Որքան հաճախ պետք է փոխել կուրծքը կրծքով կերակրելու ընթացքում


«Որքա՞ն հաճախ պետք է փոխել կուրծքը կերակրելու ընթացքում», այս հարցը կրծքով կերակրման խորհրդատուներին ամենահաճախ տրվող հարցերից մեկն է: Համացանցում տարբեր կարծիքներ են հնչում. որոշ մայրեր յուրաքանչյուր կերակրման ընթացքում երկու կրծքով էլ կերակրում են, իսկ մյուսները կարող են կրծքերը փոխել երեք-չորս ժամը մեկ: Ո՞ր մոտեցումն է ճիշտ:

 

Ընդհանուր պատասխանը մեկն է՝ կուրծքը փոխում են, երբ այն “դատարկվել” է:

 

Կրծքերի տարողունակությունը բոլորի մոտ տարբեր է, ինչը նշանակում է, որ եթե մի մոր մոտ կրծքում կարող է 200մլ կաթ հավաքվել, ապա մյուսի մոտ կարող է հավաքվել ընդամենը 100մլ: Առաջին մոր կրծքերը ավելի դանդաղ կդատարկվեն, քան երկրորդինը: Երկուսի մոտ էլ օրվա ընթացքում կարող է արտադրվել նույն քանակի կաթ, սակայն մի պայմանով, որ երկրորդ մայրը կուրծքը հաճախ է փոխում: Այսպիսով, հնարավոր է, որ մայրերից մեկը կրծքերը փոխի երեք ժամը մեկ, իսկ մյուսը ստիպված լինի փոխել կես ժամը մեկ:

 

Կարևորը այն է, որ մայրը հետևի, թե որքան լավ է դատարկվում կուրծքը կերակրելու ընթացքում: Ամենասկզբում,  երբ կուրծքը լիքն է, կամ երբ տեղի է ունեցել կաթի արտահոսք, երեխաները կուրծքը ծծում են ակտիվ և ավելի հաճախ են կուլ տալիս: Երբ երեխան արդեն կերել-վերջացրել է կաթի հիմնական մասը, նա շարունակում է ծծել, բայց կուլ է տալիս ավելիուշ-ուշ՝ երեք-չորս անգամ ծծում է, և մեկ անգամ կուլ տալիս: Եթե մայրը նկատում է, որ երեխան է՛լ ավելի ուշ-ուշ է կուլ տալիս, նշանակում է, որ կարելի է կուրծքը փոխել: Մեկ այլ տարբերակ է կուրծքը երեխայի բերանից հանելը և թեթև ձեռքով կթելը: Եթե նկատում եք, որ կաթը շիթով է հոսում, ապա կարող եք նորից նույն կուրծքը տալ: Իսկ եթե կրծքից կաթը գալիս է մուգ սպիտակ գույնի կաթիլներով, կամ ընդհանրապես չի գալիս, ուրեմն կուրծքը փոխելու ժամանակն է: Չենք մոռանում նաև սեփական զգացումների մասին: Եթե զգում եք, որ երեխան լավ կերել է մի կրծքից, բայց ցանկանում եք առաջարկել նաև մյուսը, ապա պետք է լսել սեփական մարմինը և հենց այդպես էլ անել:

 

