Մանկական տարիքի ցաներ, մաշկային փոփոխություններ և վարակներ. Նկարներ

  • 71
    Shares

Նշում. Այս տեսադարանը միայն ցուցադրում է հաճախ հանդիպող մաշկային փոփոխոթյունները և վարակները և ախտորոշման միջոց չի հանդիսանում: Միշտ դիմե՛ք Ձեր մանկաբույժին, եթե երեխան ունի ցան, այտուց կամ արտադրություն:    

Ձեզ անհանգստացնու՞մ է ցանը, որն առաջացել է Ձեր երեխայի մաշկին: Ստորև ներկայացվող սլայդներում ծանոթացե՛ք , թե ինչ տեսք ունեն երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպող ցաները և մաշկային փոփոխությունները, և տեղեկացեք, թե ինչպես վարվել դրանց դեպքում:

«Օ, ոչ, այս ինչ է», _ կարող եք հարցնել: Մի օր Ձեր երեխայի մաշկը մաքուր է և հարթ, աչքերը՝ պայծառ,  և նրա մոտ չկա բերանի խոռոչի կամ և ականջների որևէ վարակ, իսկ հաջորդ օրը առեղծվածային ցան, այտուց կամ արտադրություն է ի հայտ եկել: Մի՛ հուսահատվեք: Մենք այստեղ ենք՝ Ձեզ օգնելու համար:  Մեր  սլայդներում ծանոթացե՛ք, թե ինչ տեսք ունեն երեխաների մոտ ամենից հաճախ հանդիպող ցաները, մաշկային փոփոխությունները և վարակները, և որո՞նք են դրանց ախտանշանները:


Նորածնային ակնե

Նորածնային ակնեն կարող է առաջանալ անմիջապես ծնվելուց հետո, սակայն սովորաբար ի հայտ է գալիս ծնունդից մի քանի շաբաթ անց: Այն ունի մանր թմբիկների կամ սպիտակ գլխիկներով բշտիկների տեսք՝ շրջապատված կարմրավուն մաշկով: Բշտիկները հիմնականում լինում են երեխայի այտերին, սակայն կարող են նաև առաջանալ ճակատին, կզակին և մեջքին:


Մեղվի խայթոց

Մեղվի խայթոցը կարող է շատ ցավոտ լինել: Խայթոցի շուրջ մաշկը անմիջապես կարող է կարմրել, այտուցվել և քոր գալ և Ձեր երեխային անհանգստություն պատճառել:


Բլեֆարիտ

Բլեֆարիտը բակտերիալ վարակ է, որի ժամանակ բորբոքվում են կոպեզրին տեղակայված թարթիչների ֆոլիկուլները:

Բլեֆարիտի պատճառով Ձեր երեխաների թարթիչները կարող են ունենալ կեղևապատ կամ ճարպոտ տեսք: Նաև որոշ թարթիչներ հնարավոր է թափվեն: Կարող է առաջանալ կոպերի այրոց կամ քոր, որի պատճառով երեխան կարող է  անհանգիստ լինել և շատ լաց լինել:

Բլեֆարիտը կարող է վատ տեսք ունենալ, սակայն այն չի վնասում երեխայի աչքերը:

Եթե թվում է՝ երեխայի կոպի տակ թմբիկ կա, հնարավոր է նրա մոտ խալազիոն է: Այն իրենից ներկայացնում է անգույն թմբիկ կամ բուշտ՝ վերին կամ ստորին կոպի տակ: Բշտի առաջացման պատճառն արցունքային խողովակի կամ թարթիչների արմատներում տեղակայված գեղձի բորբոքումն է:


Խալազիոն

Խալազիոնը սովորաբար ավելի շատ անհարմարություն է առաջացնում, քան ցավոտ է երեխայի համար: Այն ինքն իրեն պետք է անհետանա մոտավորապես մեկ ամսից: Այդ ընթացքում անհրաժեշտ է երեխայի աչքը պահել մաքուր՝ օրական երկու անգամ 5-ից 10 րոպե լվանալով տաք կոմպրեսներով: Դիմեք Ձեր բժշկին, եթե մեկ ամիս անց երեխայի մոտ խալազիոնը դեռ պահպանվում է:


Ջրծաղիկ

Ջրծաղիկի առաջին ախտանշաններից են.

    • Ջերմությունը,
    • Սրտխառնոցը,
    • Գլխացավը,
    • Մկանների ցավը,
    • Ախորժակի կորուստը:

Ջրծաղիկի ցանը սկսում է մանր կարմիր կետերով, որոնք մի քանի ժամից վերածվում է հեղուկով լցված մանր բշտիկների: Դրանք առաջանում են երեխայի դեմքին, ապա խմբերով տարածվում ամբողջ մարմնով մեկ: Հնարավոր է՝ բշտերն այնքան շատ լինեն, որ միձուլվեն իրար, կամ կարող են ի հայտ գալ միայն մի քանի բշտեր: Ամենից ցավոտ կարող են լինել գլխամաշկի, սեռական օրգանների և բերանի խոռոչում առաջացած  բշտերը:     


Հասարակ հերպես (տենդաբշտիկ)

Ձեր երեխայի մոտ առաջին անգամ հերպեսի ժամանակ լնդերը կսկսեն այտուցվել, բերանը՝ ցավել, ինչը կբերի թքահոսության: Մի քանի օր անց կնկատեք մանր բշտիկների խումբ երեխայի շուրթին կամ դրա շուրջ, որը կվերածվի ցավոտ վերքի, և դա կուղեկցվի բարձր ջերմությամբ և պարանոցի մեծացած ավշագեղձերով:         

Մի քանի օրից վերքը կկեղևապատվի և հետզհետե կանհետանա: Բռնկումը տևում է 5-ից 10 օր: Հնարավոր է Ձեր երեխան հրաժարվի ուտելիքից և ըմպելիքներից, հետևաբար պետք է համոզվել, որ երեխան չի ջրազրկվում: Ձեր երեխայի մոտ հաջորդ բռնկման ժամանակ առաջին ախտանշանը բշտիկները կլինի:


Գլխի մաշկախտ (cradle cap)

Եթե Ձեր երեխայի մոտ գլխի մաշկախտ է, այն պետք է խիստ թեփոտման նման լինի: Այն հաճախ է հանդիպում նորածինների մոտ: Մաշկախտի դեպքում երեխայի գլխամաշկը կարմրում է, ծածկվում յուղոտ, դեղին թեփուկներով: Ժամանակի հետ թեփուկները կարող են դառնալ թեփանման և հեշտորեն մաքրվել թեփի պես, սկայն հաճախ նաև՝ երեխայի մի քանի մազերի հետ միասին:   

Գլխի մաշկախտը կարող է ընդգրկել երեխայի ամբողջ գլխամաշկը: Այն կարող ի հայտ գալ նաև նրա դեմքին և պարանոցին, տակդիրով ծածկվող հատվածներում, անութներում և քթին:        


Էկզեմա

Էկզեմայի դեպում երեխայի մաշկին լինում են չոր, կարմրած, քոր եկող և ճաքճքած հատվածներ, որոնք երբեմն կարող են թրջվել և արնահոսել: Էկզեման կարող է առաջանալ երեխայի ձեռքերին, դեմքին, պարանոցին, արմունկներին և ծնկների հետին կողմում:

Էկզեման սովորաբար ունենում է բռնկումներով: Հնարավոր է Ձեր երեխան հիմնականում ունենա կարմրած և քոր եկող հատվածներ, սակայն բռնկումների ժամանակ այդ հատվածներն ավելի են վատանում, և հնարավոր է ավելի ինտենսիվ բուժման անհրաժեշտություն առաջանա:


Տոքսիկ էրիթեմա

Եթե Ձեր երեխայի մոտ տոքսիկ էրիթեմա է, ապա այն արտահայտվում է մաշկի վրա կարմիր բծերով, որոնց կենտրոնում մանր դեղին կամ սպիտակ թարախաբշտիկներ են: Այս ցանը նորածինների մոտ հաճախ առաջանում է կյանքի մոտավորապես 2-5-րդ օրերին:

Տոքսիկ էրիթեման կարող է առաջանալ երեխայի մարմնի ցանկացած մասում, բացառությամբ՝ ձեռքերի ափերի և ոտքերի ներբանների: Մոտ երկու շաբաթից այն անհետանում է առանց բուժման:   


Ֆոլիկուլիտ

Ֆոլիկուլիտի դեպքում Ձեր երեխայի մոտ որոշ մազերի ֆոլիկուլների շուրջ առաջանում են թարախաբշտիկներ, որոնք հետագայում կարող են կեղևապատվել: Թարախաբշտիկները սովորաբար ի հատ են գալիս խմբերով երեխայի պարանոցին, բազուկներին, ոտքերին, անութներում և նստատեղին: Ֆոլիկուլիտը հազբադեպ է հանդիպում մինչև երկու տարեկան երեխաների մոտ:   

Դիմեք բժշկի, եթե կարծում եք՝ երեխայի մոտ ֆոլիկուլիտ է: Հնարավոր է՝ Ձեր բժիշկը հակաբիոտիկ քսուք նշանակի: 


Ձեռքի, ոտքի և բերանի հիվանդություն (HFMD)

Ձեռքի, ոտքի և բերանի հիվանդության ախտանշաններից են.

    • Մանր բշտիկանման խոցերը,
    • Կոկորդի ցավը,
    • Ոչ շատ բարձր ջերմությունը:

Մանր բշտիկանման խոցեր են առաջանում երեխայի բերանի խոռոչում, ձեռքերին և ոտնաթաթերին: Դրանք նաև կարող են տարածվել ոտքերով դեպի վեր՝ մինչև նստատեղ: Բշտիկները իսկապես կարող են շատ ցավոտ լինել: Բերանի խոռոչի խոցերի պատճառով երեխան կարող է դժվարանալ որևէ բան ուտել կամ խմել, հետևաբար անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի երեխան չջրազրկվի:


Եղնջատենդ

Եղնջատենդի դեպքում երեխայի մոտ ցանը հետևյալ կերպ է առաջանում.

    • Մանր, 1-ից 2 սմ լայնությամբ ուռուցիկ բծերը, որոնք հայտնի են որպես փքվածքներ, ի հայտ են գալիս հանկարծակի:
    • Այս փքվածքները կարող են լինել կարմիր կամ սպիտակ: Դրանք քոր են գալիս, իսկ դրանց շուրջ մաշկը կարմրած է:

Փքվածքները կարող են  իրար միանալ՝ ցանին ավելի տարածուն տեսք տալով:


Իմպետիգո (Շփաբորբ)

Երեխայի մոտ իմպետիգոն սկզբում արտահայտվում է քթի և բերանի շուրջ բշտիկների առաջացմամբ, որոնք կարող են տարածվել մարմնի մյուս հատվածներում: Կախված իմպետիգոյի տեսակից՝ բշտիկները կարող են լինել մանր, որոնք հեշտորեն կբացվեն, կամ ավելի խոշոր, որի դեպքում մի քանի օր կպահանջվի, որպեզի դրանք  բացվեն:      

Երբ բշտիկները բացվում և չորանում են, դրանց վրա առաջանում է դարչնագուն կամ դեղնաշագանակագույն կեղև: Կեղևնապատ վերքերը հետզհետե կլավանան և սպիեր չեն թողնի: 
Իմպետիգոն սովորաբար ցավոտ չի լիոնւմ, սակայն քոր է առաջացնում: Հնարավոր է՝ Ձեր երեխան նաև ջերմի, իսկ պարանոցի և դեմքի շրջանում ավշագեղձերը՝ մեծանան: 


Ինֆեկցիոն կոնյուկտիվիտ (Շաղկապենու ինֆեկցիոն բորբոքում)

Կարմրած ջրոտ աչքը կոնյուկտիվիտի նշան կարող է լինել: Շաղկապենին այն թաղանթն է, որը ծածկում է կոպեզրերը և աչքի սպիտակ հատվածը: Շաղկապենու բորբոքման պատճառը կարող է լինել ալերգիան կամ վարակը:

Ինֆեկցիոն կոնյուկտիվիտը առաջանում է բակտերիալ կամ վիրուսային վարակից և այն խիստ վարակիչ է:

Կոնյուկտիվիտի ախտանշաներից են նաև.

