Ւնչպե՞ս ավելացնել կաթը


ԱՐԴՅՈ՞Ք ՁԵՐ ԿԱԹԸ ՔԻՉ Է

Նախ պետք է հասկանալ, թե արդյոք ձեր կաթը իրոք քիչ է: Երբեմն մայրերը մտածում են, որ քիչ կաթ ունեն, այնինչ դա իրականում այդպես չէ: Եթե ձեր երեխան նորմալ քաշ է հավաքում միայն կրծքի կաթով, ապա դուք չունեք որևէ խնդիր կաթի քանակի հետ:

Կարևոր է հիշել, որ կրծքի լիքը կամ դատարկ լինելու զգացողությունը, երեխայի կուրծք ուտելու հաճախականությունը, կաթի արտահոսքը զգալը, կամ կթած կաթի քանակը կաթի քանակի ցուցանիշ չեն:

Ենթադրենք, որ դուք չգիտեք, թե արդյոք երեխան բավարար քաշ է հավաքում: Եթե օրվա ընթացքում երեխան բավարար քանակով թաց և կեղտոտ տակդիրներ է ունենում, ապա հետևյալ երևույթները կաթի քիչ լինելու նշան չեն՝

  • Երեխան հաճախ է կուրծք ուտում: Կրծքի կաթը շատ արագ է մարսվում, սովորաբար՝ 1.5-2 ժամում: Սա է պատճառը, որ կրծքով կերակրվող երեխաները ավելի հաճախ են ուտում քան արհեստական կեր ուտողները: Շատ երեխաներ ծծելու ուժեղ պահանջ ունեն: Նաև երեխաները կարող են մոր հետ լինելու կարիք ունենալ, քանի որ դա իրենց ապահովության զգացում է տալիս: Այս բոլոր պատճառները նորմալ են, և դուք երես չեք տա երեխային նրա կարիքները բավարարելով:
  • Երեխան հանկարծ սկսում է ավելի հաճախ և/կամ երկար ուտել: Ամենայն հավանականությամբ նրա մոտ կտրուկ աճի շրջան է, որը կարող է մի քանի օրից մինչև մեկ շաբաթ տևել: Երեխան ավելի հաճախ է ուտում՝ ավելացնելով ձեր կաթը: Այս շրջանում երեխային մի առաջարկեք լրացուցիչ կաթ/կեր. լրացուցիչ տալը կհասկացնի ձեր օրգանիզմին, որ երեխան շատ կաթի կարիք չունի, և ձեր կաթի քանակը կնվազի:
  • Երեխան շատ է ուտում և անհանգիստ է երեկոյան:
  • Երեխան այնքան երկար չի ուտում, որքան առաջ: Երեխաները մեծանալով սկսում են ավելի արդյունավետ կերպով ծծել:
  • Երեխան անհանգիստ է: Շատ երեխաներ օրվա որոշ ժամերին, հատկապես՝ երեկոյան, անհանգիստ են: Որոշ երեխաներ անհանգիստ են օրվա մեծ մասի ընթացքում: Սա կարող է տարբեր պատճառներ ունենալ: Երբեմն այս անհանգիստ լինելու շրջանը անցնում է ավելի շուտ, քան դուք կարողանում եք դրա պատճառները գտնել:
  • Ձեր երեխան ագահորեն մի ամբողջ շիշ արհեստական կամ կթած կաթ է խմում՝ կուրծք ուտելուց հետո: Իհարկե, եթե դուք ամեն ուտելուց հետո երեխային լրացուցիչ կաթ տաք, ձեր կաթի քանակը կքչանա:
  • Ձեր կրծքերը այլևս չեն ծորում կամ քիչ են ծորում: Ծորալը կաթի քանակի հետ կապ չունի: Ծորալը սովորաբար դադարում է, երբ կաթը կարգավորվում է:
  • Ձեր կրծքերը հանկարծ փափկում են: Սա ևս նորմալ է և կապված է կաթի կարգավորման հետ:
  • Դուք երբեք կաթի արտահոսք չեք զգում, կամ այլևս այնքան ուժեղ չեք զգում, որքան առաջ: Որոշ կանայք դա երբեք չեն զգում: Զգալը կապ չունի կաթի քանակի հետ:
  • Կթելիս շատ քիչ կաթ է գալիս: Կթած կաթի քանակությունը ձեր ունեցած կաթի քանակի լավ ցուցանիշ չէ: Լավ ծծել կարողացող երեխան ցանկացած կթիչից շատ ավելի շատ կաթ է քաշում: Կթած կաթի քանակը նաև կարող է պայմանավորված լինել կթիչով: Որոշ կանայք, որոնք լիքը կաթ ունեն, կարող են ընդհանրապես չկարողանալ կթել: Նաև նորմալ է, որ կթած կաթի քանակը ժամանակի ընթացքում նվազում է:

a

ՈՒ՞Մ ԴԻՄԵԼ, ԵԹԵ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ, ՈՐ ԿԱԹԸ ՔԻՉ Է

