Կրծքով կերակրելու սենյակ

Հավելյալ սննդի ներմուծման ուղեցույց



Ե՞րբ սկսել, ո՞ր սննդամթերքներից սկսել և ի՞նչ քանակությամբ սկսել հավելյալ սնունդը: Այս հոդվածը ձեզ կօգնի կազմակերպել ձեր երեխայի հավելյալ սնունդը առաջին 90 օրերի ընթացքում: 

Ի՞նչ է հավելյալ սնունդը

Հավելյալ սնունդը չի գալիս փոխարինելու կրծքի կաթը կամ կաթնախառնուրդը. հավելյալ սնունդը կրծքի կաթին կամ կաթնախառնուրդին ի լրումն տրվող սննդամթերքներն են և հեղուկը: Այն պայմանականորեն կարելի է բաժանել երկու հիմնական տեսակների՝

  • անցումային շրջանի հավելյալ սնունդ, որի մեջ մտնում են փոքր երեխայի սննդային և ֆիզիոլոգիական հատուկ կարիքները բավարարելու համար նախատեսված սննդամթերքները,
  • ուտելիք ընտանեկան սեղանից, որի մեջ մտնում են ընտանիքի այլ անդամների կողմից օգտագործվող սննդամթերքները:

Բացառապես կրծքով կերակրումից մինչև կրծքով սնուցման ավարտն ընկած ժամանակաշրջանում մոր հիմնական նպատակն է երեխային աստիճանաբար սովորեցնել օգտվել ընտանեկան սեղանից, որն ի վերջո պետք փոխարինի մայրական կաթին: Երեխաները սկսում են սնվել ընտանեկան սեղանից մոտավորապես մեկ տարեկանում, որը նշանակում է, որ նրանց համար սննդամթերքները հատուկ ձևով մշակելու կարիք այլևս չկա (այսինքն՝ կարող են ուտել հենց ընտանեկան սեղանին մատուցվող ուտելիքը):

Ձեր բալիկը հատուկ խոցելի է դառնում, երբ բացառապես կրծքով կերակրումից անցնում է կատարում հավելյալ սննդի: Այս անցումը նրա համար նշանակում է հարմարվել նախկին սննդից արմատապես տարբերվող նոր սննդի տեսակի, որը պայմանավորված է ոչ միայն նրա աճող և փոփոխվող սննդային կարիքներով, այլ նաև՝ ֆիզիկական կտրուկ աճով: Վատ սնուցումը և սխալ մեթոդները այս չափազանց կարևոր շրջանում կարող են բարձրացնել ֆիզիկական զարգացման հետ կապված խնդիրների ռիսկը, ինչպես նաև հանգեցնել կարևոր սննդանյութերի՝ հատկապես երկաթի պակասության: Սա է պատճառը, որ բժշկական ոլորտի մասնագետները այդքան կարևոր են համարում այս շրջանում երեխայի սնուցման ճիշտ կազմակերպումը:

Ե՞րբ սկսել հավելյալ սնունդը ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության 

Հավելյալ պինդ սնունդը մարսելու ընդունակությունը պահանջում է նյարդամկանային, մարսողական, երիկամային և պաշտպանողական համակարգերի բավարար հասունացում: Որպես օրինակ դիտարկենք երեխայի նյարդամկանային համակարգի զարգացումը:

Մինչև չորս ամսական երեխաների մոտ չկա նյարդամկանային բավարար կոորդինացիա սննդի պատառ ձևավորելու, այն կոկորդի հատուկ հատված տեղափոխելու և կուլ տալու համար: Նրանց մոտ դեռ զարգացած չեն գլուխը և ողնաշարը ուղիղ պահելու ընդունակությունները, որոնց դեպքում երեխան կարողանում է ուտել և կուլ տալ կիսապինդ սնունդ: Մոտավորապես հինգ ամսականում երեխաների մոտ նոր սկսում է զարգանալ “ծամելու ռեֆլեքսը,” և նրանք կարող են բերանին մոտեցնել տարբեր իրեր և ծամել պինդ սնունդ, նույնիսկ եթե ատամ չունեն: Ութ ամսականում երեխաների մեծ մասը կարողանում է նստել առանց օգնության, դուրս են գալիս առաջին ատամները, և երեխաների լեզուն դառնում է բավական ճկուն՝ պինդ սննդի կտորներ կուլ տալու համար:

.

Երեխաների նյարդամկանային համակարգի զարգացումը և համապատասխան սննդային հմտությունները

Չնայած նյարդամկանային զարգացման տեսանկյունից այս ընդունակությունները զարգանում են 4-7 ամսականում,

սակայն ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել մինչև 6 ամսականը երեխաներին մայրական կաթից կամ կաթնախառնուրդից բացի այլ սնունդ տալուց:

Թե ինչու է պետք հավելյալ սնունդը սկսել վեց ամսականում, կարդացեք մեր “Արդյո՞ք երեխաս պատրաստ է հավելյալ սննդին: Ի՞նչ են ասում փորձագետները” հոդվածը:

ՏարիքըԸնդունակություններըՍննդամթերքի տեսակները Սննդամթերքի օրինակներ
0-6Ծծել և կուլ տալՀեղուկներՄայրական կաթ
4-7Ծամելու սկզբնական շարժումներ, ծծելու ուժգնության աճ, փսխելու ռեֆլեքսի տեղափոխումը լեզվի միջին հատվածից հետին հատվածը:ԽյուսԲանջարեղենային կամ մրգային խյուս, շիլաներ
7-12Շրթունքներով գդալը մաքրելու, կծելու և ծամելու և լեզվով սնունդը դեպի ատամներ տեղափոխելու ընդունակություններ:Տրորած կամ կտրտած սննդամթերքներ, որոնք կարելի է ուտել ձեռքով:Լավ եփած կամ աղացած լյարդ կամ միս, տրորած կամ կտրտած եփած կամ հում բանջարեղեն և միրգ, հացահատկեղեն կամ հաց:
12-24Ծամելու շրջանաձև շարժումներ կատարելու ընդունակություն: Ծնոտի ստաբիլություն:Սնունդ ընտանեկան սեղանից

Հավելյալ սնունդը սկսելու կարևոր պայմանները

  • Հավելյալ սնունդ սկսելիս երեխան պետք է լինի առողջ: Եթե կա երեխայի առողջության հետ կապված որևէ խնդիր, ներառյալ ատամ հանելու հետ կապված բարդություններ, հավելյալ սննդի ներմուծումը պետք է հետաձգել մինչև դրանց վերացումը:
  • Եթե երեխան նոր է պատվաստվել, ապա հավելյալի ներմուծումը պետք է հետաձգել առնվազն մեկ շաբաթով:
  • Եթե որևէ սննդամթերքից երեխայի մոտ ալերգիա է սկսվել, ապա հանեք այն երեխայի սննդակարգից առնվազն 3-6 ամսով: Քանի դեռ ալերգիան չի անցել, երեխային շարունակեք կերակրել նախկին սխեմայով: Լավանալուց հետո վերսկսեք հավելյալ սննդամթերքների ներմուծումը՝ բացառելով այն սննդամթերքը, որից երեխան ալերգիա է ունեցել:
  • Հավելյալ սնունդ սկսելու ամենաօպտիմալ տարիքը վեց ամսականն է, այսինքն՝ երբ երեխան դարձել է կլոր վեց ամսական, այլ ոչ թե, օրինակ, հինգ ամսական և քսան օրական:
  • Բացի տարիքից պետք է հաշվի առնել նաև զարգացման այլ գործոններ, որոնցից են սննդի նկատմամբ կայուն հետաքրքրությունը և սնունդը մշակելու և կուլ տալու համար անհրաժեշտ ռեֆլեքսների ձևավորումը: Թե որքանով է զարգացման առումով ձեր երեխան պատրաստ հավելյալ սննդի       ներմուծմանը, կարդացեք մեր “Ե՞րբ է ցանկալի երեխային սկսել տալ հավելյալ սնունդ” հոդվածում:
  • Եթե երեխան դիմադրում է հավելյալ սնունդ ուտելուն, իսկ բերանը հավելյալ սնունդ դնելու դեպքում փսխում է, ուրեմն նրա մոտ դեռ բավարար կերպով չեն զարգացել այդ սնունդը մշակելու և կուլ տալու համար անհրաժեշտ հմտությունները: Նման դեպքում հավելյալ սնունդը հետաձգեք մի քանի շաբաթով:
  • Շարունակեք կրծքով կերակրել հաճախ և ըստ պահանջի մինչև երեխայի երկու տարեկան դառնալը և դրանից հետո:
  • Եղեք զգայուն երեխայի խնդիրների նկատմամբ: Կերակրելիս եղեք համբերատար և մի շտապեք, մի ստիպեք, խրախուսեք, խոսեք երեխայի հետ և պահպանեք տեսողական կոնտակտ:
  • Գնալով խտացրեք սնունդը և դարձրեք ավելի բազմազան:
  • Ավելացրեք կերակրումների քանակը երեխայի մեծանալուն զուգահեռ. 6-8 ամսական երեխաների դեպքում կերակրեք օրական 2-3 անգամ, 9-23 ամսական երեխաների դեպքում՝ օրական 3-4 անգամ, իսկ եթե երեխան ցանկանում է, ապա հիմնական կերակուրների արանքում 1-2 անգամ տվեք հավելյալ պատառներ
  • Անհրաժեշտության դեպքում հավելյալ սննդի համար օգտագործեք վիտամիններով կամ միներալներով հարստացված սնունդ:
  • Աստիճանաբար ավելացրեք հեղուկի քանակը:

 

Ինչպես չի կարելի կերակրել երեխային. յոթ կանոն

  1. Մի՛ ստիպեք: Եթե երեխան այդ պահին ուտել չի ցանկանում, ուրեմն դրա կարիքը չունի: Եթե ցանկանում է ուտել որևէ հատուկ բան, ապա նրան հենց դա է անհրաժեշտ: Մի՛ ստիպեք, մի՛ գերսնեք: Եթե կա հատուկ սնունդ, որը նշանակել է բժիշկը, կարող եք մի փոքր ավելի համառությամբ այն առաջարկել, սակայն ստիպել, միևնույն է, պետք չէ:
  1. Մի՛ պնդեք: Պնդել նշանակում է համառորեն համոզել, առաջարկել նորից և նորից:
  1. “Երես” մի տվեք: Կարող եք բազմազանել երեխայի սնունդը, սակայն ավելորդություններ պետք չեն: Խուսափեք լավ վարքը խրախուսելով նպատակով երեխային տրվող պաղպաղակներից, կոնֆետներից և շոկոլադներից: Սնելու նպատակը ձեզ լսելը չէ, այլ քաղցը հագեցնելը: Երեխան ուտելուց պետք է հաճույք ստանա, իսկ դա պայմանավորված է առաջին հերթին ուտելու համար ախորժակ ունենալով:
  1. Մի՛ շտապեցրեք. “Արա՛գ կեր: Կու՛լ տուր: Տեսնենք, թե ով ավելի արագ կուտի” և այլն: Դուք հրդեհ չեք հանգցնում: Լավ ծամելը կամ զգուշորեն կուլ տալը հատկապես կարևոր են փոքր տարիքի երեխաների դեպքում:
  1. Մի՛ շեղեք: Հեռուստացույցը պետք է անջատել, իսկ նոր խաղալիքը պահել, երբ երեխան հաց է ուտում: Որոշ երեխաներ սննդի հետ կապված իրենց փոքր քմահաճույքներն ունեն՝ մի բան սիրում են, իսկ այլ բան ոչ, բայց այդ քմահաճույքները հիմնականում անվնաս են:
  1. Մի՛ լարվեք և երեխային լարված մի՛ դարձրեք սնվելու հարցում: Պարզապես հետևեք սննդի որակին. կարևոր չէ՝ երեխան ժամանակին է կերել, թե ոչ:
  1. Լավ օրինակ ծառայեք:

Ո՞ր սննդամթերքներից է պետք երկար ժամանակ խուսափել 

  • Սև և կանաչ թեյերը, սուրճը խոչընդոտում են երեխայի օրգանիզմի կողմից երկաթի յուրացմանը, և դրանցից պետք է խուսափել մինչև երեխայի երկու տարեկան դառնալը: Երկու տարեկանից մեծ երեխաներին չի կարելի թեյ կամ սուրճ տալ ուտելու ընթացքում:
  • ԱՀԿ-ն զգուշացնում է, որ երեխաներն իրենց մարմնի փոքր չափսերի և ֆիզիկական արագ աճի պատճառով ավելի քիչ են պաշտպանված խոտաբույսային թեյերում պարունակվող որոշ քիմիական նյութերի դեղաբանական ազդեցություններից: Քիչ են նման թեյերի հնարավոր բացասական ազդեցությունները հերքող ուսումնասիրությունները, սակայն արդեն հաստատվել է, որ երիցուկի այդքան տարածված թեյը նույնպես կարող է խոչընդոտել երկաթի յուրացմանը և նպաստել սակավարյունության զարգացմանը:
  • Սննդային ցածր արժեքի պատճառով խորհուրդ է տրվում խուսափել երեխային ցածր յուղայնությամբ կովի կաթ տալուց մինչև նրա երկու տարեկան դառնալը:
  • Մեղրը կարող է կլոստրիդիում  պարունակ ել, որը կարող է բոտուլիզմ առաջացնել: Կլոստրիդիումի պարունակությունը մեղրում բավական քիչ է, և այն ոչնչանում է մեծահասակի աղեստամոքսային համակարգի թթվային միջավայրում: Սակայն 1 տարեկանից ցածր երեխաների ստամոքսը դեռ ունակ չէ կլոստրիդիումի դեմ պայքարելու: Մանրէի առաջացրած բոտուլոտոքսինը շատ վտանգավոր է և կարող է նույնիսկ բերել երեխայի մահվան: Այս պատճառով ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել մինչև մեկ տարեկան երեխաներին մեղր տալուց: Նույնիսկ մեղր պարունակող թխվածքաբլիթները չի կարելի տալ փոքրերին:
  • Սունկը դժվարամարս է նույնիսկ որոշ մեծահասակների համար: Խորհուրդ է տրվում խուսափել մինչև երեք տարեկան երեխաներին սունկ տալուց, քանի որ դրա դժվարամարս սպիտակուցները կարող են նրանց մոտ ստամոքսի խանգարում առաջացնել:

Հավելյալ սննդի ներմուծման մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս կայքում, ինչպես  նաև կարդալ հավելյալ սնունդին վերաբերվող այլ հոդվածները:

 http://goo.gl/29y5f2

Աղբյուրները՝ http://mamazanuda.ru/vvedenie-prikorma-pedagogicheskiy/#time; http://gvinfo.ru/voz_kipgdidrv_prikorm#tabl42; http://mamazanuda.ru/prikorm-shema-vvedenija-voz/; http://akev.info/stati-dlya-mam/10068-vsjo-o-prikorme/10887-23244295; http://akev.info/stati-dlya-mam/10068-vsjo-o-prikorme/10892-94407349; http://akev.info/stati-dlya-mam/10068-vsjo-o-prikorme/10312-sovremennye-predstavleniya-o-prikorme-metody-i-sroki-vvedeniya-prikorma

 

Կազմեց և թարգմանեց՝ Քրիստինե Բարսեղյանը

Image by <a href=”https://www.freepik.com/free-photo/adorable-baby-playing-with-food_10757981.htm#query=baby%20eating&from_query=blw&position=27&from_view=search&track=sph”>Freepik</a>