Կրծքով կերակրելու սենյակ

Դիսբակտերիոզը կրծքով կերակրվող երեխաների մոտ


Հայաստանում, ինչպես հետսովետական այլ պետություններում, շատ ծնողներ բախվում են կրծքով կերակրվող երեխաների կղանքի դիսբակտերիոզի հետազոտության կամ բուժման խնդրի հետ: Իրավիճակը սովորաբար զարգանում է հետևյալ կերպ. երեխայի մոտ սովորականից կամ արհեստական կաթնախառնուրդով սնվող երեխայի կղանքից ավելի ջրիկ կղանք է, կամ կղանքը կանաչավուն է և/կամ փրփրոտ: Բժիշկը նշանակում է դիսբակտերիոզի հետազոտություն: Բուժումը սովորաբար ենթադրում է օգտակար պրոբիոտիկների և խմորիչի ընդունում: Վատագույն դեպքում կասկածում են մայրական կաթի վրա և խորհուրդ տալիս անցնել սնուցման այլ ձևերի…

Այսպիսով, ի՞նչ է դիսբակտերիոզը: Արդյո՞ք այն լինում է կրծքով կերակրվող երեխաների մոտ: Ի՞նչ անել նման ախտորոշման դեպքում: Պե՞տք է արդյոք անհանգստանալ: Նախ և առաջ եկեք հասկանանք, թե ինչ է պարունակվում կրծքով կերակրվող երեխաների ստամոքսում և տակդիրներում:

 re

Կրծքով կերակրվող առողջ նորածնի ստամոքսի միկրոֆլորան

Ծնվելուց առաջ ձեր փոքրիկը գտնվում է բացարձակ ստերիլ միջավայրում. նրա աղեստամոքսային համակարգը չի պարունակում բակտերիաներ կամ միկրոօրգանիզմներ (մանրամասների համար կարդացեք նաև ““Կույս” մարսողական համակարգը” հոդվածը): Ծնվելու ժամանակ, անցնելով մոր ծննդաբերական ուղիներով, երեխան առաջին անգամ “ծանոթանում” է մոր միկրոֆլորայի հետ, որը սովորաբար պարունակում է լակտո- և բիֆիդոբակտերիաներ և աղիքային ցուպիկ: Հետագայում, կրծքով կերակրելու, գրկելու, համբույրների միջոցով երեխան ծանոթանում է այն բակտերիաների հետ, որոնք գտնվում են մոր մաշկի վրա և բերանում: Այսպիսով, տեղի է ունենում երեխայի աղեստամոքսային համակարգի գաղութացումը նորմալ և առողջ միկրոֆլորայով:

Եթե ծնվելուց հետո երեխային ոչինչ բացի մոր կրծքից չեն տալիս, երեխայի աղեստամոքսային համակարգը շատ արագ ձևավորում է նորմալ միկրոֆլորա: Խեժի և մայրական կաթի մեջ կան ֆերմենտներ, որոնք նպաստում են նորմալ միկրոֆլորայի զարգացմանը և ախտածին միկրոֆլորայի ճնշմանը: Եթե կրծքով կերակրումը սխալ է կազմակերպվել, և եթե ծննդաբերությանը հաջորդող օրերին՝ մինչև մոր միկրոֆլորայի հետ ծանոթանալը, երեխան բերանի միջոցով ստացել է տարբեր հեղուկներ, ստամոքսում բարենպաստ միկրոֆլորայի ձևավորումը իդեալական տարբերակով չի ընթանում: Սակայն նույնիսկ նման դեպքերում մայրական կաթն օգնում է հաղթահարել առաջացող խնդիրները:

Հատկապես կարևոր է առաջին կրծքով կերակրումը: Երբ նոր ծնված երեխան բռնում է մոր պտուկը և ստանում խեժի առաջին կաթիլները, դրվում է երեխայի առողջության հիմքը: Խեժը պարունակում է բիֆիդոգեն գործոններ, որոնք նպաստում են երեխայի ստամոքսում անփոխարինելի բիֆիդոբակտերիաների աճին: Ընկնելով երեխայի ստամոքս նրա կյանքի առաջին մի քանի ժամում՝ բիֆիդոգեն գործոնները հատուկ պայմաններ են ստեղծում, որոնց շնորհիվ ծնվելու ընթացքում ձեռք բերված բիֆիդոբակտերիաները չեն մահանում, այլ աճում և բազմանում են՝ ձևավորելով նորմալ միկրոֆլորա: Խեժը նաև պարունակում է մոր օրգանիզմի կողմից արտադրված հատուկ իմունոգլոբուլիններ այն հիվանդությունների նկատմամբ, որոնցով մայրը հիվանդացել է իր կյանքի ընթացքում: Այլ կերպ ասած, երեխան հատուկ “պատվաստում” է ստանում, որը պաշտպանում է նրան իր կյանքի առաջին տարվա ընթացքում: Կասկածից դուրս է այն փաստը, որ ստամոքսի միկրոֆլորայի ձևավորման պրոցեսը ավելի հեշտ է անցնում այն երեխաների մոտ, որոնք կյանքի առաջին երկու ժամում խեժ են ստացել: Այդ երեխաները ավելի հազվադեպ են ունենում միրոֆլորայի խանգարումներ և ավելի լավ են քաշ հավաքում:

Բիֆիդոբակտերիաները կազմում են կրծքով կերակրվող երեխայի ստամոքսի միկրոֆլորայի 95-99 տոկոսը: Բիֆիդոբակտերիաները, որոնց երբեմն նաև անվանում են պրոբիոտիկներ, կազմում են բացառապես կրծքով կերակրվող երեխայի ստամոքսի միկրոֆլորայի մեծ մասը: Այո, խոսքը գնում է հենց այն պրոբիոտիկների մասին, որոնք բժիշկները նշանակում են դիսբակտերիոզը բուժելու համար: Բիֆիդոբակտերիաները շարունակում են գերակշռել կրծքով կերակրվող երեխայի ստամոքսի միկրոֆլորայում, քանի դեռ կրծքի կաթը հանդիսանում է երեխայի սննդի մեծ մասը:

 ff

Կրծքով կերակրվող առողջ նորածնի տակդիրի պարունակությունը

Խեժն ունի բնական թուլացնող հատկություն և օգնում է երեխային ազատվել նորածնի առաջին կղանքից՝ մեկոնիումից: Մեկոնիումը սև, կպչուն, անհոտ կղանք է: Հաճախ կերակրելն օգնում է, որ մեկոնիումը երեխայի օրգանիզմից դուրս գա ծնվելուց հետո 48 ժամվա ընթացքում:

Մոր կաթը շատանալուն զուգահեռ նորածնի կղանքի գույնը սկսում է բացվել: Անցումային կղանքը սովորաբար լինում է կանաչ և ավելի թույլ քան մեկոնիումը: Կյանքի հինգերորդ օրը երեխայի կղանքը դառնում է դեղնավուն կամ դարչնագույն և կարող է ունենալ սպիտակ հատիկներ: Կրծքով կերակրվող երեխայի կղանքի գույնը կարող է տատանվել դեղնավունից դեղնա-կանաչավուն կամ դեղնա-շագանակագույն: Երբեմն կղանքը կարող է լինել կանաչ և փրփրոտ: Կրծքով կերակրվող առողջ երեխաների կղանքի հոտը տհաճ չէ և կարող է քաղցրավուն լինել:

Ծնվելուց հետո առաջին երեք օրը երեխայի կղանքի հաճախականությունը պետք է համապատասխանի նրա տարիքին՝ առաջին օրը մեկ անգամ, երկրորդ օրը ՝ երկու և այլն: Մոր կաթը “գալուց” հետո, երեխան կարող է կեղտոտել օրական 3-4 անգամ և ավելի շատ քանակությամբ, սակայն կեղտոտելը ամեն 7-10 օրը մեկ նույնպես նորմալ է: Երեխաներից շատերը ավելի հաճախ են դուրս գալիս, երբեմն նույնիսկ ամեն ուտելուց հետո: Մանկաբույժներից շատերը, որոնք ավելի լավ են ծանոթ արհեստական կաթնախառնուրդով կերակրվող երեխաների ավելի պինդ և միատարր կղանքին, կրծքով կերակրվող երեխաների կղանքը կարող են լուծ համարել և ուղարկել դիսբակտերիոզի հետազոտության:

Մեծանալուն զուգահեռ, մոտավորապես վեց շաբաթականում, կրծքով կերակրվող երեխաները սկսում են ավելի հազվադեպ դուրս գալ՝ օրական մեկ անգամից մինչև շաբաթական մեկ անգամ: Նման դեպքերում պետք է բացակայեն փորկապության նշանները, իսկ կղանքը շարունակի մնալ թույլ և անձև:

Ցանկացած այլ սննդամթերքի ներմուծումը երեխայի սննդակարգ կարող է փոխել կղանքի պնդությունը, գույնը և հոտը: Եթե դուք սկսել եք երեխային տալ հավելյալ սնունդ, ապա նրա կղանքի մեջ կարող եք նկատել հավելյալ սննդի չմարսված կտորներ:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, կրծքով կերակրվող երեխայի նորմալ կղանքը տարբերվում է մեծահասակի, կաթնախառնուրդով սնուցվող երեխայի կամ և՛ կրծքով և՛ կաթնախառնուրդով սնուցվող երեխայի նորմալ կղանքից:  

Կրծքով կերակրվող երեխայի կղանքը նկարագրված է նաև “Կրծքով կերակրվող երեխայի կղանքի ուղեցույց” հոդվածում, որտեղ կարող եք մանրամասնորեն կարդալ, թե որ տեսակի կամ գույնի կղանքը ինչ է նշանակում: Կրծքով կերակրվող երեխաների փորկապության հարցը քննարկված է “Արդյո՞ք իմ կրծքով կերակրվող երեխան փորկապություն ունի: Կա արդյո՞ք լուծողական տալու կարիք” հոդվածում:

 ff

Ո՞ր դեպքում է կարևոր տակդիրի պարունակությունը

Նորմայից տարբերվող կղանքը միշտ չէ, որ հիվանդության նշան է: Սակայն երեխայի կղանքը կարող է նշանակել, որ երեխան ալերգիա ունի կամ բավարար չափով սնունդ չի ստանում: Նման դեպքերում կերակրելու ձևի փոփոխությունը կամ ալերգենի բացառումը կօգնեն լուծել խնդիրը:

Երկար տևող կանաչ ու փրփրոտ կղանքը կարող է նշանակել, որ երեխան ավելի շատ է ստանում առաջնային կաթ, որի յուղայնությունը ավելի քիչ է քան հետին՝ յուղոտ կաթիկը: Նման իրավիճակը կարող է հանգեցնել վատ քաշ հավաքելուն և թերսնցուման նշան լինել: Եթե ձեր երեխան նման կղանք ունի և միաժամանակ լավ քաշ չի հավաքում, ցանկալի է խորհրդակցել բժշկի կամ կկ մասնագետի հետ: Սովորաբար այս խնդիրը լուծվում է շատ հեշտ՝ կրծքով կերակրելու ձևը փոփոխելով, երբ մայրը սկսում է միևնույն կրծքով ավելի երկար կերակրել՝ հնարավորություն տալով երեխային հասնել ավելի յուղոտ կաթին, որն ավելի դանդաղ է մարսվում:

Եթե երեխայի կղանքը անընդհատ կանաչ և ջրիկ է, դա կարող է ալերգիայի նշան լինել: Բացի դրանից երեխան կարող է փսխել, կղանքում ունենալ լորձ և արյուն, իսկ մաշկի վրա՝ ցան: Նման դեպքերում պետք է  շարունակել կերակրել կրծքով, քանի որ այլ սնուցման դեպքում ալերգիան կարող է ուժեղանալ:

Կրծքով կերակրվող երեխաների մոտ ալերգիայի մասին կարող եք կարդալ “Ալերգիան և կրծքով կերակրելը” և “Ալերգիաները և կրծքով կերակրումը ընտանիքում” հոդվածներում:

Եթե ձեր կրծքով կերակրվող բալիկը օրական կեղտոտում է 12-16 տակդիր, իսկ կղանքը ջրիկ է և վատ հոտ ունի, ապա նա, ամենայն հավանականությամբ, լուծում է: Կրծքով կերակրվող երեխաների մոտ լուծը սովորաբար անցնում է արագ և առանց բարդությունների: Լուծի պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, հակաբիոտիկներով բուժումը, չափից շատ մրգային հյութերի օգտագործումը:

Ուժեղ լուծի դեպքում կամ հակաբիոտիկների ընդունմամբ պայմանավորված լուծի դեպքում, երեխային պետք է կրծքով կերակրել հնարավորինս հաճախ: Կրծքի կաթում պարունակվում են ջրազրկումից խուսափելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը, ինչպես նաև հակամարմիններ, որոնք կօգնեն բալիկին հաղթահարել ինֆեկցիան և վերականգնել ստամոքսի նորմալ միկրոֆլորան: Մանկաբուժության ամերիկյան ասոցիացիան խորհուրդ է տալիս ուժեղ լուծի ժամանակ շարունակել կրծքով կերակրումը. ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լուծի ժամանակ կրծքով կերակրման ընդհատումը երկարացնում և ավելի է բարդացնում հիվանդությունը, ինչպես նաև կրկնակի մեծացնում է մահվան հավանականությունը: Եթե լուծի պատճառը հավելյալ սնունդն է կամ մրգային հյութերը, ապա անհրաժեշտ է մի առ ժամանակով դադարեցնել դրանց օգտագործումը:

 ff

Ի՞նչ է դիսբակտերիոզը

Դիսբակտերիոզը աղիքային միկրոֆլորայի խանգարումն է, երբ “վատ” բակտերիաները շատ են և/կամ “լավ” բակտերիաները՝ քիչ:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության “Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգման” տասներորդ վերանայման, դիսբակտերիոզը հիվանդություն չի հանդիսանում: Պետք է նշել, որ վերոհիշյալ փաստաթուղթը հանդիսանում է ղեկավար փաստաթուղթ, որն առողջապահության բնագավառում օգտագործվում է որպես բժշկական վիճակագրության և դասակարգման հիմք: Այն հաստատվել է Հայաստանում 2005 թվականին:

Այսպիսով, դիսբակտերիոզը ախտորոշում չէ: Այն հիվանդություն չէ, այլ սինդրոմ, այսինքն՝ հիվանդության նշանների որոշակի համադրություն, որը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Արևմտյան բժշկության մեջ ևս դիսբակտերիոզ ախտորոշում չկա: Այնտեղ դիսբակտերիոզին փոխարինում են՝

  • Bacterial overgrowth-ը, որը կարելի է թարգմանել որպես “ստամոքսի ավելցուկային բակտերիալ գերաճի սինդրոմ,” կամ
  • Аntibiotic–associated diarrhea, որը կարելի է թարգմանել որպես “հակաբիոտիկների հետ ասոցացվող լուծ”: Սա ժամանակավոր լուծը չէ, որը հենց հակաբիոտիկներից է առաջանում և անցնում, երբ դրանք այլևս չենք ընդունում: Սա այն լուծն է, որն առաջանում է հակաբիոտիկների ընդունելու հետևանքով օրգանիզմում առաջացած փոփոխությունների արդյունքում:

Դիսբակտերիոզի հետազոտություն սովորաբար նշանակվում է այն դեպքում, երբ լուծը չի անցնում երկու կամ երեք օրվա ընթացքում: Մեծահասակների կամ կաթնախառնուրդով սնվող երեխաների դեպքում լուծ է համարվում հաճախակի և շատ թույլ կղանքը: Ինչպես արդեն ասել ենք, կրծքով կերակրվող երեխաների դեպքում թույլ կղանքը նորմա է և չի կարող պատճառ հանդիսանալ կղանքի դիսբակտերիոզի հետազոտության համար: Հետազոտության համար այլ պատճառներ կարող են հանդիսանալ կանաչավուն, լորձոտ կամ փրփրոտ կղանքը, սակայն կրծքով կերակվող երեխաների դեպքում այս կղանքներից յուրաքանչյուրը կարող է նորմալ կղանք համարվել:

Կրծքով կերակրվող առողջ երեխայի աղիքայի ֆլորայի ուսումնասիրությունը, այս դեպքում՝ լուծի ուսումնասիրությունը կարևոր է գիտնականների, բայց ոչ ծնողների կամ բժիշկների համար: Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կրծքի կաթը երեխաներին պաշտպանում է հիվանդություններից, նույնիսկ եթե նրանց ստամոքսում առկա են պաթոգեն միկրոօրգանիզմներ: Օրինակ, կրծքի կաթում պարունակվում են աղիքային ցուպիկի, խոլերայի վիբրիոնի, սալմոնելլայի, շիգելլայի, ռոտավիրուսի և լյամբլյայի հակամարմիններ և գործոններ: Սա նշանակում է, որ չնայած երեխայի կալում կարող են ի հայտ գալ այս պաթոլոգիական միկրոօրգանիզմները, երեխան կարող է հիվանդության ոչ մի նշան չունենալ:

 ff

Ե՞րբ դիմել բժշկի

Դիմեք բժիշկի, եթե կյանքի առաջին շաբաթների ընթացքում երեխայի մոտ նկատում եք՝

  • լուծ, այսինքն՝ երեխայի աղիները գործում են օրական 12 և ավելի անգամ, իսկ կալը ջրիկ է,
  • փսխում
  • ջերմություն
  • լեթարգիա
  • վատ քաշ հավաքել
  • քաշի կորուստ

Ցանկացած տարիքի կրծքով կերակրվող երեխայի դեպքում, եթե երեխայի մոտ նկատվում են ջրազրկման նշաններ՝

  • թուլություն
  • քնկոտություն կամ լեթարգիա
  • թույլ լաց
  • սեղմելուց հետո մաշկը արագ չի հարթվում
  • արցունքների բացակայություն
  • բերանի չորություն, բերանում թքի բացակայություն կամ քիչ առկայություն
  • օրական երկուսից քիչ թաց տակդիր
  • մուգ և ուժեղ հոտով մեզ
  • ներս ընկած գաղթուն
  • ջերմություն

Կրծքով կերակրվող երեխային անհրաժեշտ ջրի քանակության և ջրազրկման մասին կարդացեք հետևյալ հոդվածներում՝ “Կրծքով կերակրվող երեխային ջուր տալու հաճախականությունը” և “Ջրազրկումը կրծքով կերակրվող երեխայի մոտ“:

 

Ու՞մ մոտ է լինում

Եկեք պայմանավորվենք, որ կրծքով կերակրվող երեխաների մոտ դիսբակտերիոզը հազվադեպ կամ գրեթե անհնարին երևույթ է: Երեխայի մոտ կարող է լինել ալերգիա, լակտազային անբավարարություն և այլ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել դիսբակտերիոզի սինդրոմի, կարող է լինել նաև մարսողական համակարգի տարիքային անհասունություն (կոլիկներ մինչև երեք ամսական), սական կրծքով կերակրվող երեխայի դեպքում չի կարող ախտորոշվել դիսբակտերիոզ հիվանդություն: Եթե ձեզ ասում են, որ ձեր կրծքով կերակրվող երեխան դիսբակտերիոզ ունի, ապա փորձեք ձեր խնդիրը քննարկել մեկ այլ բժշկի հետ, որը կկարողանա ախտորոշել երեխայի իրական խնդիրները:

Դիսբակտերիոզը կարող է լինել՝

  • կաթնախառնուրդով սնուցվող երեխաների մոտ, եթե նրանք ռիսկային խմբում են՝ վաղաժամ ծնված, այլ հիվանդություն ունեցող, ծանր վիրահատություն տարած և այլն;
  • իմունիտետի խնդիրներ ունեցող կրծքով կերակրկվող երեխաների մոտ, երբ նման խնդիրների տակ հասկանում ենք ՄԻԱՎ-ը կամ իմունային համակարգի այլ հիվանդություն;
  • այն երեխաների և մեծահասակների մոտ, որոնք աղեստամոքային համակարգի վիրահատություն են ունեցել;
  • քիմիոթերապիայից և ճառագաթային թերապիայից հետո;
  • հակաբիոտիկներով երկար բուժում ստացած երեխաների և մեծահասակների մոտ:

Նշենք, որ մի տեսակի հակաբիոտիկի 5-7 օր ընդունումը ոչինչ չի կարող իմունային խնդիրներ չունեցող երեխայի ստամոքսի միկրոֆլորայի հետ: Միկրոֆլորայի խանգարում կարող է առաջանալ այն դեպքում, եթե մեկ հակաբիոտիկ նշանակվել է 14 օր և ավելի երկար, մեկից ավելի տեսակի հակաբիոտիկներ ընդունելու դեպքում, ցեֆալոսպորին խմբի 3-րդ և 4-րդ սերնդի հակաբիոտիկների կամ լինկոզամիդների այնպիսի չափաբաժնի ընդունման դեպքում, որը գերազանցում է այդ տարիքային խմբի համար նախատեսված չափաբաժինը: Հակաբիոտիկների ներմկանային և ներերակային ընդունումը աղեստամոքսային համակարգի միկրոֆլորայի վրա չի ազդում:

Ամփոփում. ի՞նչ պետք է իմանա կրծքով կերակրող մայրը

Կյանքի առաջին տարվա ընթացքում կրծքով կերակրելը ձեր երեխայի աղեստամոքսային համակարգի առողջ լինելու լավագույն գրավականն է: Կրծքի կաթը նպաստում է բիֆիդոբակտերիաների քանակի աճին, որոնք կանխում են ստամոքսի գաղութացումը վատ բակտերիաներով, պարունակում է հակամարմիններ և գործոններ, որոնք երեխային պաշտպանում են հիվանդություններից, նույնիսկ եթե պաթոգեն բակտերիաներին հաջողվել է ներթափանցել երեխայի ստամոքս: Կրծքով կերակրումը օգնում է արագ վերականգնել երեխայի ստամոքսի միկրոֆլորան հակաբիոտիկներ ընդունելուց հետո: Կարճ ասած՝ կրծքով կերակրվող երեխանրի համար դիսբակտերիոզը վախենալու բան չէ:

Եթե երեխայի մոտ դիսբակտերիոզ եք կասկածում, ամենայն հավանականությամբ, երեխան ունի ոչ թե դիսբակտերիոզ, այլ ուրիշ հիվանդություն, որը պետք է բուժել բժշկի օգնությամբ: Նման դեպքերում սկզբում անպայման հանձնեք արյան ընդհանուր անալիզ, մեզի անալիզ, կոպրոլոգիական հետազոտություն, կղանքի անալիզ: Քննարկեք արդյունքները բժշկի հետ և միայն դրանից հետո, եթե կա նման անհրաժեշտություն, հանձնեք դիսբակտերիոզի անալիզ:

Նյութը կազմվել է հետևյալ աղբյուրների հիման վրա՝

http://www.akev.ru/content/view/47/52/

http://www.llli.org/russian/oa/dysbacteriosis.html

http://gvinfo.ru/node/84

 

Կազմեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Image by <a href=”https://www.freepik.com/free-vector/various-forms-pandemic-virus-hand-drawn_7334175.htm#query=bacteria&position=26&from_view=search&track=sph”>Freepik</a>