապես ապահով են։ Սակայն տեղադրեք նստատեղը այն կողմի նստարանին, որը կանգ առնելու դեպքում չի բացվի դեպի երթևեկությունը քանի որ այդ դեպքում երեխային նստեցնելը, կամ իջացնելը ավելի վտանգավոր կլինեն ձեր և ձեր երեխայի համար։ 
  3. Եթե մեքենայի հետևի բոլոր նստարանները արդեն զբաղեցրած են այլ նստատեղերով, մեկ այլ երեխա կարող է նստել դիմացի նստարանին՝ իր նստատեղով։
  4. Հիշեք, որ եթե մեքենան ունի նստարանների 3 շարք, ապա 3րդ շարքի նստարանին չի կարելի մանկական նստատեղ տեղադրել։ Դա կլինի թույլատրելի միայն, եթե մեքենան արտադրողը մեքենայի ձեռնարկում հատուկ նշի, որ կարելի է։

 

Անվտանգության բարձիկը

  1. Եթե զամբյուղը տեղադրում եք առջևի նստարանին, ապա անպայման պետք է անվտանգության բարձիկը անջատեք: Փչվելուց բարձիկը կհարվածի զամբյուղի մեջքին, և զամբյուղը մեծ ուժով կհպվի մեքենայի նստարանի մեջքին։ Ստացվում է, որ մի կողմից անվտանգության բարձիկը կհարվածի հենց այնտեղ, որտեղ երեխայի գլուխն է, և մյուս կողմից՝ երեխայի գլուխը կբախվի մեքենայի նստարանին։ Այս երկու հարվածները կարող են շատ լուրջ վնասվածք հասցնել երեխային, ընդհուպ մինչև մահը։Եթե անվտանգության բարձիկը չեք կարող անջատել, ուրեմն զամբյուղը պետք է դնեք մեքենայի հետևի նստարանին։ Մեքենայի ձեռնարկի մեջ գրված է թե ինչպես անջատել անվտանգության բարձիկը։
  2. Երթևեկության ուղղությամբ ճամփորդելու նստատեղը առջևի նստարանին տեղադրելու դեպքում (2/3 խմբերի երեխաների նստատեղերը) բարձիկը ապաակտիվացնել չի կարելի։ Դուք պետք է նստարանը բրդեք հնարավորինս հետ` թողնելով մեծ տարածք երեխայի և բարձիկի միջև, որպեսզի բացվելուց բարձիկը շատ ուժեղ չհարվածի երեխային։

 

Զամբյուղի ամրացնելը

Գոյություն ունի տեղադրման երեք տարբերակ՝ կախված զամբյուղի տեսակից

  1. Ամրագոտիով
  2. Հիմքով, որն ամրանում է մեքենային ամրագոտիով, և զամբյուղը տեղադրվում է հիմքի վրա
  3. Հիմքով, որն ամրանում է մեքենայի իզոֆիքս համակարգի օգնությամբ, և զամբյուղը տեղադրվում է հիմքի վրա

 

 

1 Զամբյուղի ամրանալը ամրագոտիներով

  • Ամրագոտիներով ամրանալու դեպքում ամենաշատ սխալներն են արվում և այս պատճառով պետք է ուշադիր կարդալ ձեռնարկը նստատեղը տեղադրելիս։ 
  • Ամրագոտու հատվածը, որն անցնում է ձեր կոնքերի վրայով, պետք է անցնի երեխայի ոտքերի վրայով։ Ամրագոտու հատվածը, որն անցնում է ձեր ուսի վրայով, պետք է անցնի զամբյուղի հետևի մասով։ Այս կանոնը ճիշտ է զամբյուղների մեծամասնության համար, սակայն հիշեք, որ ձեր զամբյուղը կարող է բացառություն կազմել և անպայման հետևեք նրա գրքույկի մեջ գրված տեղադրման կանոններին։ 


Զամբյուղի ամրանալը հիմքի վրա

Հիմքերը ստեղծվել են նրա համար, որպեսզի զամբյուղի ամրանալը հեշտ լինի։ Այս դեպքում զամբյուղը պարզապես դրվում է հիմքի վրա։ Հիմքերը հարմար են, եթե զամբյուղը պետք է հաճախակի հանել և նորից տեղադրել մեքենայի մեջ։ Հիմքը թույլ է տալիս խուսափել սխալներից զամբյուղը տեղադրելիս: Սակայն հիշեք, որ հիմքը ուղղակի հարմարավետություն է։ Այն չի դարձնի ձեր երեխայի զամբյուղը ավելի ապահով և պարտադիր չէ հիմք գնելը, պետք է ուղղակի ամրագոտիներով ճիշտ ամրացնել։

 

Հիմքերը կարող են ամրանալ մեքենային տարբեր ձևերով։

  1. Հիմքը կարող է ամրանալ մեքենային իզոֆիքս համակարգի օգնությամբ։ Այս դեպքում հիմքը կունենա նաև ոտք, որն իջնում է դեպի մեքենայի հատակը։ Մեքենայի ամրագոտիները այս դեպքում չեն օգտագործվում։

Ի դեպ, ամրացնելու համար պետք է հանել զամբյուղի ոտքի տակը ընկնող մեքենայի խալին։

Եթե մեքենայի հատակի տակ դարակ է, այն պետք է դատարկ չլինի։ Կարելի է նրա մեջ լցնել փրփրապլաստ, սակայն պետք է համոզվել, որ և նստատեղը և մեքենան արտադրողները  դա թույլ են տալիս։ Հնարավոր է նաև դարակը բացել և ոտքը իջեցնել մինչև հատակը եթե մեքենան արտադրողը դա թույլ է տալիս։