    • կպչուն աչքը,
    • կարմրածությունը և ցավը,
    • կոպերին դեղին կեղևը կամ դեղին արտադրությունը:


Դեղնուկ

Նորածինների մոտ կեսի մոտ կյանքի առաջին օրերին առաջանում է մաշկի դեղնավուն երանգավորում: Եթե Երեխայի մաշկը թուխ է, Դուք հավանաբար կնկատեք դեղնավուն երանգ նրա աչքերի սպիտակ մասում, ափերում կամ ոտքերի ներբաններում: 

Եթե Ձեր փոքրիկը ծնվել է ժամկետում, սովորաբար կպահանջվի մեկ շաբաթ, որպեսզի նրա մաշկի և աչքերի դեղնավուն երանգն անհետանա: Ժամկետից շուտ ծնված երեխաների դեպքում քիչ ավելի երկար ժամանակ կպահանջվի:    


Լայմի հիվանդություն 

Երբեմն տզի խայթոցից կարող է առաջանալ լայմի հիվանդություն: Սա լուրջ բակտերիալ վարակ է, որն անհապաղ բուժում է պահանջում: Եթե Ձեր երեխային խայթել է տիզը, խայթոցի հատվածում փնտրեք տարածվող ցան կամ օղակ դրա շուրջը: Այս նշանների առկայության դեպքում դիմեք բժշկի:


Կարմրուկ 

Կարմրուկի դեպքում երեխայի մոտ ի հայտ եկող առաջին ախտանշաններից են.

    • Քթահոսությունը,
    • մոտ 38°C ջերմությունը,
    • հազը,
    • ցավոտ կարմրած, այտուցված աչքերը,
    • այտուցված սպիտակ բծերը բերանի խոռոչում: 

Այս ախտանշանների ի հայտ գալուց հետո՝ երեք կամ չորս օր անց, կնկատեք կարմիր բծեր երեխայի ականջների հետևում, դեմքին և պարանոցին: Ցանի առաջացմանը զուգահեռ երեխայի ջերմությունը կարող է բարձրանալ: Բծերը կտարածվեն ամբողջ մարմնով և փքունություն կստանան: Ցանը կարող է քոր գալ: Այն տևում է մոտ հինգ օր: Երբ ցանը սկսի անհետանալ, այն կստանա շագանակագույն երանգ:   


Մենինգիտ 

Մենինգիտը լուրջ վարակ է, որը կարող է շատ արագ զարգանալ: Դրա ամենատարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ ցանը չի անհետանում դրա վրա բաժակով սեղմելիս: Սակայն ցանը սովորաբար ի հայտ է գալիս, երբ վարակն արդեն զարգացած է: 

Հիվանդության վաղ ախտանշաններից են հետևյալները.       

 

    • Սովորաբար երեխան ճչալով լալիս է, 
    • չի ցանկանում, որ իրեն դիպչեն, 
    • փսխում է կամ հրաժարվում է սննդից, 
    • մաշկը գունատ է կամ բծերով ծածկված,
    • երեխան անաշխույժ է, պասիվ և դժվար է արթնացնել,
    • գաղթունը արտափքված է:

Եթե կասկածում եք, որ Ձեր երեխայի մոտ մենինգիտ է, անմիջապես դիմեք բժշկի: 


Միլիում 

Միլիումի դեպքում երեխայի դեմքին՝ սովորաբար քթի, այտերի, կզակի, ճակատի կամ աչքերի շուրջ, առաջանում են մանր սպիտակ բշտիկներ: Թվում է՝ բշտիկները ուռուցիկ են, սակայն եթե դիպչեք դրանց, կզգաք որ մաշկը հարթ է:   


Վարակիչ կակղամորթախտ 

Վարակիչ կակղամորթախտը արտահայտվում է մանր, կլոր, փայլուն մարգարտագույն սպիտակ կամ բաց վարդագույն բծերով: Սովորաբար հայտնվում է 20-ից ոչ ավելի բշտիկ, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում երևում է փոսիկ կամ թարախային փոքր գլխիկ: Բշտիկները լինում են 1մմ-ից մինչև 10մմ և կարող են մեծանալ մի քանի շաբաթվա ընթացքում:   