Եթե մտածում եք, որ կաթը քիչ է, ցանկալի է դիմել կրծքով կերակրելու մասնագետի: Եթե երեխան քաշ լավ չի հավաքում կամ կորցնում է, պետք է դիմել մակաբույժի, քանի որ պատճառը կարող է բժշկական լինել: Քաշ կորցնող երեխաների դեպքում հնարավոր է, որ լրացուցիչ կաթի կարիք լինի, քանի դեռ դուք ավելացնում եք ձեր կաթը: Եթե առանց լրացուցիչ կաթի չի լինում, փորձեք տալ ձեր կթած կաթը:

a

ՔԻՉ ԿԱԹԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ

  • Լրացուցիչ կաթը/կերը: Կրծքով կերակրելը պահանջարկի և առաջարկի շրջան է: Կաթն արտադրվում է, երբ ձեր երեխան կուրծք է ուտում: Նրա կերած կաթի քանակի հիման վրա ձեր օրգանիզմը հասկանում է, թե մյուս անգամ որքան կաթ է պետք արտադրել: Ցանկացած շիշ՝ ջուր արհեստական կամ հյութ, որ տալիս եք երեխային, ձեր մարմնի համար դառնում է ազդանշան, որ ավելի քիչ կաթ է պետք արտադրել:
  • Նախապատվությունը շշին տալը: Շշից երեխան այլ կերպ է կաթ ծծում քան կրծքից: Շշից ավելի հեշտ է կաթ խմել: Արդյունքում շիշը կարող է ազդել երեխայի կուրծք ծծելու ձևի վրա կամ կարող է բերել նրան, որ երեխան սկսի նախընտրել շիշը, քանի որ դրանից կաթն ավելի հեշտ ու արագ է գալիս:
  • Ծծակ: Ծծակը կարող է ազդել նրա վրա, թե ինչպես է երեխան կուրծք բռնում: Այն կարող է նաև զգալիորեն նվազեցնել կուրծք ծծելու տևողությունը և, հետևաբար, կաթի քանակը:
  • Կրկնապտուկներ: Կրկնապտուկները կարող են օգտակար լինել որոշ դեպքերում, բայց նրանք կարող են նաև նվազեցնել ձեր կրծքի ստիմուլյացիան և ազդել կաթի փոխանցման վրա: Սա կարող է ազդել կաթի քանակի վրա:
  • Ռեժիմով կերակրելը: Սա ևս կարող է ազդել կաթի պահանջարկ-առաջարկ շղթայի վրա և քչացնել կաթը: Կաթը կարող է պակասել միանգամից կամ մի քանի ամիս հետո: Կերակրե՛ք երեխային ըստ պահանջի:
  • Քնկոտ երեխա: Ծննդաբերելուց հետո որոշ երեխաներ կարող են մի քանի շաբաթ քնկոտ լինել և կուրծք ուտել հազվադեպ և կարճ: Քանի դեռ երեխան ինքնուրույն չի կարողանում լավ կուրծք ուտել, երեխային կերակրելու համար արթնացրեք ամեն երկու ժամը մեկ ցերեկը և չորս ժամը մեկ գիշերը:
  • Կերակրելու ժամանակը կրճատելը: Եթե դուք դադարեցնում եք կերակրել այն ժամանակ, երբ երեխան դեռ կուրծքը ծծում է, դա կարող է ազդել կաթի քանակի վրա: Սպասեք, թող երեխան ինքը վերջանցի ուտելը և կուրծքը հանի բերանից: Հիշեք, որ երեխան կաթի յուղային մասին հասնում է ուտելը սկսելուց մի որոշ ժամանակ անց, իսկ յուղային կաթը կարևոր է երեխայի քաշի համար:
  • Առաջարկում եք միայն մեկ կուրծք մեկ ուտելու ընթացքում: Սա նորմալ է, եթե դուք կաթի խնդիր չունեք և երեխան լավ քաշ է հավաքում: Սակայն եթե փորձում եք ավելացնել կաթը, ապա թողեք որ երեխան վերջացնի մի կուրծքը, հետո առաջարկեք մյուսը:
  • Երեխայի առողջական կամ անատոմիական խնդիրները, օրինակ՝ սանձիկի խնդիրը, ևս կարող են ազդել նրա վրա, թե որքան արդյունավետ է երեխան կուրծք ծծում:
  • Մոր առողջությունը, օրինակ՝ սակավարյունությունը, անցյալում կրծքի վիրահատությունը, կամ դեղամիջոցները, որ նա ընդունում է, ևս կարող են կաթի քչության պատճառ հանդիսանալ:

a

Ի՞ՆՉՊԵՍ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԿԱԹԸ

Ինչպես արդեն նշեցինք, կաթի արտադրությունը պահանջարկի և առաջարկի շրջան է: Եթե կաթը ավելացնելու կարիք կա, ապա նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչպես է այն արտադրվում: Կարդացե՛ք ՙՙԻնչպես է մեր օրգանիզմը մայրական կաթ պատրաստում՚՚ հոդվածը:

Կաթի արտադրությունը արագացնելու և կաթի քանակը շատացնելու համար, ԿԱՐԵՎՈՐ է կրծքից ավելի շատ և ավելի հաճախ կաթ հեռացնելը: Չի կարելի կրծքում կուտակել շատ կաթ՝ ՙՙթողնել, որ կուրծքը լցվի՚:

Այսպիսով, ինչպես ավելացնել կաթը:

  • Համոզվեք, որ երեխան լավ է կուրծք ուտում, այսինքն՝ լավ կուրծքը ՙՙդատարկում՚՚ է: Սա կօգնի կրծքից շատ կաթ հանել: Եթե կաթը լավ չի հեռացվում կրծքից, ապա մոր կաթի պաշարը նվազելու է: Եթե կերակրելու դիրքը լավը չէ, իսկ երեխան ճիշտ կուրծք չի բռնում, ապա նա արդյունավետ կերպով կաթ չի կարող հեռացնել: Երեխայի քնկոտ լինելը, կրկնապտուկը, կամ վերը նշված առողջական և անատոմիական խնդիրները կարող են ազդել այս ամենի վրա: Եթե երեխան լավ կաթ չի քաշում, ապա մայրը պետք է կթի կրծքերը կերակրելուց հետո և տարբեր կերակրելու սեանսների արանքում, քանի դեռ երեխայի արդյունավետ ծծելու հարցը չի լուծվել:
  • Կերակրեք հաճախ և այնքան երկար, քանի դեռ երեխան ակտիվ ծծում է: Հիշե՛ք, որ ձեր նպատակն է հնարավորինս շատ և հաճախ կաթ հեռացնել կրծքերից: Եթե երեխան քաշի հետ կապված խնդիր ունի, կերակրեք առնվազն 1.5-2 ժամը մեկ ցերեկը և ամեն 3 ժամը մեկ գիշերը:
  • Վերցրեք ՙՙկերակրելու արձակուրդ՚՚: Երեխայի հետ անկողնում անցկացրեք 2-3 օր, ուրիշ ոչինչ մի արեք, միայն հաճախ ու երկար կերակրեք և լավ հանգստացեք:
  • Կերակրելուց երկու կուրծքն էլ առաջարկեք: Թողեք թող երեխան վերջացնի մի կուրծքը, ապա առաջարկեք մյուսը:
  • Ամեն կերակրելուց մի երեք անգամ կրծքերը փոխեք: Փոխեք, երբ երեխան քնում է կամ սկսում է կոմֆորտի համար ծծել, կամ կորցնում է հետաքրքրությունը: Ամեն կուրծքը փորձեք ամեն կերակրելուց երկու անգամ առաջարկել: Մերսեք կրծքերը կերակրելիս:
  • Խուսափեք ծծակներից և շշերից: Երեխայի ծծելու կարիքները պետք է բավարարվեն կրծքով: Եթե ստիպված եք լրացուցիչ կաթ/կեր տալ, տվեք գդալով, բաժակով կամ այլ այլընտրանքային մեթոդով:
  • Երեխային միայն կրծքի կաթ տվեք: Խուսափեք ջրից, հավելյալից, կամ արհեստականից, եթե երեխան վեց ամսականից փոքր է: Եթե օրական 60մլ-ից ավելի լրացուցիչ արհեստական կեր եք տալիս, լրացուցիչից հրաժարվեք աստիճանաբար:
  • Հոգ տարեք մայրիկի մասին: Հանգստացեք, քնեք, երբ երեխան է քնում, թուլացրեք ձեզ, խմել շատ հեղուկ, և առողջ սնունդ օգտագործեք:
  • Մտածեք կթելու մասին: Ամեն կերակրելուց հետո կթելը, կամ երկու կերակրելու արանքում կթելը կարող են շատ արդյունավետ լինել: Շատ կարևոր է կթել, երբ երեխան լավ չի ուտում: Կթելը կարող       է արագացնել կաթը շատացնելու պրոցեսը: Ձեր նպատակն է ավելի շատ կաթ հեռացնել կրծքից կամ ավելացնել կրծքերը դատարկելու հաճախականությունը: Կթելիս համոզվեք, որ կթիչը լավ է կթում: Կթեք վերջին կաթիլը կթելուց հետո՝ երկուսից հինգ րոպե: Նաև շատ արդյունավետ կարող է լինել մեկ առանձին կթելու սեանս ավելացնելը:
  • Մտածեք գալակտագոգ՝ կաթ ավելացնող բույսեր և դեղեր օգտագործելու մասին:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/got-milk/supply-worries/low-supply/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

Ուժեղ արտահոսք և կաթի գերառաջարկ
Կրծքերս դատարկ են թվում. արդյո՞ք կաթս քչացել է