Հաճախ հնչող խորհուրդը՝ փոխել կուրծքը երեք ժամը մեկ, ճիշտ է մեծ տարողունակությամբ կրծքեր ունեցող մայրերի դեպքում: Մեծ տարողունակություն ունեցող կրծքի դեպքում երեխան նույնիսկ մեկ կերակրման ընթացքում կարող է չհասցնել հասնել հետին՝ ավելի բարձր յուղայնությամբ կաթին: Նման դեպքերում, եթե մայրը հաճախ փոխի կրծքերը, ապա երեխան կստանա միայն առաջնային՝ ցածր յուղայնությամբ կաթ: “Ուժեղ արտահոսք և կաթի գերառաջարկ” hոդվածը կարող է օգտակար լինել, եթե դուք ունեք հիպերլակտացիա՝  կաթի գերառաջարկ, երբ կաթը միշտ շատ առատ է և երեխան չի հասցնումուտել այն: Նման խնդիրի դեպքում երեք-չորս ժամը մեկ կուրծք փոխելը կարող է օգնել երեխային ստանալ ավելի բարձր յուղայնությամբ կաթ, սակայն եթե կրծքերի տարողունակությունը փոքր է, ապա կերակրման այս ձևը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, և երեխան չկարողանա ստանալ իրեն անհրաժետ քանակությամբ կաթ:

 

 

Ամփոփենք՝

 

  • Եթե մայրը գիտի, որ իր կրծքերը շատ են լցվում և մի կերակրման ընթացքում երեխան չի հասցնում դատարկել մի կուրծքը, ապա կրծքերը կարելի է փոխել որոշակի ժամանակացույցով՝ երեք-չորս ժամը մեկ, նույնիսկ եթե այդ ընթացքում երեխան ստիպված լինի սնվել նույն կրծքով:
  • Եթե մայրը զգում է, որ երեխան մի կերակրման ընթացքում դատարկում է մի կուրծքը, սակայն ցանկանում է շարունակել ուտելը,  ապա հանգիստ կարող է մեկ կերակրման ընթացքում մի քանի անգամ փոխել կուրծքը: Սա կօգնի, որ երեխան ուժերը չվատնի գրեթե դատարկ կուրծքը ծծելու վրա:
  • Մայրերի մեծ մասը կերակրելու ընթացքում կուրծք փոխելու կարիք չունի: Սակայն այդ մայրերը կարող են կերակրելու վերջում երեխային առաջարկել նաև մյուս կուրծքը, նույնիսկ եթե բալիկը դրանից ընդամենը մեկ կամ երկու կում անի:
  • Հետաքրքիր է, որ ժամանակի հետ կրծքի տարողունակությունը փոխվում է: Կրծքագեղձի մի մասը առավել ակտիվ աշխատում է կրծքով կերակրման առաջին մեկ-երկու ամիսների ընթացքում, իսկ հետո “քնում” է մինչև մյուս հղիությունը: Դրա փոխարեն սկսում է  ավելի ակտիվ աշխատել կրծքագեղձի մյուս հատվածը: Պրակտիկ կյանքում սա նշանակում է, որ այն մայրերը, որոնք առաջին ամիսներին ունեն կաթի գերառաջարկ, որոշ ժամանակ անց այլևս այդ խնդիրը չեն ունենա և կսկսեն ավելի հաճախ փոխել կրծքերը: Իսկ մայրերի մեծ մասը մեկ կերակրման ընթացքում մեկ կրծքի փոխարեն կսկսի երեխային կերակրել երկու կրծքով: Թե դա երբ տեղի կունենա, անհատական է և պայմանավորված է մոր օրգանիզմի առանձնահատկությամբ:
  • Որոշ մայրեր կարող են սխալ հետևությունների զոհ դառնալ: Եթե կուրծքը դառել է ավելի փափուկ և մայրերը զգում են, որ պետք է կերակրման ընթացքում ավելի հաճախ փոխեն կուրծքը, դա դեռ չի նշանակում, որ երեխան ավելի քիչ կաթ է ուտում: Կաթի քանակի բավարար լինելու կամ չլինելու միակ օբյեկտիվ ցուցանիշը երեխայի քաշի դինամիկան է: Եթե երեխան նորմալ քաշ է հավաքում, ապա կարևոր չէ, թե քանի անգամ է մայրը կուրծքը փոխում կերակրելու ընթացքում:

 

Հեղինակ՝ Իրինա Ռյուխովա

Աղբյուրը՝ http://new-degree.ru/articles/mother/smena/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Բոլոր կրծքերը կարող են կերակրել