Երեխաների մոտ բշտիկները հիմնականում լինում են որովայնի և կրծքավանդակի հատվածում կամ հոդերի հետին կողմում, օրինակ՝ արմունկների և ծնկների հակառակ կողմում: Հնարավոր է նաև բշտիկներ առաջանան նստատեղի և սեռական օրգանների հատվածում: Հազվադեպ, սակայն պատահում է, որ վարակիչ կակղամորթախտը  տարածվում է գրեթե ամբողջ մարմնով մեկ՝ ներառյալ բերանի խոռոչում և կոպերի վրա: 


Մոծակի խայթոց 

Մոծակի խայթոցից երեխայի մաշկի վրա առաջանում է քոր եկող, ուռուցիկ բշտիկ: Սա կարող է անհանգստացնել երեխային: Քորը հանգստացնելու համար օգտագործեք սառը կոմպրեսներ, ապա փորձեք երեխային թույլ չտալ քերել խայթոցի հատվածը: Երեխայի եղունգները կարճ կտրեք, որպեսզի նա քորելիս չքերի վերքը: Ցանկության դեպքում քորը կարելի է նաև հանգստացնել կալամինի լոսյոնով:   


Տակդիրի ցան 

Տակդիրի ցանը առաջանում է երեխանի սեռական օրգանների և նստատեղի հատվածում, ազդրերի ծալքերում: Երբեմն ցանը նման է բշտիկների և կարող է լինել չոր կամ թաց: Կյանքի առաջին տարում հնարավոր է երեխան հաճախ ունենա տակդիրի ցան,և դրա հիմնական պատճառը խոնավությունն է: 


Տակդիրի ցան (սնկային)

Ձեր երեխայի մոտ կարող է լինել տակդիրի սնկային ցան, եթե նրա մոտ առկա է կաթնախտ, քանի որ այն մարսողական համակարգով կարող է անցնել նստատեղին: Տակդիրի սնկային ցան կարող է նաև առաջանալ, եթե Ձեր փոքրիկը հակաբիոտիկներ է ստանում, քանի որ դրանք ոչնչացնում են «օգտակար» մանրէները, որոնք սովորաբար վերահսկում են սնկերի քանակը:

Ցանը սկսում է մանր կարմիր կետերով, որոնք բազմանալով միաձուլվում են՝ կազմելով մեկ կոշտացած կարմիր բիծ, որի վրա կարող են նաև լինել թարախաբշտիկներ:


Բերանի խոռոչի կաթնախտ

Երեխայի բերանի խոռոչում սպիտակ կետերի կամ բծերի առկայությունը կաթնախտի նշան կոարող է լինել: Այդ բծերը լոռանման են լինում: Սա կարող է երեխայի համար ցավոտ լինել, և հնարավոր է՝ երեխան հրաժարվի սննդից: 


Ականջի ինֆեկցիա (Միջին օտիտ)

Երեխայի ականջից արտահոսող թարախը ականջի ինֆեկցիայի նշան է: Երեխան հավանաբար նաև ջերմում է և ընդհանուր վատառողջ է:


Հանգուցավոր եղնջացան

Հանգուցավար եղնջացանի դեպքում երեխայի մաշկին՝ միջատի խայթած հատվածի շուրջ, կնկատեք մանր, ուռուցիկ բծեր: Այդ բժերը հետո վերածվում են կարմրաշագանակագույն փքվածքների, որոնք սովորաբար սաստիկ քոր են առաջացնում:   

Դիմեք բժշկի, եթե կարծում եք, որ երե;այի մոտ հանգուցավոր եղնջացան է: Հնարավոր է, երեխան հակահիստամինային կամ ստերոիդ քսուքների կարիք ունենա: Եզնջացանը կարող է տևել մինչև վեց շաբաթ:


Թունավոր բաղեղներ (Poison ivy, oak and sumac)

Թունավոր բաղեղեներին դիպչելուց հնարավոր է ալերգիկ ռեակցիա առաջանա Ձեր երեխայի մոտ, որն արտահայտվում է ցանով: Ցանն ունի այտուցված կարմիր բծերի տեսք, որոնք մեկ-երկու օրից դառնում են բշտիկներ: Մի քանի օր անց բշտիկները կեղևապատվում են, սակայն այդ ընթացքում սաստիկ քոր են առաջացնում:

Թունավոր բաղեղների պատճառով առաջացած ցանն ինքն իրեն անցնում է 14-ից 20 օրվա ընթացքում: Սակայն եթե Ձեզ անհանգստացնում է երեխայի ցանը, դիմեք բժշկի:


Խուզող որքին

Խուզող որքինի դեպքում երեխայի վրա առաջանում է կարմիր, օղակաձև ցանավորում կրծքավանդակի, ստամոքսի շրջանում, ազդրերին և մեջքին: Օղակները կեղևապատ կամ թեփոտ են արտաքին եզրից և հարթ՝ կենտրոնում: Դրանք նաև քոր են առաջացնում: Սնկի մեծանալու հետ մեծանում են նաև օղակները՝ մի քանի միլիմետրից հասնելով սանտիմետրերի:

Խուզող որքինը կարող է նաև ախտահարել երեխայի գլխամաշկը: Այն կարող է լինել չոր և կեղևապատ կամ խոնավ ու լցված թարախով: Խոզող որքինը հեշտորեն կարելի է շփոթել թեփի կամ գլխի մաշկախտի հետ:


Հանկարծակի էկզանթեմա (Roseola)

Հանկարծակի էկզանթեմայի առաջին ախտանշաններից են.

    • Ջերմության հանկարծակի բարձրացումը՝ 38°C-ից 42°C,
    • քթահոսությունը,
    • Հազը,
    • թեթև փորլուծությունը:

Հնարավոր է՝ երեխայի մոտ լինի նաև ախորժակի բացակայություն, անտարբերություն կամ դյուրագրգիռ վիճակ: Բարձր ջերմությունը կարող է շարունակվել երեքից չորս օր, ապա հանկարծակի անհետանալ: Ջերմությունը իջնելուց հետո ի հայտ է գալիս վարդագուն-կարմիր ցան: Այն սկսում է կրծքավանդակից ու որովայնից և կարող է տարածվել դեպի պարանոցը և մարմնի մյուս մասերը: Ցանն անհետանում է մի քանի ժամից մինչև երկու օրվա ընթացքում:


Կարմրախտ

Կարմրախտի առաջին նշանը հարթ, վարդագույն-կարմիր կետերն է, որոնք սկզբում առաջանում են երեխայի դեմքին և պարանոցին, ապա տարածվում մարմնի մյուս մասերին: Կետերը հետագայում միաձուլվում են՝ ստեղծելով համաչափ կարմրած բծեր:

Կարմրախտի ախտանշաններից են նաև.

    • Մինչև 38°C ջերմությունը, որը տևում է մոտ 24 ժամ,
    • Փակ կամ հոսող քիթը,
    • Կարմիր, բորբոքված աչքերը,
    • Մեծացած ավշահանգույցները ականջների և պարանոցի հետևում:


Քոս

Քոսի դեպքում երեխայի վրա առաջանում է սաստիկ քոր առաջացնող ցան: Ցանը ի հայտ է գալիս ցրված կարմիր բծերի տեսքով սովորաբար երեխայի մատների արանքներում, դաստակների շուրջ, արմունկների արտաքին մասում, անութներում, որովայնին և սեռական օրգաններին: Այն կարող է լինել նաև գլխամաշկին, դեմքին, ծնկներին, ափերի մեջ, ոտնաթաթերի կողքերին և ներբաններին:


Քութեշ

Քութեշի առաջին ախտանշաններից են.

