Օգնե՛ք. երեխաս հրաժարվում է կրծքից


Այս հոդվածում նկարագրվում են հնարքներ, որոնք շատ մայրերի օգնել են կրծքից հրաժարվող երեխաների դեպքում: Այս հնարքները կարող եք օգտագործել եթե ունեք՝

  • նորածին կամ ավելի մեծ որդեգրված երեխա, որը կրծքով կերակրելու հետ խնդիրներ ունի,

  • նախկինում կրծքից կտրված/կրծքից հրաժարված երեխա, ում ցանկանում եք նորից կրծքով կերակրել,

  • երեխա, որը լրջորեն դիմադրում է կրծքով կերակրելուն  կամ նույնսիկ կրծքով կերակրելու դիրք ընդունելուն,

  • երեխա, որը շփոթում է կուրծքը ծծակի հետ (nipple confusion),

  • երեխա, որը անհանգիստ ուտող է,

  • երեխա, որը հրաժարվում է կուրծք ուտելուց (nursing strike)

Նույնիսկ այն երեխային, որը համառորեն հրաժարվում է կրծքից, հնարավոր է նորից կուրծք տալ: Սակայն ձեզ անհրաժեշտ կլինի ժամանակ, համբերություն, և հաճախ կերակրելու պատրաստակամություն: Հաշվեք՝ երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ:

Եթե հոգնել եք ձեր չուտող երեխայի հետ պայքարելուց, կարդացեք այս հոդվածը: Եթե ձեր նորածինը լավ կուրծ չի բռնում, հիշե՛ք, որ բոլոր վատ բռնող երեխաները սկսում են նորմալ կուրծք բռնել չորսից ութ շաբաթականում:

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Հետևեք հետևյալ կանոններին.

Կան երկու հիմնական կանոններ, որոնց պետք է հետևել, եթե կերակրելու հետ խնդիրներ կան.

  • Կերակրեք երեխային: Այն երեխան, որը ստանում է իրեն անհրաժեշտ կալորիաները և սնունդը, ավելի լավ է սովորում, թե ինչպես պետք է կրծքով սնվել: Առաջին ընտրությունը հենց մոր կաթն է, երկրորդ ընտրությունը այլ ստուգված մոր կաթը, երրորդ ընտրությունը՝ արհեստական կերը:

  • Արեք ամեն ինչ ձեր կաթի քանակը պահպանելու համար՝ անհրաժեշտ հաճախականությամբ և քանակով կթելով կուրծքը: Այսպիսով դուք և՛ ժամանակ կշահեք, և՛ երեխան ավելի հեշտ կվերսկսի կրծքով սնվելը:

Խորհուրդներ կրծքով կերակրելու պրոցեսի համար

  • Շատ զգուշորեն և երեխային օգնելով ընտրեք լավ կերակրելու դիրք: Խաչաձև օրրանի դիրքը կամ հարմարեցված ֆուտբոլային դիրքը լավ տարբերակներ են:

  • Եթե երեխան դեմ չի այդ դիրքերին, փորձեք տասը րոպե կերակրել: Եթե երեխան սկսում է նեղվել, կերակրեք ավելի կարճ: Մի փորձեք կերակրել տաս րոպեից ավելի երկար՝ երեխան կհոգնի, կուրծք բռնելը ավելի կդժվարանա, և հնարավոր է երեխան ավելի համառորեն սկսի հրաժարվել:

  • Եթե երեխան լուրջ դիմադրություն է ցույց տալիս, դադարեցրեք կերակրելը և մի առ ժամանակ նորից մի առաջարկեք: Հանգստացրեք երեխային նախքան կրծքով կերակրելը շարունակելը՝ թողեք երեխան ծծի ձեր մատը, դրեք ձեր կրծքերի արանքում, կամ տվեք հորը:

  • Երբեմն կարելի է երեխային տալ մի փոքր կթած կաթ նախքան նորից փորձելը. դա կկոտրի երեխայի քաղցը և ավելի համբերատար կդարձնի: Եթե դուք փորձում եք կերակրել, սակայն քաղցը երեխային ավելի դյուրագրգիռ է դարձնում, կերակրեք կթած կաթով: Եթե երեխան կամ դուք հատուկ լարված եք, կթած կաթով կերակրեք այնքան, որ երեխան կշտանա: Սակայն եթե նույնիսկ մի փոքր հնարավորություն եք տեսնում կրծքով կերակրելու համար, մի քիչ կթած կաթ տվեք հանգստացնելու և քաղցը կոտրելու համար և փորձեք կերակրել:

  • Եթե երեխան լավ կուրծք չի բռնում, կամ լավ չի քաշում կամ նույնիսկ գոնե երեք անգամ չի քաշում, այդ դեպքում կերակրեք կուրծքը մերսելով՝ միաժամանակ կրծքի մոտ նրան պահելով և կթած կաթ տալով: Եթե այդպես էլ չի ստացվում, տվեք 15 գրամ կթած կաթ և հետո նորից փորձեք կուրծք տալ: Եթե երկրորդ անգամ ևս չի հաջողվում կերակրել, կուշտ կերակրեք կթած կաթով:

  • Բոլոր այն դեպքերում, երբ երեխան ընդհանրապես կուրծք չի ուտում կամ լավ չի ուտում, կրծքերը կերակրելուց հետո կթեք: Սա կօգնի ձեզ պահպանել կաթի քանակը և ձեզ կապահովի կաթով այն դեպքերի համար, երբ լրացուցիչ կաթի կարիք կա:

Կերակրե՛ք երեխային

  • Երբ փորձում եք երեխային հետ բերել կրծքին, նրան քաղցած թողնել չի կարելի: Մի լսեք այն մարդկանց, ովքեր ձեզ ասում են, որ երեխան ստիպված կուտի երբ լավ սոված կլինի:

  • Սովորաբար երեխաները կուրծք չեն ուտում, քանի որ չեն կարողանում: Ձեր նպատակն է հասկանալ, թե ինչու երեխան չի կարողանում ուտել, աշխատել այդ պատճառների վերցման ուղղությամբ և պահպանել ձեր կաթի քանակը մինչև խնդիրը լուծվի: Որակավորված կրծքով կերակրելու մասնագետը այս հարցում ձեր լավագույն օգնականն է:

  • Երեխային պահեք այնպես, որ նա ուրախ լինի, շարունակեք տալ կթած մայրական կաթ, ուրիշի կաթ, արհստական կամ հավելյալ, եթե երեխան բավական մեծ է դրա համար, և աստիճանաբար ավելի մոտիկ դարձրեք նրան կրծքին:

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԿԱԹԻ ՔԱՆԱԿԸ, ԵՐԲ ԵՐԵԽԱՆ ԿՈՒՐԾՔ ՉԻ ՈՒՏՈՒՄ

Անչափ կարևոր է շարունակել կթել կաթի քանակը պահպանելու համար, երեխային կրծքին վերադարձնելու ընթացքում: Կարդացե՛ք [Establishing and maintaining milk supply when baby is not nursing. շուտով] հոդվածը:

ՓԱՅՓԱՅԵ՛Ք ԵՐԵԽԱՅԻՆ ԿՐԾՔԻ ՄՈՏ

Ընդհանուր հնարքներ

Փայփայե՛ք երեխային կրծքի մոտ: Մի փորձեք երեխային ստիպել կուրծք բռնել: Երեխային ստիպելը չի աշխատելու և ավելորդ երեխային լարվածության մեջ է գցելու, որը կարող է երեխային ստիպի էլ ավելի համառորեն հրաժարվել կրծքից: Երբ երեխան սկսի կուրծք ուտել և ավելի շատ կաթ քաշել ուտելու ընթացքում, նա կհասկանա, որ կրծքով սնվելը աշխատում է և ավելի համբերատար կլինի:

