Օգնեք: Երեկոյան երեխաս անհանգիստ է ու կաթս չի հերիքում:


shutterstock_164618243Երեխաների համար բնական է երեկոյան ժամերին լինել շատ անհանգիստ և անդադար պահանջել, որ մայրը իրենց կերակրի: Ծնողներից հաճախ կարելի է լսել «Իմ աղջիկը ժամը 6-ից 10 անդադար ուզում է ուտել» կամ «Իմ տղայի հետ չենք կարողանում նստել: Հենց գալիս է երեկոն,  պետք է նրան գրկենք ու անդադար քայլենք, որպեսզի նա հանգիստ լինի»:

Ի՞նչ է խմբակային ուտելը

Խմբակային ուտելը, այն է, երբ երեխան օրվա որոշակի ժամերին ուտում է հաճախակի իսկ մյուս ժամերին ավելի է երկարացնում ուտելու արանքում ընկած ժամանակահատվածը: Սա կարող է լինել օրվա ցանկացած ժամին, բայց շատ հաճախ լինում է հատկապես երեկոյան: Սրանից հետո հաճախ, բայց ոչ միշտ, երեխան սովորականից ավելի երկար է քնում` իբրև կաթի պաշար էր հավաքում քնելուց առաջ: Օրինակ, ձեր երեխան 18:00-22:00 ժամանակահատվածում կարող է ուտել ամեն ժամը մեկ, կամ ավելի հաճախ, և հետո քնել շատ երկար` նույնիսկ ամբողջ գիշերը:

Խմբակային ուտելը կարող է անցնել շատ հանդարտ: Սակայն ավելի հաճախ այն համընկնում է երեխայի անհանգիստ լինելու հետ: Երեխան ուտում է մի քանի րոպե, բրդում է կուրծքը, հեռվանում է կրծքից, լացում է, անհանգիստ է լինում, հետո նորից վերադառնում կրծքին և այսպես ժամեր շարունակ: Երբեմն երեխան կարող է քնել կրծքի վրա, բայց անմիջապես զարթնում է, եթե փորձեք նրան պառկացնել իր անկողնում: Սա շատ նյարդայնացնող է, և մայրը սկսում է մտածել, որ նա բավականին կաթ չունի, կամ որ նա ինչ որ բան է կերել և հիմա երեխան այդ կաթը չի ուզում: Այս իրավիճակը կարող է հեշտությամբ կոտրել մայրիկի ինքնավստահությունը, հատկապես եթե տան մնացած անդամները սկսեն նույն հարցերը տալ` մայրը, ամուսինը, սկեսուրը:

Այսպիսով, խմբակային կերակրումները  նորմալ են: Դրանք ոչ մի կապ չունեն ձեր կաթի կամ ձեր պահվածքի հետ: Եթե երեխան օրվա մյուս ժամերին երջանիկ է և այդ պահերին նրա ինչ որ տեղը չի ցավում (օրինակ փորը), պետք է ուղղակի շարունակել փորձել երեխային հանգստացնել առանց բուռն պատճառը փնտրելու: Թողեք, որ երեխան կրծքից ուտի այնքան, ինչքան նա ցանկանում է: Խնդրեք հայրիկին այդ ընթացքում ձեզ բերել սնունդ/հյութ կամ գիրք/հեռախոս և այլն, մինչ դուք նստած կերակրում եք երեխային կամ ուղղակի պահում եք նրան ձեր կրծքի վրա:

Արդյո՞ք սա նշանակում է, որ իմ երեխան ավելի շատ կաթի կարիք ունի, քան ես ունեմ

Ոչ: Խմբակային ուտելը կապ չունի սոված լինելու հետ: Մի՛ տվեք ձեր երեխային արհեստական կաթ:

«Բայց ախր հենց նոր կերավ» կամ «Դե երեխան սոված է մնում, դրա համար էլ չի քնում» կամ «Կաթ չկա, դրա համար էլ նյարդայնանում է այս պահերին» հաճախակի լսվող նախադասություններից են: Ցավոք, եթե մայրը հուսահատված շշով արհեստական կաթ տա, երեխան կարող է այն ամբողջությամբ խմի և վերջապես քնի: «Ահա, տեսա՞ր որ սոված էր խեղճ երեխան» եզրակացնում են տանեցիները: Սակայն, պետք է հասկանալ, որ շշից կաթի հոսքը շատ արագ է և երեխան պարզապես կուլ է տալիս այն, ինչ լցվում է նրա բերանի մեջ, որպեսզի չխեղդվի: Երկար քունն էլ պայպանավորված է նրանով, որ արհեստական կաթը դժվարամարս է և երեխան ստիպված է քնել, որպեսզի բոլոր ուժերը կերնտրոնանան կաթը մարսելու վրա:

Բացի դա, արհեստական կաթը միայն կասի ձեր մարմնին, որ այս ժամին ավելի քիչ կաթ արտադրի և շուտով ձեր կաթի քանակը իրոք կքչանա երեկոյան: Հակառակը` կերակրելով երեխային շատ հաճախակի, դուք կշատացնեք ձեր կաթի քանակը: Նաև, մի մոռացեք, որ արհեստական կաթ ուտող երեխաների մոտ նույնպես լինում են անհանգիստ երեկոներ: Այս պահերը լինում են երեխաների մոտ անկախ նրանց սննդի տեսակի:

Հիշեք, որ եթե ձեր երեխան նորմալ քաշ է հավաքում, ուրեմն դուք կաթի խնդիր չունեք:

Ինչու՞ են երեխաները անհանգիստ լինում երեկոյան

Շատ հաճախ կարելի է լսել, որ երեխայի անհանգիստ լինելու պատճառը երեկոյան ժամերին կաթի քիչ լինելն է: Սա պայմանավորված է օրվա տարբեր ժամերին հորմոնների քանակի տատանմամբ: Սակայն, բժիշկ Պիտեր Հարթմանը, որը հետազոտում է կրծքով կերակրելու ասպեկտները, նշում է, որ իր հետազոտության մեջ ներգրավված կանանց մոտ երեկոյան ժամերին կաթի քչացում չի նկատվել: Նույնիսկ եթե կաթի քանակը քչանար, կաթի մեջ ճարպերի քանակը ավելի բարձր է երեկոյան, ինչի հետևանքով երեխան երեկոյան կստանա կալորիաների նույն քանակը և սովախ չի մնա: Կաթի արտահոսքը կարող է ավելի դանդաղ լինել երեկոյան, ինչը կարող է նյարդայնացնել որոշ երեխաներին:

Բժիշկները հաճախ ասում են, որ երեխայի անհանգստության պատճառը նրա թերզարգացած նյարդային համակարգն է (և իրոք, երեկոյան անհանգստությունը անցնում է 3-4 ամսականում): Սակայն, բժիշկ Կաթրին Դեթվայլերը (որը ուսումնասիրում է կրծքով կերակրելը տարբեր երկրներում) նշում է, որ երեխաները Մալիում, Արևելյան Աֆրիկայում կամ այլ տրադիցիոն հասարակությունները չունեն այդ երեկոյան անհանգստաության նշանները: Այս երեխաներին կրում են ամբողջ օրը և սովորաբար նրանք կրծքից ուտում են ժամում մի քանի անգամ:

Այսպիսով, շատ հավանական է, որ բացատրություններից ոչ մեկը լիովին չի կարող բացահայտել երեխայի երեկոյան անհանգստության պատճառները: Շատ երեխաների համար այս անհանգիստ պահերը արտացոլում են նրանց՝ փոքր քանակով, բայց հաճախակի կրծքից ուտելու կարիքը, որը պետք է ուղղորդվի գրկելով, փաթաթվելով և շարժվելով: Երեխաները որոնք շշից խմում են կթած կամ արհեստական կաթ, հաճախակի պահում են իրենց նույն կերպ, ինչ կուրծք ուտող երեխաները: Երեխան մի քիչ ուտում է, քնում, հետո նորից մի քիչ ուտում է ու նորից քնում: Միգուցե երեխաները հիշում են հղիության ընտացքում մամայի շարշվելը երեկոյան ժամերին և ուզում են, որ իրենց անդադար գրկեն և օրորեն, ինչը հիշեցնում է իրենց փորի մեջ եղած ժամանակը:

Միգուցե  երեխաները պարզապես ուզում են ավելի շատ կրծքից ուտել այս ժամերին, այլ ոչ թե ավելի շատ ուտեն:

Ի՞նչ անել այդ պահերին

  • Կազմակերպեք ձեր երեկոն: Եթե դուք նկատում եք, որ ամեն երեկո ձեր երեխան ժամը 18:00ից 22ը կրծքին կպած է ուզում լինել, մի փորձեք պայքարել դրա դեմ: Ինչքան շուտ ընդունեք դա, այնքան ավելի հեշտ կլինի:  Կազմակերպեք այդ ժամերը այնպես, որ դրանք լինեն ձեր համար հանգստյան ժամեր: Հագեք հարմարավետ հագուստ, գտեք հարմար նստելու տեղ, պատրաստեք որևէ ֆիլմ, ջրով շիշ, սնունդ:
  • Բացատրեք հայրիկին և տան այլ անդամներին՝ ինչ են խմբակային կերակրումները, որպեսզի նրանք ըմբռնումով մոտենան ձեր պատանդ վերցվածի կարգավիճակին և օգնեն ձեզ այդ ժամերին՝ զբաղվեն մեծ երեխայի հետ, իրեր բերեն/տանեն և ամենակարևորը՝ չասեն ամեն անգամ, որ ուրեմն երեխան սոված է մնում
  • Եթե երախան ձեզ չի թողնում նստել, ապա կրեք նրան սլինգի մեջ: Սա ձեզ թույլ կտա ազատել ձեր ձեռքերը և զբաղվել տան գործերով, կամ զբաղվել ավելի մեծ երեխաների հետ: Երեխային կերակրելը սլինգում շատ հարմար է և չի պահանջի երեխային նրա միջից դուրս հանել: Բացի այդ, երեխաները սովորաբար շատ երջանիկ են լինում սլինգի մեջ: Մայրիկի շարժվելը նրանց օրորում է: Նրանք իրենց տաք և բարուրված են զգում և մամային շատ մոտ են:
  • Տանից դուրս եկեք:  Քայլելը կարող է հանգստացնել մայրիկին և երեխային: Փորձեք դուրս գալ երեխայի անհանգիստ պահերի սկսելուց մի քիչ առաջ:
  • Հանգստացրեք ձայների օգնությամբ: Երգեք, խոսացեք, շշշշշ արեք, երաժշտություն լսեք կամ սպիտակ աղմուկ միացրեք: Փորձեք տարբեր տեսակի ձայներ, տարբեր տեսակի երաժշտություններ և տարբեր ձայն ունեցող երգիչներ:
  • Հանգստացրեք ռիթմիկ շարժումով: Քայլեք, օրորեք, պարեք, աջ ու ձախ արեք: Կարող եք նույիսկ երեխային քշել ավտոմեքենայով այդ ժամերին:
  • Փորձեք գրկած պահել, լողացնել կամ մերսում անել:
  • Քչացրեք սենյակի լույսը, ձայները, թեթև փաթաթեք երեխային:
  • Փորձեք կերակրելու տարբեր դիրքեր, եթե երեխան նյարդայնանում է կուրծք ուտելիս:
  • Կերակրեք քայլելու ընթացքում:
  • Ջուր խմեք որպեսզի չջրարկվեք:

Հիշեք, որ խմբակային կերակրումները ժամանակավոր են: Երեխաների մոտ այն թեթևանում է 6-8 շաբաթականի մոտ և վերջանում 3-4 ամսականների մոտ:

Թարգմանեց Լիանա Ղազարյանը

Խմբագրեց Արուսիկ Դադիյանը

http://kellymom.com/parenting/parenting-faq/fussy-evening/

http://www.bellybelly.com.au/breastfeeding/cluster-feeding-tips/

http://breastfeedingneeds.com/cluster-feeding-survival-kit

Բավականեցնու՞մ է արդյոք կաթը իմ երեխային
Դանդաղ արտահոսք