    • Կոկորդի ցավը,
    • Գլխացավը,
    • Ջերմությունը,
    • Սրտխառնոցը կամ փսխումը:

Այս նշաններից հետո 12-ից 48 ժամվա ընթացքում առաջանում է հղկաթղթի տեսքով կարմիր ցանավորում: Այն սկսում է մի հատվածում և տարածվում երեխայի մարմնով մեկ: Մաշկին սեղմելիս կարմիր ցանը գունատվում է:


Վարակիչ էրիթեմա

Վարակիչ էրիթեմայի դեպքում, երեխայի այտերին առաջանում է բծավոր կարմիր ցան: Կարմիր եզրավորված ցան կարող է ի հայտ գալ նաև փոքրիկի մարմնին և վերջույթներին: Նա կարող է թեթևակի ջերմել, անառողջ զգալ, ինչպես գրիպի ժամանակ: Կամ կարող է ընդհանրապես այլ ախտանշաններ չունենալ:


Ակնագարիկ (տիկնակլունձ)

Ակնագարիկը թարախապալար է, որը գոյանում է թարթիչի եզրին: Սրա հիմնական պատճառը թարթիչի արմատի բակտերիալ ծագման վարակն է:   

Ձեր փոքրիկի մոտ առաջին նշանը կարմիր փքվածքի առաջացումն է կոպեզրին: Փքվածքը կմեծանա և մի քանի օր անց կբացվի, հավանաբար երբ երեխան քնած կլինի: Ակնագարիկը կարող է անհարմար լինել, սակայն երեխային այն պետք է որ չանհանգստացնի: Այն ինքն իրեն անցնում է մոտավորապես մեկ շաբաթից:


Նշիկաբորբ

Նշիկաբորբը նշիկների՝ կոկորդի խորքում՝ երկու կողմում տեղակայված նշաձև ավշագեղձերի բորբոքումն է: Նշիկները ֆիլտրում են մանրէները կոկորդում, իսկ վարակվելիս՝ դրանք այտուցվում են:   

Բացի այն, որ երեխայի մոտ դժվարանում է կլման ակտը և նա հրաժարվում է ուտել, նշիկաբորբի ժամանակ ի հայտ են գալիս նաև հետևյալ ախտանշանները.

    • Շարունակական կոկորդի ցավ,
    • Ականջի ցավ,
    • Քնած ժամանակ խռմփացնելը կամ բերանով շնչելը,
    • Ջերմություն կամ դող,
    • Պարանոցի և ծնոտի շրջանում մեծացած գեղձեր,
    • Ձայնի կորուստ,
    • Գլխացավ,
    • Թքահոսություն,
    • Նշիկների վրա սպիտակ կետերի առկայություն:


Խոց

Բերենի խոռոչում խոցերը առաջանում են այտերի և շուրթերի ներսի մակերեսին: Դրանք կարող են շատ ցավոտ և անհանգստացնող լինել:

Խոցերը կարող են լինել սպիտակ, մոխրագույն, կարմիր կամ դեղին, ինչպես նաև հնարավոր է դրանց շուրջ այտուցված կարմիր օղակ նկատվի: Երեխայի մոտ կարող է առաջանալ նման խոց, եթե պատահաբար կծի այտը կամ շուրթը կամ եթե սննդի որևէ սուր կտոր քերծի երեխայի բերանը: Այն հնարավոր է նաև հիվանդության կամ հոգնածության պատճառով:

Բերանի խոռոչի խոցերը սովորաբար լավանում են առանց միջամտության 10-ից 14 օրվա ընթացքում: Այդ ընթացքում դրանք կարող են դժվարացնել սննդի ընդունումը երեխայի կողմից, հետևաբար փորձեք նրանց կերակրել փափուկ, կոշտ եզրեր չունեցող սննդով:   

 


Պորտի ճողվածք

Ճողվածքը որովայնի կամ աճուկի շրջանում մաշկի տակից շոշափվում է որպես գունդ, որը կարող է ունենալ տարբեր չափեր: Ճողվածը առաջանում է երեխայի մոտ մկանների ոչ լրիվ զարգացվածության պատճառով: Պորտի ճողվածը ի հայտ է գալիս պորտի շրջանում և առավել հաճախ հանդիպում է որոշ էթնիկ խմբերում, մասնավորապես՝ աֆրիկական ծագում ունեցող երեխաների մոտ:    

 

Թարգմանեց` Շուշան Օհանյան-Սթրեյչեք

Խմբագրեց` Ժաննա Մինասյանը

Աղբյուրը` https://www.babycentre.co.uk/l1038755/childhood-rashes-skin-conditions-and-infections-photos

 

Ի՞նչ անել այրվածքի դեպքում

  • 71
    Shares