Հաճախ կերակրող մայրերը լսում են, թե իբր կրծքի կաթը 1 տարի անց օգտակար չէ, և դրանից ելնելով՝ երեխաներին պետք է կտրել կրծքից: Դրա համար ցանկություն է առաջանում կերակրող մայրերին տեղեկացնել, որ այն պնդումը, թե դա վտանգավոր է ձեր երեխաների առողջության համար, շփոթմունք է: Երբ ինչ֊որ մեկը ձեզ այդ մասին ասի, չհավատա՛ք, եթե մինչև անգամ դա ձեզ ասի ձեր հարազատը կամ ինչ որ մի բժիշկ։ Ցավոք, այսօր շատ բժիշկներ չունեն կրծքով կերակրման մասին բավարար գիտելիքներ և ցանկություն էլ չունեն լրացնել դրա պակասը:
Նման իրավիճակներ հաճախ է հանդիպում ոչ միայն Ռուսաստանում, այլև արտասահմանում, որը և հանգեցրել է այնպիսի մասնագիտության անհրաժեշտությանը, ինչպիսին է կրծքով կերակրման խորհրդատուն, որը տեղեկություն է տալիս նրանց, ում այն անհրաժեշտ է: Եթե ինչ-որ մեկը ձեզ ասում է, թե կրծքի կաթը 1 տարի անց օգտակար չէ, ապա հարցրեք, թե որտեղից է դա նրան հայտնի: Հարցրեք, թե արդյոք նրան հայտնի է ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպության) ցուցումը՝ շարունակելու կերակրումը մինչև երկու տարեկան, և թե ինչով կարող է պայմանավորված լինել ամենահեղինակավոր բժշկական կազմակերպության այդ ցուցումը, եթե կաթն իսկապես օգտակար չլիներ: Ի վերջո հարցրեք, թե ինչպես է ստացվում, որ մինչև 6 ամսական կաթն այնքան օգտակար է, որ փոխարինում է յուրաքանչյուր սննդի, իսկ 1 տարի անց այն կտրուկ կորցնում է իր օգտակարությունը…
Ի ուրախություն մեզ՝ ոչ բոլոր բժիշկներն են հիմնվում 60-70-ական թթ. արդեն հնացած ցուցման վրա. «կերակրել մինչև 1 տարեկան և ոչ ավել»: Այսօր շատերը խրախուսում են մայրերին երկարատև կերակրման՝ հիմնվելով այն տվյալների վրա, որոնք հասանելի են նրանց համար, ում դա ինչ-որ չափով հետաքրքրում է: Առաջարկում ենք ստորև կարդալ դրանցից մի քանիսը։
Ոչ միայն արտասահմանում, այլև Ռուսաստանում կատարվել են հետազոտություններ, որոնք ապացուցել են մայրական կաթի օգտակարությունը կերակրման տարբեր ժամանակահատվածներում: Կրծքի կաթը 1 տարի անց իրոք փոխում է իր կազմը, բայց ամենևին էլ ոչ դեպի վատ կողմը: Այս փոփոխությունների հիմնական պատճառը կայանում է նրանում, որ երեխայի համար կաթն արդեն հիմնական սնունդ չի հանդիսանում, և առաջին տեղում ի հայտ են գալիս այլ գործողություններ: Որքան երեխան մեծանում է, այնքան կաթի մեջ շատանում է իմունոգլոբուլինների խտությունը, որոնք պաշտպանում են նրան հիվանդություններից: Կրծքի կաթն իր մեջ պարունակում է լեյկոցիտներ և մի շարք հակաինֆեկցիոն ֆակտորներ, ինչպես նաև հակամարմիններ այնպիսի ինֆեկցիաների հարուցիչների դեմ, որոնք նախկինում ունեցել է մայրը: Հայտնաբերվել է, որ 16-ից 30 ամսական կրծքով կերակրվող երեխաները հիվանդացել են ավելի քիչ, և նրանց հիվանդությունները տևել են ավելի կարճ, քան նրանց այն հասակակիցները, ովքեր չեն կերակրվել կրծքով (հետազոտություն Gulick 1986):
Իսկ օրինակ Ընտանեկան բժիշկների Ամերիկյան Ակադեմիան հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե կրծքով կերակրվող երեխաներին կտրում են կրծքից 2 տարեկանից շուտ, ապա մանկական հիվանդությունների ռիսկը մեծանում է: «Մայր և մանուկ» (Ջոն Սնոու, ՍՊԸ, 2003) ծրագրի նյութերում ասվում է, որ կրծքով կերակրումը մինչև 2-3 տարեկան երեխաներին պաշտպանում է փորլուծություն կոչվող հիվանդության մի քանի տեսակներից. օրինակ՝ խոլերայից և դիզենտերիայից, ինչպես նաև այնպիսի բորբոքումներից, ինչպիսին են ականջաբորբը և մենինգիտը:
Կնոջ կաթի օպտիմալ բաղադրությունը ձևավորում է այնպիսի ճարպային, ածխաջրային, հանքային և էներգետիկ փոխանակման համակցություն, որ այն ապահովում է երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման համար բարենպաստ պայմաններ. երկարակեցություն, սոցիալական հարմարեցում, նվազում է աթերոսկլերոզի, հիպերտոնիկ հիվանդության, ճարպակալման, շաքարային դիաբետի, լեյկոզի և աղիների խրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը
(Fewtrell, 2004; Global strategy on diet, physical activity and health, 2004): Մայրական կաթի իմունային օժանդակությունը երբեք ավելորդ չի մանուկների համար: Այն հանդիսանում է սպիտակուցների, ճարպերի, կալցիումի և վիտամինների արժեքավոր աղբյուր: Եվ այսպես, կերակրման երկրորդ տարում կաթի օրական չափաբաժինը, որը ստանում է երեխան բնական կերակրման արդյունքում (օրական միջինը 448 մլ), ապահովում է
- 43% սպիտակուցներ,
- 36% կալցիում,
- 75% А վիտամին,
- 94% B12 վիտամին,
- 60% C վիտամին (հետազոտություն Dewey 2001):
Մեկ այլ տվյալներով, А վիտամինի պարունակությունը կաթի օրական չափաբաժնում կարող է տատանվել 38%-ից մինչև 75%, իսկ C վիտամինինը՝ մինչև 95%՝ կախված մոր սննդից: Բայց, ամեն դեպքում, ինչպես կրծքով կերակրման վերաբերյալ ԱՀԿ-ական աշխատություններն ու «Մայր և Մանուկ» կուրսն են սովորեցնում ռուս բժիշկներին՝ «կրծքի կաթը երեխայի համար շարունակում է մնալ էներգիայի և բարձրորակ սննդային նյութերի աղբյուր կյանքի երկրորդ տարվա ընթացքում և ավելի: Կրծքով կերակրումը պաշտպանում է երեխային նաև քսերոֆտալմիայից (А վիտամինի պակաս)»:
Կրծքով կերակրումը հատկապես օգտակար է ալերգիայի հակված երեխաների համար:
Մայրական կաթի մեջ պարունակվող նյութերը հատուկ պատնեշ են ստեղծում աղիներում ալերգեն մոլեկուլների համար: Բացի այդ, կրծքի կաթի հակաբորբոքային հատկությունները պակասեցնում են բորբոքային հիվանդությունների ռիսկը, որոնք ինքնաբերեբար աշխատում են որպես ալերգիայի նվազեցման մեխանիզմ: Կրծքով կերակրվող երեխաների մեջ ալերգիկ հիվանդությունների (սննդային ալերգիա, ալերգիկ բրոնխիտ և բրոնխային աստմա) զարգացման հավանականությունը քիչ է («Կրծքով կերակրման պահպանումը, օժանդակությունը և խրախուսումը ծննդօգնության և մանկական բուժիչ-պրոֆիլակտիկ հաստատություններում» բժիշկների համար աշխատություն, ԱՆ, 2005թ):
Երկարատև կերակրումը նպաստում է դիմածնոտային կմախքի ճիշտ ձևավորմանը, ատամներ հանելուն, դիմային ապարատի զարգացմանը, նվազեցնում է սխալ ատամնանստվածքի ձևավորման հաճախականությունը:
Այսօր ծնողների շրջանում շատ արդիական է դառնում երեխաների մեջ վաղ տարիքում ինքնուրույնության դաստիարակումը, և կրծքով կերակրման վաղաժամ դադարեցումը որոշ ծնողների՝ իրենց երեխային ավելի անկախ դարձնելու միջոց է թվում:
Աղբյուրը՝ http://akev.info/stati-dlya-mam/10076-dolgokormlenie-i-otluchenie/11125-est-li-polza-v-moloke-poslegoda
Թարգմանեց՝ Աննա Թարխանյանը
Խմբագրեց՝ Հրանուշ Մեժլումյանը