 

  1. Հիմքը կարող է ամրանալ մեքենային ամրագոտիով։ Որոշ դեպքերում ամրագոտին անցնում է միայն հիմքով, սակայն հնարավոր է, որ այն անցնի նաև նստարանով։ Հետևեք նստարանի ձեռնարկին։

 

Պետք չէ ավել ապահովության համար ֆիքսել նստատեղը և՛ իզոֆիքսների օգնությամբ, և՛ ամրագոտիով, քանի որ ամենայն հավանականության դուք դրանով նստատեղը կդարձնեք անապահով։ Հետևեք ձեռնարկին ճիշտ տեղադրելու համար։

 

Երթևեկությունը հակառակ տեղադրվող նստատեղերը

1 և 1/2 խմբերի նստատեղերը, որոնք նախատեսված են 9 ամսականից մինչև  4 տարեկան և ավել երեխաների համար, դրվում են ճանապարհին հակառակ դիրքով։ Այս նստատեղերը հիմնականում ամրանում են մեքենայի ամրագոտիով։ Եթե նստատեղը ունի ոտք, ապա ինչպես հիմքերի դեպքում, այնպես ել այստեղ, պետք է հանել մեքենայի խալին և լցնել հատակի դարակը։

 

 

Դեպի երթևեկությունը տեղադրվող նստատեղերը

Զամբյուղների պես, այս նստատեղերը կարելի է ամրացնել մեքենայի ամրագոտիների կամ իզոֆիքս համակարգի շնորհիվ։ Իզոֆիքս համակարգը գերադասելի է, քանի որ սխալվելու ռիսկը փոքր է։ Սակայն պետք է իմանալ, որ եթե ամրագոտիով ճիշտ տեղադրվի, ապա նստատեղը նույնքան ապահով կլինի ինչքան իզոֆիքսով տեղադրված նստատեղը։  Ամրագոտիներով ամրացնելու համար ուշադիր կարդացեք նստատեղի և մեքենայի ձեռնարկները։ Հիշեք, որ եթե գոտին պետք է անցկացնել 3 անցքերի միջով, ուրեմն պետք է 3-ով էլ անցկացնել։ 

Քաշը – Իզոֆիքս համակարգերը ունեն քաշի սահմանափակում, համոզվեք, որ ձեր երեխայի քաշը չի գերազանցում այդ սահմանը։ Այլապես օգտագործեք մեքենայի ամրագոտիները։

Գլխի հենակը – Երեխայի նստատեղը պետք է քիփ հենված լինի մեքենայի նստարանին։ Դա ապահովելու համար, հանեք նստարանի գլխի հենակը։ Չմոռանաք նորից տեղադրել հենակը եթե, նստատեղի փոխարեն տեղափոխեք մեծահասակ ուղևորի, քանի որ հենակը նրա գլուխը պաշտպանելու համար է։

 

Գլխավերևի ամրակապ

Դեպի երթևեկությունը տեղադրվող նստատեղերից շատերը  ունեն գլխավերևի ամրագոտի (top tether)։ Այն ամրանում է ամրակին, որը կարող է տեղադրված լինել շատ տարբեր տեղերում կախված մեքենայի տեսակից. ուստի պետք է նայել մեքենայի շահագործման ձեռնարը։Գլխավերևի ամրագոտին վթարի ժամանակ պահում է նստատեղը մեքենայի նստարանի մոտ և սահմանափակում է երեխայի առաջ գալը և հետևաբար դիմացի նտարանին բախվելու ռիսկը։ 

 

Մեքենայի ամրագոտիների ձգվածությունը

Նստարանների տեղադրման սխալներից մեկը դա մեքենայի ամրագոտիների թույլ լինելն է։ Եթե ամրացնելուց հետո նստարանը շարժվի աջից ձախ կամ առաջ գա 3սմ-ից ավել, երբ այն հանգիստ շարժեք, ուրեմն ամրագոտիները թույլ են։

Դրեք նստատեղը մեքենայի նստարանին, ամրացրեք ամրագոտին, սեղմեք նստատեղը դեպի մեքենայի հենակը և նստարանը և ձգեք գոտին։

Ամրագոտիները չպետք է ոլորած լինեն։

Այսպիսով

  • Կարդացե՛ք նստատեղի ձեռնարկը
  • Կարդացե՛ք մեքենայի ձեռնարկը
  • Տեղադրե՛ք նստատեղը ճիշտ նստարանին
    • Կոճկե՛ք մեքենայի ամրագոտիները
    • Օգտագործե՛ք գլխավերևի ամրագոտին
    • Ձգե՛ք մեքենայի ամրագոտիները
    • Ուղղե՛ք անկյունը

Մեքենայի նստարանները պաշտպանելը

Մեքենայի նստարանները պաշտպանելու համար նստատեղերի տակ հասարակ կտոր գցել չի կարելի։ Դրա պատճառով նստատեղը կարող է սղալ իր տեղից վթարի դեպքում։ Նստարանների տակը դնելու համար հատուկ ոչ սղլիկ ծածկոցներ կան։

 

 

 

Աղբյուրներից` babycenter.com, who.int, carseat.se

Կազմել է ` Լիանա Ղազարյանը

Խմբագրել է` Մարինե Մազմանյանը

Նստատեղը գնելուց առաջ...
Մանկական նստատեղերի խմբերը

  • 5
    Shares