  • Հագեք այնպիսի հագուստ, որ հեշտությամբ կուրծք տաք: Երեխաները կարող են շատ անհամբեր լինել, և ամեն վայրկյան դառնա կարևոր  արագ կուրծք տալու համար:  տաք սենյակում երեխայ հետ ժամանակ անցկացրեք, նրան մերկացրեք և դրեք ձեր մինչև գոտկատեղը մերկ մարմնի վրա:

  • <<Մաշկը մաշկին>> հպումը կարող է երեխային օգնել ավելի լավ կուրծք վերցնել և նույնիսկ ավելի արագ քաշ հավաքել: Երեխային ձեզ կպած պահեք որքան հնարավոր է շատ և հաճախ կերակրելու փորձեր արեք, նույնիսկ եթե դա ձեզ չի հաջողվում: <<Մաշկը մաշկին>>դրեք, անմիջապես շշով կամ լրացուցիչ կաթ տալուց հետո կամ երբ նա քնկոտ է:  Այսպիսով երեխան հնարավորություն կունենա հանգիստ քնել և ուրախ տրամադրությամբ արթնանալ, լինել երկար ժամանակ մամայի հետ և միանգամից գտնել մոր կուրծքը, երբ քաղցած է: Եթե երեխան սկսում է շարժվել դեպի կուրծքը և քնում է դեռ պտուկին չհասած կամ մեկ-երկու անգամ ծծելուց հետո, դա դրական տեղաշարժ է, այլ ոչ անհաջողություն:

  • Հաճախ կուրծք առաջարկեք: Փորձեք կերակրել երեխային իր սիրած վայրերում, իր սիրած դիրքով, լոգարանում, քայլելով, պառկած, երեխային ուղղահայաց դիրքով պահելով, երեխան մեջքի վրա պառկած, քնած ժամանակ, հենց զարթնելուց հետո, այսինքն ցանկացած ժամանակ, երբ նա կարող է կրծքով հետաքրքրված լինել, կամ երբ իր մտքով անցնում է կերակրել: Ցանկացած տեղ, ցանկացած պահին:

  • Մի ստիպեք երեխային: Կուրծքը առաջարկեք սովորականի նման և ձև արեք, թե խնդիր չկա, եթե չուտի: Իհարկե ավելի հեշտ է ասելը քան անելը, բայց գոնե երեխային ցույց մի տվեք ձեր լարվածությունը: Մի սեղմեք երեխայի գլուխը կամ վիզը կրծքին: Եթե երեխան գլուխը հեռացնում է կրծքից, մի փորձեք նրան միանգամից նորից դնել կրծքին: Փորձեք մի փոքր ուշ: Եթե երեխան լարվում է կուրծք առաջարկելուց, թուլացրեք լարվածությունը: Մաշկը մաշկին արեք այնպես, որ կուրծքը նրան հասանելի լինի:

  • Երեխային ձեզ մոտիկ պահեք՝ սլինգի կամ կենգուրուի օգնությամբ: Ձեր վրա ՙհագեք՚ երեխային, խաղացեք նրա հետ, երեխային շատ ուշադրություն դարձրեք:

  • Քնեք երեխային մոտ: Երեխայի մոր հետ քնելը ավելի շատ մաշկը մաշկին լինելու հնարավորություն է տալիս և կուրծքը երեխային ավելի հասանելի է դարձնում: Եթե երեխան ձեզ հետ նույն անկողնում չի քնում, նրա մահճակալը դրեք ձեր մահճակալի կողքին կամ նույն սենյակում. դա կօգնի ձեզ ավելի շուտ հասկանալ որ նա սոված է, կերակրելը գիշերը և հեշտ նորից քնել:

  • Կրկնապտուկները կարող են օգտակար լինել երեխային կրծքին վերադարձնելու համար: Խորհրդակցե՛ք ձեր կրծքով կերակրման մասնագետի հետ կրկնապտուկ օգտագործելու անհրաժեշտության մասին:

  • Սկզբում երեխաները կսկսեն ուտել հանգստանալու համար, հետո՝ սնվելու: Ամեն հարմար պահի կուրծք առաջակեք կոմֆորտի համար, օրինակ ՝ երբ երեխան արդեն կերել է ու կուշտ է և ուղղակի ծծել է ցանկանում, կամ երբ սկսում է քնել: Երբ երեխան նորից կուրծք վերցնի կոմֆորտի համար, կամաց կամաց փորձեք նաև կերակրել կշտացնելու համար:

Ձեր նպատակը երեխային նորից կրծքով հրապուրելն է: Փայփայեք նրան, մի ստիպեք:

“Ակնթարթային պարգևատրում” հնարքը

Եթե նորածինը կուրծք բռնել  չի կարողանում կամ ավելի մեծ երեխան չի համբերում երբ կսկսվի արտահոսքը, փորձեք հետևյալ հնարքները:

  • Ձեռքով կթեք մինչև սկսվի արտահոսքը, և երեխային կուրծք տվեք արտահոսքը սկսվելուց հետո: Այսպիսով երեխան միանգամից լավ հոսքով կաթ կստանա:

  • Եթե կրկնապտուկ եք օգտագործում, փորձեք կրկնապտուկի ծայրը կաթով լցնել երեխային կուրծք տալուց առաջ: Այսպիսով երեխան միանգամից մի քիչ կաթ կստանա դեռ ակտիվ ուտելը չսկսած:

  • Կթած կաթ քսեք ձեր պտուկին երեխային կուրծքը տալուց առաջ: Կարող եք շարունակել կաթ կաթացնել պտուկի վրա կերակրելու ժամանակ մինչև արտահոսքի սկսելը: Ուղղակի կաթացրեք երեխայի վերին շրթունքի և պտուկի հատման կետում:

  • Եթե երեխան ուտում է արտահոսքի ժամանակ, սակայն դադարեցնում է ուտելը հոսքը դանդաղեցնելուց հետո, մերսեք կուրծքը հոսքը նորից արագացնելու համար:

Մաշկը մաշկին/ հետ հենված դիրքով կերակրելը

Մաշկը մաշկին մեթոդը և հետ հենված կերակրելը կարող են շատ օգտակար լինել: Հնարքներից մեկը նաև երեխայի հետ լոգանք ընդունելուց կերակրելն է: Մայրը լոգարանում պառկում է  տաք ջրի մեջ երեխայի հետ: Երեխային դնում է փորի հատվածում՝ ջրի մեջ: գուրգուրեք երեխային, խոսեք նրա հետ: Սա կարող է ժամանակ պահանջել, սակայն երեխան կարող է սկսել շարժվել դեպի կուրծքը, փնտրել պտուկը և սկսել ուտել: Կարևոր է այս տարբերակի դեպքում ունենալ մեկին, որը կլինի ձեզ հետ և ուշադիր կլինի ձեր և երեխայի անվտանգությանը:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՇԽԱՏԵԼ ԱՅՆ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ, ՈՐԸ ԱԿՏԻՎՈՐԵՆ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է ԿՈՒՐԾՔ ԲՌՆԵԼՈՒՆ

Համոզվեք, որ դիմադրելու պատճառը որևէ ֆիզիկական խնդիր չէ: Կարո՞ղ է երեխան ծննդաբերության հետ կապված վնասվածք ունի, որի պատճառով կերակրելու դիրքը նրան ցավ է պատճառում: Արդյո՞ք երեխան խնդիր ունի շնչելու հետ՝ ծծելուց և կուլ տալուց: Կարո՞ղ է պատճառը ուժեղ ռեֆլուքսն է, որը ուտելը ցավալի է դարձնում: Կարո՞ղ է երեխայի կոկորդն է ցավում կուլ տալու ժամանակ:

Երբեմն երեխան ագրեսիվ կերպով հրաժարվում է ուտելուց առանց որևէ հատուկ պատճառի: Այս երեխան նաև կդիմադրի, երբ փորձեք նրան գրկել: Նա կարող է նաև գերակտիվ լինել:   Նման երեխաների դեպքում ևս հնարավոր է վերսկսել կրծքով կերակրելը,  սակայն դա պետք է արվի զգուշորեն՝ այնպես, որ երեխան իրեն հանգիստ զգա և չլարվի կուրծք ուտելիս:

La Leche League-ը նշում է[1] երեխային կրծքին վերադարձնելու փուլերի հետևյալ հերթականությունը՝

  • Երեխան ագրեսիվ կերպով պայքարում է կուրծք ուտելու դեմ:

  • Երեխան ավելի շատ է լաց լինում գրկած քան պառկած վիճակում:

  • Երեխան ցանկանում է այլ դիրքով լինել գրկում, նույնիսկ եթե չի ցանկանում լինել դասական օրորոցային դիրքում:

  • Երեխան համաձայնվում է լինել դասական օրորոցային դիրքում:

  • Երեխան փորձում է դիրքավորվել կրծքի մոտ:

  • Երեխան փորձում է լպստել կրծքի վրայի կաթը:

  • Երեխան փորձում է ծծել՝ բռնելով և թողնելով կուրծքը:

  • Երեխան կրծքից կաթ է ծծում:

  • Երեխան լավ ուտում է, նույնիսկ արտահոսքից առաջ:

Եթե դուք շատ եք տանջվել երեխային կուրծք տալու համար և երեխան շարունակում է դիմադրել, մի փոքր դադար տվեք և մի քանի օր մի փորձեք կերակրել: դա կօգնի թուլացնել ձեր և երեխայի լարվածությունը: Մի քանի օր հետո զգուշությամբ և փայփայելով նորից կուրծք առաջարկեք:

  • Սկսեք շշով կամ այլ տարբերակով կերակրելուց: Կերակրեք այն դիրքով, որով սովորաբար կուրծք եք տալիս՝ առանց կուրծք առաջարկելու: Եթե երեխան հենց սկզբից դիմադրում է, կերակրեք երեխային գրկած կամ կրելու հատուկ հարմարանքի մեջ՝ դեմքը դեպի դուրս:

  • Աշխատեք երեխայի հետ այնքան, որ նա իրեն հարմար զգա գրկած, հետո գրկեք կերակրելու դիրքով:

  • Երբ երեխան արդեն սկսում է իրեն հանգիստ զգալ կերակրելու դիրքում, փորձեք մաշկը մաշկին մեթոդը: Մի ստիպեք երեխային կուրծք բռնել, եթե նա իրեն կերակրելու դիրքում դեռ հանգիստ չի զգում: Ձեզ պետք է անել այնպես, որ նա իրեն այդ դիրքում լավ զգա:

  • Երբ երեխան կրծքի մոտ գրկած իրեն լավ է զգում, փորձեք նրան կրծքով կերակրել:

  • Հաջորդ քայլը կլինի հանգստանալու համար կուրծք առաջարկելը, երբ երեխան կիսաքնած է: Կողքի դիրքով կերակրելը կարող է օգնել, քանի որ այն ավելի շատ մարմնական շփում է թույլ տալիս: Որոշ երեխաներ կուրծք են սկսում ուտել շշից ուտելուց հետ, կամ հենց մեջտեղում:

  • Երբ երեխան սկսում է կուրծք ուտել հանգստանալու համար, սկսեք աշխատել լիարժեք կրծքով կերակրելու ուղությամբ:

ՇԻՇ ՏԱԼ, ԹԵ՝ ՉՏԱԼ

Շատ փորձագետներ գտնում են, որ չպետք է երեխային շիշ կամ ծծակ տալ քանի դեռ նա սովորում է ճիշտ կուրծք բռնել: Պետք ՝ օգտագործել երեխայի ծծելու պահանջը նրան կրծքով ճիշտ ուտել սովորեցնելու համար: Եթե երեխան խառնում է պտուկը ծծակի հետ, ամենաճիշտը ծծակից և շշից խուսափելն է:  Եթե երեխան ընդհանրապես կուրծք չի բռնում, դուք պետք է ճիշտ համատեղեք շշով տալը երեխայի ծծելու և հանգստանալու պահանջի հետ:

Խնդրում ենք, փորձե՛ք կիրառել կաթը երեխային տալու այլընտրանքային մեթոդներ, օրինակ՝ կերակրելու օժանդակ համակարգը (nursing supplementer, SNS), ներարկիչով կերակրելը, մատով կերակրելու հարմարանքը, ճկուն բաժակով կամ գդալով կերակրելը, և այլն: Կերակրելու օժանդակ համակարգը կարող է ձեզ շատ օգնել: Այն խրախուսում է երեխային ծծել կուրծքը՝ նրան կաթի լավ հոսքով ապահովելով: Այդ ընթացքում երեխան ստիմուլյացիա է անում ձեր կուրծքը կաթ արտադրելու համար:

Եթե նախնտրում եք շիշ օգտագործել, դա աշխարհի կամ կրծքով կերակրելու վերջը չէ: Որոշ մայրերի համար շիշ օգտագործելը ավելի հեշտ է: Եթե ձեզ համար այլընտրանքային ձևով կերակրելը շատ դժվար է կամ չի աշխատում, շիշը կօգնի ձեզ չհանձնվել և շարունակել փորձել կրծքով կերակրել: Չնայած շիշը ունի իր շատ լուրջ վտանգները, լավ կրծքով կերակրելու մասնագետը կարող է ձեզ կօգնել նորից կրծքով կերակրել անկախ նրանից դուք շիշ օգտագործում եք, թե՝ ոչ:

Երբ շիշ եք օգտագործում, այնպես արեք, որ երեխան լայն բացի բերանը շիշը վերցնելուց: Ծծակով քսեք երեխայի քթիկին և շրթունքներին և սպասեք որ նա լայն բացի բերանը: Թույլ տվեք, որ երեխան ինքը վերցնի ծծակը բերանի մեջ: Սա երեխային կսովորեցնի ուտելու համար լայն բացել բերանը, որը շատ կարևոր է նաև կրծքով կերակրելու համար:

Կրծքից հրաժարվելը

Երբ երեխաները շատ կտրուկ հրաժարվում են կրծքից, դա ավելի շուտ կուրծքը բոյկոտել է քան կրծքից կտրվել:  Երեխաները սովորաբար ինքնուրույն կրծքից չեն կտրվում մինչև  18-24 ամսական դառնալը: Կրծքից կտրվելը գրեթե երբեք կտրուկ չի լինում:

Արդյո՞ք երեխան կուրծք կուտի կիսաքնած կամ հենց նոր զարթնած ժամանակ: Այդ պահերը ամենալավն են կրծքով կերակրել փորձելու համար: Նաև կարող է օգնել պառկած կամ քայլելով կերակրելը:

Քանի դեռ երեխան այնքան հաճախ չի ուտում, որքան առաջ, դուք կարող եք կթել կաթը կաթի քանակը պահպանելու, կրծքի ցավ չունենալու և խցանված ծորաններից կամ մաստիտից խուսափելու համար:

Հեղինակ՝ Քելլի Բոնյատա

Աղբյուրը՝ http://kellymom.com/bf/concerns/child/back-to-breast/

Թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Copyright © 19 November 2014 kellymom.com. Reprinted with permission from kellymom.com, which does not endorse any particular uses of this translated document. kellymom.com is not responsible for the completeness or the accuracy of the translation.

[1] Աղբյուր՝  Mohrbacher N, Stock J. The Breastfeeding Answer Book, Third Revised Edition. Schaumburg, Illinois: La Leche League International, 2003, էջ. 136-137.

Արդյո՞ք պետք է դադարեցնել կերակրելը, եթե երեխան ատամ է հանում