Տխրությունը և ընկճախտը կրծքով կերակրելն ավարտելուց հետո. գործնական խորհուրդներ


ishot-3Նորմալ է, եթե դուք հուզված, տխուր կամ ընկճված եք կրծքով կերակրելն ավարտելուց հետո: Որոշ մայրեր դառնում են լարված և ջղայն կամ ունենում են փոփոխական տրամադրություն: Այս զգացումները սովորաբար կարճ են տևում և անցնում են մի քանի շաբաթում, սակայն որոշ մայրերի մոտ կարող են խորանալ և բուժում պահանջել: Եթե ձեր զգացմունքային վիճակը ազդում է ձեր կյանքի որակի վրա և պահպանվում է մի քանի շաբաթից ավելի երկար, դիմեք օգնության: 

Որո՞նք նման տրամադրության պատճառները
Այս խնդրի վերաբերյալ հետազոտությունները քիչ են, սակայն ենթադրվում է, որ տրամադրության նման փոփոխության պատճառը մոր օրգանիզմում հորմոնալ փոփոխություններն են: Կերակրելն ավարտելուց հետո նվազում են պրոլակտին և օքսիտոցին հորմոնների մակարդակները: Պրոլակտինը, որը պատասխանատու է կաթնարտադրության համար, նաև լավ լինելու զգացում է տալիս, հանգստացնում է և թուլացնում: Օքսիտոցինը, որը պատասխանատու է կաթի արտահոսքի համար, երբեմն կոչվում է “սիրո հորմոն”: Այս երկու հորմոնների մակարդակի կտրուկ անկումը կարող է ազդել մոր ինքնազգացողության և տրամադրության վրա:

Արդյո՞ք որոշ մայրեր ավելի հակված են ընկճախտ ունենալ կերակրելն ավարտելու պատճառով
Որքան ավելի կտրուկ է կերակրելն ավարտելու պրոցեսը, այնքան ավելի կտրուկ է հորմոնների մակարդակի անկումը և, հետևաբար, այնքան ավելի հավանական է, որ դուք նման խնդիրներ կունենաք: Շաբաթական մեկ կերակրում հանելը կրծքով կերակրելը ավարտելու ավելի նուրբ մոտեցում է և՛ մոր, և՛ երեխայի համար: Այն մայրերը, որոնք ստիպված են ավարտել կերակրումը ավելի շուտ, քան հոգեպես պատրաստ են, և այն մայրերը, որոնք ընկճախտի պատմություն ունեն, ավելի մեծ հավանականությամբ ընկճախտ կունենան կերակրելն ավարտելուց հետո:

Նույնիսկ այն մայրերի մոտ, որոնք հոգեպես պատրաստ են եղել ավարտելուն, կարող է լինել տխրության և կորուստի զգացում: Կրծքով կերակրելը ավարտելը ազդում է ձեր և երեխայի ֆիզիկական միասնություն լինելու զգացումի վրա, որը շատ կարևոր փուլ է ձեր երկուսի հարաբերություններում: Հիշե՛ք, որ նույնիսկ կերակրելը ավարտելուց հետո ձեր երեխան ձեր ներկայության կարիքն ունի, նույնիսկ եթե ձեր ներկայությունը այլևս այլ կերպ է արտահայտվելու:

Յոթ գործնական խորհուրդ
Խորհուրդ #1
Վարժություններ արեք: Չնայած այս մեթոդը պարզ է թվում, բայց պետք է հիշել, որ ֆիզիկական վարժությունների ժամանակ արտադրվում են հաճույքի հորմոններ: Յոգան, պիլատեսը և արագ քայլքը կարող են շատ օգնել տրամադրությունը բարձր պահելու հարցում: Առավել ցանկալի են բացօթյա ֆիզիկական վարժությունները, քանի օր մաքուր օդը հարուստ է թթվածնով:

Խորհուրդ #2
Ճիշտ շնչեք: Դուք սթրեսի ժամանակ կոշտությու՞ն եք զգում կրծքավանդակում: Դա, ամենայն հավանականությամբ, արագ և ոչ խորը շնչելուց է, որի ժամանակ թոքերը ամբողջությամբ չեն լցվում: Թուլացրեք ձեր ուսերը, փակեք աչքերը և խորը, խորը շնչեք: Մի քանի անգամից արդեն կզգաք, թե ինչպես է թուլանում լարվածությունը:

Խորհորդ #3
Կարգավորեք ձեր քնելու և արթնանալու ռեժիմը: Եթե հնարավոր է, փորձեք քնել և արթնանալ նույն ժամերին: Կանոնավոր սովորությունները օգնում են կարգավորել հորմոնները: Խուսափեք քնելուց առաջ վառ էկրաններին նայելուց:

Խորհուրդ #4
Ուշադիր եղեք ձեր սննդակարգին: Գերհոգնածության խնդիրը մի լուծեք կոֆեինի կամ քաղցրի օգնությամբ: Այս երկուսի չարաշահումը կազդի ձեր առողջության վրա և կուշացնի հորմոնների կարգավորումը: Դրա փոխարեն ձեր սննդակարգում ավելացրեք սպիտակուցների և ճարպերի քանակը: Եթե ցանկանում եք քաշ կորցնել, ճարպերը այս հարցում ձեր ընկերն են, այլ ոչ թե թշնամին: Հորմոնների կարգավորումը պահանջում է ճարպերի առկայություն ձեր սննդակարգում: Կոկոսի յուղը, կարագը, մսային ճարպերը, ձկան յուղը, քունջութի և կտավատի յուղերը ճարպերի լավագույն աղբյուրներն են:

Խորհուրդ #5
Ուրախացե՛ք: Ուրախ ժամանակ անցկացրեք ձեր ընտանիքի հետ: Այցելեք սպա կենտրոն կամ գնացեք լողափ: Գնացեք պարելու, երգելու և զվարճանքի կենտրոններ:

Խոհուրդ #6
Խթանեք “սիրո հորմոնի” արտադրությունը ձեր օրգանիզմում՝ համբուրվեք, գրկախառնվեք, և այլն:

Խորհուրդ #7
Սովորեք սիրել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք: Դուք դրան արժանի եք:

Աղբյուրներ՝
http://www.bellybelly.com.au/breastfeeding/weaning-and-depression-post-weaning-depression/
http://kellymom.com/ages/weaning/wean-how/depression-and-weaning/

 Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Բացասական մտքերը կաթի արտահոսքից առաջ
Ես հղի եմ և դեռ կերակրում եմ իմ մանկահասակ երեխային: Պե՞տք է արդյոք նրան կտրել կրծքից: